Այո, ես հրահրեցի այս ընթացքը, սեբաստացինեˊր բոլոր տարիքների, տանը թե դպրոցում՝ ղեկավարն եմ, չէ՞. ես ղեկավարում եմ այս փուլում կրթահամալիրը ավելի շատ այսպես՝ նախաձեռնություններով, դրանց իրագործման հանգրվան ակցիաներով, իմ հեղինակությամբ, իմ օրինակով… Վարչարարությունից՝ հրամանից, ցուցումից, այլ պարտադրանքից խորշում եմ, իմացեք, որքան էլ դա անբաժան է իմ գործառույթից… Մի՞թե իմ հեղինակությունը-օրինակը-ավագությունը բավարար չեն այսպես՝ նախաձեռնություն-օրինակ-ակցիաներով ղեկավարելու համար… Ես գիտեմ, որ բոլոր տեղերում բոլոր տարիքի սեբաստացիները՝ ֆեյսբուքներում, բլոգներում, օրագրերում, բջջայիններում, խոսում-պայքարում են անիվների համար բոլոր տեսակի՝ հեծնելու, գլորվելու, քշելու, օրորվելու… Գիտեմ, տեսնում-ուրախանում եմ. ընտանիքները գնում են զոհողությունների, գնում են, նորոգում, փոխանակում, ձեռք բերում, պատրաստվում են: Մոտեցե՛ք սրան ոչ իբրև միջոցառման-ցուցադրման. սովորողը, երեխան յուրաքանչյուր տարիքում պիտի ունենա հարմար փոխադրամիջոց անվավոր, մինչև ավտո-մոտոն ունենա դրան զուգահեռ: Հարմար, առօրյա անվավոր փոխադրամիջոց ընտրեք: Ես գիտեմ, որ «Բանգլադեշն անիվների վրա» նախագիծն ուսումնական (շեշտում եմ՝ ուսումնական)՝ սկսած 2 տարեկանից, անխտիր ընդգրկումով, լիքը հոգսեր է ավելացնելու: Ես գնում եմ, տանում եմ դրան, արագացնում՝ միացե՛ք, օգնե՛ք, ճշտե՛ք, ուղղե՛ք, ձեր ուժով զորություն հաղորդեք նախաձեռնության ընթացքին, անձնական օրինակով, բոլոր տարիքների սեբաստացիներ, որտեղ էլ որ եք, որևէ կարգավիճակով… Ես գիտեմ, որ իմ սիրած «Ոսկե ցլիկ» կինոնկարի՝ «լողալ սովորեք, նոր ավազանը ջուրը լցնեմ»-ն պետական տիրապետող մանկավարժությունն է՝ երեխայի երկատված կյանքով, դպրոցի գործը չեն լողը, անիվը… մարդու կյանքն իր բոլոր դրսևորումներով. դպրոցի գործը դաս սովորեցնելն է: Պիտի հայտնվեն անիվներով սովորողը, ուսուցիչը, տնօրենը՝ որպես պատվիրատու շահառու-օգտատերեր, որ նոր ենթակառուցվածք առաջանա, որ կրթական միջավայրը համապատասխան դառնա-դարձնի: Այո՛, մեր դպրոցական բակերին պիտի կարողանանք անվավոր մարդու՝ երեխայի աչքերով նայել ու արագ, օր առաջ, էժան-հարմար համապատասխան լուծումներ տալ: Մեր բոլոր 2-6 տարեկան սաները նախակրթարանում պիտի հարմար հեծանիվներ ունենան անհատական՝ որպես ուսումնառության պայմանագրի անփոփոխ պայման…

Մեր պարտեզներում շատացել են, ավելանում են ազգությամբ ոչ հայ, ենթադրում եմ, ռուս կամ մոլոկան երեխաները… Ես ուրախ եմ սրա համար. լավ ցուցանիշ է: Երեկ, երբ քոլեջի նախակրթարանում վատ օդափոխվող խմբասենյակի համար դիտողություն էի անում Լիլիթ-Օլյա դաստիարակների զույգին, հետաքրքիր զարգացում եղավ… Մինչև Օլյան կբացեր լրացուցիչ պատուհաններ, 3 ոչ հայ երեխաները դարակների վրայով հայտնվեցին պատուհաններից կառչած…
– Այ, տեսնո՞ւմ եք՝ ինչու չենք բացում…
Ինձ հիացրեց եռյակն իր բնականությամբ, աշխուժությամբ, ճարպկությամբ, ինքնուրույնությամբ. դաստիարակչական ընտանեկան այլ համակարգի հետ գործ ունենք:

Որտեղի՞ց այս մրսկանությունը հայ ծնողների մոտ, այս վախը-դողը-սվսվալը երեխայի համար նրա ծնվելու օրվանից՝ կմրսի հա կմրսի,  փակեք հա փակեք դուռ ու լուսամուտ, կընկնի, զգույշ… Զգուշությունը պատիվ է  ու պահանջ ծնողի, որևէ կարգավիճակով ավագի համար, անվտանգության համար պատասխանատվության իրացում, բայց զրկել սրանով առողջ ու թարմ միջավայրից, կազդուրված մարմնից, ինքնուրույնությունից, ճարպկությունից՝ կներեք, հարգելի հայրենակիցներ, չի կարելի: Եվ մեր դաստիարակները ծնողների հետ պիտի կարողանան այս արմատացած մոտեցումը հաղթահարել… Մշտապես օդափոխված տարածք՝ միջանցք, կաբինետ որևէ, խմբասենյակ, խոհանոց: Մշտապես ինքնաբուխ, շարժուն, առավելագույն ինքնուրույնությամբ երեխա, դուրս ու ներսի, սահմանների-արգելքների վերացում, մշտական կազդուրիչ-կոփիչ-մարզիչ նյութական միջավայր ու ռեժիմ՝ ներսում թե դրսում, անվտանգության միջոցների առավելագույն պահպանությամբ: Այս երկուսն իրար հակոտնյա, հակառակ, իրարամերժ չեն, ինքնաբուխություն-ինքնուրույնություն-ինքնահիգիենան՝ որպես կրթական ծրագիր, ենթադրում է անվտանգ-հետաքրքիր-հիգիենիկ միջավայր՝ դրսում թե ներսում…

Ահա ձեզ ուսումնական նոր գործիք, որ պարտադիր է դառնում յուրաքանչյուր սեբաստացու համար՝ սովորող թե ուսուցիչ։ Նոր հայացք, նոր վիճակ, նոր կազմակերպում՝ կրթություն անիվների վրա…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպես՝ ճամփորդական

Շշմելու է այն, ինչ միասին իրագործել-պատմել-ներկայացրել են Արմինե Թոփչյանն իր՝ «Հեծանիվ+վազք+լող» բլոգում, Մարինե Մկրտչյանն՝ իր, տարբեր անուններով, շա՜տ էլ իրենց նման Արմինեինը՝ պոդիում, ֆոտոսեսիա, վազք, հեծանիվ, համերգ… ես կավելացնեի՝ ջանսաղություն,

Գտեք ձեր հեքիաթն ու դարձեք անիրական…

Քնարիկ Ներսիսյանի այս հրավերին սպասել եմ, թատրոն-լաբորատորիայի բազմաչարչար-կրկնվող բացում-վերաբացում-գործարկմանը… Երեկ-մյուս օրը մտա՝ կյա՜նք, Քնարիկի հմայքը բազմապատի՜կ, թվում է՝ էլ ո՜ւր, անվե՜րջ, շրջապատված իրենով ոգևորված տղաներով՝ Ավագ դպրոցի Սուրեն, Հայկ, Դավիթ…

Ինքնամոռաց մեր 2015-ի նշանավոր շրջանավարտն ու 5 տարեկան դարձող ոչ սովորականի աստղով մարդիկ

Մեր կրթահամալիրի հոմանիշները հիշո՞ւմ եք. յոթ հոմանիշներից մեկն արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիան է… Կրթահամալիրի գործունեությունը 2014-2015 ուստարում ամփոփենք այս տեսանկյունից… ավելորդ աշխատանք  չէ, որ կրթահամալիրի ամեն մի դպրոց, ամեն ուսումնական կենտրոն թվարկի ուստարում ստեղծված-նորացված