«Հայկական ժամանակ» 10.10.2006թ.

 «Ավա՜ղ, մենք «պարզունակ» ժողովուրդ ենք»,- մահից առաջ պոկվել է Ստեփան Զորյանի սրտից:

Զորյանը, թվում է, լավ էր ուսումնասիրել իր պատմվածքների հերոսին՝ մեր խալխին: Քաղաքական մի՞տք, քաղաքական մտածողությո՞ւն էս ուղն ու ծուծը կենցաղային հայ մարդկանց մեջ, ում գրագետը իր ունեցած-չունեցած տաղանդը սեփական անձից ու ընտանիքիցն էն կողմ ծախսողը չի: Բայց գրելս գալիս էր. վերջին շրջանում մեր ինքնասիրությունը շոյած ֆրանսիական շանսոնյեն ինձ հանգիստ չի տալիս: Կամեցա մի պարզ հայացք նետել քաղաքական անցուդարձին: Ու մեկ էլ, որտեղից որտեղ, ականջումս մնացած Վարուժանի տողը զիլ ձայնեց. «Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա…»:

աղմո՜ւկ, աղմո՜ւկ, աղմո՜ւկ

«Եվրոպան թո՞ւյլ է տալիս, որ Ֆրանսիան իր ընդունած «հայանպաստ» օրինագծով հատի Ռուբիկոնը: Ինչո՞ւ: Երբ այն հայերին ու թուրքերին խաղաղության (հաշտության) գործից կտրող ու ամեն թուրքի մեջ ամեն հայի դեմ թշնամություն նորոգող, անցյալում ողբերգականորեն կրկնված միջոց է: Ա՜խ, այդ Եվրոպան»… Սա մեր պատմիչ Լեոն է հառաչում՝ 1914-1922թթ. մեր պատմության ողբերգական անցքերի վավերագիրը, և լսեք՝ ինչե՜ր է վկայում նաև «ծվծվան ֆրանսիացիների» մասին. «Տպագրական մեքենան արտագրում էր մի ամբողջ գրականություն, տեղի էին ունենում մեծ ցույցեր՝ ի պատիվ նահատակ Հայաստանի՝ «մեր փոքրիկ դաշնակցի»»… Իսկ մի քանի տարի հետո աշխարհով մեկ ցիրուցան և տկլոր կլալահառաչենք. «Մեզի ըսողներ եղան, որ ժողովուրդը կարևոր չէ, այլ թերիթորին է կարևոր: Մեզի ուրիշ բաներ ալ ըսին»: «Օ՜, Ֆրանսիա, Մեծ Ֆրանսիա, ազատության, եղբայրության ու հավասարության անունով ճակատող ասպետական Ֆրանսիա»: Ինչի՞ն եկավ հանգեց այս «բնազանցական ֆրազապաշտությունը». պարզվում է՝ այսքան կորստից հետո էլ չգիտե՞նք: Հարցնում եմ:

Ֆրանսիացի ծերակուտական Լուի Մարտենը 1915թ. նամակով դիմում է վարչապետ Բրիանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով թուրքահայերի տանջանքների վրա: Եվ Բրիանը պատասխանում է նրան. «Երբ կհնչե պատժի ժամը, Ֆրանսիան չի մոռանա հայ ազգի թշվառություններն ու ցավերը և իր դաշնակիցների համաձայնությամբ հստակ միջոցներ ձեռք կառնե՝ նրան երաշխավորելու համար խաղաղության և առաջադիմության մի գոյություն»: Սա այն Բրիանն էր, որ մի քանի տարի անց, երբ արդեն, թվում է, հնչած էր «պատժի ժամը», Կիլիկիայի Հայաստանը ոտով-գլխով առանց հայերի տալիս էր թուրքերին: Եթե մի բան Թուրքիան լավ սովորել է Եվրոպայից, դա հենց դիվանագիտական ճարպկությունն է և մասնավորապես՝ ստախոսությունը: Ինչո՞ւ է հիմա Ֆրանսիան հնչեցնում հերթական «պատժի մահը»:

նայեք աշխարհի ֆիզիկական քարտեզին

Սուլթանական Թուրքիան վերջնականապես կործանվում է. տեղից ելնողը մահախոսում էր՝ թուրքը պիտի վերանա աշխարհիս երեսից՝ որպես հատուցում «այստեղով անցել է թուրքը»: Թուրքիան ոչ միայն չվերացավ, այլև հառնեց որպես Փյունիկ՝ իրական ու արդի: Նայեք քարտեզին. կա Թուրքիայի Հանրապետությունը՝ իր ճարտարապետ Աթաթուրքի կամքի, թուրք ժողովրդի կենսասիրության առհավատչյան՝ որպես Բարձր Դուռ՝ Եվրոպայի և Միջին ու Կենտրոնական Ասիայի միջև, որ այդպես էլ փակ է մնում մեզ համար՝ ստեղծման շրջանից… Բախո՞ւմ ենք, չե՞ն բացում անիծվածները. ինչո՞ւ: Չե՞նք բախում՝ անիծում ենք մեզ. ինչո՞ւ: Դեպի Եվրոպա ճամփան չե՞նք անցնելու, չե՞նք ուզում ճանապարհ դառնալ, հաղորդակցություն հաստատել մեր միջով՝ սպառման շուկա Եվրոպայի և արդյունաբերական էներգետիկ հումքի պաշար Կասպից ծովի ավազանի երկրների միջև:

— թուրքը՝ դեմոկրա՞տ,- բացականչում ու չէր հավատում Վահան Թոթովենցը…

Այո´, սիրելի´ Վահան, թուրքը ոչ միայն կա, քաղաքակրթվում և եվրոպական կանոններով հարաբերվում է աշխարհի հետ, այլև, տեսեք, համառորեն բախում է Եվրոպական Միության դռները, որոշել է՝ պիտի այդ ընտանիքի լիարժեք անդամ դառնա: Ա՜խ, այս անիծված, չվերացող, քաղաքակրթվող, բարգավաճող թուրքը, ու նրա ստեղծած, աչքներիս առաջ ծառացած հզոր Թուրքիան: Ի՞նչ անենք: «Սեփական ողբերգությունն ուրիշի կողմից ճանաչման ուղղությամբ ծախսող ազգային ռեսուրսի և էներգիայի քանակը հոգեբանորեն բավականին խոցելի և անինքնավստահ տիպի մասին է խոսում»,- ի՜նչ ճշգրիտ դիտարկում է անում Հրանտ Տեր-Աբրահամյանը: Շարունակե՞նք մեզ ազգովի իշխան Համլետի դերում կարծել՝ «Օ՜հ, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցա, որ հենց ես ուղղեմ»… Իսկ ապրել պետք է: Ոչ թուրքից վրեժխնդիր լինելու համար: Պարզապես: Մարդ ենք, չէ՞, ու մարդկային կյանք է, հարկ է, որ մարդավարի ապրենք: Ես ասելիք ունեմ իմ հարևան ու ժամանակակից թուրքին, բայց ուզում եմ ուղղակի իրեն ասել ու լսել նրա պատասխանը. սա իրար հետ հաշտ ապրող ժողովուրդների ու լիարժեք համագործակցող պետությունների ներկայացուցիչների խոսակցություն պիտի լինի, որը պիտի երաշխավորի, որ իմ ու նրա զավակները խուսափեն նմանատիպ որևէ ողբերգությունից: Թուրքին անիծել ու թուրքից վախենալ (նույն զգացումն է, նույն հետևանքը) պետք չէ, թուրքի հետ ապրել է պետք: Եվ փառք Աստծո, որ քաղաքակրթվում է թուրքը, որ Եվրոպա է ձգտում…

Թուրքիան և Եվրոպան՝ դեմ հանդիմա՞ն 

Ես սարսափով եմ հետևում այս առճակատմանը. մեր անսակարկելի ողբերգության համար Թուրքիային ուզում ենք պատժել նորից «քաղաքակիրթ» Եվրոպայի (ինչպես ժամանակին «ազատարար» Ռուսիայի) միջոցով՝ նորից վտանգելով-վնասելով այսօր ապրող մեր սերնդի՝ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը: Ինչո՞ւ: Իմ նախապապերը նույնպես տաճկահայ են, պատմական Բայազետից, և «կորսված հայրենիքի ցավը», ինչպես Չարենցը կասեր, որպես կատու, միշտ մոռացել է մեր տանը՝ Երևանում, որտեղ ծնվել ու մեծացել եմ: Ես ուզում եմ շարունակել ցեղասպանությունից մազապուրծ եղած կարինցի նախապապի ու կարսեցի նախատատի թոռան՝ «Հայկական ժամանակի» հարգելի հոդվածագիր Հրանտ Տեր-Արահամյանի դիտարկումը, ցեղասպանության խնդիրը «վերացականաքաղաքական հարթությունից իջեցնել՝ անհատականացնել, մարդկայնացնել»: Մեր պատմիչ Լեոն 1935թ. հրապարակած «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» աշխատությամբ կարող է զայրացնել «կատարյալ անմեղներիս». «Եթե Թուրքիան իր պատմության ընթացքում հանդիսացել է առանձին եռանդով կոտորող, հայերն էլ այդպիսի եռանդ ցույց են տվել կոտորվելու մեջ: Հուսանք, որ 1915թ., իբրև մարդկային կոտորածների մի ահռելի տարի, վերջինը կլինի պատմության մեջ՝ ի պատիվ մարդկության: Կոտորողներին և նրանց գործերը թողնենք մի կողմ՝ իբրև առանձին մի նյութ, որն ինքն իրան կցուցադրե ինչպես հարկն է: Դիմենք կոտորվողներին: Չպետք է ստվերի մեջ թողել կոտորվողների պատասխանատվությունը»: Այն, ինչ եղել է, հենց միայն այն պատճառով, որ եղել է, կարող է էլի տեղի ունենալ: Նախ և առաջ պետք է, որ մենք՝ ապրողներս, բացառենք դրա կրկնությունը: Անկախ նրանց, թե ինչ ենք զգում մենք ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման ամեն մի փաստից, մեր և այլոց պատմությունը վկա, մեր աչքի առաջ կատարվածը (ռուսների գործածը Չեչնիայում, ամերիկացիները՝ Իրաքում, հրեաներինը՝ Բեյրութում) վկա, ճանաչումը կրկնությունը բացառող երաշխիք չէ: Եվ ահա, այս հայացքով պիտի նայենք Եվրոպա-Թուրքիա առճակտմանը, մասնավորապես՝ Ֆրանսիա-Թուրքիա:

հիմարությունը ամենամեծ մեղքն է

Թուրքիայի Հանրապետությունը վերստեղծվել է ու կա, հեռանկար ունի՝ որպես Արևմուտքի բաղկացուցիչ: Մահմեդական խոշոր երկիր Թուրքիայի տնտեսության արդիականացումը, աշխարհիկ ու բաց՝ քաղաքացիական հասարակության հաստատումը ոչ միայն որպես մոդել կծառայեն իսլամական մյուս երկրների բարեփոխումների համար, այլև, նախ և առաջ, վճռորոշ ներդրում կլինեն Եվրոպայի, դրանով իսկ՝ Հայաստանի անվտանգության գործում: Եվ սա հիմա, երբ Եվրոպան մոլորվել է տարածաշրջանային մարտահրավերների հորձանուտում (Սիրիա, մերձավորարևելյան հակամարտություն, Իրան, Իրաք, Միջին Ասիա և Հարավային Կովկաս, ներգաղթ և դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարմանն ուղղված սպառնալիքներ, մահմեդական ահաբեկչություն): Տեսեք, թե ինչ եռանդ ու հետևողականություն է ցուցաբերում Աթաթուրքի Թուրքիան վերջին 40 և ավելի տարիներին դեպի Արևմուտք ճանապարհին՝ Եվրոպայի խորհրդի անդամ, ՆԱՏՕ-ի անդամ, Եվրոպայի Միության անդամության թեկնածու… Եվ տեսեք, թե որքան անլուրջ է իրեն պահում այս բախտորոշ փուլում «ծերուկ» Եվրոպան… Իսկ ի՞նչ հեռանկարներ ունի Թուրքիան ԵՄ-ի սահմաններից դուրս: Ավելի պարզ, քան Գերմանիայի Դաշնության նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերը, դժվար է դա ձևակերպել. «Պանթուրքիստական պատրանքնե՞ր: Վերադարձ դեպի Արևելք և Իսլա՞մ: Դրանցից և ոչ մեկը գործոն չէ: Սակայն Թուրքիան պարապ չի նստի Եվրոպայի շեմին: Եվրոպայի վերաբերմունքը Թուրքիային մղում է դաշինք կնքելու տարածաշրջանային իր ավանդական հակառակորդների՝ Ռուսաստանի և Իրանի հետ: Այս երեք տերությունները, որոնցից յուրաքանչյուրը Եվրոպայի համար շատ կարևոր դեր ունի, հարյուրամյակների ընթացքում հակառակորդներ են եղել: Այսպիսով, չնայած նրանց միջև դաշինքը թվում է համարյա անհնար, այդուհանդերձ, Եվրոպան կարծես թե ձգտում է հասնել անհնարինին՝ ի վնաս իրեն: (…) Իհարկե, Թուրքիայի՝ ԵՄ մտնելու հանդեպ գոյություն ունի ներքին մեծ դիմադրություն: Այդ իսկ պատճառով անդամակցելու գործընթացի եզրափակիչ արդյունքի հարցը երկու կողմերի համար էլ մնում է բաց: Բոլորին էլ պարզ է, որ Թուրքիային դեռ երկար ճանապարհ է հարկավոր անցնել: Սակայն վտանգի ենթարկել այդ գործընթացը այստեղ և այժմ՝ խորապես գիտակցելով դրա գինը, խիստ թանկ արժեցող հիմարություն կլինի եվրոպացիների կողմից, իսկ հիմարությունը, ինչպես հայտնի է, ամենամեծ մեղքն է քաղաքականության մեջ»: Ինչպիսի՜ լայն, սթափ, հեռահար հայացք: Հայ քաղաքական պետական միտքը պիտի հասու լինի այս հայացքին… Մենք մեր համեստ ուժերով ոչ միայն պիտի աջակցենք բացահայտ, որ Եվրոպան ծերունական մարազմի գիրկը չընկնի վերջնականապես, որ Թուրքիան դե ֆակտո և դե յուրե կազմի Եվրոպայի բաղկացուցիչը: Ի՞նչ եք ուզում, որ նորից խառնվի Արևելքը, ու երեք սերունդ քնած վայրենի՞ն գլուխ բարձրացնի թուրքի ներսը: Որ ի՞նչ լինի, որ ի՞նչ անենք 80 միլիոն յաթաղանի հետ: Յաթաղանի տրվել չեմ ուզում, Վարուժանի խոշտանգման չսպիացող վերքի մորմոքումը հերիք է: Թուրքից չեմ վախենում, ու վախից չէ, որ չեմ հայհոյում, պարզապես թուրքի հետ որպես դրկից այսօր ապրել եմ ուզում: Չի՞ կարելի:

ի՞նչը կարող է միավորել մեզ

Խաղաղության ու Ազատության մանիֆեստը, այնպիսի մանիֆեստ, որ կարողանա և´ միավորել մեզ, և´ ընդունելի լինի այսօր մեր հարևան թուրքին, ադրբեջանցուն, վրացուն, արցախցուն, ջավախահային: Ես խոսում եմ այսօրվա իրողություններում հնարավորի մասին: Ես խոսում եմ անհատական ազատության (անհատի բնական իրավունքների) և ժողովրդի խաղաղ կյանքի մասին, որոնք, ժամանակը ցույց տվեց, անօտարելի են ու անբաժան: Ժողովուրդներին հասկանալի, պարզ ու հայ մարդու սրտի հետ ուղիղ խոսող, մեզ ստեղծական գործով միավորող, խաղաղության և անհատի ազատության մանիֆեստը, եթե միավորի մեզ… Հայաստանիս շահերի պաշտպանությունը ներկայումս նշանակում է ամուր, իսկապես անխախտ կապերի հաստատում Թուրքիայի հետ՝ որպես տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ, որպես խաղաղության ու ազատության մանիֆեստի իրագործման անհրաժեշտ պայման:

Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կա՞ ամբողջական ներառականությանը այլընտրանք…

Օրագրի քաղաքական պատումը։ Սկիզբը՝ Ուզում եք, կարող եք սա անվանել հասարակության ֆորմատ… Տեսեք նաև քաղաքական թեմաներով զրույցները ԶԼՄ-ներում Ուշ էր. պետք էր աչքի անցկացնել օրվա էլեկտրոնային փոստը, հագեցած հայաստանյան օրվա մեդիա արձագանքը…

Դպրոցը պիտի վերածվի դպրանոցի

Հրապարակված է  1989թ. ապրիլի 14-ի  «Գրական թերթում»։ Սրտիս հոժարությամբ կըսիմ, քանզի այդպես համոզված եմ ես, որ մեր ազգին համար այսօր և ամեն ժամանակ առաջին գործը դպրոց պետք է ունենալ, դպրոցները արդյունավորել գիտենալ: Այսավուր մանուկք վաղվան

Վերադարձած աշուն

Ցուրտ է, աշունը շրշում է, — ցուրտ է և սի՜րտըս՝ մըրսում է. — Սիրտ իմ, հիշո՞ւմ ես — աշուն էր, ուշ մի աշուն էր Կարսում, — Ճի՜շտ այսպիսի մի աշուն էր, ցո՜ւրտ՝ խշխշում էր աշունը, — Թաց՝ սրթսրթում էր աշունը, ինչպես