Իմ օրվա գիրը՝ օրագիրը, օրվա մասին թվով վեցհարյուրիններորդ անընդհատ իմ գիրը-պատումը, օրվա իմ ապրածը՝ որպես պահին ասված խոսք, որ գործողություն դարձավ կամ կդառնա… որտե՞ղ թողեցի խոսքս երեկ ու հիմա ի՞նչ եմ անում. վերապրում եմ օրն իմ ու վերագրում, վերապատմում…

Երեկ Մայր դպրոցի նորացված փոքր դահլիճում, որ ավելի փոքրացավ ու առավել հարմար-ձգող դարձավ՝ ինքնամփոփ, ես հանդիպեցի տասներկուերորդ դասարանցի մեծ խումբ՝ հանկարծ հասունացած աղջիկների՝ նստոտած դահլիճի գորգապատ հատակին, բարձիկների վրա, ու ես նրանց թարմ օդ բերեցի՝ բացելով լուսամուտներն ու մարդկային խոսքով դիմեցի… Որքա՜ն հմայք-աստղ կար ինձ նայող պատանեկան աշխարհներում… Պատմեցի՞ն մեր հանդիպման մասին աղջիկներն իրենց բլոգներում…

«Պատշգամբը՝ պարտեզ» նախագիծ:
Լուսանկարները՝ Անահիտ Եղյանի:

Հետո Մայր դպրոցի սրճարանում Մարթային ու Մարգարիտին, իններորդ դասարանցիների մեր ռադիոլրագրողին ես ասացի… Վաղը կլսեք «Սեբաստացի» ռադիոյի եթերում հասարակագիտական-տեխնոլոգիական ստուգատեսների մասին իմ խոսքը… Հետո Շամիրամի հետ Հիմնական դպրոցի ներսով-դրսով քայլելիս-զբոսնելիս ես պատմում էի հեղինակային կրթական ծրագրով մեր ուսուցիչ-դաստիարակի գործունեության շիտակ, կոնկրետ, ամբողջական գնահատման մասին… Այս թեման ինձ հետ էր ողջ օրը՝ հեծանվի վրա, մանկավարժական լաբորատորիայում, մեր տանը, Արմինեի հետ՝ որպես, արդեն, Դավթի ծնողներ…

Վարպետության պարապմունք Հակոբ Բերբերյանի հետ:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի:

Հետո տեսա՞ք մեզ, լսեցի՞ք իմ խոսքն Քոլեջ-արհեստագործականի բակում նստոտած մեր ուսանող-ուսուցիչ աղջիկների հետ, և Գեղարվեստի բակով Գեղարվեստ վերադարձած Քրիստինե Հարությունյանի ու նրա ուսուցիչ Քնարիկ Ներսիսյանի հետ ճեմելիս… մենք խոսում էինք ամենակարևորի մասին՝ իմ ու ձեր օրվա, մեր համատեղ կյանք-անելիքի մասին… Ի դեպ, այդպիսի խնդիր չէի դրել, բայց ես երեկ եղա կրթահամալիրի բոլոր ութ աշխարհ-տարածքներում, որ ընդունված է կրթական օբյեկտ կոչել, կրթահամալիրի վեց դպրոցներում և Քոլեջում, բնասերի դպրոց-գյուղացիական տնտեսությունում, Մեդիակենտրոնում, իսկ Մեդիակենտրոնում-Գեղարվեստում-Մայր դպրոցում՝ մի քանի անգամ… Քանի սեբաստացու հետ ես ապրեցի իմ օրը, որքա՜ն գրեցի-պատմեցի-լսեցի-տվի-առա, ու հիմա անելիքս ո՞րն է․․․ կրկնե՞լը, մի քանի էջի վրա երեկվա իմ օրը վերապատմե՞լը… Պլանավորվա՞ծ էր իմ օրը… Որքան էլ՝ զավեշտ թվա, այո՛, բոլոր մանրամասներով…

Բզզում են Նոր դպրոցի մեղուները:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի, Նունե Խաչիկօղլյանի:

Մի հանդիպում չկայացավ՝ Տաթև Բլեյանի հետ… Տաթևը խելամտորեն օգտվում է իր ամուսնական արձակուրդի օրերից․ շա՜տ հոգնեց իմ ծոցվոր աղջիկը… Ծննդյան օրը, որ գիտեք, այսօր է, լավագույն լուծում ունի՝ իր ընտանիքում, իր ամուսնու և աղջկա հետ անցկացնել… Ինչ եմ գրել ես այս օրը՝ մարտի 11-ին, 2001թ․ Նուբարաշենի կլոր բերդի իմ խցում․ «Իմ հանելուկ Շուշանիկին, իմ ձնծաղիկ Տաթևիկին», հայտնի է… Հանելուկ-մանելուկներ եմ հավաքել հինգ-վեց տարեկան Շուշանի համար, որպես ծննդյան օրվա տորթ՝ ուղարկել իմ աղջիկներին… Ինչ եմ գրել ես իմ աղջիկներին՝ Լիլիթին, Տաթևին, Շուշանին  2001թ․ հունվարի 20-ին, նույնպես հայտնի է… Օրեր առաջ Տաթևի-Սամվելի ընտանեկան միության սեղանի շուրջ ես հայրական խոսքում միտք ասացի, որ, թվում է՝ չէի ասել… Չգիտեի՝ երևի։ Հոր երջանկության համար պարտադիր է աղջիկների երջանիկ լինելը։ Երջանիկ եղիր, Տաթև, քո ընտանիքում, քո ընտանիքով, քո անձնական կյանքում։ Պաչիկներ։

Մարտի 11-ի մեդիաուրբաթ-համերգից։
Տեսանյութը՝ Զարուհի Առաքելյանի։

Ես խիտ, շա՜տ խիտ ապրեցի իմ օրը…
— Ամեն օրվա պես,- քմծիծաղեց հիմա ընթերցողը. ես Սուսան Մարկոսյանի և Զառայի ձայների միքսը լսեցի…
Տուն ենք շարժվում ընտանիքով, ընտանեկան մեքենայով ու ընտանեկան վարորդով… Վարորդին խնդրում եմ՝ դադար առնի Իսակովի պողոտայի իմ սիրելի անկյունում՝ Երևանյան լճի ափի… Մենք ու մենք ենք։ Լճի վրա՝ առանձին խմբերով-երամներով բադեր ու որորներ։ Իսկը սելֆիի տեղն է․ Արմինեն ի՜նչ ճիշտ է զգում…

 Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի: 

# 609

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կոկորդում մնացած արցունքի պես

Ուսուցիչն ընկեր Լիլիթի (Առաքելյան) պես պիտի լինի, որ կարոտես, տեսնես՝ ուրախանաս, մոտենաս, որ հետը լինես, կարոտդ առնես, ուրախանաս․․․ – Պա՛պ, դու գուշակեցիր, որ ուզում եմ դաշնամուրի գնամ, շարունակեմ․․․

Կյանքը երազ է, իրագործի՛ր…

Գևորգ Հակոբյանը, Մարիետ Սիմոնյանը, Նորայր Այվազյանը… լավ են հիշում 1987-1991-ի մեր տնկած ծառերը Մայր դպրոցի շուրջ, Բաբաջանյան պողոտային հարող տարածքում, Գեղարվեստի ծիրանիները… Ծառն էլ տարիք ունի, տունկի որակից, խնամքից, հանգամանքներից

Ոչինչ կիսատ չենք թողնի, ավելին․․․

Ավելին, Բլեյան կրթական բաց ցանցի, Նոր ուղի քաղաքացիական հարթակներով մեր  գործընկերների նախաձեռնությունները հին ու նոր, գործերը մեր հայտարարված կտարածենք․․․