«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան 

  1. Դուք կրթահամալիրի հիմնադիրն եք, կպատմեք՝ ինչպես ստեղծվեց կրթահամալիրը, ի՞նչ  ճանապարհ է անցել մինչ այսօր: 

Եթե հաշվենք 1989 թվականից, ապա կրթահամալիրն արդեն քսաներեք տարվա ճանապարհ է անցել: Հիմնադիր՝ որպես կրթահամալիրը ստեղծող օժտված, տաղադավոր մանկավարժների խմբի ղեկավար: Դա մի հոգու բան չէր, այն էլ նորարարական, փորձարարական ծրագրեր իրականացնող դպրոց ստեղծել՝ սկսած մանկապարտեզից: Այնպես, որ չնայած իմ անձը շատ է շեշտվում, բայց դա իրոք հավաքանու աշխատանք է: Եվ յուրաքանչյուն էլ արժանի է հիմնադրի անվան: 

 2. Ի՞նչ  եք կարծում Հայաստանի ներկայիս կրթական համակարգը փոփոխությունների կարիք  ունի: 

Ինչու միայն կրթական համակարգը. Հայաստանն ունի փոփոխությունների կարիք: Եվ եթե ամեն մեկս փոխվենք, կփոխվի նաև Հայաստանը: Փոփոխությունները սկսելու են մեզնից՝ մենք պետք է այլ դառնանք: Պետք է պահանջենք այլ կրթություն: Այսօր ես խոսում էի երաժշտության մասին հենց հանրակրթության մեջ, որպեսզի վարժարանում 10-րդ դասարանցին բարձրակարգ, լուրջ երաժշտության պահանջ ունենա և դա փոխանցվի կրթության միջոցով: 

3. Ի՞նչ  հետաքրքիր դեպք կարող եք հիշել ձեր դպրոցական կյանքից: 

Ես սովորել եմ Երևանի թիվ 60 դպրոցում, որ կրում է իմ շատ սիրելի բանաստեղծի՝ Վահան Տերյանի անունը: Այն ժամանակ սովորում էինք 10 տարի: Ես I-ից X-րդ դասարան սովորել եմ այդ դպրոցում: Քանի որ դպրոցը մոտ էր այն թաղին, որտեղ ես ապրում էի, այնտեղ սովորում էին թաղի շատ երեխաներ: Ձեր դպրոցական կյանքը ավելի հագեցած է, իսկ մերն ավելի նեղ էր: Մեր դեպքերը, իրադարձությունները ավելի շատ տեղի էին ունենում թաղում: Մեր թաղը շատ հետաքրքիր էր իր այգիներով, ծառերով: Մի անգամ, կարծեմ 8-րդ դասարանում, շատ մեծ համարձակություն ձեռք բերեցինք հավաքույթ անելու, մոտ մի ամիս պատրաստվում էինք. Թույլտվություն, կարծես, ունեինք՝ դասղեկից, գնումներ էինք կատարել: Դպրոցական կյանքում այդպիսի հավաքներ չկային և դա պետք է լիներ մեր առաջին դպրոցական ցերեկույթը, մենք հավաքվում էինք, բայց միայն տներում՝ ծնունդների ժամանակ: Եվ երբ եկավ այդ օրը, կարծեմ շաբաթ օր էր, հավաքեցինք ամեն ինչ և եկանք դպրոց. ոչ միայն դպրոցի դռներն էին փակ, այլև պահակը տնօրենի կողմից ստացել էր հանձնարարություն՝ ոչ մի դեպքում չբացել դռները: Ես դա ինչու եմ ասում, որովհետև կողմնակից եմ բաց դռներով դպրոցին, որ երեխան իրեն իր ընտանիքում զգա: 

  1. Ո՞րն  է ձեր ամենասիրելի գիրքը, որը ձեզ դասեր տվեց:

Օ, շատ –շատ գրքեր: Սկսած Թումանյանի հեքիաթներից՝ փոքր հասակում, գուցե՝ հիմա էլ: Վիլյամ Սարոյանն իր «Մարդկային կատակերգություն»-ով: Կարող եմ թվարկել ու թվարկել, բայց մի գիրք ունեմ, որն յուրահատուկ է՝ Կտակարանն է՝ Նոր Կտակարանը. գիրք, որ շարունակ ինձ նոր հայացքներ է տալիս: 

  1. Ի՞նչ էիք երազում դառնալ մանուկ հասակում:

Դժվար կլինի հիմա ասել, բայց հիշում եմ, երբ ավարտում էի 10-րդ դասարանը, եղբորս կինն ուզում էր, որ բժիշկ դառնամ, ընտանիքս՝ նույնպես: Սակայն ես արյունից վախենում էի և չէի հասկանում՝ ինչպես կարող ես սխալ քայլ  անել և վնասել ինչ- որ մեկին: Քույրս բանասեր էր ու  ցանկանում էր, որ ես էլ ընտրեի այդ ճանապարհը: Իսկ ֆիզիկայիս ուսուցչուհին ուզում էր, որ ընտրեմ ֆիզիկան: Ի վերջո 10-րդ դասարանս ավարտելուց հետո ընտրեցի ֆիզիկան ու չեմ փոշմանել: Սակայն հետո մասնագիտությունս շրջվեց, սկսեցի զբաղվել կրթությամբ: Բայց ֆիզիկան փոխեց իմ պատկերացումները: 

  1. Ո՞րն եք համարում  ներկայիս կրթության ամենաթույլ, ամենախոցելի օղակը:

Բարձրագույն կրթությունը. կա տարրական կրթություն, միջին և միջին մասնագիտական: Բայց ամենաթույլը բարձրագույն կրթությունն է՝ այն շատ սովորողների ապակողմնորոշում է: 

  1. Ինչպե՞ս եք վերաբերում օտարալեզու դպրոցներին:

Ես չեմ հասկանում օտարալեզու դպրոց ասվածը, օտար լեզվի գործածումը կրթության մեջ ընդունում եմ. կրթահամալիրի վարժարանում էլ օտար լեզու անցնում են շաբաթական մի քանի ժամ և նաև՝ ընտրովի: Սակայն դպրոցը պետք է լինի հայկական, որովհետև մենք մայրենի լեզվի կրող ենք: 

  1. Ի՞նչն եք համարում ձեր երջանկությունը:

Իմ երջանկությունը իմ կյանքն է, որով ես ապրում եմ, իմ դպրոցն է: 

  Հարցազրույցը վարեց Լիա Մովսիսյանը 

Աղբյուրը՝ Լուսաստղ ամսագիր 

11.09.2012թ. 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես չեմ հիշում, որ երազած լինեմ…

Ես, հղում անելով Շիմոն Պերեսին (Անուշ Սեդրակյանի այս «Չավանդույթ» տեսանյութը դիտեք-լսեք), պլաններ եմ գծում ու դրանք իմ ամենօրյա աշխատանքով իրականացնում… Այդպիսի պլան է, ասենք, «Ուսումնական Գյումրին»… Իսկ Գյումրիում մեր աշխատանքային

Կարևորը՝ կանգ չառնեք, կարևոր չէ՝ որքան դանդաղ եք գնում…

Կոնֆուցիոսն իր դասերով ո՛ւմ կյանքը ինչպես է փոխում… Կյանք փոփոխող ութից էս մեկը հենց այս հունիսի համար է ասված, «Ուսումնական ամառ» նախագծի, հեղինակային կրթական բաց ցանցի 2018-2019 ուսումնական այս տարվա

Խոշորացույցով ու բարձրախոսով

Խոշորացույցի բարձրախոսով։ «Խոշորացույցը» Մարինե Ամիրջանյանի հայտնի է, իսկ «Բարձրախոսը» իր ռադիոն է, որի անունը ես տեղում դրեցի։ Արևելյան դպրոց-պարտեզի երեկվա կլոր սեղանին «Նոր ռադիո»-ն էր՝ իր դասարանական ու բլոգային խմբագրություններով… Մենք