Մեծ քաղաքը
Ամէն ինչ մեծ է մեծ քաղաքին մէջ
հաճոյքը մեծ
ցաւը մեծ
պողոտաներուն ու շէնքերուն նման
Ու անոնք որոնք պզտիկ մարդիկ են
Երբեք հանդարտ պիտի չըլլան մեծ քաղաքին մէջ
Զահրատ

Սուրճ, Աստղիկ Բլեյանի Libero № 2 տակդիրներ․․․ Ամենօրյա անհրաժեշտ գնումների ցուցակը ինձ տանից հանեց․․․ Մեկ օր՝ հունվարի 1-ը 2019-ի, ես անցկացրի տանը, ու քայլելը հավես է․․․ Եղանակը կանչող-շեղող, ու ես վճռական մտա դատարկ «Ֆիրդուսնոց»՝ Խանջյան-Տիգրան Մեծ-Հանրապետության-Բյուզանդ-Չայկովսկի փողոցներով պարփակված, աշխարհից մոռացված-խռոված հի՞ն Երևան․․․

Մի լավ լուսանկարեցի․․․ Տներ կան՝ մոտենալ չեղավ այդպես էլ, Հանրապետության-Բյուզանդ փողոցներով հասցեները ամբողջությամբ դուրս մնացին․․․ Ես դեռ կգամ, չեմ հանգստանա-հանգիստ տալու համար․․․ Գոնե 55 տարվա հիշողությամբ երևանցուս համար այդպես էլ հասկանալի չեղավ իմ ծննդավայր Երևանի բաժանումը հնի ու նորի․․․ Իմ քաղաքն է, ծննդավայրը, բնակավայրը, հայրենին-մայրենին՝ իր սերերով-թափառումներով, ոգևորումներով, վերելքներով-վայրէջքներով․․․

Հին ու նոր քաղաք: Լուսանկարները՝ կրթահամալիրի տնօրենի:

Նիկոլ Փաշինյանի կառավարության 2018-ի վերջին՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վարած,  դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգային, հրապարակված որոշումը՝ խունջիկ-մունջիկ «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին», «Հին Երևան» կոչվող վայրենությունը շարունակելու, ինչ-ինչ հիմնավորմամբ, մեխվել է․․․ Նոր տարի է, ու խնդրեմ, քաղաքացի Աշոտ Բլեյանի բզիկներից առաջինը․․․

Ո՞նց, որոշումով կառավարության, այսպես, թավշե-թաքուն-սլլալով, «Հին Երևան» կոչված վայրենությունը ուզում եք շարունակե՞լ, նոր կյանք-լեգիտիմությո՞ւն հաղորդել․․․ Ամբողջը գրեք կալանքի տակ գտնվող Քոչարյան Ռոբերտի, իշխանությունը հանձնած Սերժ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, նրանց քաղաքաշինության, ճարտպետկոմի, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի վրա ու ․․․ շարունակեք որպես մեր ժառանգությո՞ւն․․․ Ու սրա տակ Արթուր Մեսչյանն ու Նիկոլ Փաշինյանը ստորագրե՞լ են․․․ «Հին Երևանի» նույնը մնացած գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը, նրա ղեկավարած նախագծային խումբը, տարածքը ձեռք բերող «Ի ԷՄ Սի» ՓԲԸ-ն նոր՝ 2019-ում լծվեն հին իշխանության «Հին Երևան» նախագծի իրագործմա՞նը․․․ Չկար սրան այլընտրանք մինչև 2018-ի մայիսը, չկա  այլընտրանք նաև հիմա՞, բա համընդհանուր հավանությամբ ինչո՞ւ էին գալիս նոր քաղաքապետն ու նոր ավագանին, Արթուր Մեսչյանը, և ո՞ւր էին գալիս․․․ առանց այընտրանքի՞, առանց փոփոխությունների, շրջադարձի, անցած իշխանության սխալը կանգնեցնելու-շեղելո՞ւ, այլ ուղղություն ու ընթացք, այլ լուծում բերելո՞ւ․․․ որքան էլ դժվար լինի․․․ Թե՞ այս որոշումով արձանագրվում է, որ սխալ էլ չկար…

Ճարտարապետ Համլետ Խաչատրյանի մահճի մոտ 2017-ի դեկտեմբերին ես «Հին Երևան» կոչվող նախագծի մասին իմ տարակուսանքն էի հայտնում, Համլետ Խաչատրյանի մասնագիտական հաստատումներով ոգևորվում, պայքարի ձևեր մտածում․․․ Թողնենք՝ մեր աչքի առաջ, մեր մասնակցությամբ, հեղափոխությունից առաջ-հետո․․․ կառուցապատման գոտու մշակութային արժեք-ազգագրական-ժողովրդական վերջին տները ավերվեն, կենտրոնի նոր Բանգլադեշը տիրապետի, հետո այս վայրենությունը հրդեհի պես փոխանցվի ֆիրդուսնոցի տարա՞ծք․․․ Թե՞ հրդեհի դեմն առնենք, հանգցնենք․․․

— Դավի՜թ, տես, Աստղիկը հետդ խոսում է․․․,- մահճակալին, Աստղիկի օրորոցի կողքին պառկած Դավթին եմ դիմում․․․
— Թող հիմա սուս մնա, քնեմ, հետո կխոսա․․․

Դիմանկարաշար Արևմտյան դպրոցի նախակրթարանից:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Դավիթը, գիտեք՝ ինչու կարդալ գիտի․․․ Ոչ թե որ ինքնուրույն կարդա, օրինակ՝ Անհավատալի փաստերի հանրագիտարանը, այլ որ կարդալիս մեր սխալները բռնի։ Ասում է ու ստիպում մի էջ էլ քնելուց առաջ կարդալ Ձմեռ պապի նվեր գրքից․․․ Դավիթն էլ Աստղիկի պես, որ սիգնալիզացիան (լացը) միացնում է, անջատելու մի ձև կա՝ իր ուզածը․․․ կաթ ուտելը։

Զահրատից լավ իր քաղաքի մասին չես գրի, ու իր Վերջաբանն է իմ գրի ամփոփումը։

Այսպէս քաղաքը քանի կը մեծնայ
Քաղաքին մէջ այնքան կը պզտիկնանք մենք
Մեր խրոխտ եսերուն ստուերը միայն
Կը մնայ մեծ մեծ շէնքերուն ոտքին
Մեծ մեծ շէնքերը քանի կը շատնան
Քաղաքն ալ այնքան մեծի հով կ՚առնէ
Ու մեծ քաղաքին մեծութեան առջեւ
Քիչ մ’ալ պզտիկցած մենք ակնածանքով
Կը նայինք մեծ մեծ շէնքերուն — անճար
Մեր հին մեծութեան վախճանը կու լանք
Օրէ օր քաղաքն այսպէս կը մեծնայ

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1542

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ողջը – հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…

1921թ. մայիսին ք․ Երևանում գրված «Ութնյակներ արևին»-ը, նրանցից յուրաքանչյուրն ու ամբողջը միասին… Չարենցը հենց մեր այսօրվա՝ 1000-րդ ու ամբողջ գրի մասին-համար է՞ գրել… Ա՛յ, օրինակ… Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով

Օ՜, բնություն, օ՜, մայր, վերադարձիր իմ քաղաք, որն է մայրաքաղաք Երևանը

Ամառային հուլիսն իրավունքների մեջ է. անտեսել չես կարող, իմ օրագիրը՝ վկա։ Ես Երևանում եմ, ավելին՝ ամենօրյա աշխատանքային նույն անցուդարձով (փաստ, որով հիացած չեմ), բայց…  Նայելով մեքենաների չմաշվող հոսքերին՝ տեսնում եմ,

Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր ճիգի մեջ…

— Պա՛պ, բա շունիկները ո՞նց են աչքերը փակ ծնվում-ապրում… Իրենց մայրիկի ծիծիկները գտնում… Պա՛պ, քանի՞ օր են այդպես անտես մնալու… Դավիթն արթնացավ այդպես՝ Ռոքսիի քոթոթների պես, աչքերը՝ փակ, միտքը՝ արթուն…