Երկար մտածելու կարիք չունեցա․․․ Նվերները զատկական իրենք իրենց եկան։ Մնում է փոխանցելը, իմ գիր բերելը, իմ ֆեյսբուքյան ու mskh-ի առաջին էջում տեղադրելը՝ կարգով ու սիրով։
Աստղիկ ու Դավիթ Բլեյանները երեկ երեկոյից սկսեցին ո՛չ միայն զատկական սեղանի, այլև Տոնի ծառի զարդարումը․․․ Ինձ մնում էր զմայլվել տեսարանով։ Արմինեն մնացածի մասին հոգ էր տարել՝ քիչ է, հավեսով տեսանկարում էր։ Աստղիկին Տոնի ծառը զարդարել—հավաքելը այնքան էր դուր եկել, որ առավոտ շուտ՝ լողալուց հետո, սկսեց մենակ—ինքնուրույն գործը, որի մասին քնելուց առաջ հոգացել էր, տոնի Ծառը հավաքել—պահել։ Ինքը հավաքեց, ես նայեցի—նկարեցի, հետո միասին մի քանի անգամ Աստղիկի հետ երեկվա—այսօրվա տեսանյութերը դիտեցինք։ Աստղիկի պահանջին չես դիմադրի, օրվա նվեր է և ձեզ համար։
Մյուս նվերը, որպես ցանկություն, տոնի օրով ստացա մեսենջերով, Սևագ Դումանյանի կողմից։ Սիմոն Վրացյանի խոսքը՝ 1920-ի նոյեմբերի 24-ի օրով, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում, հենց մեզ համար է։
«Մենք մեծամեծ վնասներ ենք կրել՝ անվերջ կռիւների բեմ դարձնելով մեր երկիրը և միշտ ընդհարուելով մեր հարևանների հետ: Մեր փորձը պէտք է մեզ բերի այն համոզման, որ մենք պէտք է ամփոփուենք մեր ուժերի շրջանում և դուրս չգանք որոնելու նոր ազդեցութեան շրջանակներ, որոնք մեզ համար կարող են լինել նոյնքան աղէտաբեր, որքան և մինչև այժմ եղածը, որովհետև արտաքին ուժերը միշտ և ամէնից առաջ իրենց շահերը նկատի ունեն, նրանք ամէն ժամանակ աշխատում են առնել և ոչ թէ՝ տալ: Մենք պէտք է ունենանք մեր սեփական կողմնորոշումը, մեր քաղաքական ծրագրերը կազմելիս աչքի առաջ ունենանք մեր սեփական ուժերը, մեր սեփական ռէալ արժևորումները, իհարկէ, յարմարուելով ընդհանուր պայմաններին: Մեր պատմական սխալը եղել է այն, որ մենք մեր չափաւոր համեստ ուժերով կամեցել ենք մեծ քաղաքական ծրագրեր իրականացնել, որի հետևանքով և միշտ տուժել ենք և ջախջախուել բոլոր ճակատներում: Մեզ հարկաւոր է մի շշմեցուցիչ հարուած, որ մենք զգաստանանք և այդ հարվածը արդէն հասել է մեզ: Այժմ զգաստանալու ժամանակն է: Սակայն այդ զգաստացումն էլ չպէտք է չափազանց ծայրայեղությեան հասնի, մի բան, որը դժբախտաբար մեր ժողովրդին յատուկ է: Եթէ Կիլիկիայից մինչև Շուշին շատ շատ էր մեր համեստ ուժերի համար, եթէ այդ սահմանների համար մենք շատ քիչ էինք, ապա և Նոր Բայազէտի և Երևանի շրջանների մասերից կազմուած մի փոքրիկ Հայաստանի համար շատ շատ ենք: Եւ այժմ, քննադատելով մեր անցեալ գործելակերպը, չպէտք է ընկնենք չափազանցութիւնների մէջ և մեր ձգտումները յարմարեցնենք մեր ուժերին: Մեր օրուայ քաղաքականութիւնը ղեկավարողներից պահանջւում է ունենալ մի այնպիսի քաղաքական գիծ, որ ազատ պահի մեզ արտաքին քաղաքական միջամտութիւններից, վարել մի քաղաքական գիծ, որի շնորհիւ կարողանանք պահել մեր անկախութիւնը՝ նուիրելու մեր ժողովրդի ստեղծագործ ուժերը խաղաղ կուլտուրական աշխատանքների համար: Եւ այդ կլինի այն ժամանակ, երբ մենք կը կարողանանք մի ընդհանուր լեզու գտնել մեր հարևան ժողովուրդների հետ: Եւ ես յոյս ունեմ, որ մենք կը կարողանանք այդ լեզուն գտնել և կնքել անհրաժեշտ հաշտութիւնը: Բայց եթէ պատահի, որ մեր հարևանը չհասկանայ մեր և իր ընդհանուր շահերը և արբեցած իր պատահական յաղթութիւններից, կամենայ ոտնակոխ անել մեր անկախութիւնն ու մեր ժողովրդի գոյութիւնը, այն ժամանակ մենք ուժ և վճռականութիւն կ‘ունենանք պաշտպանելու և օրհասական կռիւ մղելու մեր անկախութիւնն ու մեր ժողովրդի գոյութիւնը պահպանելու համար: Եւ ես հաւատացած եմ, որ այդպիսի րոպէին մեր ժողովուրդը սթափուած կը կարողանայ պատուով դուրս գալ ծանր ճգնաժամից: Այդպիսի րոպէին, ես հաւատում եմ, մենք չենք մնայ մենակ»:
Սիմոն Վրացեան, 24 նոյեմբեր 1920
Ավելի լավ վե՞րջ իմ օրվա գրին զատկական ․․․
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուած աստ բազմեցաւ:
Խաղաղութեան ձայն հնչեցաւ, սուրբ ողջունիս հրաման տուաւ․․․
#2033