«Ավանգարդ», 1989թ. հուլիսի 9-ը

ՈՒՆԵՆԱՆՔ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 Ժողովրդական կրթության տարողունակ հասկացությունը ես կշրջանակեմ դպրոցական կրթության խնդրով: Իմ ասելիքը նաև նախադպրոցական կրթությանն է վերաբերվում, մասամբ՝ մանկավարժական մասնագիտական կրթությանը:

Դպրոցական կրթության ակնհայտ ճգնաժամ է հանրապետությունում: Այնքան ակնառու է այս բնագավառում մեր ձախողումը, որ թվում է՝ գիտական ապացուցման կարիք չի էլ զգացվում: Անկեղծ լինենք՝ նույն հաջողությամբ կարելի է պնդել նաև, որ դպրոցական կրթությունն այսօր իր վերելքի մեջ է, որ տարեցտարի մեր երեխաները դառնում են ավելի կիրթ, ավելի գրագետ, ավելի գիտասեր, ավելի…

Առ այսօր Բարձրյալի՝ բարձրաստիճան օրգանի և նրա Առաջին դեմքի տրամադրությամբ և պարտադրված դիրքորոշումով է պայմանավորված մեր երեխաների կրթության ներկայիս գնահատականը: Նման հետազոտություններ չեն անցկացվել կամ, որ կասկածում եմ, անցկացվել են լայն հասարակությունից թաքուն: Փաստ է, որ ժողկրթության համակարգն իր փակվածությամբ այսօր անգամ շատ նման է ներքին գործոց նախարարությանը կամ պետանվտանգության կոմիտեին: Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի Գերագույն խորհրդի համապատասխան մշտական հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կամ պարբերաբար անցկացվող գիտական ուսումնասիրությունների փաթեթի միջոցով գրանցի դպրոցական կրթության ամբողջական ու իրական վիճակը: Լայն հասարակությունը շահագրգիռ է ու պարտավոր է լավատեղյակ լինել, թե ինչպիսին է գործերի իրական վիճակը դպրոցում ու մանկապարտեզում:

Կարծում եմ, անհրաժեշտ է, որ իմանանք, թե մեր երեխաների քանի՞ տոկոսն է չուզենալով դպրոց գնում կամ ինչո՞ւ է դպրոց գնում, ի՞նչ են մտածում ուսուցիչները հասարակության մեջ իրենց վիճակի ու աշխատանքի մասին, ի՞նչ չափով են ծնողները վստահում դպրոցին ու ուսուցչին և այլն, և այլն. էլ չեմ ասում՝ շատ բան կտային մեզ այս կարգի ուսումնասիրություններն ըստ առանձին շրջանների, դպրոցների ու տարիքային խմբերի: Ցավոք, մենք այսպիսի թվեր չունենք մեր ձեռքի տակ, ուստի ստիպված եմ, ձեր թույլտվությամբ, որպես փաստ արձանագրել բոլորիս համար ակնհայտը. հանրապետության դպրոցական կրթության համակարգում վիճակը խիստ անհանգստացնող է: Ավելի շոշափելի ու տեսանելի թե կուզեք՝ կարդացեք:

ա) Մենք այսօր չունենք հայոց դպրոց ու մանկապարտեզ, կրթական գործի ազգային դրվածք, քանզի մեր այսօրվա ունեցած դաստիարակության և ուսուցման ծրագրերը, դասագրքերը, մեթոդական ձեռնարկներն ու կրթական հաստատությունների կառուցվածքները, միով բանիվ, կրթական հայեցակետերը, մոսկովյանի վատ թարգմանված կամ պատճենված տարբերակներն են: Ասել է թե, ոչ ժողովրդական դպրոցներում  և մանկապարտեզներում  տասնամյակներ շարունակ ժողովրդից ու հողից խորթանում են սերունդներ: Մեր երեխաների կրթության ձևն ու բովանդակությունը չի պայմանավորվում, չի թելադրվում երեխայի իրական կյանքով ու ազգային ավանդներով, այդ տասնամյակներ շարունակ տրվում է «ի վերուստ»:

բ) Դառը ճշմարտություն է՝ ես (մե՞նք) շատ ավելի լավ գիտեմ անգլիական ու վրացական, ամերիկյան ու լիտվական երեկվա ու այսօրվա դպրոցը, քան հայոց սփյուռքի դպրոցը: Ուղիղ հարցնեմ՝ ի՞նչ գիտեմ ես սփյուռքի իմ գործընկերների մասին, ինչպե՞ս եմ ես օգտագործում խորհրդային դպրոցի տարիքն ունեցող սփյուռքի դպրոցի փորձը, դասագրքերն ու ծրագրերը: Վերջերս հիացմունքով ու … ամոթով հանդիպեցի Լիբանանի թեմի ուսումնական խորհրդի հրատարակած Մուշեղ Իշխանի «Արդի հայ գրականություն» եռմաս ձեռնարկին: Բարձրարժեք այս ձեռնարկի հետ հանդիպման համար ինչո՞ւ ես պարտական լինեմ պատահականությանը, դիպվածին: Ինչո՞ւ մեր բարձր դասարանցիները չպիտի օգտվեին համաշխարհային մանկավարժության ամենաբարձր պահանջներին բավարարող գրականության այս դասագրքերից: Առանց այն էլ տասնամյակներ շարունակ հայ խորհրդային մանկավարժներս դավաճանեցինք մեր կրթական ավանդներին, սնվեցինք կասկածելի ու օտար-խորթ աղբյուրներից՝ մի կողմ թողնելով մեր դպրության զուլալ աղբյուրներն ու ակունքները: Չէ՞ որ սփյուռքի վաղ շրջանում ստեղծված դպրոցներն արևմտահայ դպրոցի շարունակությունն էին ու վերածնունդը, չէ՞ որ տասնամյակների ընթացքում սփյուռքի դպրոցում չէին կարող չստեղծվել (և կան) մայրենի լեզվի ու հայ ժողովրդի պատմության, հայրենագիտության ու մշակույթի արժեքավոր ձեռնարկներ:

գ) Անհավատալի է, բայց առ այսօր մայրաքաղաք Երևանի երկուսուկես հազար աշակերտ ունեցող դպրոցը, և լեռնային գյուղի երկու-երեք տասնյակ աշակերտով դպրոցները, եթե տարբերվում են իրարից, ապա միայն շենքով՝ նույնն են ծրագրերը, կրթական հեռակա ու մոտակա, մեծ ու փոքր խնդիրները, դասագրքերն ու դասացուցակները, նույնն են ուսուցիչները: Մենք ավերում ենք գյուղական դպրոցը, այլանդակում գյուղական իրականության մեջ մեծացող երեխային՝ նրան մեծացնելով կրթական նույն միջավայրում, ինչ քաղաքի երեխային:

դ) Մենք օտարացրել ենք ուսուցչին մանկավարժական գիտությունից՝ անջրպետի մի կողմում թողնելով ուսուցչին, մյուս կողմում՝ մանկավարժ գիտնականին: Մի կողմից՝ մանկավարժներին ստեղծագործական որոնումների կանչող սրտխառնոց առաջացնող կոչեր, մյուս կողմից՝ հրահանգի ու պարտադրանքի վարժեցված մանկավարժների բազմահազարոնց բանակ, մի այլ կողմից՝ գիտահետազոտական ինստիտուտի չորս պատի մեջ անպտուղ ու վնասակար գործունեությամբ կլանված «մանկավարժ-գիտնականն» ու մեթոդիստը:

ե) Տասնամյակներ շարունակ մենք ոգևորվեցինք «ազգին դաստիարակության կաղապարներ» պատրաստող մանկավարժական բուհերի և ուսումնարանների անընդհատ ավելացմամբ ու մեծացմամբ, ստեղծեցինք մանկավարժի արտադրման մեծ ու անորակ ինդուստրիա, «եկամտաբեր գործունեությամբ» վերջնականապես զգացինք մանկավարժի վարկն ու հարգանքը: Եվ այսօր մանկավարժմասնագետների գործող մեծ միջակությունը հասարակության զարգացմանը անվրեպ խփող բումերանգ է:

զ) Դպրոցն ամբողջությամբ հանձնելով շրջկոմի պրոպագանդայի բաժնին ու մինիստրությունից, շրջկոմից արտաքսված կամ դպրոցից օտարված չինովնիկին, մենք դաժան սխալներով լեցուն յոթ տասնամյակի ընթացքում խոցելի ու անպաշտպան թողեցինք դպրոցը. դպրոցը կուտակեց, դպրոցը մի քանի սերնդի ներարկեց այն թույնն ու կեղտը, որից հասարկությունը հիմա այսպես փութաջան ուզում է մաքրվել:

է) Վարակված լինելով մեծապետական ծրագրերով՝ մենք չամաչեցինք զրկել մեր երեխաներին ամենատարրական կենսական միջոցներից՝ լավ կրթության համար անհրաժեշտ նյութական միջոցները փոխարինելով կարգախոսներով ու որոշումներով:

ը) Մի երկարատև շրջան մենք մեր դժբախտությունները, կիսատ-պռատություններն ու անհաջողությունները բացատրեցինք ռուսաց լեզվի անբավարար իմացությամբ: Բութ համառությամբ մենք օրինականացրինք ու դպրոցին պարտադրեցինք անբարոյական ու ահեթեթ նպատակ-պնդում՝ ռուսաց լեզուն մեր երկրորդ մայրենի լեզուն է, և մենք պետք է սովորենք այն հայերենին հավասար: Եվ սա արձանագրեցինք, որպես իսկական հայրենասիրություն: Իրապես մարդու շնորհք ունենայինք, լրջորեն կուսումնասիրեինք քաղաքակիրթ ժողովուրդների հարուստ ու ամբողջական փորձը՝ երեխային օտար (ոչ մայրենի) լեզու կսովորեցնեինք, չխեղդելով ու մանկուրտ չդարձնելով ամբողջ սերնդի: Բայց կարգախոս-օրենք էր, և մենք բարբարոսի անխղճությամբ ու մոլեռանդի կուրությամբ մոտեցանք հայ երեխային ռուսերեն սովորեցնելու օրինական ու իրագործելի խնդրին՝ նպատակին հասնելու ճանապարհին խտրություն չդնելով միջոցների մեջ, դիմելով, անգամ, մանկավարժական բարբարոսության՝ աջ ու ձախ խախտելով քաղաքակիրթ աշխարհի նվաճած մանկավարժական սահմանադրության գլխավոր հոդվածը՝ մանուկը նախադպրոցական ու տարրական կրթություն պիտի ստանա մայրենի լեզվով:

Դառնանք մեր անելիքին՝ երբեք չհավակնելով դպրոցական կրթության վերակառուցման հետևողական ու ամբողջական շարադրանքի: Մեր ակնհայտ ու հրատապ անելիքի մասին: Ստեղծել դպրոցական կրթության հասարակական-պետական կառուցվածք. դուրս բերել դպրոցն ու մանկավարժին շրջկոմի, ժողկրթբաժնի ու մինիստրության մամլիչի տակից, հանձնել դպրոցը դպրոցական համայնքի խնամակալությանը: Խրախուսել և օժանդակել համայքների կողմից կրթասիրաց ֆոնդերի ստեղծմանն ու կրթության նյութական կողմի բարելավմանն ուղղված յուրաքանչյուր ձեռնարկի: Հասկանալ, որ ամեն մի կրթօջախի տնօրեն ուզում է նա դա, թե չի ուզում, ազդում է հասարակական ոգու ձևավորման վրա: Ուստի լայն հասարակությանը մասնակից դարձնել կրթօջախի տնօրենի որոշմանը, ինչպես ժողովրդական դեպուտատի ընտրությանը: Ժողովուրդը միայն իր ամենաբարեկիրթ, ամենապատասխանատու ու ազնիվ ներկայացուցիչներին կարող է վստահել սերնդի բախտը: Մենք պիտի կարճ ժամանակում մտածենք կրթօջախների տնօրենների ընտրության գործող կառուցվածքի, նրանց նյութական բարեկեցության և նրանց՝ իրական ու լիարժեք իրավունքներով օժտելու մասին:

Պետք է վերջ տալ մանկավարժական գիտության մենատեր վիճակին՝ ստեղծելով կատարելագործման ու գիտահետազոտական ինստիտուտներին կենսունակ այլընտրանքներ՝ գիտաուսումնական կրթությունների ձևով, երբ դպրությունը ստեղծվում է դպրոցում, դպրոցը վերածվում է դպրանոցի, մանկավարժն էլ դառնում է դպիր: Այսպիսի կրթօջախներին վերապահելով կրթական գործի կազմակերպման հեղինակային հայեցակետ ունենալու, ինքնուրույն ծրագրեր ու դասագրքեր մշակելու ու փորձարկելու  իրավունք ու հնարավորություն, մենք կունենանք մեզ այսօր օդի պես պակասող մրցակցություն կրթության բնագավառում, կունենանք մանկավարժի անհատականության դրոշմով դպրոցներ:

Մեզ ամենաշտապ ձևով օրինակելի գյուղական դպրոցի օրինակ է պետք, գյուղական իրականությամբ թելադրված ու այլ իրականության մեջ ծնված դպրոցի, որն ինքը կորոշի գյուղի մշակութային կյանքը, հուսալի կպահպանի գյուղը ոգու սովից ու գյուղական նիստ ու կացի այլասերումից: Մեզ ռեգիոնալ ավագ դպրոցի ամբողջական օրինակ է պետք՝ արական գիմնազիայի և օրիորդաց վարժարանի տեսքով, որը կամբարի շրջանի (ռեգիոնի) մշակութային ավանդները, կպահպանի-կձևավորի շրջանի մշակութային ու սոցիալ-տնտեսական ինքնատիպությունն ու առանձնահատկությունները, կկրի շրջանի հոգեկան ու մտավոր պոտենցիալը:

Իրավունք չունենք հստակ չըմբռնելու, որ ժողովուրդը տվյալ ժամանակում, որոշակի իրականության պայմաններում, կարող է ծնել միայն սահմանափակ քանակությամբ բարձրորակ ուսուցիչներ, ինչպես և օժտված գրողներ ու երաժիշտներ: Անհրաժեշտ է պետական ծրագիր՝ մանկավարժական բուհերն ու ուսումնարանները մեր միակ համալսարանի հովանու ներքո առնելուն ուղղված. հայ մանկավարժը այսօր պիտի ստանա համալսարանական կրթություն:

Այլ լեզվով ուսուցմամբ դպրոցներ ու մանկապարտեզներ պիտի բացվեն միայն այլազգիների պահանջով ու հաշվարկով:

Կրթության ոլորտում մենք պիտի հայտարարենք ու հավատարիմ մնանք միակ ելակետին. մի ժողովուրդ, մի լեզու, մի դպրոց: Մեզ այսօր թթվածնի պես անհրաժեշտ են սփյուռքի ու խորհրդային դպրոցի միջև ուղղակի ու անմիջական մշտական բանուկ կամուրջներ:

Աշոտ Բլեյան

Երևանի N 183 փորձարարական կրթօջախի տնօրեն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդու մեջ ինչ-որ բան փչացել է. չենք կարող չապրել, մինչև չլուծվի ղարաբաղյան հիմնահարցը

Աղբյուրը՝ 1in.am 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո մեզանում խաղաղության և պատերազմի դիսկուրսը ենթարկվեց պատերազմի անհանդուրժող ժամանակաշրջանին բնորոշ միտումների։

Դպրոցների օպտիմալացումը չպետք է «վռազ», ոտքի վրա լինի, պետք է կրթական պարտեզ ստեղծել

Եթե ոտքի վրա, վռազ լուծումներ են տրվում դպրոցների օպտիմալացման հարցերին, պետք է հիմնավորվեն, թե ինչով են դրանք թելադրված, օպտիմալացումը պետք է իրականացվի բնակչի, ծնողի աչքով: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք

Եղիշե Չարենց «Բալլադ սիրո»

Արփենիկի հիշատակին Երբ առաջին անգամ բացվեց Սիրո գարուն արևավառ, — Երբ ես տեսա ծաղիկ ու սեզ Բացված կյանքում և ինձ համար, — Ինչպես գարնան առու անբիծ, Ինչպես սիրո քնքուշ քնար,