Սեբաստացի շրջանավարտների հետ, Լուսինե Սարգսյանի, Ազնիվ Գալստյանի հոգատար ընկերակցությամբ, ուրբաթ օրվա Աշտարակով քայլքի վերջում, երբ Կարմրավորի դիմաց շոկոլադի ձեռնարկության սեփականատիրոջ, մեր լավ բարեկամի սիրալիրությամբ ծանոթանում էինք բոլոր ներկաներիս նախընտրելի անուշեղենի պատմությանը, պատրաստվում համտեսի, առողջական ինչ-ինչ խնդիրներ ինձ ստիպեցին խախտել իմ օրացույցն ու վերադառնալ կանչով Երևան, օրվա երկրորդ մասն անցկացնել «Նաիրի» բուժկենտրոնում․․․
Այստեղ ոչ միայն չես կորչի, այլև բուժսպասարկման ցանցային կազմակերպումը խնայում է ժամանակը, հեշտացնում անցումները կաբինետից կաբինետ՝ լաբորատոր հետազոտությունների, հատկապես, որ Վահե Հովհաննիսյան ընկեր-փեսայի նման մենթոր-ուղեկից ունես, Կարեն բժշկի նման ընկեր․․․ Ամենը՝ խաղաղ-վստահելի․․․ Ափսոս, կրթահամալիրի օրացույցով քանի՜ կարևոր գործ-հավաք բաց թողեցի․․․ Թևակոխում ենք ճամբարային ուսումնական շրջանի ավագ շաբաթ․․․ ավելի խիտ կաշխատենք, ինչպես երեկ․․․ շաբաթ օրով․․․Չհասցնել չկա։
Շաբաթ առավոտյան ճանապարհեցի Ավագ դպրոցի Ջուլի-Հասմիկ-Նելլի նախագծային խմբին Արատես։ Օրվա վերջում Սոնա Փափազյանի ղեկավարած նախագծային եռյակի՝ արդեն ավանդույթ դարձած ծանուցումն ստացա՝ Արատեսից Արևմտյան դպրոցի ճամբարական-հայրենագիտական խմբի կանոն դարձող փայլուն վերադարձի մասին․․․
Ողջու՜յն սիրելի Տիար ջան, տիկին Սուսան ջան։Արևմտյան դպրոցի հայրենագետ- բնագետների երգեցիկ ճամփորդ խումբը երջանիկ և ուրախ վերադարձել է մեր հեքիաթ Արատեսից։ Հակառակ բոլոր գագիկսուրենյանական կանխատեսումների, բուքի (չնայած այս գիշերն իսկապես ամենացուրտն էր) մեր Արատեսը մեզ արևով ընդունեց և արևով – ձյունառատ ճանապարհեց՝ նորից հանդիպելու համար։ Ունենք հրաշալի վարորդներ։ Նրանց հետ միշտ ապահով է, ունենք լավ ընկեր Տարոն, առանց նրա էլ շատ դժվար կլիներ։
Միշտ շնորհակալ ենք մեզ Արատես նվիրելու համար:
Սոնա, Սեդա, Շուշան և մի խումբ ձնեմարդուկներ…
Պաչիկներ…
Օրը արժեքավոր եղավ Սուսան-Գևորգի հետ անցած ու գալիք շաբաթների արած-չարածի, անելիքների ավանդական քննարկումներով, այլև դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանի ու ընկերների, մարզական աշխատանքների կենտրոնի ղեկավար Միքայել Ղազարյանի ու ընկերների, Արևելյան ու Հյուսիսային դպրոցների ծնողական խմբերի հետ բազմաբնույթ պարապմունքներին իմ ոգևորող մասնակցությամբ․․․ Պարզ է, որ Բլեյան կրթական բաց ցանցի գործունեության ծավալումը, հատկապես Երևանով մեկ նոր նախակրթարանների ստեղծումը, շատ բանով պայմանավորված է գործող սեբաստացի նախակրթարանների դաստիարակների ու ծնողների որոշումներով։ Սեբաստացի բաց համայնքը՝ իր մանկավարժական ու ծնողական ընկերակցություններով, սեբաստացի բարեկամների մասնակցությամբ, ճամբարային հանդիպումների կտրուկ ավելացումով թևակոխում է արդյունավետ գործընկերային շրջան։ Մնում է սեբաստացի փորձառու շրջանավարտները հուշեն մեր բաց համայնքի խելամիտ կազմակերպումը․․․ Ուշացնելը-հապաղելը չի հասկացվի։ Կրթական համայնք՝ հեղինակային մանկավարժությամբ տարիներով ձևավորած, չկա խոչընդոտ իրավակազմակերպման մեր ճանապարհին, որ հաղթահարելի չէ․․․
Սեբաստացիական համերաշխության, գործողությունների փոխհամաձայնության շաբաթվա, շաբաթ օրվա վառ դրսևորում եղավ կրթահամալիրի Մայր դպրոցի ատաղձագործական արհեստանոցում կրթահամալիրի արհեստավոր-բանվորների կամավորական աշխատանքը․․․ Ե՛վ վառելափայտով բարձած բեռնատարը հասավ Արատես, լիուլի ապահովելով տաք վառարաններով ճամբարային-փառատոնային առօրյա փետրվարին, և՛ Վարպետ Պետոյի պայծառ հիշատակի անունով նորացված արհեստանոցի ներկայացումը սեբաստացի համայնքին կկազմի հունվարի 30-ի Դդմագովք-Ղափամայի ծիսական տոնի բովանդակությունը․․․ Պետք էր տեսնել, թե Վարպետ Պետոյի ընկերները ի՜նչ բարեխղճությամբ էին կարգի բերում արհեստանոցը․․․Իսկ Վարպետ Պետոյի անվան մրցանակը մեր կրթահամալիրի ամենամյա մրցանակների շարքում իր տեղն ունի։
Կրթահամալիրի հիմնադիր-մանկավարժական աշխատողների՝ սեբաստացի Պանթեոնում գրանցվելուն արժանի դարձածների հիշատակումով կսկսվի Սուրբ Երրոդություն եկեղեցում Մաեստրո Հարություն Թոփիկյանի սեբաստացի ուսուցչական երգչախմբի ելույթը․․․
Շաբաթվա մեր գործունեության՝ որպես համաձայնությամբ ձեռք բերված արձանագրում եղավ աշակերտակենտրոն-ուսուցչակենտրոն մանկավարժությանը վերածումը համայնքակենտրոնի․․․ 1965-րդ գրի վերնագիրն ինքն իրեն եկավ այստեղից։ Դե, իսկ հեղինակային մանկավարժությունը շարունակում է ստեղծել համայնքը՝ մեր որպես կրթական միջավայր․․․
Աստղիկը գրում էր ինձ հետ զուգահեռ․․․ Իսկ ֆինալում, երբ հնչեց իմ նշանավոր «պըրծ»-ը, Աստղիկը հանկարծ Արմինեի տեսախցիկի մեջ սկսեց կանչել, գրել – շնորհավոր, շնորհավոր․․․ Դժվար չէր գլխի ընկնել, որ հուշում է հայրիկին։ Կիրակին, իհարկե, Սուսան Մարկոսյանինն է։ Այսպիսով՝ բոլորինս․․․
#1965