Արդեն երրորդ անգամ օրվա մեջ՝ այս անգամ «Հնեվանք» դաշտային ճամբարից բարձրանալիս, Երևան հարկադիր վերադարձի ճանապարհին մենք աջ ենք քաշում Յուրա Գանջալյանի մեքենան ու մեր՝ աստղագետ Լևոն Արամյանի ասած բնական դիտակներով դիրքավորվում։ Կարինե Պետրոսյանի ընտրած ամենակետն է՝ Ձորագետը, Կուրթանի կանյոնը, Հնեվանքը… Ամերիկյան մեծ կանյոնը դրեցինք կողքին, խամրեց. արմանք-զարմանք-զմայլանք… Ձորագետի ափին, հեռու-հեռու, մեր աստղադիտակով երևում են տկլոր մարդիկ, որ հերթական ինքնամոռացումի մեջ են՝ մեր ճամբարականները։ Գոհություն ու փառք։
Հայտնի հոկեյիստ Անատոլի Ֆիրսով կար. ժամանակին ես սառույցի հոկեյով տարված էի։ Մեծ եղբայրս Մոսկվայից ինձ չմուշկներ էր բերել, ես ունեի մական, հարմար բաճկոն, պաշտպանիչ միջոցներ… Մեր թաղում սառցե դաշտ էինք պատրաստում, և ով ինչով կարողանում էր, մտնում էր դաշտ։ Տեսարան էր… Ինքնամոռացումի այնպիսի պահ, ինչպիսին քիչ առաջ դաշտային խոհանոցում էր, երբ ճամբարականներով միասին համով-հոտով մեր Հիմնական դպրոցի խոհարար տիկին Նունեի պատրաստած բորշն էինք վայելում, մսով, բրնձի փլավը՝ լոլիկ-վարունգի աղցանով, մրգի թարմ կոմպոտ, կամ երբ հավաքվեցինք ճամբարի էստրադայում՝ համերգի. իմ վարած ամենաուրբաթներից մեկը, Ձորագետի աջ ափին, անտառի ճամբարային բացատում կամ մեր դեմ փռված լողափում… Գետում կլողան, չեն շտապի, մայրամուտի հետ կբարձրանան դանդաղ, ո՜ւր ունեն շտապելու, իրենց հարազատ դարձած դաշտային ճամբար, անտառում, անտառին մոտ… Դրախտն օգոստոսին ուրիշ ինչ կերպ էր պատկերացվում. մարդիկ՝ սեբաստացիներ՝ իրար նվիրված ուսուցիչ-սովորողներ, միասին Կուրթանի կանյոնի անհունում…
Ես հոկեյ լավ էի խաղում, բայց հոկեյիստ չդարձա։ Մեկ՝ որ Հայաստանում հոկեյը, գործնականում որպես մարզաձև բացակայում էր, ինչպես հիմա. մեկ էլ՝ որ մայրս իմ մականը ջարդեց. շատ էի տարված ու բրախել էի դասերը։ Բայց որ հոկեյիստ դառնայի, Ֆիրսովի նման էի լինելու հաստատ. ոչ մեծամարմին այս մարզիկը տեղից, հեռվից հանկարծ այնպիսի հարված էր կատարում, որ դարպասապահն այդ մասին իմանում էր մեջքի ետևում ցանցի մեջ տափօղակի թպրտումի ձայնից։ Հարցին՝ որքան կարող եք զբաղվել հոկեյով, մարզվել, Ֆիրսովը պատասխանել է՝ այսպիսի մի հարվածից ստացած զգացման համար ես կարող եմ մարզվել ամիսներ… Այսպիսի մի վայելքի՝ «Հնեվանք» ճամբարի, այս տեսարանի, գետում սեբաստացիների լողի համար ես կարող եմ և կգործեմ ամիսներ։ Որքան էլ ճամբարի նախագիծը հանպատրաստից է թվում արտաքուստ, ինչպես շա՜տ գործեր կրթահամալիրում, իրականում սրա համար սրան նախորդող ամիսներ են եղել՝ հղացումից մինչև իրագործում, հաջողության վայելք… Մտահղացումն այս ամենի մեջ մղվում է երկրորդ պլան՝ գլխավորը, իհարկե, իրագործման համերաշխ, բարեխիղճ, անդադրում առաջմղումն է…
Մենք՝ Կուրթանի այս մեկօրյա ճամփորդության մասնակիցներս՝ վարորդ Յուրա Գանջալյանը, շտուրման Վահրամ Թոքմաջյանը, որ ժամանակին տեղեկացնում էր միստր Յուրային արագաչափերի, ավտոտեսուչների և վարորդներին սպառնացող այլ փորձանքների մասին, Կարինե Պետրոսյանը, ում ֆոտոշարքը վայելում ենք, և նվաստս, որ գողացել է այս մեկ օրը «անդադրում առաջ մղվող» անվերջանալի իրագործումների շարանից, որքան էլ տարբեր, բայց միջավայրի ընկալման առումով լավ էլ մոտ ենք՝ սեբաստացի ենք. «քանդում» ենք ճանապարհին մեզ հանդիպող բոլոր «հիմար» պարիսպները, մոռացված ավերակները, որ շշնջում են, ինչպես Շուշիում, վերադասավորում գյուղը՝ իր կենտրոնով, քանդում-հավաքում գյուղի դպրոցը… Հետևեք իմ բլոգապատմանը. մենք Սպիտակի երկրաշարժի հետևանքներին կանդրադառնանք. ես ասելիք ունեմ և այն դուրս կտամ։
Կուրթանը հիմա մեր աշխարհի կենտրոնն է, ու մենք այնտեղ պատրաստում ենք նաև 2014-2015 ուստարվա ասպետ-շրջանավարտների նախաբանակային ճամբարումը, որ սկսվել է Երևանում… Տեսեք՝ ինչ տպավորիչ են 12-րդ դասարանցիները՝ Գայանե Առաքելյանի, Արմինե Թոփչյանի, Անահիտ Մելքոնյանի անողոք օբյեկտիվում…, ու դա կշարունակվի օգոստոսի 20-25ը՝ Ձորագետ-Կուրթանում։ Վահրամ Թոքմաջյանը կրթահամալիրի ռազմա-մարզական ինքնուրույն ճամբարի իրագործումների մղումով է այստեղ։ Օգնենք Վահրամին։
Գեղարվեստի կրտսեր դպրոցում Դիանա Գևորգյանի օգոստոսյան ճամբարը ինձ նույն զմայլանքն է պատճառում, ինչպես Լուսինե Ալեքսանյանի նոր ծնած Լիլին։ Նույն գոհունակությունը՝ Շամիրամի-Արտակի խմբի Իզմիր տիեզերագիտական ճամբարի տպավորություններից ու պատումից եմ ստանում։
Դադար առնենք. իսկ դու ինձ հետևող բլոգապատման հարգելի ընթերցող, վերարտադրիր կամ սկսիր կարդալ «Ուժեղ գյուղական դպրոցը՝ առողջ գյուղի միջնաբերդ» հոդվածը, որ թվագրված է (ստորագրել եմ) 1990թ-ին. Կուրթանի՝ ինձ հարազատ Հայաստան-Կուրթանի օրինակով տես՝ շա՞տ բան է փոխվել. ավաղ, ոչ: Տեսեք շուրջ 170 սովորող ունեցող գյուղի կենտրոնում՝ էս եռահարկ, խորհրդային անհաջող կառույցի տիպային հսկա դպրոցական շենքը՝ իր մեծ բակով-խաղահրապարակով, էս երկրաշարժից հետո իբրև նվեր կառուցված մանկական գաղութի (մանկապարտեզի) հակաշենքը, որ ոչ օգտագործվել է, ոչ էլ պետք է, որ գործածվի, էս մեծ մշակույթի տունը՝ իր գյուղի կենտրոն-ատրակցիոններով… Էս էլ՝ Միկոյանի մոլորված արձանը… Հա՛մ արձանն է մնացել, հա՛մ խորհրդային մտածողությունը… Երազում են մարդիկ՝ հարգելի իր գյուղապետով, դպրոցի տնօրենով, մեծով-պստիկով, սրանք բոլորն էլ կառուցված տեսնեն… դեռ մանկապարտեզի շենքն էլ վրադիր… Չլինելու բան է, բարեկամներ։ Ես այլ մոտեցում եմ առաջարկել-առաջարկում՝ դպրոցական շենքը վերածել Կուրթանի կրթամշակութային արդիական կենտրոնի՝ 2-5 տարեկանների, 1-4-րդ դասարանցիների, 5-9-րդ դասարանցիների, մեծահասակների լրացուցիչ կրթության, գյուղի մշակութա-մարզային ժամանցի բլոկներով, մնացածը (հողով-շենքով) կարելի է ու պետք է վաճառել ու էդ ողջ փողը դնել Կուրթանի փակուղին հաղթահարելու վրա… Դեպի Ձորագետ, դեպի Թումանյան-Դևբեդի կիրճ տանող ճանապարհը գործարկել, ու Կուրթան-Վարդաբլուրը 20-30 կմ-ոց ճանապարհով կկապվեն դեպի Վրաստան տանող մայրուղու-աշխարհի հետ, Ստեփանավան-Կուրթան-Թումանյան ժամանակին գործած ճանապարհը նորից կդառնա բանուկ… Ահա ինչու Դավիթ Բլեյանը երեկոյան հենց այս կտորն է մատնացույց անում, որ կարդամ.
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն…
Միջքաղաքային ճանապարհի աշխուժացում, կյանք, կյանք, կյանք… մեռնողը մեր կյանքն է, ու կորցնում ենք կապերը մեր երկրի հետ… Ես Կուրթան որպես զբոսաշրջիկ չեմ եկել, ես հանգստանալու չեմ եկել, ես, ինչպես այս Ձորագետը կամ Գարգառը, հանգիստ չունեմ … մինչև ծով… «Կասպից ծով»,- սիրում է եզրափակել Դավիթը։ Կարդում եմ Թումանյանի «Գետակ» բանաստեղծության մի կտորը, որ Կուրթան-Իջևան-Ծաղկունք-Բջնի մեր Դավթի հետ շրջագայությունների ընթացքում դարձավ Դավթի համար հասկանալի ու սիրելի: «Գետակը» կարդա, հայրիկ:
Դե՜, տեսնո՞ւմ ես,
Մնա՛ս բարով,
Ճամփաս ցանած
Հազար գործով.
Դադար չունեմ
Ես մինչև ծով…
Այս կիրակի խաղողօրհնեք է, ու ես, Շուշանն ու Ստեփան հորեղբայրը, Դավիթն ու Արմինեն հրավիրված ենք Բջնի, ինչպես անցյալ տարի՝ Բջնիիի տնօրեն Յաշա Սահակյանի հետ Բջնիի իր շեն տանը մեծով-պստիկով օրհնանք ստանալու։
Կուրթանից ուշ հասանք տուն. 300 կմ ճանապարհը հանաք չէ, Շուշոն ու Դավիթն այսպես սպասում էին ինձ։ Գոհություն…