Համերաշխության, ստեղծումի, նախաձեռնողականության․․․ 

Կիրակի առավոտ, առաջին օրը՝ միաշաբթին նոր շաբաթվա, իմ այֆոնին զանգ եկավ․․․ վարպետ Պետոյի անունից․․․ Վարպետ Պետոյի՝ կրթահամալիրի ատաղձագործ-վարպետի, արհեստանոցի ղեկավարի մահվան լուրն էր փոխանցում եղբորորդին․․․ Աշխատավոր, ամենահաս, անդադրում, արագագործ, մարդասեր, յուրաքանչյուրիս հարազատը-ընկերը դարձած վարպետ Պետոն․․․ Արհեստանոցն իր Մայր դպրոցի հարավային մասնաշենքի առաջին հարկում այս օրերին մաքրվում-վերակազմակերպվում-բարեկարգվում էր․․․ Ինչ անուն էլ որ մտածենք, այն սեբաստացի համայնքում, կկոչվի վարպետ Պետոյի անունով․․․ Այդպես էլ կանենք, mskh օրացույցում բաց չենք թողնի վարպետ Պետոյի՝ սեբաստացի նվիրյալի անունով արհեստանոցի նորամուտ-կրկնամուտը՝ որպես ուսումնաարտադրական, նորացված բովանդակությամբ միջավայրի։
Շնորհակալությամբ միշտ՝ մեր ընկեր վարպետ Պետո․․․ 

Շաբաթ օրվա վերջն էլ՝ երեկվա, հեշտերից չէր․․․ Կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի սիրված դաստիարակ, երեք երեխաների մայր Լիլիթ Հովհաննիսյանի պահեստազորային, պատերազմի մասնակից ամուսինը՝ Արթուր Ղազարյանը, որ 2020-ի հոկտեմբերի 16-ից փնտրվում էր․․․ այսօր Եռաբլուրում կարգով-պատվով հողին կհանձնվի․․․ Երեկ օրվա վերջում սգո սրահում ընտանիքի քավորի հետ զրուցում էինք, երբ արցունքն աչքերին մեզ գտավ Լիլիթի-Արթուրի միջնեկ աղջիկը․․․ Քավորն իր սանիկին այնքան կարևոր-համոզիչ պատգամներ էր փոխանցում, որ ես հա՛մ պապանձվել էի, հա՛մ․․․ լսում էի․․․ Կարևոր է այս դեպքերում ներկա լինել լռությամբ համաձայնությամբ․․․ Տպավորվեց-մնաց Արթուրի քավորի փոխանցածը՝ Արթուրը իր երրորդ զավակին՝ չորս տարեկան դարձող Նորայրին, ունենալիս խոստացել էր, որ չի բացակայելու, միշտ իր տղա ժառանգի կողքին է լինելու։ 

Իսկ շաբաթ օրը առավոտից ես իմ աշխատանքային օրը սկսեցի ավանդույթ դարձած կարգով, Կենտրոնում, կրթահամալիրի Սուսանի-Գևորգի հետ․․․ Մենք բազմազբաղ ետ ենք մնում․․․ նոր տարվա, միջնաժամկետ զարգացման ծրագրերի, ծրագրերի նախագծման-կազմակերպման գործերում․․․ Աշխատանքային խումբը ղեկավարում է Գևորգ Հակոբյան փոխտնօրենը, Սուսանը կրթահամալիրի տնօրենի պարտականությամբ պահանջկոտ կոնկրետ կլինի, որ յուրաքանչյուրս մեր տեղում մասնակից-հեղինակը լինենք, ես․․․ իմ անփոխարինելի մենթորությամբ ավելի ու ավելի հասանելի՝ զարգացման ծրագրերով սկսված նախագծերի, նախաձեռնությունների բոլոր մասնակիցներին՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, կրթահամալիրի բանգլադեշում, Արատեսում, Աշտարակում Ազնիվի-Վիգենի, Մարթա Ասատրյանինը դարձող Աշոցքում, Աշոտ Տիգրանյանի-Վարդան Կարապետյանի, բիձա Եգոր-Գեորգի Բլեյանների ընտանեկան Սյունիքում,  Զանգեզուրում․․․ 

Երեկ առավոտյան օրացույցով որոշված նյութական միջավայրի բարելավման աշխատանքային ցույց էր Գեղարվեստում-Հյուսիսում, Քոլեջում, Արևմտյան դպրոց-պարտեզում․․․ Դավիթ Քոչունցի, Արատես գործուղումից վերադարձած Էրիկ Սարիբեկյանի, Վահրամ Մարտիրոսյանի, Մուշեղ Բարսեղյանի շուրջ, նրանց անմիջական ղեկավարությամբ հունվար-փետրվարին նորամուտի բերվող նախաձեռնություններ են՝ նոր նախակրթարանային խումբ, նոր արվեստանոցներ, նոր արհեստանոցներ նախկին նկուղային տարածքներում․․․ Կրթահամալիրը հետևողական, ծրագրային ընդարձակվում է և՛ նկուղներում, և՛ տանիքներում կրթահամալիրի շենք-շինությունների Բանգլադեշում և փառատոնային Արատեսում․․․ 

Զանգեզուր-Սյունիք իմ ընտանեկան աշխատանքային ամանորյա այցին հետևողը աչքաթող չարեց նախաձեռնություններ, որոնք այս շաբաթ, երեկ՝ շաբաթ օրով ծավալվում էր Աշտարակում․․․ Ես չեմ մոռացել Կոռնիձորի, Տեղի հին գերեզմանոց-տապան-հուշարձանները*՝ իրենց բազում-եզակի արվեստի գործերով․․․ հաճախ անխնամ-բարձիթողի․․․ Հայաստանով մեկ են այս տապանատները*՝ որպես մեր ազնվականության, հնագիտության, ազգագրության մեր ինքնության վկայագրեր. ուսումնասիրելու անսպառ նյութ կա այստեղ, մեր մշտական խնամքի, պահպանության նաև ուսումնական գործ։ 

Չեմ մոռացել նաև նոր՝ ետպատերազմական իրավիճակում, բաց սահմաններով հայ-ադրբեջանական 1000 կիլոմետրանոց շփման եզրով անհատական-համայնքային ստեղծական նախաձեռնությունների ծավալման մասին, որպես ուսումնական նախագծեր․․․ Բայց սրա մասին, որպես Նոր ուղու քաղաքացիական հարթակում ներկայանալի գործեր ինչո՞ւ չպատմեն-չհանրայնացնեն Ազնիվի-Վիգենի կողմից երեկ Աշտարակ հրավիրված սեբաստացիները, Աշտարակի օրվա մեր հերոսները՝ Ազնիվն իր ընտանիքով, Պապյանները, Չալաբյանները, Աշտարակի քաղաքապետը, այլ քաղաքացիներ․․․ Նոր ուղի, նոր նախաձեռնություններ․․․ 

Այստեղից և՝ իմ երեկ օրվա-անցած շաբաթվա գործերի, անցած-չանցածի ամփոփը, որը չի կարող սպառվել որևէ ծավալով․․․ Վերնագիրն էլ՝ համերաշխություն, ստեղծումի, նախաձեռնողականության շաբաթ․․․ Առանձնացնեմ՝ չորեքշաբթին՝ Ատամհատիկը Գևորգ Հակոբյան թոռնիկ-սանիկի,  ուրբաթ օրվա պարատունը․․․ Եվ, իհարկե, արատեսյան ճամբարային-փառատոնային՝ Մուշեղի, Քնարիկի սկսած և էստաֆետով փոխանցվող ընթացքը, թափ հավաքող ու հավես արտադրող ձմեռային մեր ուսումնական ճամբարները՝ առանց բացառության։ 

* Տապան – 1. Արկղաձև մեծ կամ փոքր շինվածք՝ կառույց: 2. Ննջեցյալին թաղելու արկղ, դագաղ: 3. Գերեզման, շիրիմ: 4. Տապանաքար, շիրմաքար: 5. Այն նավը, որով ըստ Աստվածաշնչի, Նոյը իր ընտանիքով և բոլոր տեսակի կենդանիներով փրկվեց
աշխարհակործան ջրհեղեղից:
Հոմանիշներ՝  1. Դամբան, դամբարան, գերեզման, շիրիմ; 2. Դագաղ, աճյունատուփ: 3. Գերեզմանատուն: 

Տապանատուն – 1. Գերեզմանատուն, գերեզմանոց: 2. Գերեզմանատանը մի տոհմի՝ գերդաստանի՝ ընտանիքի անդամներին թաղելու տեղ, տոհմական գերեզմանոց: 

#1958

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկրի տերը՝ երկիրը գործող, երկրագործ…

Դավիթը որոշել է՝ ինձ նման անցկացնի-ապրի գիշերը, քնի-արթնանա, գրի-կարդա… — Ինչո՞ւ պիտի հայրիկը չքնի, ես քնեմ… Առաջին անգամ չէ, որ ասում է, բայց այս անգամ մեկ էլ գիշերը՝ մեկին մոտ,

Ուր մեզ սպասում են, դեռ չեն մոռացել․․․

Ուրբաթն այդպիսին՝ հագեցած, լեցուն է լինում, ինչպես երեկվանը՝ իր օրացույցով որոշված Քոլեջի տոնախմբությամբ-համերգով Մարմարյա սրահում, իր նիստով կրթահամալիրի խորհրդի, որ այդքա՜ն երկար պատրաստվում էր, իր ներխուժումով․․․ Միլենայի մոնոներկայացմամբ, Գեղարվեստի տանիքում․․․

Իմ գիրը՝ որպես ուղիղ եթեր…

Եզակի է մեկ տարի, ութ ամիս տևող իմ կենսապատումում 582-րդ անընդհատ գիրը. այն ես պատմում եմ Մեդիակենտրոնի իմ անկյունում…. Հանրային 1-ին հեռուստատեսության լրագրող Մարիաննային երեկ կրթահամալիրում իրականացվող նկարահանումների ժամանակ ասացի՝