Արմինեն իջել է մեքենան կայանելու, զանգում է, որ դուռը բացենք. մեր շենքը «դոմոֆոնով» է…
— Դավիթ, բացենք, որ մայրիկը գա:
— Որ չբացենք, ի՞նչ կլինի,- Դավիթ Բլեյանն սկսում է իր հարցաշարը.
— Մայրիկը կմնա դրսում:
— Որ մնա դրսում, ի՞նչ կլինի:
— Հըմմ…- «անմեղ» շարունակություն եմ փնտրում…- գայլերը մայրիկին կուտեն…
— Գայլերը որ մայրիկին չուտեն, ո՞նց կլինի…
— Կմնան սոված, կսատկեն, աշխարհի երեսից կվերանան…
— Ուրիշ ի՞նչ կարան ուտեն գայլերը՝ մայրիկից բացի:
— Քեզ ու քո խմբի ընկերներին, ընկեր Կարինեին-Մելինեին ու քո համով, փափուկ քույր Տաթևիկին…
Տեսնել էր պետք Դավթի գոհունակություն-հրճվանքը՝ իր զենքն իր դեմ կիրառելու պահին.
— Դե, թող գայլերը մայրիկին ու Տաթոյին ուտեն, մենք ազատվենք…
Այսպիսի հասուն, գայլերին իր ամենասիրելիներով կերակրող, հումորը տեղը Դավիթ է օր օրի քաշ հավաքում հայոց հասարակական-կրթական կյանքում… Քաղաքականն էլ՝ սահմանդրական փոփոխությունների փաթեթով…

Օգոստոսի 28-ի իմ թիվ մեկ հոգսը ծով հոգսերի մեջ, որ կոչվում է «Հեղինակային կրթական ծրագրի մեկնարկ» կրթահամալիրի 2015-16 ուսումնական օրացույցով, Մայր դպրոցում սովորողների և աշխատողների սննդի կազմակերպումն է: Ժամանակ ունեմ մինչև սեպտեմբերի 1-ը, օգնեք ինձ ձեր գործուն լուծումներով, նախաձեռնություններով տարածաշրջանի ամենամատչելի-մոբիլ-համով-հարմար-հիգիենիկ-ինքնասպասարկվող-անհատականացված ու առողջ կազմակերպումն ունենալու… Մեր բոլոր դպրոց-պարտեզներում, Քոլեջում գործող խոհանոցներն ամռանը լավացրել են իրենց նյութական միջավայրը… Սրանք՝ մեր բաց, յուրաքանչյուր սեբաստացու կողմից վերահսկվող խոհանոցները, գործում են դպրոցների ղեկավարների՝ Արմինե Թոփչյանի, Նառա Նիկողոսյանի, Տաթև Բլեյանի, Նվարդ Սրագսյանի, Շամիրամ Պողոսյանի անմիջական պատասխանատվությամբ…

Կադրեր Հիմնական դպրոցի այսօրվա առօրյայից:
Լուսանկարները` Շամիրամ Պողոսյանի:

Քոռանամ ես, մոռացել էի ներկայացնել Հիմնական դպորցի նոր ղեկավարին՝ Միջին դպրոցի արդեն նախկին կազմակերպիչ Շամիրամին՝ սիրելի բոլորիս… Հռիփսիմեին Առաքելյան արդեն կարող եք հանդիպել Նոր դպրոցում, Անահիտ Հարությունյան-Բզեզը կդիմավորի Նոր դպրոցի 5 տարեկաններին, իսկ նրա 3-րդ դասարանցիներն ուսումնական տարվա ճանապարհը կսկսեն էլի փորձառու Հռիփսիմեի հետ…

Ապրեն ավստրիացի գիտնականները՝ իրենց 3 տարվա ուսումնասիրությամբ, որով հաստատել են՝ ամենավաղ տարիքից լողով զբաղվելը շատ լավ է ազդում երեխաների մտավոր զարգացման վրա… Նրանք իրենց հասակակիցներից առանձնանում են ոչ միայն զարգացած խոսքով, այլև, լսե՛ք, մաթեմատիկական ունակություններով, ծափահարե՛ք, նաև, լավ նկարում են և, իհարկե, ավելի հասուն են անցումների համար, օրինակ՝ պարտեզից դպրոց… Կրթահամալիրի 5-6 տարեկանները կրթահամալիրի ծածկած լողավազանում ուսումնական պլանով  շաբաթը մեկ անգամ կլողան, իսկ բաց լողափերը կգործեն երկարօրյայի համար բոլոր 5 նախակրթարաններում և կրտսեր դպրոցներում՝  ողջ սեպտեմբեր… Տեսնո՞ւմ եք՝ ողջ 2015-2016 ուստարում՝ իր ձմեռով,  մենք սեբաստացիներին տանում ենք  չհիվանդանալու ամենաապահով ուղով…

Ընտրությամբ գործունեության խմբերի ներկայացում Միջին դպրոցում:
Լուսանկարները` Գոհար Եղոյանի:

Վստահ եմ, որ սեպտեմբերի 1-ից սկսվող կրթական նորամուտների շքերթը չի շրջանցի «Սեպտեմբերյան լողափեր սեբաստացի պարտեզներում» նախագիծը… Նոր դպրոցի ղեկավար Նառա Նիկողոսյանը պնդում է, որ նորամուտների համար 3 օրը քիչ է, առաջարկում է սեպտեմբերի 4-ին ավանդական ամենամյա շքերթը կազմակերպել, որ 2015-2016 ուստարվա բոլոր սեբաստացի 5-6 տարեկանները՝ իրենց ուսուցիչների և ծնողների հետ միասին անցնեն Մարմարյա սրահով, հյուրընկալվեն Մայր դպրոցում, մարմնամարզական-երաժշտական ֆլեշմոբի մասնակցեն… Նախ, սիրելիներս, կրթական նորամուտները «30 տարի կրթահամալիրի Բանգլադեշում» նախագծով շարունակվելու են, որպես մեր փառապանծ ուսումնական իրագործումների շքերթ, մինչև դեկտեմբերի 16-ի մեծ համերգը… Հետո՝ ես ինչպե՞ս կարող եմ ինձ զրկել սեբաստացի ամենակրտսեր սովորողներին իմ ծննդյան օրով ընդունելու և անձամբ հյուրասիրելու հնարավորությունից, 2-4 տարեկաններին էլ՝ խմբերում… Սպասելու եմ անհամբեր, Նառա ու ընկերնե՛ր, ներկա-բացակա էլ անելու եմ. խնդրում եմ՝ Նառան համակարգի այս մի շքերթը… Տիար Գևորգ Հակոբյանը՝ իմ հարյուր տարվա ընկեր-սանիկ-օգնական-տարեկիցն անբաժան, համ էլ՝ համահեծանվորդը, առաջարկում է Մայր դպրոցի շքերթից հետո անաղմուկ, աննկատ լքել Բանգլադեշն ու սեպտեմբերի 4-ի երեկոյան սկսել հավաքվել…  Հայ մարմնակրթական ընդհանուր միության Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Բյուրականի բանակավայրում… Շնորհակալություն ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի ղեկավարությանը կրթահամալիրի երկարամյա գործունեության գնահատման համար… Սեպտեմբեր 5-6-ի Արագածի հարավային գագաթի տոնական գրոհը Գևորգ Հակոբյանը տեսնում է շքերթի ձևով, ինքն էլ պատրաստվում է համակարգել… Ա՜յ քեզ նվեր՝ ինձ էլ, ձեզ էլ. այսպիսի միտքը, բնական է, կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիայում քննարկվել-հավանության արժանացել ու դարձել ուսումնական բաց նախագիծ՝ առանց տարիքային-լեզվական-ազգակցական սահմանափակումների… Խնդրեմ՝ կարդացե´ք:

Արագածյան շքերթ, սեպտեմբերի  5, 6
Շքերթը կրթահամալիրի տնօրենի նվերն է իր վաթսունամյակին:
Շքերթի հիմնական բազան Բյուրականում տեղակայված ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի Բյուրականի բանակավայրն է: Նշված օրերին՝ առավոտյան ժամը 9:00,  ավտոբուսը այդ օրվա մասնակիցներին բարձրացնում է մինչև «Քարե լիճ»: Ժամը 11:00 սկսվում է Հարավային գագաթի վերելքը: Վայրէջքից հետո մասնակիցները լողում են «Քարե լճում» և իջնում հիմնական բազա: Ցանկացողները կարող են գիշերել բազայում:
Շքերթին կարող է մասնակցել ցանկացած մարդ, ով պատրաստ է ընդունելու տնօրենի նվերը:
Շքերթի մասնակիցը բազայում և շքերթում գտնվելու ընթացքում չի ծխում, ոգելից խմիչք չի օգտագործում, իր հետ ունենում է քնապարկ, սնունդ, տաք շորեր:
Ցանկացողները թող գրանցվեն Տաթև Բլեյանի էլեկտրոնային փոստով՝ T.Bleyan@mskh.am

Իմ աղջիկ Տաթևիկն էլ խոստանում է կազմակերպել շքերթ-վերելքի բոլոր մասնակիցների անվտանգ տեղափոխումը՝ Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցուց մինչև Բյուրականի բանակավայր ու «Քարե լիճ»…

Սեպտեմբերի 4-ի ժամը 15.00-ի ընդհանուր պարապմունք-համերգով զբաղվում է Սյուզի Մարգարյանը. եկեք պարենք-երգենք միասին ուղիղ 60 րոպե… Իսկ Սվետա Ճաղարյանը, Կոմիտասի թանգարան ինստիտուտի սեպտեմբերի 10-ի համերգի ծրագիրը, ժամը կհրապարակի հենց սեպտեմբերի 4-ին… Շուշան Բլեյանը հանդես է գալու Գյումրիի նախագծով…

Ավագ դպրոց-վարժարանի նորեկ սովորողների վերապատրաստում:
Լուսանկարները` Լուսինե Սարգսյանի:

Մեր տան արևելքին ու արևմուտքին նայող մեծ-անվարագույր պատուհանները, արևելք-հարավ նայող ընդարձակ պատշգամբը շատ հարմար են երկնային լուսատուները մշտապես դիտելու համար… Դավիթ Բլեյանի ուշադրության կենտրոնում հատկապես լուսինն է՝ ամպերի հետ իր պահմտոցիով, լիալուսին-կիսալուսին անցումներով…
— Տեսե՛ք, տեսե՛ք, կլոր լուսինեը թաքնվեց, շո՛ւտ արեք, քանի դուրս չի եկել…
— Որ դուրս գա, ի՞նչ կլինի,- դավթավարի հարցնում եմ…
— Էլ չեք տեսնի իր վառած լույսն ամպերի ետևում…
— Որ չտեսնենք, ի՞նչ կլինի,- շարունակում եմ:
— Հացներդ կերեք-պրծեք, արդեն դուրս եկավ…
— Մամ, դու խի՞ լուսնի պես չես մեծանում-փոքրանում…
— Որ փոքրանամ, ինչ կլինի,- հարցը վերցնում է Արմինե մայրիկը։
— Հայրիկ-մայրիկ կունենաս դու էլ։
Մենք երեքով պատշգամբից երկա՜ր կենտրոնանում ենք լուսնի իրիկնային թափառման վրա… Երկա՜ր ու ակնապիշ… Արմինեն ու ես նայում ենք մե՛կ երկնքի լուսաբացին՝ Դավթի ցույց տված ուղղությամբ, մե՛կ այդ լուսաբացով ոգեշնչված մեր հերոս մարդուկին…
— Տեսե՛ք, տեսե՛ք,- հիմա էլ ականջներիս մեջ Դավթի ձայնն է, աչքերումս՝ նրա հիացումը երկնքով ու լուսնով…

Մեդիաուրբաթ-համերգների 2015-2016 ուստարվա շքերթը մեկնարկեց։ 
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի

Ֆոտոխմբագիր՝ Մարթա Ասատրյան
#433

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լավ աշուն է․․․

Սկսեց իմ գիրն այս անգամ Արմինեն՝ դառնալով իմ 1213-րդ գրի վերնագրի հեղինակը․․․ Պարզապես ստացված նոյեմբեր է. շարունակում եմ ես․․․ Երևանում, երևանամերձ տարածքներում նոյեմբերի վերջին շաբաթվա-տասնօրյակի համար այնքա՜ն թափառումի, քայլքով անցնելու

Մի-մի փութ մեղրով չուտվող խոսքեր

Մեր տան խոսակցությունները, որ բերեմ գիր, ա՛յ, իրական կյանք կլինի՝ հեղինակային կրթական ծրագրի ընկալում-իրագործումը անձնային-ընտանեկան մակարդակում… Ինքնապաշտպանությունը տանը դարձնում է ինձ խուլ ու համր… Չեմ տեսնում-լսո՞ւմ… Արմինե Աբրահամյանը, առավոտ շուտ,

Նվազագույնը՝ եռակողմ, անիմաստ, նույնիսկ վտանգավոր, եթե․․․

…. կառուցված չլինի երկու հիմնասյուների՝ արդարության և սովորողի առաջընթացի հաշվառման վրա… Աշոտ Տիգրանյանի այս հրապարակումով երեկ էի սկսել մի պատում, որ հետո կիսատ մնաց ու այսօր, մինչ Արատես աշխատանքի գնալս,