Երբ ես մկնիկով անցնում եմ լրատվական այս կամ այն կայքի վերնագրերով, դադարները երկու ընտրությամբ են թելադրված՝ իմ քաղաքական հետաքրքրություններով և սեբաստացի սովորողների-ուսուցիչների-իմ բլոգի ընթերցողների հետաքրքրություններով… Ահա այս անգամվա համար ընթերցողին առաջարկվող իմ առանձնացրած նյութերը։
- ԱՄՆ-ը և Կուբան վերականգնել են ուղիղ հեռախոսակապը…
Որքա՜ն արագ են ընթանում երկու երկրների 50-ամյա անջրպետի խորտակման, բնական հարաբերություններ հաստատելուն ուղղված աշխատանքները՝ նախապատվություն տալով հումանիտար՝ մարդկային կապերի վերականգնմանը… Խոսեք, այցելեք, շփվեք, փոխանակեք՝ անհատական, հանրային, խմբային մակարդակում, մինչև պետությունները լրիվ ծավալով կլուծեն ավելի բարդ ընթացք ունեցող միջպետական հարաբերությունները՝ դիվանագիտական, անվտանգության, այդ թվում՝ ռազմական համագործակցության, փոխադարձ պարտավորությունների հետ կապված հարցեր… - Ադրբեջանը և Պակիստանը ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել… Սրան ավելացնենք Ադրբեջանում 2015-ի հունիսին կայանալիք 1-ին Եվրոպական խաղերի անցկացումը, որին մասնակցելու են 50-ի չափ երկրներ… Իրարից մեկուսացված, գործելով-մնալով թշնամական ռեժիմում, մենք կորցնում ենք հեռանկարը… Տեսեք, Արդրբեջանն իր բոլոր լուրջ խնդիրներով հանդերձ, պահպանելով իր չեզոքությունը (ոչ ազատ առևտրի՝ ասոցացման համաձայնագիր կնքեց Եվրոմիության հետ, չմտավ Եվրասիական միություն)՝ զարգացնում է միջպետական համագործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսին, օրինակ, Պակիստանն է, և հումանիտար միջազգային ծրագրերի կենտրոն է դարձել, ինչպես, Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացումը, իսկ Հայաստա՜նում…. Մինչև 2017թ. քաղաքական դաշտի վակուումը կլրացնի գողական աշխարհը…
- Ռուսաստանում Ստալինի թանգարան է բացվում, որ, մի տեսակ, բնական է… Անբնականն իմ վիճակն է՝ որպես Հայաստանի քաղաքացի, ով 1937-ի Ստալինի ռեպրեսիաների ենթարկված ժառանգ է, Եվրասիական միության անդամ երկրի քաղաքացի…
- ԱՄՆ-ում դատարանն արգելել է տղամարդուն ծխել սեփական տանը… Դատարանի որոշում պետք չէ, որ սեբաստացիներն ընդունեն, որ փակ տարածքում, նախ և առաջ, տանը, բնակարանում ծխել չի կարելի: Կարելի է, չէ՞, պայամանավորվել, ապահովել, վերահսկել, պարտադրել, որ սեբաստացիական բոլոր ընտանիքներում այս՝ ակնհայտ թվացող նորմը պահպանվի: Եթե այնուամենայնիվ պիտի ծխես, սեբաստացի սովորողի պապիկ, հայրիկ, եղբայր, հարազատ, որ այցելել ես, դուրս արի բնակարանից (տանից)… Մեր ընտանիքները, որպես հիգիենայի, մարդկային նոր հարաբերությունների պատվիրատուներ, պիտի օրինակ դառնան՝ ընտանիքներում դրա հաստատման-կազմակերպման: Ահա ինչու, ավելի հաճախ մենք պիտի լսենք ընտանիքի ձայնը, տեղեկացված լինենք ընտանեկան անցուդարձից… Շատ կարևոր է, թե դպրոցից ինչ է տանում սեբաստացի սովորողն ընտանիք, որպես ինչ-որ բան փոխելու ուղեցույց, որպես նախաձեռնություն, նույնքան կարևոր է, թե սովորողի միջոցով ընտանիքից բերվող ընտանեկան ինչ նախաձեռնություններ են ազդում՝ փոխում խմբային, դասարանային-դպրոցական-կրթահամալիրային միջավայրը… Նկատե՞լ եք, ես իմ խոսքի, գրի մեջ շատ եմ գործածում «տանը թե դպրոցում», «տանը և դպրոցում»… Նույն սովորողն է, նույն մարդը, և նրա վրա միջավայրի ազդեցության երկատվածությունը մեր մանկավարժությունը պիտի հաղթահարի…