Այսօր իմ երիտասարդ գործընկերների հետ, Դավիթ Քոչունցի աշխատանքային նախագծով ես Եղեգիսի Արատեսում եմ՝ մեր դպրական կենտրոնում։ Ինձ հետ է Դավիթը Բլեյան, որ եկել է ձյուն-ձմեռ տեսնելու. կարոտել է ձմռան հիացումի…
Երեկվա իմ ուրբաթը պիտի սկսվեր ու սկսվեց աղոթքով, ուսումնական ժամերգությամբ, որ «Հոգևոր Հայաստան» նախագծով արդեն քանի՜ տարի, սեբաստացիական օրացույցով, որպես սովորողների-ուսուցիչների ամենշաբաթյա ապրում, լինում է մեր Սուրբ Երրորդություն եկեղեցում, մեր երաժշտության ուսուցիչ-դպիր-առաքյալների խմբավարությամբ… Ես հենց ժամերգությանը իմ խոսքով, տիար-մենթորի քարոզով պիտի ներկայացնեի Հարություն Թոփիկյանի հիմնած ու կյանք տված «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի խմբավար Մարինե Ոսկանյանին։ Նախանձելի-շարունակական, խոնարհ գործ՝ որպես ծառայություն…
Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված իմ խիտ օրից, օրվա հոգսից-գործից առանձնանում է «Հոգատարություն» ուսումնական նախագծով նոյեմբերին արվածի ամփոփումը, որը ոչ ոք չէր կարող ավելի լավ գնահատել, քան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ խոնարհ, առաքյալ որպես…
Շարունակությունը օրվա, գործի, մեր արտակարգ կյանքի, որտեղ գլխավոր արժեքը դառնում է յուրաքանչյուրիս խոնարհ հոգատարությունը-կոնկրետությունը, եղավ համերգ-հանգանակությունը Գեղարվեստի artասահմանում։ Հոգատարությամբ ապաքինման այս տեսանյութը ծրագրային է, ուսուցողական. կեցցեք։
Երեկ իր ավագ ընկերների հետ ձմեռային հեքիաթի-սպասման նշխարը ստացավ Աստղիկ Բլեյանը, պարտեզային խմբում… Դաստիարակներ Աննան ու Արևը չեն դադարում իրենց խոնարհ, մանկավարժի ծառայությամբ ստեղծած իրենց գործով մեզ զարմացնելուց…
Արմենիա TV-ի երիտասարդ լրագրող Ալլան իր նշանած Նվերի ու մի խումբ՝ մեր օրով-զարգացումով մտահոգ երևանցիների ներկայությամբ իր հարցով ինձ անակնկալի չբերեց.
– Ո՞վ կարող է լինել Հայաստանի վարչապետ, եթե…
– Ես, իհարկե,- խոնարհ, ինչպես վայել է Գրիգոր Խաչատրյանին, պատասխանում եմ՝ ես…
Ու հետաքրքրված լսարանին անհավակնոտ պատմում եմ՝ ինչու…
Այդպես էր 1998-ի փետրվարին, երբ ես մասնակցեցի ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններին, երիտասարդ-նորաստեղծ թիմով, Նոր ուղու քաղաքական ծրագրով, հայաստանցուն ուղղված յոթ նամակի տեսքով… Ցավոք, ինչպես կարելի էր ենթադրել, 1998-ին իրավական չեղավ ընտրական ընթացքը իր կանխորոշված ելքով, բայց մենք կարողացանք ներկայանալ մեր ասելիքով-անելիքով։ Ես պատրաստ էի այն ժամանակ, պատրաստ եմ հիմա, խոնարհ, որպես մարդուն ուղղված ծառայություն քաղաքական։ Ես եմ՝ իմ գործով, կյանքով հրապարակային, որ ամբողջական արտացոլված է իմ բլոգում, հասանելի յուրաքանչյուրին։
Աղմուկը քաղաքական, գործի մարդկանց ագրեսիվությունը, քաղաքացիական խառնաշփոթը ինձ օտար են վերջնականապես։ Ախր, 1988-ից հաշված, ժամանակը լիուլի բավական էր հասունության, իրար ճանաչելու, անհատական որոշումներ կայացնելու համար, առանց պարտադրելու, մարդուն՝ յուրաքանչյուրին, իրավունքից զրկելու, առանց խմբակայնության ու հերթական փրկչի։ Հիշեք 1995-1996-ը, 1997–1998-ը, 2008-ը, 2016-ը, 2018-ը․․․ Խոնարհ ծառայությունն է մերը, Հայաստա՛ն։ Հարգանքով մարդկային փողոցի, խաղաղ հավաքի նկատմամբ՝ ուզում եմ, որ լսելի լինի Լիլիթ ու Դավիթ Բլեյանների սիրելի հերոս Կառլսոնի խնդրանքը պտուտակների ձայնի հետ.
– Հանգիստ, միայն հանգիստ…
Ու օրինական-իրավական. լրացնում եմ ես։
Գործով շարունակենք ապրել, Վրեժ ջան… Սա ասված է մեր հերոսներից մեկին՝ Զանգակատուն-Չանախչիից Վրեժ Բադալյանին, բայց, արդարացի լինենք, վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին։ Բոլորս ապաքինման կարիք ունենք և մեզ միավորող գործով միայն դա կարող ենք անել։
#1921