Ճիշտ է, վիճակը լավ չէ, սակայն հնարավոր է շտկել։ 

Այս ուսումնական տարում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ունի միայն 1 ուսանող, բուհերում 14.000 տեղ թափուր է մնացել։ Հաշվի առնելով դիմորդների թիվը՝ թափուր տեղերը չեն կարող լրացվել։ Բուհերում ուսանողների սակավություն է նկատվում, կան մասնագիտություններ, որոնք կարևոր են մեր երկրի համար մի քանի ասպեկտներից, սակայն այդ մասնագիտություններով ուսանողներ կա՛մ չկան, կա՛մ քիչ են։ Դա ապագայում հանգեցնելու է որակյալ մասնագետների խիստ պակասի։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը նշում է, որ վիճակը վատ է եղել նաև նախորդ տարիներին. զարմանալի ոչինչ չկա։ Հարց է առաջանում՝ ընդունելության տեղերի հստակ թվաքանակը ինչի՞ հիման վրա է կազմվել. հաշվե՞լ են, թե մեր երկրին քանի ֆիզիկոս, մաթեմատիկոս, ինժեներ է պետք։ Պարզ է, որ բուհերից եկած հայտերի հիման վրա են կատարել հատկացում ու հայտարարություն տվել։ Այնինչ պետք էր հաշվի առնել շրջանավարտների քանակը, նրանցից միջին մասնագիտական կրթական հաստատություն դիմողների քանակը, արտերկրի բուհեր դիմողների քանակը. վերջինների թիվը, ի դեպ, գնալով մեծանում է, ու դա այդքան էլ վատ չէ։ Մեր երկրում շատ բուհեր կան, որոնք գրեթե ուսանող չունեն, փակվելու եզրին են, սակայն, չգիտես ինչու, չեն փակվում։

Բլեյանի խոսքով՝ ցավալի է, որ և՛ միջին մասնագիտականում, և բարձրագույնում ֆիզիկայով, քիմիայով, առհասարակ բնագիտական մասնագիտություններով հետաքրքրվողների խիստ պակաս կա։ Այնպես չէ, որ խնդիրը աշխատատեղերի պակասն է, կամ պահանջվող հմտություններն են պատճառը։ Կան աշխատատեղեր, որոնց համար բարձրագույն կրթություն ունենալ չի պահանջվում, սակայն անգամ դրանք են թափուր մնում։ Գործատուների մեծ մասը որակյալ աշխատողների պակաս ունի։ Գյուղակադեմիայում խաղողագործության բաժնում ևս տեղերը թափուր են մնացել. ցավալի է, որ այլևս չեն ձգտում գյուղատնտեսական ոլորտներում մասնագիտանալուն։ Կարծես թե, փակուղու առաջ ենք։

Մեծ խնդիր ունենք նաև ընդունելության քննությունների հարցում։ Ինչո՞ւ դրանով չեն զբաղվում բուհերի ռեկտորները, ի՞նչ է նրանք արդար քննություն իրականցնող չեն, իսկ ներկայիս պատասխանատուները արդա՞ր են։ Բուհի ռեկտորը, ի վերջո, պատասխանատու է իր կազմակերպության որպիսության համար, ու նա պետք է հնարավորություն ունենա հավաքագրելու, կապի մեջ լինի հանրակրթական դպրոցների և դրանց շրջանավարտների հետ, իրականացնի մի շարք ծրագրեր, ծանոթ լինի խնդիրներին ու խոչընդոտներին, որից հետո էլ նրանից պետք է գան համապատասխան առաջարկներ։ Դա կբերեր պատասխանատվություն կրելուն, ուսանողների թվի աճին, կրթության որակի բարձրացմանը։ Իսկ չկա ուսանող՝ չկա ուսուցում. սա պարզ շղթա է, որի առաջ հիմա կանգնած ենք։ Ցավալի է, որ այլևս մրցակություն չկա։ Ապագայում, այո՛, ունենալու ենք մասնագետների պակաս․ սա շատ լուրջ ու խորը թեմա է, որը կարիք ունի հստակ վերլուծության։ Մի քանի սովորական քայլով հնարավոր չէ լուծել մեր առջև ծառացած կրթական խնդիրները, դրանք երկարաժամկետ լուծման կարիք ունեն։

Բլեյանի դիտարկմամբ՝ պետք է ուշադրություն դարձնել նաև ներկայիս մասնագետներին, որոնք դասավանդում են հանրակրթական դպրոցներում։

Այդ մասնագետներին ո՞վ է աշխատանքի վերցնում, իհարկե, դպրոցի տնօրենը։ Ինչո՞ւ պիտի դպրոցի տնօրենը պատշաճ ուշադրություն չդարձներ, որ որակյալ մասնագետի աշխատանքի ընդուներ։ Այսօր մի ուսուցիչը հաճախ ստիպված է լինում դասավանդել տարածքում գտնվող ևս մի քանի դպրոցներում, որովհետև կա պահանջարկ, սակայն չկան համապատասխան թվով մասնագետներ։ Փաստ է, որ բնագիտական առարկաների դասավանդման համար համապատասխան պայմաններ էլ չկան դպրոցներում, քչերն են ապահովված դրանցով։

«Եկեք չզարմանանք ու աղմուկ չբարձրացնենք, քանի որ դրանք չեն նպաստում խնդրի լուծմանը, պետք է գործել, իսկ լուծումներ, վստահաբար, կան։ Հրաշքներ չեն լինում․․․»։

Լրագրող՝ Նատալի Մկրտչյան

Աղբյուրը՝ 1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կենտրոնանանք գաղափարների վրա…

Որևէ նպատակ չի արդարացնում միջոցները։ Միջոցը մաքուր իրավական պիտի լինի։ Մեր իրավական համակարգը պիտի ցույց տա իր կենսունակությունը։ Բուն հրապարակը հնարավորություն է տալիս իրար ճանաչելու, կապը գտնելու, իրարից չվախենալզու, իրար

Փոփոխություններ դպրոցական համակարգում

Օպտիմալացում. կրթության որակի բարելավում

Սեպտեմբերի 3-ը համարենք տանուլ տված անկախությունը վերականգնելու նոր մեկնարկ

— Պարոն Բլեյան, որքանո՞վ եք հավանական համարում, որ Զորի Բալայանի նամակը Պուտինին իր կողմից գրված անկեղծ պոռթկում էր: Ակնհայտ է, որ նա շատ մոտ է Ղարաբաղի ու Հայաստանի իշխանության առաջին