Երևանում անձրևը շատ կամ անտեղի չի լինում. գարուն է, ու անձրև, ի՞նչ կա նեղվելու: Ուրախացեք կամ ցնծացեք… Ոչինչ, որ այս խոնավությունը ստուգատես եղավ իմ օստեոխոնդրոզային վիճակի համար՝ իր գործն արեց ողջ գիշեր… Դավիթն ու ես տանն ենք, Արմինեն՝  գործի։
— Տիար ջան, իմ ու քո աշխատանքը մի՛ համեմատի. որ ես մի ժամ բացակայում եմ, նախ իմ դուստր-անմիջական ղեկավար-ընկեր Բլեյանը խառնվում է իրար։ Հետո բա 85 սովորողնե՜րս, նրանց ծնողնե՜րը… Դու որ այսօր չգաս գործի, ո՞վ կտխրի, միայն ուրախություն… Հա՛, կանհանգստանան քո առողջության համար, բայց… կհանգստանանք… Մի՛ լարվիր, թող՝ մեզ համար, մեր քեֆին ապրենք, ի՞նչ ես ուզում մեր հոգնած ջաներից,- ու այսպես մի քանի անգամ, 10-15 րոպե տևողությամբ, չթուլացող պաթոսով… Օրագիրս իր ուղիղ եթեր ռադիոն կունենա, Արմի՛ն աղջիկ, էսպես չի մնա…

Դավիթը քնել է անմռունչ. հիմա մեր ննջարանում է, մեր մահճակալին. տեսարան է, այսքա՜ն խաղաղություն, հաստատունություն…

60 տարեկանը, սիրելիներս, խաղ ու պար չէ, որքան էլ որ իմ լավագույն գործերը՝ «Գործք առաքելոցը» դեռ առջևում են:

Ուրախ եմ Մարի Գաբանյանի և Մերի Թելունցի համար. «Տիգրան Հայրապետյան» 2015-ի արժանի մրցանակակիրներն ինչ էլ նման են… ինչպես ասում են՝ գտեք մեկ տարբերություն… Հայաստանում նպատակասլաց, բարեխիղճ, իրենց ուսումնական-աշխատանքային պարտականություններում խանդավառ մարդկանց մշտապես օգտակար լինելու և ուսումնասիրության սահմանները չճանաչելու առումով… Հալալ է ձեզ, Թելունցներ ու Գաբանյան-Բաբայաններ (չեք մոռացել, չէ՞, Մարի Գաբանյանը սեբաստացիներ Ալվինա, Արտյոմ, Արմինե և Արևիկ Բաբայանների մայրիկն է՝ սեբաստացիկներ Մարիա, Մոնիկա, Միլենա Բաբայանների և Ալեքս Ավագյանի ամենատատիկը, իսկ Թելունցներից Էրիկը 8-րդ դասարանցի իր շողակնցիների հետ հավակնում է 2016-ի բոլոր մրցանակներին…)։ Այսպիսի թափ՝ կեցցե՛ք:

Հեշտ չէր Արամ Կարապետյանի համար, և՛ լսարանն էր բազմաշերտ, և՛ թեման՝ Գրիգոր Ջանշյանի «Եղբայրական օգնություն հայերին» գիրքը, եզակի… Ի պատիվ մեր գործընկերոջ, պետք է ասել, որ նա ցուցաբերեց նյութին ազատ-ամբողջապես տիրապետելու և լսարանի հետ համով-հոտով ամենակարևոր բաների մասին խոսելու անուրանալի ձիրք:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի վարպետության դասը:
Լուսանկարները՝ Մ. Մկրտչյանի։

Արտակ Մովսիսյանը՝ մեր հայտնի հայագետը, սեբաստացի Հրաչյա Մովսիսյանի հայրիկը, հերթական անգամ սիրով է արձագանքում Միջին դպրոցում վարպետության դաս ունենալու առաջարկին… Հայագիտությամբ համակված ու այն իր կյանքը դարձրած, այն բոլոր շերտերում ու միջոցներով տարածելու ինչպիսի՜ օրինակ:

Նիկոլ Փաշինյանն էր այցելել մեզ. Աշոտի, Մարիամի, Շուշանի հայրիկը՝ ԱԺ հայտնի պատգամավորը։ Իմ ուղեկցությամբ շրջեց ամբողջ Մայր դպրոցով, մասամբ մասնակցեց Արտակ Մովսիսյանի վարպետության դասին… Նիկոլը խստապահանջ է եղել իր ու իր հարազատ շրջապատի նկատմամբ (կրթահամալիրն այդ հարազատության ուղեծրում է), գովասանքներ շռայլող չէ.
— Թարմացել է Մայր դպրոցը, պարոն Բլեյան, տպավորված եմ։

Ես ինձ, այս մեկ ժամում, այնքան լավ զգացի… Ուրիշ Հայաստան է: Շնորհակալ եմ… Ստուգատեսի՝ այս անգամ, հասարակագիտական շաբաթի և առարկայական օլիմպիադաների տարբերությունը՝ ոնց որ սար ու ձոր, ոնց որ անգիրի (վերարտադրության) պետական դպրոցն ու համառորեն, և, այո, տպավորիչ հաջողությամբ կայացող նրա այլընտրանքը՝ մեր հեղինակած մանկավարժությունը… Քանի՜ մարդ՝ ուսուցիչ-տարատարիք սովորող, ու հասարակությունը՝ իր ամենագործուն հասարակագետներով մասնակցում է այս՝ հասարակագիտություն կոչվող ուսումնական հանրակրթական ստուգատեսին… Հաշվեք… Բաց-գրավող-ամենամյա… Քանի՜ սովորող առաջին հետազոտություն-ուսումնասիրությունը կանի ու կհավակնի մրցանակների՝ ամառային ճամբարների ուղեգրերի ձևով… Ի՜նչ նոր խթաններ-մտքեր-հավես կառաջանան այս ընթացքում՝ իրենց կյանքի ավազան-հասարակությունը ճանաչելու, ինչ-ինչ խնդիրներ ձևակերպելու-լուծելու…

Մարտի 17-ի ընդհանուր պարապմունքը Մայր դպրոցում։

«Ուսուցում օրացույցով» կազմակերպումը մեր հեղինակած մանկավարժության, գուցե, ամենաբնորոշ առանձնահատկությունն է այսօր: Երեկ մենք մասնաժողովում խոսում էինք տեխնոլոգիական ստուգատեսի ընթացքի մասին՝ շեշտադրելով «Իմ անձնական գրադարանը» և «Նվիրում եմ» նախագծերը. առաջինի նախաձեռնությունը Մարի Գաբանյանինն է, սպասված էր, սակայն Շողիկի՝ մեր ծաղկաբուծական գործունեության կազմակերպչի հետևողականությունն ինձ հիացրեց: Աջակցենք կոնկրետ:

Այ, մեր պատշգամբում Վահրամն ու Դավիթը վարդատունկ են արել։ Աշխատավորը հոգնել, հալալ է, առավոտը 10.30 դեռ քնած է մուշ-մուշ: Էսօր-էգուց կավարտենք «Դավթի գրադարանը» անկյան ամբողջացումը. նոր կլոր սեղան, որ Սոնան ու Նազենի կրտսերը գան, էս մեր տղուկին խելք ու շնորհք փոխանցեն… Նկարենք ու ցուցադրենք մեր բնակարանի երկրորդ ընթերցարանը… Թե չէ իմ անկյան մասին անհարկի շատ խոսվեց… Սա էլ նորացման ձեռքը պիտի անցնի…

Եթե ուսուցիչը հոգնում է տոնացույցից (ազնիվ եղեք, անհամատեղելին մի՛ մեկտեղեք), կազմակերպման խնդիր ունեք, վերադարձեք ուսուցման կազմակերպմանը… Օրացույցային-ստուգատեսային գործունեությամբ կարողությունների դրսևորման-զարգացման մանկավարժություն է մերը, չի կարող այն արտադպրոցական դառնալ… Այ, այստեղից էլ բարեխիղճների մոտ լարում կգա, մյուսների մոտ՝ ձևականություն ու կեղծիք… Չի կարելի կեղծել, եկեք քննարկենք իմ օրագրում, առանձնազրույցում, mskh.am-ում, ձեր բլոգում. մայիսյան հավաքի պատրաստության ողջ ընթացքը պիտի արմատախիլ անի ձևականությունը՝ մեծ թվով սեբաստացի ուսուցիչների մոտ, որ «տակից» չշարունակեն «առարկայական» կոչված ուսումը: Խոսակցությունը մեր պիտի ու կլինի առարկայական՝ շոշափելի, ճշգրիտ: Նախաձեռնեք, վստահեք, ընդառաջ եկեք: Գարնանային ուսումնական աշխատանքը՝ տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում, ապրիլ-մայիսը կարող են ու պիտի բեկում առաջացնեն շատերի մոտ. իրական հեղինակները դարձեք ձեզ վերագրվող մանկավարժության: Կրթական այլընտրանքային ծրագրի հեղինակ, համահեղինակ. Հայաստանում քանի՞ մարդ այսպիսի շնորհ ունի:

Այսօր Հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիները ածիկ են ցանել:
Լուսանկարները՝ Թամարա Մարիմյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պնչեթռուկ հայր ու որդի՝ իրենց նախածննդյան-ծննդյան գիշերով… Ասեք՝ շնորհավոր…

Քնեցի մեղքի զգացումով. Արմինեն՝ հագեցած ուսուցչական-ընտանեկան հոգսերով, գումարած այսպիսի երթևեկությամբ Երևանում մեքենայով, Դավիթ ու Արմեն երեխաներով ու Աշոտ Բլեյանով, Բանգլադեշից Խանջյան հասնելը. մա՜հ, կասեր Համլետ Խաչատրյան ճարտարապետ ընկերս… մնաց երկու

Ազգային կրթությունը անձի կրթվածության չափանիշ

Հայոց ավանդական դպրոցի նորոգման ծրագիր Ընդունվել է «Հայոց համազգային շարժում»կազմակերպության հիմնադիր համագումարի մասնաժողովի կողմից Մեր իրականության բացահայտ ճգնաժամը հետևանք է նաև կրթության ու մշակույթի գործի անհաջող դրվածքի: Ազգային, պետական, հասարակական

Օրագիր — օրվա իմ գիրը — իմ օրվա գիրը

Ես արթնանում եմ հիմա 4-5-ի արանքում. սա օրվա ո՞ր ժամն է. առավոտ կանո՞ւխը… Քա՜հ, քա՜հ, քա՜հ, քա՜հ, խնդաց Մսրա դաժան թագավորը: Անգլիական հեքիաթ «Երեք խոզուկները» բարեխիղճ կարդացի. պատրաստվում եմ այն