Արևմուտքի դպրոց-պարտեզ աշխատանքային խմբով՝ իմ, Վահրամի, Էրիկի այցը՝  Գոհար Բալջյանի նախօրոք  ծրագրած, ուրախ ու լեցուն եղավ։

Ինչքա՜ն սիրուն-ընդարձակվող է մեր աշխարհը․․․  Սեբաստացի երեխաներն ամենուր կրթահամալիրում շատանում են,  որքան էլ սրա հետ կապված հոգսերը արագ արձագանք են ստանում,  մեկ է, ժամանակը, ինչպես սամում, թռչում է,  ու  լուծումներն  ուշանում են․․․   Համառ ենք, չենք նահանջում․․․  Մայիս ամիսը կիսվում է, օրացույցով-ավանդույթով բաց լողափերի կարգավորումները,  լողավազանների տեղադրումը ուշանում են։  Արևմուտքում վճռական են՝ իրենց գործող ֆուտբոլի դաշտում չորրորդ-հինգերորդ դասարանցիների  համար նոր լողափ ստեղծելու,  իսկ սա նշանակում է այդքան չարչրկված նոր մարզադաշտի կառուցում․․․ զուգահեռ․․․

Միշտ էլ այդպես է, թվում է, ոգևորվում ենք, անպատրաստ ենք․․․ Սկսում ենք․․․ վերջը ստացվում է․․․

Հիմա մենք մի փուլում ենք, երբ ավելի պահանջված է  թվում դպրոցական կրթական համայնքների՝ ծնողների ներգրավումը դաշտերի-շենքերի ընդարձակման աշխատանքներին․․․   Այս մասին էր մեր խոսակցությունը Շամիրամ Պողոսյանի հետ, երբ աշխատանքային մեր խմբով հայտնվեցինք Հարավի դպրոց-պարտեզում․․․ Խիզախ-ամբողջական աշխատանք է. նկուղներում լույսի բոլոր հնարավոր մուտքերը բացել ենք,  վարպետ Յուրին, մեր բանվորներ Արսենի, Արմանի, Գագիկի հետ թափով տեղադրում են մետաղյա պատուհանները․․․ Բայց հողային՝ նոր լանջերի ստեղծման աշխատանքները հետ են մնում. իսկ ավարտել պետք էր ապրիլին, լավ կլիներ, դե, գոնե մայիսին․․․ Կկարողանա՞ կրթական համայնքը Հարավում կազմակերպվել այսպիսի աշխատանքի շուրջ․ խումբ-խումբ կարգի բերեն պուրակները, ստեղծեն առանձնացված լողափեր 2-4 տարեկանների, 5 տարեկանների, ուսումնական ամառային ճամբարի համար,  ամբողջական տեսքի բերեն բացօթյա դպրոցը Հարավում,  ամենօրյա շախմատի, փառատոնային, մարզական գործունեության համար․․․ Ահա քեզ ագահ սեբաստացի ծրագիր, որ սիրով առաջադրեց-քննարկեց-համաձայնեցրեց մենթոր-տիարը Շամիրամ տիրուհու հետ․․․

Երեկ առավոտյան Բլեյան կրթական ցանցի Վանաձորի հանրային դպրոց ստեղծելու որոշումով նախաձեռնող Արմեն Փոթինյանի հետ հանդիպումը մեր բաց ցանցի իրական պահանջի մի նոր հաստատում եղավ, երբ Սևան քաղաքի հանրային դպրոցի համար սկսվել է ուսուցիչների ընտրության փուլը։ Հանդիպմանը ես մի դիտարկում արեցի, որ այնքան կենսական թվաց, որ բերում եմ գիր։ Բլեյան դպրոցը, որպես հանրային-հեղինակային կրթություն կայացավ, շարունակ նոր հեռանկարով է գործում-ապրում, որովհետև զարգացման ծրագիրն  օտարված չէ առօրյա կյանքից, ավելին՝ նույն օրացույցում-հոգսերում-գործերում է․․․ Աղյուս աղյուսի, ծառ ծառի, գործ գործի՝ ստեղծվում, կառուցվում է․․․․ Այդպես է կրթահամալիրով մեկ, Բլեյան ցանցի զարգացումներով, Արատեսում, Հազարան հավք փառատոնով․․․

Երեկ Վիգեն Ավետիսի նախաձեռնությամբ հենց Գեղարվեստի նոր պուրակում փառատոնի, մի խումբ կազմակերպիչների մասնակցությամբ, բացօթյա, թեյի սեղանի շուրջ որքա՜ն թարմացնող-միավորող զրույց ունեցանք փառատոնի մայիս, հունիս-օգոստոս ընթացքի մասին, որքա՜ն կոնկրետ պայմանավորվածություններ։ Մնում է՝ շուտ դառնա սեբաստացիական կրթական համայնքի գիտակցում, որ առանց Հազարան հավքի մուտքի մեր կրթական պարտեզ, պարտեզով մեկ նրա բերած հեքիաթային շնորհների-լուծումների՝ չի երևում այն հարթությունը,  որպես նոր հորիզոն, որ իմաստավորված կդարձնի մեր ջանքերը՝ որպես մեր կյանքի իրական խնդիրների լուծումներ․․․

Արևմուտքի կանաչ-խնամված-ընդարձակվող պուրակով, որ մանկական այգով շարունակվում է մինչև Մայր դպրոց, միանում սեբաստացիների իրոք ու երազ կրթական մեծ պարտեզին, Սոնա Փափազյանի հինգերորդցիներն են, Դավիթը՝ փոցխով, իրական խնամքի ուսումնական գործունեությամբ, Աստղիկն՝ իր ընկերների հետ ինքնագլորներով ինքնուսուցումի մեջ, Քրիստինեի հեծանվորդ-եռամարտի խումբը՝ ոգևորված, Շուշանի չորրորդ դասարանցիները՝ բնագիտության նոր զարգացումներով․․․ Սա էլ արևմուտքի պարտեզի 3-րդ խումբն է՝ Ռուզան Ասատրյան,  Աղավնի Վանյան դաստիարակներով,  Ագարակում՝ Հաղթանակ նորածին մտրուկին տեսնելու պատրաստությամբ․․․ Հաշվեցի՞ք բոլոր մասնակիցներին․․․ Ամենուր կյանք է, ոգևորում, ծաղկունք․․․ Ինչպես Հարավում, որտեղ բացօթյա առօրյայով հագեցած՝ զբաղեցված են բոլոր հարթակները՝ մաթեմատիկայով, մայրենիով, հողագործությամբ, խաղերով, ծեսով․․․ Ռիմա Երեմյանն է միջին դպրոցի նախագծային խմբով լավ օրինակ ցույց տալիս ավագության, առանց որի չի լինի սեբաստացի համայնքն իր զարգացումով․․․

Մենք պայմանավորվեցինք Հարավում և Արևմուտքում ամեն երկուշաբթի կամ երեքշաբթի այսպիսի շրջայց հանդիպումներ ունենալ՝ արձանագրելու համար իրենց կյանքի փոփոխությունները, իրենց ընտանիքների, իրենց ուսուցիչների ջանքերով․․․

#2059

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կերթամ աղբյուրը լույսին…

Հեւքն է կուրծքիս, թարթիչներուս վրա՝ փոշին։  Սիրտս սափորն է դատարկ,  Ու ես կերթամ դեպի աղբյուրը լույսին… Դ. Վարուժան Կիրակնօրյա իմ գիրն այսպիսին է՝ որպես ֆեյսբուքյան արձագանքը նրա, ինչ հասցրի կարդալ

Անսովոր կազմակերպում սովորական երեխաների համար…

«Ձմերուկն ու Դավիթ Բլեյանը». այս նկարաշարը ծնվեց-բեմադրվեց իրական սցենարով, երբ իրիկունը 7-8-ի արանքում Բանգլադեշի մի մեծ ձմերուկով տուն մտա… Դավիթը չթողեց, որ շորերս թամամ փոխեմ, սոված էի՝ հաց ուտեմ. ինձ

Հայրիկս է, է՜… քարկապի մասնագետ…

Ընթերցողն ի՞նչ մտածեց. քարկապ* բացելո՞ւ, թե՞ ստեղծելու… Դավիթ Բլեյանն իր մատիկներով-թաթիկներով ուզում է կեդերն ինքնուրույն հագնել՝ հագուստն ամբողջությամբ կոճկելով, տաբատի գոտին կապելով… Ստացվում է. ուժեղ և հասուն է դառնում այսպես