Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան: 

Մարտի այս օրերը՝ փնջով-շաբաթով, Անառակ որդու կիրակիով, անգամ անձեռնմխելի թվացող  մարտի 8-ով, տոնական եղան ինձ համար, նոր-հին նախագծերի, գործերի խաչման, մենթորական աշխատանքի ընդարձակման, «Գագարին» պրոյեկտին իմ մասնակցության ձևի որոշակիացման շրջան։ 

Հրազդան-Սևան միջհամայնքային ճանապարհով, Հրազդան գետի ընդարձակ հովտով վեր ու վար արեցինք երեկ նախագծային խմբով. այցը Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովասար գյուղեր, երբ մեկը ավարտվում է, մյուսը՝ սկսում, աշխատանքային-ճանաչողական է։ Վստահ եմ, որ սեբաստացի տասնյակ ու տասնյակ մանկավարժական աշխատողների համար մանկավարժության նորարարության, հեղինակային փորձի փոխանցման հայրենագիտական գոտի կազմող գյուղերն այս՝ իրենց մարդկանցով-դպրոցներով-պարտեզներով, ոգևորումի շատ պահեր, ինքնարտահայտման, հայրենիի համար դժվար, մեր անձի համար շփոթի շրջանը հաղթահարելու հնարավորություն կդառնան։ Օգտվեք լիուլի, սեբաստացինե՛ր բոլոր կարգի, սեբաստացի կրթական համայնք, հատկապես, որ Սևան քաղաքը, այդպես է ստացվում, դառնում է Բլեյան բաց ցանցով կրթահամալիրի Բանգլադեշից դուրս առաջին հանգույցը որպես հեղինակային-հանրային դպրոց-պարտեզ։ Ճանաչեք այս ճանապարհը Զանգու գետի հովիտով, Սևան քաղաքից ցանցային աշխատանքային գործուղում գնալիս կամ վերադառնալիս․․․ 

Մենք՝ ընտանիքով, Շուշան Բլեյանն էլ մեզ հետ, իհարկե, այսօր շարունակում ենք Սևանով մեր ճանապարհը դեպի Արտանիշ, «Դար» հիմնադրամի, Գագարին պրոյեկտի հիմնադիր-ղեկավար Արսեն Աղաջանյանի հավաքին մասնակցելու․․․ Հրազդան գետի մի տուտից մի տուտ՝ Սևան ակունքից Արաքս գետաբերան 141 կմ ճանապարհը Զանգու-Հրազդանի հունով քայլքով անցնելու, ձեզ փոխանցելու իմ ուխտը այնքա՜ն տեսանելի-մոտ թվաց Զովաբեր գյուղի Հրազդան գետի կամրջից․․․ Զովաբերը՝ իր լանջապատ անասֆալտ շրջակա միջավայրով, տպավորիչ ծառաշարքերով բարձր, դպրոցի հարևանությամբ գտնվող-կանչող կացարանով նախշազարդ, Դդմաշենը՝ իր յոթերորդ դարի եկեղեցով, ձգող հուշարձան-գերեզմանոց բլուրով, հինգ աղջկա հարևան գյուղեր հարս ճամփած մեր նոր ընկեր սևանցի Արմենի հորաքրոջ բաց դռներով, հարազատ Ծաղկունքը՝ իր նոր մուտքով, Գեղամավանը՝ իր յոթնապատիկ խոցված եկեղեցով, Վարսերը՝ իր խնամված-ուրախ-լուսավոր Էրիկենց տնով, Սևանի թերակղզին՝ իր Հակոբի մոտի համով սեղանով, մեզ գործընկեր դարձած Արա Երվանդյանը՝ իր հոգատարությամբ, մարդիկ ու էլի մարդիկ, ծանոթ-անծանոթ, այս աշխատանքային այցով յուրային դարձած, բոլոր գյուղերն իրենց տիպային նորոգ դպրոցներով-մանկապարտեզներով, բազում խնդիրներով․․․ մերը դարձած․․․ 

Կհանդիպենք անշուշտ, էլի ու էլի․․․ Եվ կարևորը՝ Արսեն Աղաջանյանը նաև հավատավոր բնապահպան է։ Հայաստանի համար շրջադարձային այս փուլում բնապահպանությունը, ինչպես խաղաղարարությունը-ազատարարությունն ու ստեղծականությունը, մեր գոյի-ինքնության-լինելիության նոր ճանապարհի կողմնացույց-ուղեցույց է, վահան որպես․․․ Հրազդանով Ամուլսար-Սևան մոտենալու համար, Գագարին պրոյեկտով, թե Բլեյան ցանցով։ 

Ճամփորդություններն այսպիսի՝ մեր երեկվա Հրազդան-Սևան միջհամայնքային-աշխատանքային, թե երեկ չէ առաջին օրվա Գառնի-Հավուց թառով, իրար հետ լինելու, օրը նվեր դարձնելու անփոխարինելի միջոց են։ 

Մի՛ երկմտեք՝ քայլեք հայրենիով․․․
Արմինե Թոփչյանն ու Դավիթ Քոչունցը լիուլի կլրացնեն իմ պատումն իրենց լուսանկարներով… 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմաստը մենք ենք տալիս՝ ապրելով, բացահայտելով…

Չէի մտածել, պարզվում է, որ. Կյանքը չունի ոչ մի այլ իմաստ, բացի նրանից, ինչ մարդը տալիս է դրան՝ իր ուժերը բացահայտելով, արդյունավետ ապրելով… Ֆրոմ Էրիխ, հարազատ մարդ, մնում է համաձայնության

Ինձ նստել չի կարելի, այոˊ, բայց ինձ գործից շեղել էլ չի լինի

Գործն էլ մեզ միավորող, Աստծու ճարտարապետությամբ շինարարական է. մենք Բանգլադեշի մեր աշխարհով, բնակելի մի թաղամասում ստեղծում ենք կրթական պարտեզ, մերը, որպես օրինակ,  պիլոտ, որ, խնդրեմ, դառնա ձերը, որ գործը շարունակվի… նստել

Երկիր ցպահանջ

Կանաչ—կարմիր—կապույտ աշխարհում մեր, բաց—կրկնկակոխ պատուհանից 304-րդ պալատի (այս զովաբեր Բանգլադեշում Գագարին պրոյեկտի Զովաբեր անունով գյուղը չեմ մոռանում) երկրի օրն է, որ «Տիար&Գևորգ քոմփնի»-ի ուղիղ եթերում ներկայանում է որպես սեբաստացի կինո։