Բուհական կրթությունը չի հետաքրքրում երիտասարդներին
Օրերս հրապարակվեց բուհերի ընդունելության արդյունքները: Ըստ մասնագետների՝ արդյունքները գոհացուցիչ չեն՝ թե՛ ստացած միավորների մասով, թե՛ դիմորդների քանակի: Բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է ԿԳՄՍ նախկին նախարար Աշոտ Բլեյանի և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:
Բլեյանի նշմամբ՝ ընդունելության քննությունները ճիշտ որոշում չեն, դրանք զրկում են բուհերին ինքնուրույնությունից, չեն թողնում, որպեսզի նրանք գտնեն համապատասխան ուսանողների: Շատ կարևոր է դպրոցի տված գիտելիքների որակը, որը պետք է օգնի ու նպաստի դիմորդների շարժին: Պետք է հետևողական լինել դպրոցական կրթությանն ու դրա համակարգմանը: Ուսուցիչների ատեստավորման թեստերն էլ նման են ընդունելության քննությունների թեստերին, որոնք դիմողները ստիպված են լինում անգիր անել, ով լավ անգիր կանի՝ կստանա, ով ոչ՝ ոչ, այդպես ոչ մեկի գիտելիքը հնարավոր չէ ստուգել: Թե՛ ատեստավորման, թե՛ ընդունելության քննությունների թեստերը պետք է վերանայել, դրանք այն չեն, ինչ պետք է լինեն: Ասում է՝ մենք առաջինը պետք է խոսենք ուսումը գրավիչ դարձնելու մասին, ոչ թե քննական թեստերի կազման: Պետք է նաև միջին մասնագիտական կրթությանն ուշադրություն դարձնել, որպեսզի ուսանողը կայուն գիտելիքներով հեռանա ուսումնական հաստատությունից ու կարողանա ստացածով աշխատանք գտնել:
«Ժամանակ կգա, երբ բուհերը ստիպված կլինեն լծվել իրենց խնդիրների լուծմանը, այդպես, ճիշտ է, ոչ բոլոր խնդիրները կլուծվեն, սակայն որոշների լուծման արդյունքում վերոհիշյալ բուհերը համեմատած կառաջադիմեն, որոնց էլ կվստահի հասարակությունը, քանի որ նրանք պատասխանատու են հենց հասարակ ժողովրդի առաջ: Պետք է վերացնել կեղծիքը. դա հանրային պահանջարկ չունի»,- ընդգծում է Աշոտ Բլեյանը:
Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ դիմորդների թվի նվազումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնցից մեկն այն է, որ դպրոցական կրթական մակարդակը անկում է ապրել ու շատ երեխաներ կա՛մ չեն դիմում բուհ, կա՛մ դիմում են ու կտրվում քննություններից: Ընդհանուր առմամբ, բուհերի հանդեպ հետաքրքրությունը նվազել է, կրթությունը՝ արժեզրկվել: Դրանից զատ, կան աշխատատեղեր, որոնք կարևորություն չեն տալիս բարձրագույն կրթությանը ու դա էլ իր հերթին տանում է նրան, որ բուհական կրթությունը մղվում է հետին պլան:
Վարձավճարները բարձրացել են, ուսանողների մի մասը դժվարությամբ է դա մուծում, նրանք խնդիր ունեն նաև Երևան տեղափոխվելու, ապրելու: Բյուջեի չֆինանսավորման արդյունքում, ինչպես տեսնում ենք, վարձավճարները բարձրանում են, որն էլ տանում է դիմորդների թվի նվազմանը:
Ըստ փորձագետի՝ ապագայում ունենալու ենք որակյալ մասնագետների պակաս, որն իսկական աղետ կարող է դառնալ պետության ապագայի համար: Շատերն այլևս ցանկություն չունեն բուհ դիմելու, կան մասնագիտություններ, որոնք բացարձակ դիմորդներ չունեն կամ դրանց թիվը չի գերազանցում 5-10-ը ու այն էլ այնպիսի մասնագիտություններում, որոնք խիստ կարևոր են պետության ու դրա տնտեսության զարգացման համար:
Կրթության փորձագետը կարծում է, որ սրա լուծումը չի կարող միանգամից լինել, սակայն քայլառքայլ կարելի է հասնել որոշակի արդյունքների: Պետք է ուժեղացնել պետական աջակցությունը, հատկապես այն երեխաների համար, որոնք հնարավորություն չունեն այդքան թանկ վարձավճարներ վճարելու: Խիստ անհրաժեշտ է բարձրացնել կրթության որակը, բուհական մոտեցումը, մասնագետների որակը, բուհական պահանջները, պետք է այնպես անել, որ այն մարդիկ, որոնք ավարտել են բուհը՝ հնարավորություն ունենան աշխատելու, ոչ թե դառնան գործազուրկ:
Նատալի Մկրտչյան
Աղբյուրը՝ 1in.am