Հիմա ես գիտեմ, թե ինչպես է աշխատում mskhfilms-ի ստեղծագործական խումբը. Արե՛գ, Շուշա՛ն, Լևո՛ն, Աշո՛տ,  առօրյա աշխատանքային եք դարձրել Միջին դպրոցը։ Սա է աշխատանքի դպրոցը, որտեղ գլխավորը մտավոր կրթությունն է, դրան ուղղված ստեղծագործական նախագծային ուսուցումը…

«Ու երբ չգիտես՝ ում հետ կիսել մտքերդ, մտքերն են սկսում կիսել քեզ: Բանն այն է, որ մեզ ավելի շատ տխրեցնում են ոչ թե այդ մտքերը, այլ այն մարդկանց արհամարհական պահվածքը, ումից օգնություն էինք ակնկալում: Բայց արժե՞ արդյոք տխրել դրա համար: Երբ սկսում ես գրել կամ նկարել դրանց մասին, ավելի շատ ես թեթևանում, քան մարդկանց հետ խոսելուց»,- գրում է Միջին դպրոցի Մարգարիտ Մանվելյանն իր բլոգում, որի նկարը շատ եմ հավանում… իր չափ: Գրելը, նկարելը… նաև նվագելը, Մարգարիտ, ֆոտոօբյեկտիվով «շրխկացնել»-ը, այնպես, ինչպես աշխատում են (խոսում են) Տիգրանն Իսկանդարյան, Վահե Այվազյանը, Մարինե Մկրտչյանը… քայլելը, երևի ինքդ քեզ հետ խոսելու ձևեր են… Այդպես հեծանիվ քշելն է հիմա ինձ համար… ու դրանով է վտանգավոր. քշում եմ ինձ համար, փախչում, թե ընդառաջ գալիս, մնում ինքս ինձ հետ այդ արանքում… անջատվում…

 5 տարեկան Եվայի նոր կացարան-ճոճքը:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Ես, գիտեք, տեսարանների մարդ եմ. ինձ թողնես, իմ աշխատանքում կլինի դա իմ միակ գործիքը.. Իսկ խո՜սքը, ես… կլռեմ… Կլսեմ, կգտնեմ հետաքրքիր խոսողին ու կլսեմ, կլսեմ՝ նվագողին ինքն իր համար, ինչպես Լիլիթ Առաքելյանին, ինքն իր համար երգողին՝ մեր ուսուցիչներին «Սեբաստացիներ» երգչախմբից… աչքերով կշրխկացնեմ տեսարաններ, ականջներով կգրեմ զի՜լ ձայներ… Սողոմոնին ծափահարող Ավագ դպրոց-վարժարան… շփոթված, փաստի առաջ կանգնած գեղարվեստցիներ, կնկարեմ երկար, ինչպես գետը ձգվող նկարչական թուղթը, որի շուրջ մեծով-պստիկով սեբաստացիներ հավաքվեն, հասունացող-սեբաստացի դարձող Արհեստագործական ավագի շրջանավարտների շուրջպարը կդիտեմ… Ինձ որ մնա… Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բեմից չեմ իջնի. ես սիրում եմ, երբ հանդիսատեսը ոգեշնչված է ու արձագանքում է բեմում, դահլիճում կատարվածին, ինչպես ինքն իր հետ մնացած՝ անկեղծ-անհոգնել…

Համերգը պիտի ավարտվեր ու ավարտվեց, իսկ ես առավոտյան աստիճաններով միասին իջնելիս Դավիթ Բլեյանին խոստացել էի օրվա վերջում, երբ ինքը պարտեզից կգա ու ես «գործից» (ինչպես ինքն է ընդգծված ասում), միասին քայլենք…
— Թող ոչ ոք չլինի, ես ուզում եմ մենք մենակով քայլենք:
Ես գրանցել եմ Դավթի խնդրանքը: Խոստումները պիտի կատարել. ամենամեծ փոփոխությունը, որ կատարվել է ինձանում՝ չկա մեծ ու փոքր խոստում, տվել ես, տեր կանգնիր, չափ, կշիռ, հաշիվ հաղորդիր սրանով քո խոսքին, խոսքիդ արժեքն իմացիր, որ դիմացինները՝ բոլոր տարիքի սեբաստացիները, քեզ լսեն…

12-րդ դասարանցիների վերջին դասը կրտսեր ընկերների հետ:
Լուսանկարները՝ Սաթեն Օրդյանի:

Հիմա իմ մտքերը, իմ հոգսերը կրթական շրջանն ավարտողների՝ 12-րդցիների հետ չեն. «Ցտեսություն» ծեսով ասվել-լսվել է, ինչ որ չի ասվել, ով չի ասել, ինչպես Հայկ Գրիգորյանը, կասի՝ «հրեն, ողջ հունիսը առաջներս»… Այսօր «Ցնծություն»-ը Մարմարյա սրահում, միասին ուրախանալու, միմյանցով հիանալու, միասին երգելու-պարելու սեբաստացիական ծես է՝ կենտրոնում 12-րդցիներն են, բոլորը՝ բոլորը հավասար, ինչպես մի համույթ… ծնողները, ուսուցիչները. բաց է մեր ցնծությունը՝ ամենքինն է։ Յուրաքանչյուրը Մարմարյա սրահում ողջ աշխարհի կենտրոնը բռնածներով մի կուշտ սքանչանալու հնարավորությունից կօգտվի ազատորեն… Ցտեսություն, ասել է թե մինչ նոր հանդիպում, մինչ վաղը, մյուս օրը, մինչ ամեն օր. ասել եմ՝ գնալ չկա, սա քո դպրոցն է, և ինչքան կասես՝ իմն է, այնքան քո երեխաների դպրոցն է, եթե սա քո աշխատատեղն է հնարավոր, քո գործընկերը՝ միշտ, քո ուսուցիչը, քո կարոտը։ Քոնն է ու վերջ: Միշտ բաց, միշտ խնդուն, միշտ գործընկերային, միշտ սովորելու-սովորեցնելու, իրար օգնելու ռեժիմում…

Լուսանկարներում  Դպրոց-պարտեզի ճամփորդներն են:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:

Մայիսի 25-ին բնականոն ուսումնական պարապմունքներ են մեր բոլոր նախակրթարաններում, 1-8-րդ, 10-11-րդ դասարաններում. ավելին, դիմացներս «Բարձունքի հաղթահարում» նախագիծն է՝ իր բազում հոգսերով… Իսկ հունիսի 1-ին «Նոր ուսումնական ամառ» նախագծի մեկնարկն է՝ իր հունիսմեկյան միասնական տողանով, «Անտիվիրուս Կոմիտաս» հերթական՝ թվով հինգերորդ երգի տոնով, ամառային դպրոցներով, լողափերով բանգլադեշյան, բանգլադեշյան (պլեների) ստուգատես-փառատոներով… Նոր եկող, նոր ընդունվող սեբաստացիների տարատարիք այս հոգսերի մեջ կկորչեք դուք… Դուք վերջինը չեք, հասկացե՛ք ինձ…

Օրվա լողորդ երրորդ դասարանցիները:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:

Դավիթ Բլեյանի հետ իմ քայլքը, ինչպես համերգը՝ դրանից առաջ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում… Ինքս ինձ հետ… Դավիթը բոլորին բարևում է, բոլորին փարվում, խոսեցնում… Կոշիկը թրջում է… չի սիրում… Նվվում է…
— Դե, ես ի՞նչ անեմ, գուլպան որն է, ինչի՞ ես հագել, հանի պրծի…,- փորձում եմ նվվոցի ձայնը կտրել։
— Քո ուժն էլ իմ վրա է պատում,- պայթում է անակնկալ,- մայրիկի՛ն ասա, լսո՞ւմ ես, մայրիկին ասա՝ թող չհագցնի, քեզնից էլ պրծնեմ, գուլպաներից էլ…
Ա՜յ քեզ խոսք, միտք… Լեզու սովորում են ծնողին պատճենելով. սրան, այս 3,5 տարեկանին համապատասխան պիտի չլինի՞ կրթական ծրագիրը… Ասում եմ, ու բոլոր կանանց՝ օր առաջ ազատե՛ք երեխաներին գուլպաներից, ինչպես դուք եք անում… Կատարե՛ք, խնդրում եմ…
Իսկ բոլոր մեքենաների խցանումներից Դավիթը սարքեց մեքենաների… գերեզմանոց:
— Չեմ ուզում՝ գերեզմանոց լինի, ուզում եմ՝ խցանում լինի… արի, բա՛ց…
— Չեմ կարող: Խցանումը կարող էր բացվել. մեկը՝ առաջ, մյուսը՝ հետ, կողք-վերև-ներքև, ու կբացվեր… գերեզմանոցն ի՞նչ անել, չգիտեմ: Հյուրասենյակի ուղիղ մեջտեղում:
— Դե, թող մնա, որ չես բացում,- ու գնում է իր գործին։
Նազենի կրտսեր Հովհաննիսյան, ո՞ւր ես, օգնիր։

Դավթապատում:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Չթողնեմ՝ անտարբեր մնաք

13․01․019թ․ աղբյուրը՝ ֆեյսբուք

Ծննդյան գործերի կիրակի

Ամենաբյուջետային եվրոպական հանգստավայրերը ընտանեկան հանգստի համար: Արձակում-ճամփորդության օգոստոսի կիրակին սկսում եմ 2016թ-ի թոփ 10 ամենաէժան ուղղությունների վարկանիշով․ համեցե՛ք: Նունե Մովսիսյանը, Լուսինե Բուշը լավ օրինակ ցույց տվեցին ճամփորդության հանրայնացման՝ դրանից mskh-ի համար

Աստծո՞ւն, թե՞ երևանցիներիս ուղղված հայացքով

Այս օրերին ինձ բռնեցի նրանում, որ մտքով շարունակ Հայաստանի Տավուշի մարզում եմ՝ հայացքս պարբերաբար երկնքին, արկերի ձայն եմ լսում, բայց ես Երևանում եմ։ Իսկ Տավուշում՝ Նոյեմբերյանում, Պառավաքարում, Դովեղում, Բերդավանում… մարդու