Որ հարցերն անպատասխան չմնան, հարցեր, որ ամենաշատն են հնչում իմ օրերում հիմա՝ փողոցում, տաքսիում, այլուր – բոլորն են ճանաչում – ահա, օրերի հարցը իմ օրագրում:

— Ինչի՞ էլ քաղաքականությամբ չեք զբաղվում, Բլեյան ջան…

— Զբաղվում եմ, կրթական քաղաքականությամբ. փորձում եմ ազդել և´ խոսքով, և´ գործով: Իսկ երբ խոսքն ու գործն իրար շարունակում են, իրար հաջորդում, դու դառնում ես քաղաքական, ազդում քաղաքականության վրա: Այդ դեպքում արի ու ջոկիր` որտեղ է կրթականը, հասարակականը, որտեղ` ձեր ասած քաղաքականը: Ես եղել եմ «Նոր ուղի», ես մնում եմ, կամ Նոր ուղի, որը կուսակցություն չէ, ես կուսակցական չեմ: Նոր ուղին մտածողություն է, հարաբերվելու ձև, գործելակերպ` պահին ասված խոսք, որ գործ է դառնում, միշտ արդիական ու միշտ հասանելի մարդուն, սովորական մարդկանց հանրությանը, ձեր ասած ժողովրդին, Թումանյանի ասած «խուժանի» (ժողովրդի) գիտակցությունը բարձրացնող, ասել է թե` նրան ծառայող, նրա կենսական շահերը սպասարկող:  Հանրային գործիչը պիտի ազդի հանրային կյանքի վրա, այդ ազդեցության և նրա գործչի մասին կարող է խոսք լինել: Խոսեք: Իմ նախաձեռնությունները, իմ գործերը հիմա կրթության ոլորտում են: Իսկ որպես հանրային գործիչ` ես անարձագանք չեմ թողնում մեր կյանքի որևէ նշանակալի իրադարձություն, խնդիր. ես արտահայտվում եմ, երբ ինձ դիմում են: Ես անպատասխան չեմ թողնում ինձ ծանոթ-անծանոթ լրագրողի, մարդու հարցն ու դիմումը, եթերում՝ ռադիո թե հեռուստատեսային, մեդիայում՝ տպագիր թե էլեկտրոնային: Պարզապես ես ինձ չեմ պարտադրում: Ինչի՞ համար: Իմ բլոգը, իմ այս օրագիրը կոչված են իմ ամբողջական խոսքը հանրայնացնելու ու ավելի մատչելի դարձնելու համար, բարձրաձայն կամ միայն ինձ լսելի հնչած հարցերն անարձագանք չթողնելուն. միջոցներ են, որ ինձնից ավելի ու ավելի շատ ժամանակ են խլում: Սեբաստացի իմ ընկեր-գործընկերները մենակ չեն թողնի: Սրանով սահմանափակվենք, քանզի նաև այս մասին ենք խոսելու իմ նախաձեռնած հուլիսի 17-ի հավաքին: Համեցեք:

Սեբաստացիների 21 հոգիանոց խմբի` հուլիսի 8-ին մեկնարկած արցախապատմանը շարունակում ե՞ք հետևել mskh.am-ում… Շշմելու է: Խնդիրը դրա ընդգրկուն աշխարհագրությունը չէ, ոչ միայն… Մեր երթուղին է՝ մենք սկսում ենք Սևան-Այրիվանք-Վարդենիս-Թարթառ-Դադիվանքով և ավարտում Շուշի-Խնձորեսկ-Գորիս-Զորաց Քարեր-Վայքով: Տպավորիչ է, բայց սովորական, դրանով վերջին 4 տարում, հաշվեցինք, 800-ի չափ սեբաստացի է անցել՝ սովորող և ուսուցիչ, ծնող ու շրջանավարտ: Օգոստոսի 2-ին այս ճանապարհով իր արցախապատումը կսկսի ևս 60 հոգի՝ կրթահամալիրի ավագ և Մեծամորի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի տղաները, ովքեր 10 օր կմարզվեն և զինվորական ծառայության հանրակրթական պատրաստություն կստանան Արցախի Նոր Այգեստան գյուղի «Ասպետ» ճամբարում: Սա էլ արդեն սովորական է` 4-րդ տարին. ծանոթացեք այդ պատումին: Ոչ էլ մասնակիցների տարիքն է իմ օրվա գրի առարկան, ոչ միայն, որքան էլ այն անակնկալի բերի՝ 8-14 տարեկան 17 սովորող և 4 հմայիչ-երիտասարդ ուսուցիչ ու մեկ ծնող: Մեր սովորողների հարստությունն են այսպիսի տասնյակ ու տասնյակ հետաքրքիր, կյանքով լեցուն, կենսախինդ, անընդհատ այլ, երիտասարդ ու մասնագիտորեն պատրաստված դաստիարակները, դասվարները, ուսուցիչները, մանկավարժ-կազմակերպիչները, ովքեր կարողանում են նաև իրենց սաների հետ ճամփորդել, ովքեր ասելիք ունեն և այն փոխանցում են ամենուրեք՝ կրթահամալիրում և դրանից դուրս, մեդիայում, անընդհատ… Հանրակրթական կամուրջները երկկողմանի բանուկ են բոլոր տարիքի սովորողների համար. հիշում եմ, 5-6 տարի առաջ մենք սկսեցինք ուսուցիչներից՝ քառօրյա ուխտագնացությամբ Շուշիի ազատագրման օրվա առիթով, հետո իրենց արցախապատումը սկսեցին 10-12-րդ դասարանցիները… Իսկ 2 տարի առաջ Ասկերանի Նոր Այգեստանի դպրոցի 5-6-րդ դասարանցիներից կազմված տպավորիչ մի խումբ վերցրեց ու եկավ կրթահամալիր ու զարմացրեց… Իմ օրվա գիրը 5-օրյա ճամփորդության գիշերակացի ձևի մասին է` որպես խնդիր. մեր երեխաները և ուսուցիչները գիշերել են Վանքի, Ճարտարի, Շուշիի` իրենց մինչ այս անծանոթ հայրենակիցների (սովորողների և ուսուցիչների) տներում, կրկնում եմ՝ իրենց անծանոթ: Հիմա հարցնում եմ` սա չէ՞ թիվ 1 քաղաքական հարցը հայաստանցիների և Արցախում ապրող մարդկանց համար՝ հարաբերվել անհատական-մարդկային-ընտանեկան-ոչ ձևական մակարդակում: Եվ տեսեք` ինչ ոգևորված են դրանից երկուստեք:

Հիմա լսեք քաղաքական գովազդ: Աջակցենք ՀՀ պաշտպանության նախարարությանը, բայց ինչպե՞ս՝ ցուցադրակա՞ն, որով ծածկենք մեր անձնական երեխաների օրինականացված դասալքությունը, ծառայությունից խուսափելը: Տեսեք` այս 21 ընտանիքների ու նրանց հետևող հարյուրավոր մարդկանց համար ՀՀ պաշտպանության նախարարությունը, նախարար Սեյրան Օհանյանը դառնում են կարևոր, քանզի արժևորում է այսպիսի ուղևորություն՝ ապահովելով մասնակիցների հուսալի տեղափոխումը, կամ «Սեբաստիա» մարզահամալիրի բացօթյա մարզահրապարակների, հրաձգարանի կառուցմանը իր վճռական մասնակցությամբ: Համեցեք օգոստոսի 23-ին կրթահամալիր՝ բացմանը: Ստեղծագործ ու մոբիլ դպրոցին իր 25-ամյա անընդհատ գործունեության հոբելյանի առիթով հենց այսպիսի շոշափելի ուշադրություն է անհրաժեշտ: Շռայլ եղեք, նվիրեք մեզ:

Օրագրի իմ հիացմունքը: Մեր երեխաների, 8-15 տարեկան սովորողների ծնողները եկել էին Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ` ճանապարհելու իրենց երեխաներին (եկել էին, չէ՞), սրանով նրանք՝ 17 երևանյան իրական ընտանիքներ, պաշտպանեցին այս քաղաքականությունը, հնարավոր դարձնելով այն… Իհարկե: Տարիներ առաջ (2009թ.) ես սեբաստացի ուսուցիչների մեծ խմբի խոստացել էի ճամփորդություն Ջավախք՝ Բոլնիս Խաչեն — Ծալկայով՝ միասին սիրո երգեր կարդալ Գանձայի թանգարանում, Ռուսթավելի և Տերյանի անվան դպրոցներում… Տերյանով լեցուն այս մարդկանց հետ միասին քայլել Աղայանի ծննդավայրով… Որտե՞ղ գիշերեինք գոնե 3 օր: Հյուրանոցներ չկան կամ թանկ են… Իմ ջանքերը` Վրաստանի հայ պաշտոնյաների և գործիչների գտնել, խնդրի լուծման համար… Դե, գիտեք, իմ կապերը մեծ են, ու իմ ջանքերը` համառ… Չեղավ… Ու որպեսզի ես չկորցնեմ վերջնական հավատը հայ պաշտոնյայի հանդեպ (Հայաստանում թե Վրաստանում՝ մեկ է), ես, մենք ճամփա ընկանք՝ անծանոթ մարդկանց՝ մեր հայրենակիցներին «ջառմա» լինելու վճռականությամբ… Հա´մ իմ հանրաճանաչության աստիճանը (փաստենք` վրացահայության մեջ) կստուգենք, հա´մ Բլեյանի դպրոցի նկատմամբ վերաբերմունքը, հա´մ մարդկության աստիճանը՝ շրջանցելով ձևականը՝ պաշտոնյա, դպրոցի-թանգարանի տնօրեն, սրա-նրա հայր ու խնամի… Մարդ-մարդ հանդիպումը կայացավ հենց Գանձայի, Բոլնիսի, Ծալկայի փողոցներում՝ ելեք շուտով, բացեք դռներ ու հյուրընկալեք: Ու Ջառման կայացավ ու տպավորվեց: Իմ Էմմա քույրը, որ երկնքում է, կրթահամալիրի նախկին գործադիր տնօրեն Ռայա Գալստյանը, ովքեր մասնակիցներն են, հետևում են, չէ՞, իմ գրին… Ահա քեզ Նոր ուղի, նոր խոսք, նոր քաղաքականություն Հայաստան-Վրաստան հարաբերություններում… որին հաջորդեց «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ուսումնական նախագիծը: Հիմա, այսօր, երեկոյան Կողբի Զիկատարում հանդիսավոր կփակվի Էկոտուր 2014-ի ճամբարը. 15 վրացի է մասնակցում, ոչ միայն վրացահայ, իսկ հուլիսի 21-25-ը էկոլոգ-սեբաստացիների խումբը Վրաստանի Բուլաչաուրիի Կանաչ Կենտրոնում կմասնակցի միջազգային էկոճամբարին…

Ես չեմ սիրում որակումներ, որ ենթադրում է ու վերաբերում բոլորին, բայց կա գոնե քեզ հայտնի մի բացառություն: Իսկ այդպիսիք կան, ուղղակի ինչո՞ւ բացառություն… Այս հատվածական, մեկուսի, իրար անհաղորդ, կյանքը հաղթահարել պարտավոր ենք նաև հանրակրթության այլ կազմակերպմամբ: Եթե հանրակրթությունը ներառող չէ, եթե այն չի գցում բանուկ կամուրջներ, եթե այն առանց սահմանների չէ, ապա շարունակում են սրան կրթական գործունեություն անվանողները իրենց կուսակցական գործունեությունը` որպես կալվածատիրական Հայաստանի, Մսրա Մելիքի վրանները հսկող արաբներ: Ես գրում եմ օրինակով ու փաստացի: Հիմա, ժամը 9-ին, ես Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից ճանապարհում եմ Լոր մեկնող հայրենագետների հերթական խմբին… Մարգարիտ Հարությունյանը՝ սովորողների ու ծնողների սիրելի մայրենիի ուսուցիչ-հասարակագետը, Նոր դպրոցի «Նոր ռադիոյի» ղեկավարը, իր նախաձեռնությամբ այսօր սեբաստացիների հերթական խմբի՝ 10-13 տարեկան, 4 օրով հերթական ուղևորության է տանում, այս անգամ` Համո Սահյանի ծննդավայր, շարունակելու սահյանական տարվա` կրթահամալիրի ուսումնական նախագիծը. և նրանց կընդունեն այդ սիսական աշխարհի նվիրական փոքրիկ գյուղի ընտանիքները, հետո կգան Լորի երեխաները կրթահամալիր: Փոխվե՞ց Հայաստանը սրանով: Իհարկե: Եվ Մարգարիտ Հարությունյանի ու նրան աջակցող ծնողների ազդեցությունը սրանով դարձավ քաղաքական:

Ես չեմ կարող չընդվզել: Նորից և հետևողական եմ լինելու: Հիմա, երբ այդքան լարված են հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես խոստովանեց Սեյրան Օհանյանը, մեր բանակում զոհերի մեծ մասը սահմանի այն կողմից դիպուկահար-նշանառուների կրակոցների արդյունքո՞ւմ է… Հարցնում եմ: Ի՞նչ անելիք ունի սահմանամերձ գյուղում, դիտակետում որևէ պաշտոնատար անձ՝ վարչապետ թե նախարար, ԱԺ նախագահ թե պատգամավոր, քաղաքապետ թե գյուղապետ, որևէ մեծահարուստ, որևէ հայտնի դեմք, եթե նրա որդին, թոռը, հարազատը, ծանոթ-բարեկամը սահմանի վրա չի կանգնել, չի կանգնած, ինչպես կանգնած են այսօր հազարավոր երիտասարդներ, այդ թվում՝ տասնյակ ու տասնյակ սեբաստացիներ: Ու տեսեք` թիրախ են, զոհվում են: Ի՞նչ, չծառայողների արյունը այլ գույն ու արժե՞ք ունի: Այս հարցադրումը քաղաքակա՞ն է, թե՞ կրթական: Պահանջեք, հարգելի պաշտպանության նախարար, որ Ազգային ժողովը օր առաջ վերացնի խտրությունը զինապարտության մասին ՀՀ օրենքում, որ 18 տարին լրացած արական սեռի յուրաքանչյուր ոք ժամկետային իր ծառայությունը կատարի բանակում: Ի տես: Փաստացի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մայրի՜կ, ես զարմանում եմ…

Իմ ուսանելու տարիներին (1972-1977թթ) համալսարանական ուսանողների շաբաթվա մեկ օրը, սկսած 2-րդ կուրսից, պատկանում էր ռազմական գործին՝ ռազմագիտությանը: Համալսարանի սև շենքում էր տեղավորված ռազմագիտության ամբիոնը՝ իր գնդապետ «ծանրակշիռ» վարիչով, զինվորական տարբեր

Իսկապես ուզում եմ խոսել կարևորից…

Հիանալի է, արի նստիր, խոսենք, թե չէ խռովելս որն է… Վիկա Նավասարդյանն այսպիսի տրամադրություն փոխանցեց ինձ, ու ես իմ հունվարի 16-20-ի կարևոր անելիքի՝ խոստացած-պահանջված իմ նախագծով գնում-գալիս էի, տալիս-առնում… Թողեցի

Միշտ ուզեցել եմ, շատ եմ ուզեցել, այնքան, որ…

Միշտ ուզեցել եմ, որ կրթահամալիրն ունենա ճարտարապետական նախագծային արհեստանոց-լաբորատորիա, որ այդտեղ ծնվեն, քննարկվեն-գծագրվեն նախագծերի տեսք ստանան այն գործերը, որոնք միասին պիտի իրականացվեն… Հայերիս համար, ավա՜ղ, շատ հաճախ, նախագծման փուլը կա՛մ