Արմինեն շաբաթվա ընթացքում իմ խաթեր ոտքի վրա էր մնում, դրանից իր հիվանդությունը, ավաղ, խորացավ… Առանց հարազատական դեսանտի գլուխ չես հանի. ի՜նչ լավ է, որ մարդ այսպիսի հարազատներ ունի… Իմ օրագրի ընթերցողին քաջածանոթ Թամար զալոն, անփոխարինելի Րուզան մորաքույրն ու որպես ռմբակոծիչ ներխուժած Էդիտ քույրիկ Հովհաննիսյանը, մեր բժիշկ-հարսիկ Անահիտը… Մի օր առաջ էլ տեղում էին Տաթևիկն ու Արևիկը, Սուսան Հովհաննիսյանն ու Նազենի կրտսերը… Մարդու հիվանդանալը գալիս է։

Էդիտան ու Ռուզանը, պարզվում է, պիտի իրար նման լինեին՝ նույն 1980-ի ծնունդն են. զույգ կազմեցին, բլոկ արեցին Դավթին, Դավիթն էլ ի՞նչ դիմանա էս եռանդուն հմայիչ քույր-մորաքույրական տանդեմին… Ու տեսեք՝ ինչ «կուկլա» տղա ունենք. Շուշանը Վիեննայից նայի, զմայլվի:

Դավիթը, քրոջը տված խոստմանը հավատարիմ, ուրբաթ օրը՝ ուղիղ ժամը 9-ին, լողացած-նորացած Սասունցի Դավիթ, եղավ ժամադրավայրում։ Տաթև Բլեյանն սպասում էր, իհարկե. միասին ածիկներն են ջրել, միասին վառ տպավորություններով օր անցկացրել… Հիմա մի քիչ դժվար է հավատալ, որ Դավիթն այս նշանավոր գրիպը շրջանցի, բայց երեկ իրիկուն, երբ մնացել էինք տղամարդ-հիվանդապահներով, մենք մեզ արժանի դրսևորեցինք…

Դավթին հեքիաթ պատմելը քնելուց առաջ լուրջ փորձություն էր ինձ համար. վաղուց այդպես իմ սիրելի «Պոչատ աղվեսի» վրա քնած չկայի… Ամեն ինչ մանրազնին ուսումնասիրվում է հեքիաթում, ո՞ւր ունենք շտապելու. հեքիաթի պատումը տևեց մեկ ժամ… Դավիթը քնեց, ես, իհարկե, իրենից շուտ, մահճակալի կողքին, ներքնակի վրա… հակառակ երեկվա իմ բոլոր բժիշկների նշանակումների… Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն….

Շաբաթ է. առավոտ է: Դավիթը ինքնախոսում է, ինքնախաղում, ինքն իրեն զբաղեցնում… Դավիթը կարողանում է տանը իր աշխարհի հետ մենակ մնալ. իր մեքենաները, հեծանիվը, գրքերի աշխարհը, իր մուլտերը… Աչքը դուրս չէ, բայց եկողին է. մեկը գա՝ մեծ կամ պակաս մեծ, բայց իրենից մեծ, ինքը զբաղեցնի՝ պատմի, ցուցադրի, թելադրի… Մեկումեջ էլ հիշեցնում է.
— Ո՞ւմ ենք կանչել այսօր:

«Նոր դպրոցի» 52Արարատ Քելեշյանի մոր անհանգստությունն առիթ դարձավ, որ Արարատը, երիտասարդ-ընդունակ-կազմակերպված մայրիկը՝ տիկին Սոնան, կազմակերպիչ Անահիտ Գևորգյանն ու ես երկար ու կոնկրետ քննարկենք Արարատի ուսման հետ կապված խնդիրները կենտրոնական ընթերցարանում… Մանրամասներով չեմ ծանրաբեռնի… Ի՜նչ լավ է, որ Հուրի-Սարո սիրիացի հիանալի զույգից բացի, ունենք նաև Հակոբ ու Արարատ Քելեշյանների ընտանիք: Արարատն այնքան ինքնուրույն է, իսկական սկաուտ, որ Զեյթունից մենակ գալիս ու գնում է, ընթացքում հաճախում շախմատի ակադեմիա, առաջադիմում, հետ չի մնում երկարօրյա մնացող ընկերների ֆուտբոլային խաղերից, ու … հայտնի ձախողակ է… Ինչ գորովանքով-շիտակ-կոնկրետ է մայրիկը մոտենում թե՛ դպրոցին, թե՛ Արարատին, թե՛ իրենց. կարծես ստուգում է իմ վերաբերմունքը-դիրքորոշումը այս ամենին: Այսպիսի պահանջկոտությունն է, որ սկսվում է ընտանիքից, տարածվում սովորողի ու դպրոցի վրա, անխնա ու մարդկային միշտ, որ որպես պատվիրատու՝ զարգացնում է մանկավարժությունը: Չի կարելի այսպիսի պատվիրատուին հարգանքով չվերաբերվել, նյարդայնանալ նրա՝ մեր իրականության համար անսովոր բծախնդրությունից ու կոնկրետությունից, ինչ է թե մեր երևանյան ավանդույթն այլ է, չի կարելի ասել՝ դե, լավ, էլի, բան է, եղել է… անցել է: Եղել է, բայց չի անցել. կողմերի գործողություններին գնահատական չի տրվել, չի որոշվել՝ ինչու է եղել, ինչու պիտի չկրկնվի… Ես անշտապ խորանում եմ, պարզում ամեն մի դետալ՝ ինձ շարունակ լավ զգալով, որ հենց «մանրունքներից» ենք խոսում. ինչո՞ւ արտակարգ պատահարը՝ սովորողի քթից արյուն գալը (ում մեղքով, որտեղ՝ կարևոր չէ) չի գրանցվել սահմանված կարգով, ինչո՞ւ ֆուտբոլի մարզիչ-ուսուցիչը չի ուղեկցել տղաների խմբին մինչև հանդերձարան… Ես լավ եմ զգում, որ Անահիտը Արարատի, նրա ընտանիքի մասին գիտի հնարավոր առավելագույնը, միշտ խանդաղատանքով է վերաբերվում նրան, նրա կողքին է՝ հաճախ ի վնաս իրեն… Ընտանիքն էլ է գնահատում սա, Նոր դպրոցը ու էլի շատ կարևոր բաներ, որ երկու երեխային թողնում է Զեյթունից ամեն օր ինքնուրույն այսպիսի ճանապարհ կտրել… Մի՛ խուսափեք կոնկրետից, լուծեք այն, հաստատեք ընտանիքի ընտրության ճշմարտացիությունը, ու վերջ: Եվ հիշեք՝ այսպիսի ընտանիքները, մեր մանկավարժությունը որպես ընտանեկան կյանք կազմակերպողները, իրավացի են, ու մենք սրտանց շնորհակալ ենք իրենց:

Գեղարվեստի դպրոց, գարնանային պլեներ: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի։

Սատանան, չգիտեմ՝ որտեղ է, բայց ինձ սպասեք հենց այդ «մանրուքներում». ինձ խոշոր գործերը չեն կարող շեղել, երկրորդական դարձնել կոնկրետ գործից, դա մարդավարի (բարեխիղճ) անելու պարտադրանքից. կրթահամալիրում փինաչիությունը հաղթահարելու տարի է բեկում 2015-ը, տարատարիք սովորողի, ամեն ինչ իմացող-բացատրող-հանդուրժող ուսուցչի, չկողմնորոշված ծնողի գործողություններում հետապնդելու-հալածելու եմ փինաչիությունը… Ամեն կոնկրետ՝ իր մանրակերտ ամբողջականությամբ է հիացնելու՝ դադար, հիացում-յուրացում, առաջ…

Արման Գրիգորյանն իր նոր սովորողի՝ Հարություն Հովհաննիսյանի հետ մայր դպրոցի ակումբն է ձևավորում… Կոնկրետ՝ ո՞ւր է Մայր դպրոցի տնտեսվարի աջակցությունը. բոլորը մեծ խնդիրներով են տարված Մայր դպրոցում, իսկ ո՞վ պիտի մոտենա Արման-Հովհաննես զույգին՝ փոքր աջակցությամբ….

Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիները «Ձոն» ստուգատեսում իրականացնում են «Նվեր ուսուցչիս» նախագիծը։

Ստեղծագործական միջավայրը, որ ինձ գրավել-պահել է վերջին շրջանում մեր Գեղարվեստի դպրոցում, իր կրտսեր և ավագ դպրոցների ներդաշնակությամբ, ներառված, ամբողջական դարձած հեղինակային պիլոտային տարածք է, բոլորիս գեղարվեստն է. ու, կարևոր է, մեդիաուրբաթ-համերգն էլ վառ ձևով ցուցադրեց նոր մակարդակի-հարթակի գոյությունը մեզանում: Այսպիսի հարթակներ են նվաճվել արձանագրվել 2014-15-ին մեր բոլոր դպրոցներում, օղակներում, տասնյակ ու տասնյակ մանկավարժական աշխատողների անձնական-խմբային ջանքերում: Մայիսյան հավաքի այս փուլում սկսենք ֆիքսել որպես տարածքներ՝ տեսանելի դարձնելով այն յուրաքանչյուրիս համար, որտեղ փինաչիությունն արմատախիլ է արվում կամ արված է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրվա իմ գիրը՝ հինգհարյուրերորդը

Անհաղթ, ինչպես Նոբունագա զորավարը, ու ամենահաս՝ մտքի պես… որ ճակատագիրը միշտ լինի մեր ձեռքում, որ հաղթանակի արծիվը լինի մետաղադրամի երկու կողմում էլ, որ ճակատագիրը միշտ օգնի… Ինքդ քո գործն արա, և Աստված

Թափառումով ճանաչման Բանգլադեշում…

Այսպես, կրթահամալիրի Բանգլադեշում իմ ու իմ ընկեր Արմինե Թոփչյանի այսօրվա թափառումից առաջացավ կրթահամալիրի տնօրենի այս տեսապատումը՝ որպես իմ 1195-րդ գիրը։

Մեծանամ, մեծ ապուշ եմ դառնալու

– Դավի՜թ, ո՞ւր ես,- կանչում եմ բնակարանով մեկ, անհանգստացած նրա լռությունից։ – Դավիթը Դավթի սենյակում է, պյուրեն էլ նույն կարտոֆիլն է… համով է,- լսվում է հանգիստ պատասխանը։ Դավիթն իր սենյակում