Չես թաքնվի, ճանաչում են, երեսիդ ասում․․․ Ավելի ու ավելի շատ մարդիկ, բոլ առիթներ, ամենալավ խոսքեր․․․ Երեկ էլ՝ իրիկունով-մթին, ջիջի տաքսու մեջ խնամքով կրած դիմակն ինձ չպաշտպանեց։ Վարորդը սպասեց հարմար պահի, Բլեյանին մենակ բռնեց ու կիրթ-հավաստի ինձ պատմեց ոչ միայն վերջին երեք տարում կատարվածը, այլև 1990-ից սկսած մինչև մեր օրերը՝ անդրադարձներով իմ առնչությանը․․․

Ինձ հաճախ են հարցնում.
– Դժվա՞ր է, թե՞ հեշտ, երբ բոլորը Ձեզ ճանաչում են․․․
– Սովորական,- պատասխանում եմ ամեն անգամ,- իմ կյանքն է վաղուց, չեմ թաքնվել-չեմ թաքնվում, դիմակով-անդիմակ, մութով-լույսով, Երևանում, թե այլուր․․․ մեկ է։ Ոգևորում է այնպիսի մանրուքների նշումը, որոնց մասին ես վաղուց մոռացել եմ, չեմ կարևորում, իսկ, այ, մարդը, ինչպես երեկվա վարորդը, բարձր է գնահատում․․․
Ձուկը որ մոռանա, ջուրը հո չի մոռանա․․․ 

Դավիթ Բլեյանի համար բարձր կարդում եմ, երբ դադարով Նորագավիթում՝ մորաքրոջ Ռուզանի տանը, վերադարձել է Արատեսից․․․ Նախագծի-խմբի ղեկավար մեղվաբույծ Արմինե Գոգինյանի հեռագիրն է․․․ 

Տիար Բլեյան, մենք վերադարձել ենք՝ ձյունաշատ Արատեսը թողնելով Սոնային և իր ճամբարականներին։ Մեզ պարզապես բախտ վիճակվեց վայելելու այս ձմռան ամենաձյունոտ օրերը՝ ամենաշշմելու Արատեսում։ Վերադարձել ենք, բայց ես դեռ մտքով ձյուների մեջ եմ. և դեռ երկար կլինեմ այնտեղ։ Արդեն հաջորդ ճամփորդության մասին եմ մտածում։ Ամեն բան կարգին է, բարեբախտաբար որևէ խնդիր չունեցանք։ Տարոնի և Ռոբերտի շնորհիվ հաղթահարեցինք ցուրտը, վայելեցինք վառարանների տաքը՝ հաճելի, հավես։ Շնորհակալ եմ Ձեզ, որ ունենք Արատես։
Իսկ ստացած տպավորությունները այսօր Դավիթը կթափի՝ տեղատարափ, անվերջանալի։ Դավիթը հրաշալի ճամփորդ է, իրավիճակին հարմարվող, դժվարություն հաղթահարող, հետաքրքիր, լավ ընկեր ու լավ մարդ։ Ես հպարտանում եմ իրենով։
Հարգանքով՝ Արմինե Գոգինյան՝ միշտ Արատեսի սիրահար 

– Դավի՛թ, ունե՞ս ավելացնելու բան․․․
– Ամեն ինչ ասել է ընկեր Արմինեն, ինչո՞ւ է պարտադիր, որ երկար լինի, թող կարճ լինի, իր ասածով․․․ Շատ լավ էր Արատեսում, իմ ընկերների, ուսուցիչների հետ․․․ 

Աստղիկ Բլեյանն ընդունեց ճամփորդական էստաֆետը եղբայր Դավիթից. նրան դիմավորեց մորաքրոջ տանը, բայց, այ, որ եկավ տուն գալու ժամանա՜կը․․․ Աստղիկ, դու Աստղիկ․․․ Մեքենան մայրիկի չի նստում, Դավիթն ասած՝ хоть убей… Մնում է մորաքրոջ տանը․․․ Մայրիկ Արմինեն․․․ շփոթված, վիրավորված, ինադու թողնում է.
– Մնում ես՝ մնա․․․
Աստղիկն էլ՝ կերպարի մեջ. մորաքրոջ ճամբարում հինգ արջեր-մեծահասակներ, ինքը ոնց որ Մաշա՝ իր սիրելի հերոսը հիմա․․․
Դավիթը ծիծաղում է տանը.
– Մա՛մ, քո երեխաները քեզ լքում են․․․ 

Թևակոխում ենք ավագ շաբաթ. օրացույցով կրթահամալիրի տոնն է սեբաստացի համայնքում հունվարի 30-ին՝ Ղափամա 2021-ը․․․ Ես սրան ասում եմ դդմագովք․․․ Սյուզի Մարգարյանը, ոգևորված այսօրվա ուրբաթ-համերգից՝ մարմարյա սրահում ուրախության ճամբարային շաբաթվա ամփոփումից, տեսեք՝ ի՜նչ տոն կկապի կրթական համայնքի գլխին․․․ Որ Ծաղիկի հարսանիքի օրը մոռանան․․․ 

Իսկ կրթական համայնքը մեր իր Տոնին օրացույցով կմոտենա՞ ինքնավարության՝ իրավական ձևի-բովանդակության կազմակերպմանն ընդառաջ գործողություններով․․․ Որ ինձ հարցնես, շաբաթվա կարևոր փոփոխությունը մեր կյանքում Հյուսիս-գեղարվեստի խորհրդանիշ Ատի շան նոր դիրքն է․ գեղարվեստի հենց մուտքին իր նոր բնով, բոլոր կարգի-տարիքի սովորողներին ընդառաջ ողջույնով․․․ Քոլեջի խորհրդանիշ Դանի օրինակով․․․ 

Մենթոր-հիմնադիրների՝ ավանդույթ դարձած երեկվա հավաքից հետո մի խմբով, Նառա Նիկողոսյանի նախաձեռնությամբ, շրջում էինք Արևելյան դպրոցով, քննարկում շենքի-տարածքի՝ ուսուցողական միջավայրի բարելավման 2021-ի գործերը․․․ Նառան, որպես իր առաջարկների հիմնավորում՝ բերում էր մե՛կ Արևմտյան դպրոցի, մե՛կ Հյուսիսի փորձը․․․ Ժպտացի. օրեր առաջ Գոհար Բալջյանին Արևմտյան դպրոց-պարտեզում կառուցվելիք նոր մարզահամալիրի նախագիծը ներկայացնելիս ես հղում էի անում Արևելքի առաջարկին․․․ 

Այսպես, իրար օգնելով, իրարից առնելով-փոխանցելով՝ որպես հեղինակ-գործընկերներ՝ առա՜ջ․․․ 

#1963

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ու երևո՞ւմ է մարդը… Թող առաջ անցնի…

«Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը…» Շարունակությունը ըստ Րաֆֆու հայտնի գրի. ահա հղումը… Իսկ իմ վեպի ուրբաթ օրվա առավոտն այսպիսին էր ահա. երբ ճանապարհեցի Դավթին՝ խրոխտ, լողի պարագաներով լի ուսապարկով իր

Ուսուցման ամառային-բնական ձևերի մասին

Իսկ պատերն ամենուր են, այնպես, այնքան ու իսկական, որ ձգվում են նաև Խանջյան-Հաղթանակի կամրջով Ծովակալ Իսակով-Բաբաջանյան, Րաֆֆի-Սեբաստիա-Իսակով-Հաղթանակի կամրջով Խանջյան ճանապարհների երկարությամբ, աջ թե ձախ… Հատկապես Իսակովի պողոտայի պատերը՝ թե՛ աջից,

Սկսենք մեր գործը առաջ տանելու 30-րդ տարին Բանգլադեշում

Կիրակին Դավիթ Բլեյանն ու մայրիկ Արմինեն վայելում են. միասին դեմ առ դեմ մուշ-մուշ երկար քնած են… մայր ու տղա: Պատկեր է: Ես ունեմ ժամանակ՝ խոստացածս կատարելու. իմ բլոգում «Քսիֆներ կալանատնից.