Սեբաստացիական օրացույցում լինում են այսպիսի օրեր, ինչպես այսօր, երեքը մեկում՝ բլեյան դպրոցի հիմնադիրներից, մեր դպրոց-պարտեզի, դպրոց-պարտեզներում նախակրթարանի, սրանցում ռոդարի-աղայանական ստուգատեսների հեղինակի՝ մեր դասվար-դաստիարակների սիրելի մենթոր Աիդա Պետրոսյանի, կարճ՝ տիկնիկ Աիդայի ծննդյան օրն է, իրեն արժանի նվերով-հիշատակով-արձագանքով՝ Ատամհատիկի ամենամյա ծեսով, մարդու իրավունքների, Աիդան կավելացներ-կշտկեր, որ աշխարհն իր ստեղծած շարունակի ներառական լինել՝ մարդկայնության միջազգային օրն է․․․
Ամենաշատը սիրում եմ մեր նախակրթարանների, 2-5 տարեկանների աշխարհին նայել դրսից, թափանցիկ պատերի միջով, երբ Աիդայի հրեշտակները քնած են-արթնանում են-ճաշում են-խաղում են, միշտ սպոնտան-ինքնուրույն․․․ ինչպես Սոնա Նակաշյանն իր հեղինակային իրավունքով, հեղինակային մանկավարժությամբ, երաժշտական խաղի ծիսական ավանդույթում մեր Աիդա Պետրոսյանի տարերքով․․․
Ամանորն իր տարեմուտով դեկտեմբեր-հունվարի մեր օրացույցում ներկայանում է Ձմեռ պապի նվերներով, Ձմեռ պապի մրցանակներով, հին տարվա ձեռքբերումների-նոր տարվա զարգացումների, հեղինակային մանկավարժության անընդհատության-շարունակականության-փոխանցման խրախուսումներով․․․ Փոքրերը նամակ-խնդրանք են գրում, մեծերն էլ, սեբաստացի տիար-մենթոր-ձմեռ պապի հիշեցում է, ընդունեք՝ մրցանակի հայտեր․․․ Ահա այդպիսի հայտ էր ինձ համար օրեր առաջ Հարավում Շամիրամի, Լենայի ու ընկերների՝ բնակելի արվարձանում՝ դրա Անկախ մայլում պարտեզի ամբողջացման աշխատանքները, հայացքով-անցումով դեպի Մայր դպրոց, այդտեղից՝ Հյուսիս, Արևելք, արհեստագործական․․․ Հաջորդ շաբաթ կլսենք Արևմուտքից Գոհար Բալջյան-Սոնա Փափազյան զույգի ու գործընկերների ներկայացումը՝ կրթական պարտեզի արևմտյան անկախ հատվածի զարգացման իրենց մշակումով։ Տիար Գևորգի հետ երեկ Սուսան Մարկոսյանի ուշքը-միտքը կտրում էինք իր մինուճար Արփիի ականջացավից, չէր հաջողվում. այնքա՜ն Ձմեռ պապի մրցանակին արժանի գործեր-հեղինակներ մեր առաջ եկան․․․ Մեր մանկավարժություն-սեբաստացիական երկրագործության ամփոփումը հարկ է բարեխիղճ արվի Հյուսիսում, Հարավում, Արևելք-Քոլեջում. իմ աչքից չեն վրիպում ուսումնական բակերը՝ որպես ագարակներ ձևավորման-զարգացման նախագծերը․․․ 2020-ի դեկտեմբերի մշակումները կարող են 2021-ի սկիզբ ամենասեբաստացիական նախագծային հունվարի ուսումնական ճամբարներում իրական դարձնել հացատների ծիսական բացօթյա կենտրոնների կառուցումը․․․ Ինչո՛ւ ոչ։ Սարալանջի պուրակում Դավիթ Քոչունցն աջակցում է Գրիգոր Խաչատրյանին, որ քանի Վիգեն Ավետիսը Շուշիի ճանապարհին է, սկսի-ավարտի իր կյանքի անավարտ իրագործումը՝ Մեխը․․․ Շարունակությունը՝ որպես կոնցեպտ, եթե չեք լսել, բացմանը կլսեք Անուն բարձր ու վսեմի շուրթերից․․․ Շուտով, անաղմուկ․․․ Ձմեռ պապի ուշադրության կենտրոնում է նաև Ձմեռ պապի գավազանի զորությամբ կարիքավորի կողքին լինելու՝ «Հոգատարություն» նախագծով ուսումնական աշխատանքը։
Իսկ աշխարհի Ձմեռ պապից, պայմանավորվել ենք, միայն ձյուն ենք ուզում՝ ճերմակ, փակուկ, առատ ձյուն, ինչպիսին գալիս է հենց հիմա Արատեսում ու սպասում կրթահամալիրի ավագ դպրոցի՝ Սամվելի-Լիլիթի նախագծային խմբին։
Դավիթ Բլեյանը․․․ մեծանում է։ Անբաժան-հավատարիմ Սոնա Փափազյանի ու Արցախից եկած, եղբայր դարձած նոր դասընկեր Արտյոմի հետ մտնում են «Սիթի»՝ նախագծային գնումների․․․ Մնացածը Սոնան է պատմում.
Դրամարկղի մոտ հետաքրքրվեցին, թե ո՛ր դպրոցից ենք։ Դավիթը թե՝
– Յա՜, Բլեյանից։
Դրամարկղի մոտ կանգնած աղջիկը.
– Հա՜, միանգամից երևաց։
Դավիթը ոգևորվեց.
– Բա գիտե՞ք՝ պապաս Աշոտ Բլեյանն է, վարչապետի թեկնածու է, որոշել է, պետք է ընտրվի։ Հա, իմացե՛ք անպայման։
Գանձապահ աղջիկն սկսեց ծիծաղել
– Բայց ի՛նչ լավ տարբերակ եք ընտրել՝ նորություններն ասելու։
Դավիթն էլ առիթը բաց չթողեց.
– Հա սա էլ Արտյոմն է՝ իմ ընկերը Շուշիից, արդեն երկու ամիս է, էստեղ է։ Դա էլ է նորություն։
Իրիկունը մեսենջերային կապով Դավիթը Շուշան քույրիկին պարտավորեցնում է նոր տարին դիմավորել Երևանում․
– Տես, հա՜, դու իմ միակ նվերն ես, անփոխարինելի․․․ Ձմեռ պապին ասա, թող քո թռիչքը կազմակերպի։
Հեծանվորդ Տիարը երեկ անձրևի տակ, կրթահամալիրի Բանգլադեշում աշխատանքային անցումներով ո՛նց էր նայվում՝ դուք գիտեք, բայց այսքան կենդանի՝ շփոթված հանրապետության աղմկոտ մայրաքաղաքի մեծ արվարձանում, այսքա՛ն արժանի ձեռնարկներին մենթորական սպասված աջակցությունը պահանջում է որ ես միշտ լինեմ հեծանվով, քայլքով արագ, մարզական վիճակում․․․
#1925