Միաշաբթի-երկուշաբթիի մութուլույսն իմ սկսվեց Սեդա Թևանյանի Սասնա օրորով՝ սեբաստացի Հակաբացիլ նանիկների ձայնասկավառակից․․․ Սեդան օրոր է երգում աշխարհին մայրենի լեզվի օրով, ես լսում-վերծանում-կարդում եմ նույն օրորը մայրենի լեզվով քանի՜ անգամ․․․ Նառա Նիկողոսյանը այդ օրորով հայտնում է մեզ Սիրանույշ մայրիկի մոմի պես հանգչելը, փոխանցում մեզ մայր իմ անուշ ու անգինի խոսքը հրաժեշտի, այս օրորի ներքո Շուշան Բլեյանը մտնում է մայրաքաղաք, մայրական տուն․․․ Ես աչքի եմ անցկացնում իմ խիտ օրացույցը․․․ Ամեն ինչ, եթե լավ էլ չէր, այս օրորով-պատգամով Սիրանույշ մայրիկի, լավ է արդեն, լավ կլինի․․․ 

Դավիթ Բլեյանը մարտական է տրամադրված՝ Շուշան քրոջ բոլոր գրաֆիկները խառնելու, նորը կազմելու վճռականությամբ․․․ Հա՜, շատ հարազատներ ունի, ընկերներ, քույրեր, գործեր-ժամադրություններ, պայմանավորվածություններ, բայց Շուշանը մի եղբայր ունի, հարազատ եղբայր․․․
– Շուշանը դա գիտի, Դավի՛թ,- ես առաջինը հենց այդ հիշեցումն եմ արել Երևան իջնելիս։
Դավիթը, որ արդեն չորրորդ-հինգերորդ գիրքն է կարդում, Արմինեի սրտով, հսկայական-գեղարվեստական-թղթե, երեկ ավարտեց Լևոն Նեսի «Բալզակ․ մի շան պատմություն» գրքի ընթերցումը․․․ Անծանոթ գիրքն այս, որ Դավթին գիրք նվիրելու թումանյանական օրով նվիրել է Աննա Թադևոսյանը՝ պարտեզից անբաժան-գեղեցկուհի-ուսումնատենչ-սիրելին, ցավոք, էլի մեզ ոչինչ չի ասի․․․ Դավիթը մեզ կարդացածի մասին չի պատմում․․․ Գուցե պատմի Աստղիկ քրո՞ջը, ընկերների՞ն, ուսուցիչների՞ն, քույրիկ Շուշանի՞ն՝ չգիտեմ, բայց մեզ կարդացածի մասին՝ ոչինչ․․․
– Լավը չլիներ, չէի կարդա,- ասում-կտրում է։

Աստղիկը կիրակի իրիկունով, քնելուց առաջ, եղբորը մի բո՜լ տանջելուց, մոր ծիծիկները քրքրելուց հետո, իմ ձեռից բռնեց-տարավ.
– Արի գնանք՝ լուսինը գտնենք։
Մենք տան պատուհաններով արևելք-հարավ-արևմուտք անցանք․ չգտանք․․․
– Աշտարակը վառվռուն՝ կա, գմբեթը եկեղեցու՝ կա, փողոցը, տես, կա․․․ պապայի՛կ,- շարունակում է թվել Աստղիկը՝ ինչ տեսնում է․․․
– Ձյունը էլ չի պատել քաղաքը, ձյունը ո՞ւր է, չկա․․․ քաշվել է՞, հա՞, պապայի՛կ․․․
Աստղի՞կն է առաջինը նկատել օրվա մեր կորուստը. մենք տանը փակված՝ ձյունը հալվել-գնացել է, էլ չի պատում քաղաքը․․․ Ի՜նչ ձնհալ բաց թողեցինք, Ա՛ստղ, ինձ ներելու բան չէ։ 

Այս շաբաթից շատ բան էս ձյան պես քաշվեց, կքաշվի-կգնա, հետքերը կմնան, մենք ո՞նց կիմանանք՝ ինչը ինչ դառավ, ինչին միացավ։ Բայց իմ մեջ, տեսեք, ուժեղ է սեբաստացի կրթական համայնքով հերթական՝ Արևմուտքի դպրոց-պարտեզի վերնատանը ուրբաթ օրվա հանդիպման ազդեցությունը․․․ Գոհար Բալջյանն ու Սոնա Փափազյա՞նն էին խնամքով պատրաստվել, Բալջյանների գաթայի հա՞մն էր անանց. Արևմուտքի ծնողական համայնքի ներկայացուցիչների խո՞սքն էր՝ որպես գնահատական, անկեղծ-ազդեցիկ ձևակերպված․․․ Բայց մեր իրար փոխանցածը, վստահ եմ, տեղ հասավ. ու հիմա մտնում ենք իրավական աշխատանքի շրջան, փետրվարի ներկայացուցչական խմբերով սկսում ենք յուրացնել հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի դրույթները, ինչպես ես, կիրակիի մի կարևոր աշխատանք որպես․․․  ՀՀ քաղաքացիների հասարակական կազմակերպությունը, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ, ինքնուրույն է որոշում, այս օրենքով, իր կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները, ձևերը․․․ Խառը ժամանակներ են, ֆեյքը-ֆեյքի հետևից բռնում ու բաց են թողնում․․․ Իմ խոսքը սեբաստացի կրթական համայնքին իրավակազմակերպական կառուցվածք տալու մասին է, որոշում, որի առաջարկը հավանության արժանացավ մեր ծնողական խմբերի հետ իմ փետրվարյան հանդիպումներում։ Էս ձյունը հալվեց-ջուր դարձավ, գնաց հողի տակ, ծաղիկների արմատներին հասավ․․․
 

#1993

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հա, ես Զանգու աշխարհի Կոլումբոսն եմ․․․

Չափահաս մարդը՝ երևանցի ուսուցիչը, կանգնած Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկին, չգիտի, քայլելով  մինչև մեքենաների ճանապարհով կիրճի աջ շրջադարձը, չի տեսնում՝ ո՛ր կողմում է Զանգուն։ Կիրճը-գետը ծածկել են մի տեսակ հետևողական քաղաքաշինությամբ՝ Պռոշյանով մինչև

Ջրի վրա պառկել էի ինձ համար, ոնց որ իմ անկողինը լիներ…

Կրթահամալիրը մեծ ավազան է, և նրա ամեն մի գետ իր ակունքն ու հունն ունի. որտեղի՞ց, ե՞րբ սկիզբ առավ այս կամ այն նախաձեռնությունը կրթական, հետո ի՞նչ եղավ, ի՞նչ դարձավ, ո՞ւր հասավ… Ավազանը

Շարունակենք կյանքի կոչել թե կյանք դարձնել գաղափարները…

Դավիթ Բլեյանն առավոտյան իր հայրիկապահանջով արթնանում-անկողնուց իջնում է իմ գրկում միայն. — Գնա՛, չեմ ուզում,- ասում է մայրիկ Արմինեին,- թող հայրիկը գա։ Ի՜նչ գերազանցություն է փոխանցվում տղամարդուն՝ առավոտ լույսի ճոճանակ-լոգանք-ցնցուղով-շոկոլադով