Վռազ իմ օրվա գրով օգնեմ քաղաքացուն՝ արդեն իր շենքի դիմաց հանդիպած բռնությանը։ Ոչնչից մի՛ վախեցեք. վախեցեք մի բանից՝ վախից… Ու հաղթեք վախին՝ ամեն կոնկրետ դեպքում՝ կոնկրետ մարդու, վայրում և պահի… Ոստիկանները տանում են շենքի բնակիչների՞ն… Նրանք ուժեղ են, պիտի տանեն․ նրանք ավելի ուժեղանում են, երբ դու ֆիզիկապես դիմադրում ես… Դիմադրես, հայհոյես, քաշես, խփես… ինչո՞ւ։ Տանում են. ընդունիր որպես քո որոշում, քո համաձայնություն։ Իսկ կինդ թող օրհնի քո որոշումը, եղբայրդ՝ քո ետևից եկող լինի։ Գնա՛։ Պիտի նստվի, լսո՞ւմ ես, քո հերթն է… նստի՛ր՝ մեկ օր, երկու, չե՛ս մեռնի… այդքան հեշտ չէ մեռնելը… Նստեցի՞ր, այնքա՜ն կարևոր բան է այդ մեկ-երկու օրը, շաբաթը, ամիսը քո կյանքում, քեզ համար։ Պիտի նստվի։ Սա քո քաղաքացի դառնալու ճանապարհին հակաբռնության պարտադիր գործողություն է, հարգելի հայաստանցի. եթե ուզում եք բռնությունը հաղթահարել, պիտի նստվի։ Սրանով կհաղթեք մի խմբի ահաբեկչությանը․ մի այլ խմբի զինված մահապարտությունը կկանխեք… Ինչո՞ւ հարձակվել, ո՞ւմ վրա, կրակել՝ ո՞ւմ, պաշտպանվել ումի՞ց, ինչո՞վ. սրանք բոլորը բռնությունը սնող քայլեր են։ Սրա այլընտրանքը կա՝ խաղաղ, կամովին նստելը․․․ Նստեցիք, դուրս եկաք՝ ամեն մեկը, ում հետ պատահի, ա՜յ, սկսեք խոսել-գործել… Ապրե՛ք։ Ապրելով պիտի փոխես, ոչ թե դրվագներով-ինքնազոհությամբ-ֆոկուսով, այո՛, հայացք, հարթակ պիտի փոխվի․․․ որ Թումանյանի ասած՝ արևի նման նայեք մեր աշխարհին…
Պատերը քանդվում են, լանջեր են բացվում. արված-արվող-արվելիք աշխատանքներ կրթահամալիրի Բանգլադեշում:
1999-ի մայիսին, երբ մի խումբ սևազգեստներ Մայր դպրոցի հրապարակում ինձ ուղեկցեցին մթնեցրած ապակիներով մեքենա, ես հայտնվեցի նույն Խորենացու վրա գտնվող ժամանակավոր պահման վայրում։ Ես ուզում էի պայթեցնել-վերացնել բոլորին՝ շենքը, ոստիկաններին, նրանց ծառայության պետին, որ մեր կուրսի Մարատ Սարիբեկյանը դուրս եկավ… «Սպասե՛ք, դատարանում կտեսնե՜ք․․․»,- մանկան պես ահաբեկում էի միշտ գործիք իրավապահ համակարգին։ Հետո ինձ ճաղապատ մեքենա խցկելով՝ տարան Նուբարաշենի քննչական մեկուսարան, հետո՝ կարցեր՝ այդպես էլ շրջանցելով դատարանը։ Պատմել եմ իմ օրագրում, «Նամակներ կալանատնից» գրքույկում, կարդացե՛ք, ի՞նչ ասեմ․․․
Ու կարցերում ես ինքս ինձ դիմեցի՝ հլը քեզ հավաքի, Բլեյան Աշոտ, թող լաչառությունը, կույս չես, ում բռնաբարում են, գործիչ ես, ճանապարհ ունես անցնելու. խաղաղվի՛ր, որ այս ճանապարհն անցնես օգուտով՝ քեզ համար, հասարակության համար։ Մի՞թե քեզ հետաքրքիր չէ ինքնաճանաչումի՝ հակաբռնության այս ուղին… «Պիտի նստվի»,- ասացի ես… ու նստեցի. փառահեղ ու երկար, որքան պետք եղավ իմ դեմ գործադրված բռնությունը հաղթահարելու համար։
Ճամբարականների միասնական պարապմունք Սեբաստացի մոլում:
Ես 1999-2001-ին դատարանում, նամակներով, իմ լրագրող կնոջ, փաստաբանի միջոցով իմ դրսի ընկերներին, ինձ պաշտպանելու ելած- չելած, սրտով ինձ հետ, կարեկցողներին, որ հարցնում էին՝ ինչպե՞ս, ինչո՞վ օգնենք, ամեն անգամ ասում էի՝ պիտի նստվի։ Նստե՛ք, որովհետև երբ բերդի, գաղութի պետը-տեղակալը հենց մեկուսարանում, խցում, բռնություն է գործադրում, ի՞նչ պիտի անես… շարունակես նստելը։ Չե՛ս մեռնի. տեսա՞ք՝ չմեռա։ Ամենադժվար-կարևոր-արժեքավորը քո երկրում, քո ծննդավայրում ապրելն է՝ խաղաղ, ստեղծումի վայելքով, հակաբռնությամբ, հարթակ փոխելով, հայացքը միշտ դեպի Արարատ, դեպի Զանգվի կիրճը, լիճը Երևանյան… դեպի քո գործը, դեպի մարդը, ում համար այդպես, պարզվում է, նաև ուղի ես բացում…
Ինձ չես շեղի։ Իսկ առավոտյան 8-ին ես իմ հեծանվով Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում էի։ Նայեցի հրապարակի ժամացույցին. 15 րոպե հետո արդեն Երևանյան լճի տարածքում էի, մեր Արմինե Թոփչյանի հետ, Սեյրան Ավագյանի բարձունքում, նրա հուշաղբյուրի մոտ՝ ինձ ու ձեզ Սեյրան Ավագյանի ծննդյան օրվա ավետիսն ասելու։ Է՜հ… Մնացածը գիտեք։ Հետևեք ինձ, իմ ընկերներին, իմ օրագրին, mskh.am-ին…
[youtube https://www.youtube.com/watch?v=6tHzhQFfh9U]
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան:
#743