Դավիթ Բլեյանը երկու օր պարտեզ չի գնացել (խնդիրներ՝ ականջի ու կոկորդի),  ու «Պապա, ես պարտեզին կարոտել եմ: Ես Արամին չեմ ծեծում: Արամն իմ ընկերն է: Ես Արամի հետ խաղում եմ: Պապա, Նարեին սիրում եմ. լավն ա Նարեն»: Փութաջան պատրաստվեց պարտեզ գնալուն. տոն է մեր տղայի, իմ ու Արմինեի համար: Պարտեզի ճանապարհին. «Մշուշը ցրվել է. մեծ ու փոքր Մասիսները երևում են»:

Ես կարդում եմ Չարենց «Դեպի լյառն Մասիս».

Առավոտ էր արդեն: — Այգիների վրա
Արդեն փռել էր իր լույսը ծիրանեգույն
Արարատյան արևը — և հուրհուրան
Առավոտվա միգում
Հեռուն, հորիզոնի վաղընջական ծիրում
Արթնանում էր Մասիսը վեհափառ,
Որպես լուսե ցնորք, որպես հեռու
Բարեկամ անդավաճան, կամ եղբայր:

Որքան էլ Դավիթն շտապում է, մենք Բլեյաններով այցելում ենք Կենտրոնի մեր նստավայրը, հեռվից ողջունում պատշգամբում նստած մեր ընկեր Գևորգին, Նառային… Սուսոն չկա, ոտքը ոլորել է ու թողել ինձ շիվար: Ախր, այնքան հեշտ է Սուսոյի հետ աշխատելը ու անսովոր, երբ նա չկա. միշտ ներկա, ամենախոս ու արդար, մեր բոլորի ընկեր Սուսոն: Դավիթը առկա շնորհավորում է իր ընկեր Գևորգին՝ ծննդյան օրվա առթիվ: Գևից չես իմանա՝ լա՞վ էր իրոք ստացվել իրեն նվիրած Դավթի ողջույն-ֆիլմը… Շնորհակալ եմ Արմինեին, ով շնորհքով,  սիրով օգնում է մեզ մեդիան՝ mskh.am-ը շարունակ գործածելուն,  այսպես պահելով և մարդկային դարձնելով մեր հարյուր տարվա կապերը… Մեր պատշգամբում, Սուրբ Երրորդություն եկեղեցու հովանու ներքո (քիչ հետո կխփեն եկեղեցու զանգերն ու…) սուրճըմպումն այլ խորհուրդ ունի. այսպես համերաշխ է սկսում մեր ամառային յուրաքանչյուր օրը:

Մենք ճանապարհում ենք Լոր՝ Համո Սահյանի ծննդավայր, բազմօրյա հայրենագիատական ճամբար մեկնող Մարգարիտ Հարությունյանի տարատարիք սովորողների խմբին: Ի՜նչ լավ է, որ Գուրգեն Զոլյանը՝ Սուրեն Զոլյանի տղան էլ խմբի հետ է: Սուրենը օրեր առաջ զանգեց ու ամենաջերմ, ոգևորված խոսքեր փոխանցեց կրթահամալիրին՝ իր տղայի ու աղջկա համար, որ չեն դիմանում առանց դպրոցի: Եվ դա լավ է, առողջ է:

Դպրոցը, պարտեզը, երեխայի համար կյանքն  է՝ բնականոն ու գրավիչ, և լավ է, որ իրական է ամառային դպրոցը`  իր ուսումնական, ամառային քաղաքային և արտագնա ճամբարով, արշավներով, ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններով, ամառային լիարժեք գործող 2-6 տարեկանների պարտեզներով: Ասացե՛ք, ի՞նչ պիտի անեի իմ ձեռքն այսպես պինդ բռնած Դավթի հետ, առանց իր պարտեզի…

Մենք մտնում ենքԲ-4 թաղամասի «Ֆուդ»-ը, Դավիթը ծիրան պիտի տանի իր ընկերներին, կապույտ ու կանաչ նոր գնդակներ («փուչիկը պայթում է, գնդակը լավն է, չի պայթում»), ու Բ-4-ի մանկական այգով քայլում ենք պարտեզ: Ես, իհարկե, այսպես ամենօրյա վերահսկողություն եմ իրականացնում մեր այգու նկատմամբ: Ով չի տեսել, թող գա, տեսնի մեր սովորողների հունիսյան աշխատանքները. ի˜նչ տպավորիչ պատ-միջավայր են դարձրել Յուրի Բախշյանի անվան մանկական այգու խուլ պարիսպները… Սրանից լավ նվե՞ր Անահիտ Բախշյանին` իր նախաձեռնողականության համար:

Ավտոմեքենաների քանակը, Դավթի խմբի լիությունը վկայում են, որ թեժ հուլիսն անգամ արձակուրդային չէ հիմնական երևանցիների համար: Սա, իհարկե, հատուկ ուսումնասիրություն է պահանջում, բայց որպես փաստ`  ես առաջին անգամ եմ ինձ համար աձանագրում: Այսօր մեր ուսումնական ամառային ճամբարի, տասնօրյա երրորդ հերթափոխի վեջին օրն է՝ տոնական, ու տեսե՛ք,  «Սեբաստացիներ» ճամբարի` Նոր դպրոցի, Գեղարվեստի, Դպրոց-պարտեզի ճամբարականները որքան հագեցած են դարձրել տոնը: Ես Գեղարվեստի դպրոցում եմ հետևում տոնին. լողում-խաղում-նկարում են ճամբարականները: Ո՜ւխ, ինչ շոգ է: Ինձ են նայում Բանգլադեշի Բ-1 թաղամասի 120 շենքերը բարձրահարկ, շուրջ 20.000 բնակիչ: Լավ, այս ամառը, եթե անգամ պատուհաս է, լինում է, չէ՞, ամեն տարի: Երևանը հուլիս-օգոստոսին պիտի ամառանոցային նախագծեր ունենա քաղաքում մնացողների ու քաղաքի հյուրերի համար, որ այս գյոզալ ամառը երեխայի կյանքում ձանձրույթ չդառնա, գրավչություն ձեռք բերի: Երկուշաբթի, հուլիսի 14-ին, մեր ճամբարական ջոկատները կընդունեն չորրորդ  հերթափոխի աշխույժը… Համեցեք:

Պաշտպանության նախարարության ինժեներական զորքերի եռուզեռը կրթահամալիրի նորակայույց դաշտերում այս ամառվա ամենասպասված եռուզեռն է… Գրեյդերը… Առանց Դավթի «Իմ առաջին գիրքը» մատենաշարի «Բեռնատարներ» գրքույկի շարունակել չի կարելի: Այսպես՝ грейдер-ը` ուղեհարթիչը, каток-ը՝ գլդոնը, самосвал-ը՝ մեծ ինքնաթափը (մերը կանաչ է), փոքր բեռնող-բարձող անվավոր տրակտորը մարզավանի շինարարական բրիգադի հետ արձակուրդում գտնվող աշխատողներիս խմբի ներկայությունը ինձ համոզում են՝ վերջապես այս տարի սեպտեմբերի 1-ը… Հո չի՞ կարելի տնօրենի գործը դարձնել խոստումները՝ մենք մտածում ենք… մենք երազում ենք… մենք դիմել ենք… այ, մեկը լիներ…

Օրվա վերջում, երբ ուղեհարթիչը նկատելի հետք էր թողել դաշտերում, ես տեսա նաև մեր նոր՝ պատանեկան լողափը`  20մx 25մx1,40մ  չափերով լողավազանով… Երբ ես մի բան տեսնում եմ, այն լինում է, իրականանում է: Միացե՛ք ինձ, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք:

Իր նշիկներին հրաժեշտ տված Շուշոն՝ Շուշան Բլեյանը տանն է, ու նրա եղբայր Դավիթն այցելեց քույրիկին` համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է: «Շուշանին բժիշկները բուժել են».- այսպիսին է Դավթի եզրակցությունը: Ինձ, իմ երգչուհի աղջկան, նշիկներն այլևս չեն խանգարի, ոչ սովորական կիրակի է սպասվում. վաղը՝ հուլիսի 13-ին, Շուշանի ծննդյան օրն է, իմ սքանչելի Շուշոն դառնում է կլոր 19 տարեկան:

Օրվա` ինձ ուղղված հարցը, որ վաղուց դարձել է նշանակալի մեր հայաստանյան կյանքում:

Աշխատավայրում` կրթահամալիրի Կենտրոնում (Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, հեռախոս` 74 72 46) երկար վախերը հաղթահարում, ինձ դիմելու ձև են «փորձարկում» այս անգամ` մայր ու աղջիկ, երեկ` հայր ու աղջիկ, դրանից առաջ՝ ամուսիններ… Ո˜նց չեմ հանդուրժում այս ներածականները, խեղճության ցույցերը, իբր որևէ տեսարանով գործատու Աշոտ Բլեյանի վրա ազդելու հնարները… Ես եմ մոտենում: Վերջապես արտաբերում են. «Բլեյան ջան, մի աշխատանք չկա՞ մեր աղջկա համար…»: Լավ, 25 տարին բավարար ժամանակ է հասկանալու համար.

  • ամենածանրն այսօր աշխատանք գտնելն է, այն էլ դիպլոմավոր անհայտ մեկի համար.
  • սովորում են չորս տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում, հետո էլ, չգիտես ինչի համար, 1-2 տարի մագիստրատուրա կոչված պարապանոցում՝ հենց կոնկրետ (ազատ ընտրած, ոչ «որևէ») մասնագիտությամբ աշխատելու համար.
  • մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալնու աշխատանք գտնելն իրար հետ պիտի կապվեն, ոչ թե. «Հլը սովորենք, դիպլոմ ստանանք, հետո մի բան կանենք». դե, արե՛ք: Եթե սովորողը նպատակասլաց 4-6 տարի չի ապրել այս աշխատանքը գտնելով, եթե սովորելու ընթացքում չի գտել, հաստատել աշխատատեղ, հետո ո՞նց է անելու…

Հայաստանում ես՝ ծանո՞թ ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին: Լսել է: Լավ, ասում եմ, մեդիայում հայտնի կայք ունենք, բազմաճյուղ, բազմալեզու, կենդանի: Գալուց առաջ ուսումնասիրե՞լ ես, գուցե մի օգուտ կքաղեիր… Չէ՛… Ձեռքից բռնել կամ ձեռքը բռնել` եկել են: Հարցնում եմ` դու ես աշխատելու, չափահաս տարիքի մարդ ես, ինչո՞ւ ինքդ, մենակ չես եկել, ցույց տաս, որ գոնե այդ աստիճանի ինքնուրույն ես…

Ինձ իմ ընկերներն ասումեն` ինչո՞ւ ես այդքան ծանր, չթուլացող ծանրությամբ, որպես անձնական ընդունում այսպիսի, համարյա ամեն օր կրկնվող տեսարանները:

Պատասխանում եմ: Մեր կյանքի, մեր մասնագիտական կրթության, մեր չհաղթահարվող անպաշտպանության ու ծուլության մեխը սա է, ահա, այս «անմեղ» թվացող տեսարանը: Հինգ տարի ժամանակ ու դրամական շոշափելի միջոցներ մսխած չափահասը սկսում է գիտակցել իր ավելորդությունը, իր անպետքությունը: Լսո՞ւմ եք՝ 12 տարի հանրակրթական միջնակարգ դպրոցի աստիճաններում (կրտսեր, հիմնական, ավագ ), հետո` բուհի (4+2+3)` մենք, հանուն հայրենիքի, բարեխիղճ ու բարեգործի տեսքով (ինչ է ստանում խեղճ ուսուցիչը, ինչ կարող է անել էս դպրոցը) այսօրվա ավելորդին ենք պարտակել, մարդուն «կռտել» ենք: Կներեք:

Ինչ վերաբերում է ինձ ու իմ կրթահամալիրին՝ իմացե՛ք ու փոխանցե՛ք: 25 տարում չի եղել դեպք,  որ որևէ պաշտոնում, հատկապես մանկավարժական, աշխատանքի ընդունենք վերադասի ցուցումով-խնդրանքով,  բարեկամական-ընկերական կապով, փողով-առևտրով: Չի եղել այդպիսի գոնե մեկ բացառություն: Մենք ընդունում ենք հրապարակային` հայտնի, հրապարակված պայմաններով, հայտնի ողջ ընթացքով. հրապարակային ու տեսանելի է յուրաքանչյուրին պայմանի կատարումը: Մենք կարող ենք և, իհարկե, երբեմն սխալվում ենք, բայց դրանից մեր աշխատանքի ընդունման համակարգը չի դառնում անարդար որևէ հիմնավորմամբ: Մենք շատ վատ ենք նայում աշխատանք փնտրողի անինքնուրույնության ցանկացած դրսևորման: Մենք դրական ենք վերաբերվում աշխատանք փնտրողի համառությանը, հետևողականությանը՝ իրեն տրամադրված հնարավորությունների գործածությանը…

Համեցե՛ք կրթահամալիր աշխատելու՝ ուսումնասիրելովճանաչելով մեզ:  

Մեր մարզահամալիրի կառուցումը թափ է հավաքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր Տոնի խորհրդանիշը հենց ուսումնական աշխատանքն է…

Դավիթ Բլեյանից չես հոգնի․ միշտ հետաքրքիր է, ինքնաբուխ․․․ — Спать не хочется… не охота… ,- և անցնում է,- нужно начать легкую разминку… Այսպես սկսեց օրը Աստղիկի եղբայր Դավիթը, որն ուզում

Մեր հեղինակային մանկավարժությունը որպես թերապիա

«Ես անընդհատ զբաղված եմ։ Խորհուրդ եմ տալիս ընդհանրապես արձակուրդ չվերցնել։ Կյանքում ամենահետաքրքիրն աշխատանքն է»։ Ո՞վ կարող էր սա ասել ինձանից ու իմ ավագ իսրայելցի հին բարեկամՇիմոն Պերեսից բացի։ Հիմա օրագրի ընթերցողներն

Անջատեք խոսափողը, որ ավելը վերցնեք…

Որ ձյունը կհալվի միանգամից Երևանով մեկ, չգիտեի՞ք, ու կբացի մեղավոր ձյունը փողոցների-մնացած պուրակների ողջ  կեղտն ու փոշին՝ աղբը, գիտեի՞ք, չէ՞… Մայրաքաղաքում՝ Չարենցի քաղաքում երեկ ներշնչանք չկար, ու… բերել էինք այն,