Գիր է, պատմում եմ…
Դավիթը Բլեյանը՝ այսքա՛ն հասուն, խոստումը քանի քայլով կատարեց, իմ ընկեր-սեբաստացի դարձած, իրեն լրիվ անծանոթ վարսավիր Իսրայելի մոտ եղավ ժամը 16։00, ոչ Ռուզան մորաքրոջ կամ քույրիկ Էդիտի ուղեկցությամբ, այլ մեր Ջուլիի… Չեմ մոռանա, վարչական խորհրդի՝ օրացույցով նշանակված նիստ էր. սիրտս ճմլվում էր Դավթի համար… Հետո ծածկում է գլուխը գլխարկով, չի բացում տանը…
— Հայրիկը կգա, նոր կբացեմ…
Հեծանիվ փրկչիս հետ վայելքով անցնում եմ իրիկնային ճամփան իմ, շոգ-շատ շոգ ու ես ջրի մեջ կորած, իմ սիրած Կոմայգու նստարանին, դիմացս հավանածս շատրվանները, ծառերը հզոր, սառն ու տաքն եմ ըմբոշխում, գորովանքով հայացքս, սիրո խոստովանությունները հեծանվիս… Փրկի՛չ իմ…
Դավիթ Բլեյանը դիմավորում է աստիճանների վրա (բանալիները թողել եմ տանը, հեծանիվը պիտի կայանեմ). կտրած մազերով՝ իսկական Աշոտիկ…
Ահա և մի արխիվային նկար… կողք կողքի…
Շարունակում եմ պատմել… խաղաղ ժպիտով… Անցուկը մոռցուկ կըլլա… 1990-ականներին (կրթահամալիրի վերելքի շրջան՝ որպես ձևավորված փորձարարական-հետազոտական միավորում, հետազոտող ուսուցիչների հայտնի խումբը՝ առաջնագծում հեղինակային մանկավարժության…) առաջարկ ենք ներկայացրել քաղաքային իշխանություններին Հարավարևմտյան զանգվածում Բ-1 թաղամասում… կրթական պարտեզի ձևավորման, թաղամասում գործող բոլոր ուսումնական հաստատությունները՝ իրենց միջշենքային ու ներթաղային անցումներով ձևավորել-բարեկարգել-խնամելու որպես մեկ միասնական տարածք՝ որպես պարտեզ բնակելի արվարձանում, ամբողջական ներառական դարձնելով բնակելի արվարձանը՝ իր կրթական միջուկով… առանց փոխելու ուսումնական հաստատությունների իրավակազմակերպական վիճակը… Հետո եղան անհասկանալի միջամտությունները… ՀՀ Գերագույն խորհրդի կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահը ակադեմիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ… Ռաֆայել Ղազարյանն էր, Շահումյանի շրջխորհրդի գործկոմի նախագահը՝ Վահան Զատիկյանը, քաղաքապետը՝ Վահագն Խաչատրյանը… Բոլորը՝ յուրային, ես՝ հայտնի, ԳԽ պատգամավոր, իշխող կուսակցության միջից դուրս եկած, շրջապատով… օտա՞ր:
Սովորողների, դասավանդողների մուտքի ճամբարները՝ Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոցում: Լուսանկարները՝ Ալիս Գևորգյանի:
Անցել է քսանհինգ տարի… Նույն առաջարկն է ձևակերպված, որպես տարիներով բոլորի աչքի առաջ ձևավորված նախագիծ՝ կրթական պարտեզ բնակելի արվարձանում… Քաղաքապետարանում հաստատված սխեմայով՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի առաջարկով իր օգնական ճարտարապետ Արտավազդ Թարխանյանի մշակած, քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ այդքա՜ն դժվարությամբ ձեռք բերված համաձայնությամբ, վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի դանդաղ, բայց աշխատանքային գործուն, նախագծային աջակցությամբ…
Հիմա, թվում է, իրավիճակ է փոխվել, քաղաքական սերնդափոխություն։ Այս մեկ տարվա ընթացքում բոլորը անցել են մեր կրթական պարտեզով՝ ՀՀ նախագահ, Մարդու իրավունքների պաշտպան, նախարարներ՝ կրթության և գիտության, բնապահպանության-շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և զարգացման, սփյուռքի… Բազում ԱԺ պատգամավորներ, փոխքաղաքապետ, վարչության պետեր, գլխավոր ճարտարապետ քաղաքի, ճարտարապետներ, արվեստագետներ… Հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՛ր մարդկային… Ի՞նչ, մեր սովորողների, ուսուցիչների գրանցած ձեր հիացո՞ւմը պտտենք նորից… Թե՞ հիացումը կապ չունի, սա «քաղաքականություն» է, որից ես այդպես էլ գլուխ չեմ հանում։
Կրթահամալիրի հարավի ճամբարականները. հարավ-արևմուտք ճանապարհին: Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:
Գլխավորը՝ մասնակցային սկզբունքով, որպես բաց ուսումնական նախագիծ, որպես ամբողջական ներառական հանրային տարածք, ձևավորում-գործում է… Կասեն՝ չի փոխվել գլխավորը՝ արվարձանի բնակչի վերաբերմունքը իր բնակավայրի նկատմամբ, ասել է թե՝ նա շարունակում է ոչ մշտական բնակությունն իր, այդտեղից իր մեկուսի վերաբերմունքը՝ մեկուսացված շրջակա միջավայրից, պարփակված իր բնակարանում, իր զավթած զաբոռապատ հողակտորում, իր գառաժում՝ իր խորդանոց դարձած պատշգամբից կամ շուշաբանդից հետևելով հատվածական-իսկական բանգլադեշյան խառնիխուռին… Ինձ գովում են, մխիթարում՝
— Դու… Դուք… տասը… քսան տարի առաջ եք բոլորից…
Առանձնացնում-մեկուսացնում են ու… մեկուսանում ինձանից, պաշտպանվում… Ոչինչ, որ շարքային մարդը ասեր, բայց երբ իշխանությունն է ասում՝ որպես գովք, թե իր արդարացում… Հինգ մանկական լողափ, բանգլադեշյան տասնհինգ ծովով, հինգ լողափային ճամբար, հինգ ամառային-լողափային պարտեզ-նախակրթարան, հինգ մուտքի ճամբար տարատարիք սովորողների, մանկավարժական ճամբար…, միջազգային փառատոնն էլ՝ ձեզ փեշքեշ….Ու էս բոլորը՝ հիմա, հունիսին, մի կրթական պարտեզում։ Չեղած բանի դե՞մ է պայքարը, թե՞ եղած… Պիտի ասեք։ Ինչո՞ւ եք խուսափում. վերաառաջարկս արդեն մեկ տարի նոր իշխանավորների սեղանին է. ո՞ւր է քննարկումը։ Աղմո՞ւկն է պատասխանը, «ինքնաբուխ» մի քանի տասնյակ, անցյալից, նախորդ ընտրություններից ու Մաշտոցի ծածկած շուկայի պաշտպանների դեմ պայքարողների՝ ծանոթ դեմքերի…
Իսկ ո՞ւմ իշխանությունն եք դուք, ծանոթ-անծանոթ բոլոր կարգի իշխանավորներ… Համեցեք կրթահամալիրի բանգլադեշ, կրթական պարտեզ բնակելի արվարձանում, կրթական պարտեզի հարթակներից որը կուզեք… Համեցեք, Երևանի ավագանու արտագնա նիստ արեք բացօթյա, համեցեք, քննարկեք «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում նախագիծը» ուղիղ հեռարձակումով, ՀՀ ճարտարապետների պալատում, ՀՀ ազգային ժողովի… ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության… հանձնաժողովներում… Մերը նոր մոդել է, նոր կազմակերպում՝ մշտական ապրող մարդու՝ բնակչի ու իր բնակավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի մոդել, որ կարող է և պիտի կիրառվի Երևանով մեկ։ Ի՞նչ պակաս հեղափոխություն է։ Սա էլ կենցաղի հեղափոխություն է. սրանի՞ց պիտի չսկսվեր։
Կրթահամալիրի գրական ակումբը հայրենագիտությամբ՝ Շիրակի մարզում. Մաստարա, Գյումրի, Մարմաշեն:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1692