Որ իմ նախաձեռնությունը Նոր ուղի հարթակում չհնանա, շարունակություն ունենա, որ անդրադարձը իմ քաղաքական արխիվին պարբերական դառնա, որ կարգապահ դառնան Նոր ուղու հետևորդների տեղեկացմանն ուղղված հրապարակումները, թող դրանք լինեն շաբաթական։
«Անդրադարձ համար մեկ»-ը լույս տեսավ անցած շաբաթ օրը՝ ՀՀ պաշտոնաթերթ «Республика Армении» օրաթերթում հրապարակված իմ Ցանկությունների ժամանակը, գործելու ժամանակը հարցազրույցին հղումով։ Պարզվեց, որ 1992թ. «Շաղիկի» հրապարակած «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» ժողովածուում, որ ես համառորեն (ինչո՞ւ) ուզում եմ ձեզ, բոլորին-շատերին թերթել-կարդալ տալ, իրար կողքի են «Ցանկությունների ժամանակը, գործելու ժամանակը» և հայալեզու պաշտոնաթերթում՝ «Հայաստանի Հանրապետութիւն»-ում 1992-ի իմ յուրահատուկ հրապարակումը՝ «Մենք հասել ենք այն սահմանին, որ պետք է կանգ առնենք» խորագրով։ «Հայաստանը մեկ տարի անց» վերնագրով շարադրությունը, որ կրթահամալիրի հիմնադիր տնօրենի իմ իրավունքով տրվել է կրթահամալիրի Միջին դպրոցի 8-րդ (Լիլիթ Բլեյանենց) դասարանում, հարցազրույց եմ դարձրել՝ սովորողների տեքստերից իմ ընտրությամբ-ծաղկաքաղով-մեկնաբանություններով։
Մի բան հաստատ է. 1992-ին անկախ, մեկ տարեկան չդարձած, նոր-նոր Միավորված ազգերի կազմակերպության անդամ դարձած մեր երկիրը լավ էլ ժողովրդավար է եղել, Նոր ուղին՝ որպես այլընտրանք հայոց ավանդական հարատև կռվին՝ լսելի, պահանջված, որ ես՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իշխող ՀՀՇ վարչության անդամ, ապրիլի 24-ի նախօրեին պետական պաշտոնաթերթում այսրպպիսի հրապարակումով եմ հանդես եկել… Ու կենդանի եմ՝ քիչ է, կրթահամալիրն էլ՝ իր ծաղկունքում, Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնությունն էլ՝ էլի պահանջված։ Հաստատ է, որ վերջին պատերազմի սկիզբը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ը, իմ գիտակից կյանքի ամենամութ օրն է, ինչպես 1991-ի սեպտեմբերի 21-ը՝ ամենավառ օրը։ Ու ես իմ ծառայության մեջ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, երեքը մեկում՝ ազատարարության-խաղաղարության-ստեղծարարության տարածումով։
Անելանելիությունից, անզորությունից ծնվող անխուսափելի դժգոհություն-անբավարարվածությունը, վատթարացող կյանքը պարարտ հող են կասկածի ու թյուրիմացության, պղտոր մտքի ու թունոտ հոգու համար։ Անգիտակից թշնամությունը սպառնում է մեզ վերջնականապես իրարից ջլատել-անջատել, որպես հակառակորդներ, հանել միմյանց դեմ արցախյան ու անկախության պայքարի զինակիցներին, վտանգվում է հայոց պետականության լինելիությունը:
…. Արցախցին գիտե, չի կարող չգիտենալ, որ պատասխանատու է Հայրենիք-Հայաստանի լինելիության համար: Արցախցին չի կարող չտեսնել-հանդուրժել Հայաստանի արյունաքամ լինելը, չի կարող ներքաշել նրան անմիտ պատերազմի մեջ: Հաղթողին չգիտեմ, մենք այդ պատերազմի պարտվողներն ենք, հաստատ է:
Այս վեճ-առճակատման մեջ հաղթողներ չեն կարող լինել, չպիտի լինեն: Պատկերացնենք մի պահ՝ կողմերից մեկը իրեն պարտված է զգում: Շարունակելու ենք, չէ՞, իրար կողքի ապրել: Պարտվածը թույն է ամբարելու, մի օր խայթելու է, ու մի նոր գզվռտոցի սկիզբ է դրվելու:
Ի՞նչ ենք անում: Տղայական-մաքուր, ոգեւորված ժամանակավոր ու շրջելի ռազմական հաջողություններով, ադրբեջանական մի քանի գյուղ մաքրում-ավիրումով մտնել մեծ քաղաքականության մեջ՝ կառուցելով յոթ ենթադրության վրա հիմնված ազգափրկիչ տեսությո՞ւն: Աշխարհի հզոր պետությունների քաղաքականության վրա խորհրդածող կուլտուրական ժողովրդի դերը ստանձնել, խորհրդածություններ անել, եզրակացություններ անել, քաղաքական «եթե»-ների շղթա հյուսել, սխալներ գործել եւ, թող զարմանալի չթվա, հզորներին նույնիսկ զգուշացնել ու սպառնալիքներ անել, ճիշտ ու ճիշտ Եզոպոսի աստղաբաշխի նման, որ դիտակն աչքերին, աստղերը դիտելով, առանց իր ոտքի տակի ճանապարհը նայելու առաջ է գնում եւ ընկնում ջրհորը:
Ամբողջը՝ «Մենք հասել ենք այն սահմանին, որ պիտի կանգնենք», Հայաստանի Հանրապետութիւն, 1992թ., ապրիլի 22։
Ավելին՝ «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» ժողովածուում, 1992թ., «Շաղիկ»։
Հետգրություն։ Լավ առիթ է բոլոր հարցախույզ սեբաստացիներին գտնելու, Նոր ուղի քաղաքացիական հարթակում՝ առցանց, թե ֆիզիկական միջավայրում, նրանց հետ հանդիպելու։
Կարդացեք նաև Անդրադարձ #1-ը։
#1964