Հարվարդի համալսարանի գիտնականները երկարամյա հետազոտությունից հետո կարողացել են ապացուցել, որ հող փորելը և ամառանոցում աշխատելը բարերար ազդեցություն են թողնում կյանքի տևողության վրա… Իսկ այգեգործությունը դրական ազդեցություն ունի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա…

Կրթական պարտեզ՝ մեր բնակավայրո՞ւմ… թե՞ բնակավայրը՝ կրթահամալիրի Բանգլադեշը՝ կրթական պարտեզ. մենք՝ սեբաստացիներս, մեծ ու պստիկ, կրթահամալիրում չենք սովորում-աշխատում, մենք այստեղ ապրում ենք: Այդպե՞ս է: Ոչինչ հորինված չէ: Մենք մեր կյանքով հանգել ենք կրթական պարտեզի անհրաժեշտությանը… Իսկական համայնք՝ երևանյան-բանգլադեշյան համայնք՝ Նելլի Արղությանի այս  համայնքը…

«Մարզական երկիր» Նոր դպրոցի 2-րդ և 3-րդ դասարաններում:
Լուսանկարները՝ Արմինե Մնացականյանի, Անի Շահսուվարյանի:

Օրերս կրթահամալիրի գրապահոցի՝ արխիվի-ֆոնդի վերակազմավորման-նորացման պահանջով ես սկսեցի մեր Անժելա Մանուկյանի և Լուսինե Նազարյանի հետ ուսումնասիրել իմ ֆոնդ-արխիվը (թղթեր, ձեռագրեր)… Ինչ պետքական-կիրառելի է, թվայնացվում է, շնորհակալ եմ, կհայտնվի իմ բլոգում, ձեր էկրանին… Ընթերցող, դու կտեսնես կրթական պարտեզի նախագծեր, առաջարկներ, հիմնավորումներ՝ թվագրված 1992-1996-ով… Կրթական պարտեզի մասի՞ն է ասված Նոր Կտակարանում. «նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա, որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կայրի անշէջ կրակով»… Սուրբ հոգով և հրով, միայն այսպես, մեր մանկավարժության այս հանգրվանում, երբ մենք նոր մակարդակ ենք հաստատում, իրականանում է կրթական պարտեզը: Սա մի ավազան է, որում կշտկենք-կմշակենք մեր վարքը՝ ապաշխարհության արժանի գործեր կատարելով… Այդպիսին կլինի մայիսի 6-ի մեր հեղինակային մանկավարժության բաց ընդհանուր պարապմունքը կրթական պարտեզում-պարտեզով… Որին մենք, որպես ուսումնական նախագիծ, պատրաստվում ենք… Մայիսյան հավաքի ավագ չորեքշաբթի՝ ժամը 11.00-12.00. մենք՝ դպրոցների ղեկավարների, կազմակերպիչների մի խմբով անցանք կրթական պարտեզով… Թող ներեն մեր իրանցի գործընկերները, նրանց երկրորդ խմբի հետ մեր կարևոր հանդիպումը չէ՛ր կարող ու չշեղեց մեզ մեր օրացույցից… Չհասցնել չկա՛, կիսատ-պռատ չկա՛… չապրել չկա՛ կրթական պարտեզում…

Հեծանիվ + վազք + լող + պլանշետ Դպրոց-պարտեզի 6 տարեկանների խմբում:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:

Ու ես՝ նժույգով, դուրս եմ պրծնում կրթական պարտեզից՝ 6-7-ի արանքում, երբ սարի ետևում շողերը պատրաստվում են մահվան ամենօրյա ծեսին, երբ քա՜ղցր նիրհի մեջ է հայտնվում բանգլադեշյան առօրյա աղմուկը, ու ես ինքս ինձ հետ պիտի լինեմ ինչպես-որտեղ-ե՞րբ, եթե ոչ ճանապարհին… Բանգլադեշ-Խանջյան իմ ճամփի հինգ դիտարանով անցնում եմ ժամ ու կեսում, կեսը՝ նժույգի վրա, մյուս կեսը՝ դիտարանում. նիրվանան սա՞ է, ու դիտարանը՝ մեդիտացիայի (կենտրոնացման) հարթա՞կ: Սեբաստիա փողոցի իմ հայտնաբերած սեփական դիտարանը՝ մեկ, Երևանյան լճի ափին արաբ ժողովրդի հիշատակի հուշարձան-դիտարանը՝ երկու, Հայաստանի խորհրդայնացման երեսունամյակի բլուր-հուշարձանը՝ երեք, նորակառույց կամուրջը՝ Իսակով-Լենինգրադյան հանգույցում՝ չորս, Հաղթանակի կամրջինը՝ հինգ… Կարող եք ստուգել ինձ՝ իմ հաղորդագրություններով, սուրհանդակներով… Ռուբեն Սևակից լավ չեմ ասի.
Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
― Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն․․․
Ահա ձեր-մեր շրջակա աշխարհի-հայրենագիտության հինգ հարթակ… Ես այստեղից ոչ միայն սուրհանդակներ եմ հղում, այլև ֆիլմերի-կոլաժների առաջարկներ… Հինգ դիտարանից միաժամանակ հինգ ստեղծագործական խումբ…

— Անակնկա՜լ,- ասում է Դավիթ Բլեյանն ու բացում կոնֆետի նոր տուփ, իր մեքենաների նոր շարք, մեքենա-գազանիկների նոր համադրություն, նոր դիրքի ցուցադրում, մի նոր հարված-հնար՝ ֆիզիկական… Դիտի՛ր ինձ, հայրիկ, ամբողջության մեջ, թո՛ղ դատարկ գործերը, ճանաչի՛ր, իրական դարձրու քեզ, ասա անունները…
Իսկապես, այս դիտարաններից Հայաստանն է ամեն օր, ու համեցե՛ք սովորողների խմբով՝ ամեն Աստծու առավոտ, թե իրիկուն մատնացույց արեք ու կոչեք՝ սարը-բլուրը-բարձունքը-իջվածքը-հարթակը-լեռնաշղթան-գոգավորությունը-շինությունը… իր անունով… Այդպիսի մի դիտարան է և «Ժայռ» ճամբարը, Սևանը՝ Մարգարիտ Մանվելյանի աչքերով… Մարգարիտը՝ մի երգ երգոց… Մարգարիտն ու Սևանը չսիրել կլինի՞…

Դավիթը լողավազանում։
Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի։

Որպես կանոն, մինչև երեկոյան ութը, աշխատավայրում թե տանը, կիրակին հանած, ես ինտերնետի հետ կապ ունենում եմ Լիլիթ Ազիզխանյանի և Սուսան Մարկոսյանի միջոցով` bleyan@mskh.am, info@mskh.am պաշտոնական փոստը նայելիս… Օրվա անցուդարձն ինձ կլանում-տանում է ֆիզիկական աշխարհով. ո՛չ լուրեր, ո՛չ հրապարակումներ… Երեկոյան ութին ես իմ համակարգչի էկրանի առաջ եմ: Ապրիլից առաջ էլ այդպես էր, բայց ապրիլի 1-ից հետո, երբ պատերազմը սկսվել ու չի՞ ավարտվում… Այս հաղորդագրությունն ու Անահիտ Մելքոնյանի զանգը միաժամանակ են ինձ հասնում, խոցում: Սարսուռի Հայաստան: Կրթահամալիրի արհեստագործական ավագ դպրոցի 2015-ի շրջանավարտ Հովհաննես Պետրոսյանը՝ 2014-ի շրջանավարտ Հռիփսիմե Պետրոսյանի եղբայրը… Հովհաննեսը, որ ընտրել էր խոհարարի մասնագիտությունը… Բոլորն են մերը, իմը, ինչպես երեկ հայ-ադրբեջանական պատերազմում զոհված քսանչորսամյա Տիգրան Մխիթարի Պողոսյանն ու քառասունչորսամյա Արամ Նիկոլայի Առուշանյանը…

Գեղարվեստում վարպետ Վարդանը սովորեցնում է ծեփամածիկով հարդարել:
Լուսանկարները՝ Քրիստինե Շահբազյանի:

Կեսգիշեր-առտու չորսին ես նորից մոտենում եմ համակարգչի էկրանին. իրակա՞ն Հայաստանի ամենաբարձր-ամենատե՞ս դիտարանն է սա.
Տո՛ւր մեզ, տէ՛ր, զխաղաղութիւն
Եւ փրկեա ի նեղչաց մերոց,
Հոգիդ ճշմարտութեան, եւ ողորմեա՛:
Ախր ո՜նց հայտնվեցինք հարատև պատերազմի շրջապտույտում, ու ապրում ենք քսանո՜ւթ տարի, հաշվենք 1988-ից … Պատերազմ, որ սկսվեց ակամա՞ ու չի՞ կանգնում, մեր կամքին, ուժին, կոչմանը չի՞ տրվում…

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 654

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զայրույթը չի զարդարում. տանում է

Զայրույթը չի զարդարում. տանում է: Զայրույթը մսխում է: Ոչ մի արդարացում: Երեկ ես զայրացա և չմասնակցեցի կրթահամալիրիԳեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում սպասված ցուցադրության բացմանը: Հետո մտա Գեղարվեստ. այնքա՜ն լուռ էր, ես միայնակ

Ախ, գարուն է, գարուն է… Ջա՛ն…

— Մայրիկ, 0-ն (զրոն) թվերի ի՞նչն է… Զրոն որ կանգնի թվերի կողքը, 1-ը ի՞նչ կդառնա… Ինքն էլ պատասխանում է. — 10 կդառնա… — Իսկ էլի զրո որ կանգնի՞, Դավիթ… —

Անտարիք-սիրահար-մանկավարժ-արվեստագետ յուրաքանչյուրինը…

Չկարողացա «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ այսօրվա կրթամշակութային շրջագայությանը մասնակցել, Արտաշատի Դալարով Խոր Վիրապ․․․ Ուրախ եմ, որ վերջապես մենք այսօր երգելու ենք՝ կրկնակի աղոթելու ենք շարականներով, թեկուզ և առանց սիրելի մարդ-երաժիշտ