Թեև գալիս եք դուք ալիքների նման և աստղերի
Ձեր ճանապարհի՜ն, ձեր կոչումի՜ն, ձեր ընթացքի՜ն անգետ —
Բայց լինելու է ձեր երթը այս դժնի ու լուրթ ափերին
Արևներից, աստղերի՜ց ավելի ուրույն ու բարձրականթեղ…

Սարսռեցի գիշերը՝ ժամը 3-ին. ո՛չ ցրտից` մեր բնակարանում տաք է, ո՛չ երազից` ես արթուն եմ… Օտարացումից այս սարսռեցի: Այսքա՜ն մոտ է եղել… Իմ քրոջ աղջկա, իմ քույրիկ Լիլիկի, ով մի տարով էլ ինձանից մեծ է, ով ողջ մի մանկություն ինձ քույրություն է արել, ով ողջ կյանքն ապրել է զարմանալի նվիրված-համեստ-անձայն-օգտակար յուրաքանչյուրին, արդեն երկու խորոտիկ հարսով, երկու իր երկու բոյի-երկու քաշի կենսախինդ տղաներով, մշտաժպիտ առաջնեկ թոռնիկ Հայկազիկով, որ Դավթի մազերից բռնել ու արցունք է բերում նրա աչքերից… Իմ քույրիկ Լիլիկի, Գրիգորի տանից, որ Այգեստանում է, զվարթ, մի քանի շարունակվող աստիճան ունեցող փողոցով բարձրանում ենք վեր՝ նորամուտի՝ Կարենի ու Անիի տուն, ու հիմա մի մեծ խմբով՝ Նազենի աստղ Հովհաննիսյանի, Արմինեի, Դավթի, ժպտերես-հմայիչ հարսիկներ-քույրիկներ Լուսինեի-Անիի հետ Այգեստանի բարձունքից քրքջում ենք քաղաքի վրա… Լիաթոք մի վիճակ. օտարություն եմ հաղթահարել… Չէի՞նք իմացել՝ Լիլիկ քույրիկը մի դժվար հիվանդություն է հաղթահարում, իր կյանքի նման անմրմունջ. այսպես լինում է Այգեստանո՞ւմ, որտեղ 1979-85 թթ երեխաներին ես «դաստիարակել», իմ եռանդով հակաօտարացման շիճուկ եմ ներարկել… Կարդացե՛ք Չարենց ու ապրեք Լիլիթ Բազեյանի նման, որ հայրենիքից ու միմյանցից չօտարանաք…

Գեղարվեստի կրտսեր դպրոցի երկրորդ դասարան. աշխատանք բնական պլաստիլինով:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Սարսռեցի գիշերը՝ ժամը 3-ին. այսքա՜ն մոտ եմ լինում հիմա օտարացմանը… Բա ի՞նչ է ապրում, Նազենի Հովհաննիսյան աստղ, շարքային, ոչ աստղ մեր մարդը… Եվ ի՞նչ կլիներ այս հայրենիք կոչվածի, Այգեստանի հետ, եթե իմ քույրիկ Լիլիկը չլիներ… Լիլիկից միայն քույրություն կստանաս՝ հիմա էլ, ողջ կյանքդ էլ… Ես սևեռուն զննում եմ հարսիկներ Անի-Լուսինեին. գիտե՞ք, քույրիկներ են ինձ համար, հարազատության մի հաստատում, որ, ահա, օտարացումից այն կողմ է, մի գիծ հեռավորության վրա… Ինչպես Այգեստանով անցնող ավտոճանապարհը… Սարսռեցի, ինչպես այս փողոցից, որից մի փրկություն է գտնում Նազենի Հովհաննիսյան աստղը՝ իր սև ջիպով… վարել-վարել այնքան, մինչև ավարտվի վերջ չունեցող գիծն այս… Պարզվում է՝ ունի… Ես զգույշ անցնում եմ Դավիթ Բլեյանի՝ մեր տան, կիլոմետր ձգվող մեքենաշխարհի վրայով, որ իմ գիշերվա պահակության ավելորդությունը հաստատեմ… ես այստեղ հիմա անելիք չունեմ…

Չգիտեմ՝ ուրիշ ի՞նչ կարող եմ անել ես, երբ կարդացել եմ արդեն այնքա՜ն, որ էլ չեմ ուզում հիմա կարդալ, երբ գրել եմ ես այնքան, որ էլ չի գրվում հիմա. երկրորդ բաժակ սովորական ջուրն էլ ընդունեցի, պայմանով, որ 3-րդ բաժակը, մեկ է, հիմա չեմ խմելու… Ի՞նչ են անում մարդիկ ժամը 4-5-ի արանքում գիշերվա՝ հիմա, երբ աշխարհի բոլոր գործերն արել-պրծել են, հո նորից չե՞ս հայտնվելու օտարացմանն այնքան մոտ: Ես գնացի քնելու…

Իսկ առավոտ կանուխ, երբ արևը նոր-նոր պատրաստվում է լույսի-ջերմության իր երկնային շնորհը պարզել երկրում մնացածներիս, ես որոշում եմ Այգեստանն ի վեր բարձրանալ Նորքի բարձունք, հետո էլ ավելի՝ հեռուստաաշտարակով դեպի քաղաքի ամենաբարձր գագաթը: Առաջին անգամ, իմ օրագիրը սկսելու պահից ի վեր, այսպիսի բարձունքի, պատվանդանի-զորության կարիք եմ զգում… Իմ կանչը լսեցի՞ք.
— Փառքդ շա՜տ, հա՛յ ժողովուրդ, որ Հրաչյա Աճառյան ես ծնել…

Հատված «Սեբաստացի» ռադիոյի վերջին թողարկումից:

Մենք հարատևող կրթահամալիր ունենք, հաստատ, որի 3-րդ դասարանցին ռադիո «Սեբաստացիի» 75-րդ թողարկումով ավետում է գիտության մեջ այս կիկլոպ-հայի ծննդյան մասին, իսկ Վարժարանի 10-12-րդ դասարանցիները՝ իրենց մայրենիի ուսուցչով, օրը նվիրում են Հրաչյա Աճառյանին՝ ազդարարելով «Լեզվի օր» ուսումնական հավաքը… Դեպի բարձունքներ նորանոր, սարերն ի վեր, դարերն ի վեր, բոլոր տեսակի դժվարություններն ի վեր. ճանապարհ, որով տանում է Աճառյանը: Եվ այստեղ, այս բարձունքում կանգնած է Չարենցը, ում խոսքն այսպես է հնչում.

.…Այս երգս քե՜զ եմ ձոնում, ո՛վ ճանապարհորդ,
Ո՛վ անհայտ հորիզոնների զննիչ,-
Ընթացի՜ր, գնա՛ քո ուղին, և լինի թող այն քարքարոտ,
Անվհատ թո՜ղ լինի ոգիդ և կարոտդ թո՜ղ լինի աննինջ: —

Իսկ դուք, բոլոր տարիքի սեբաստացիներ, որտեղ էլ որ եք, կարդացե՛ք Չարենց, քանզի «…իր կոպերի հետ աշխարհ է փակվելու, հայրենիք է երես դարձնելու իր զավակներից, որպես օտարներից, իր լռության հետ ժամանակն ինքն է լռելու, այլև խորթանալու, այլև թշնամանալու, այլև խուսափելու սերունդներիս ու սերունդներիս խոսքից՝ որպես անհաղորդ, անծանոթ, այլև թշնամի լեզվից»… Հրանտ Մաթևոսյան։

Շախմատի ակումբի երեխաները:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զուլալ, ինչպես կոմիտասյան երգ

Արթուր Շահնազարյանին՝ իմ միշտ-սանիկին, Աստղիկ Բլեյանի կնքահորը, երկար կյանք ինձ էլ, իրեն էլ, որ Աստղիկի ծիսական հարսանիքն անենք․․․ այցելել էինք ընտանիքով՝ Առինջի իր խնամված տանը ամանորյա-սուրբ ծննդյան տեսություն․․․ Ինչպես միշտ Սվետա-Արթուրը

Ո՛չ աջ նայեք, ո՛չ ձախ, ո՛չ էլ ետ-ետ. նայեցե՛ք ինձ, ես գնում եմ առջևից

Մայր դպրոցի Մարմարյա սրահում սեպտեմբերի 1-ով, առավոտ 9.00-9.15-ի արանքում՝ ընդհանուր պարապմունքին, սեբաստացի դեռահասներով (վեցից ութերորդ դասարանցիներ), պատանիներով (իննից տասներկուերորդցիներ), նրանց ծնողներով և ուսուցիչներով լեցուն, հազարից ավելի լսող-տեսնող խորագետների՞՝ ասում եմ

Սեպտեմբերի 1-ից մինչև կրթական շքերթ, կրթական շքերթից մինչև Սեբաստացու օրեր. համեցեք

Նայենք mskh.am-ում տեղադրված կրթահամալիրի օրացույցին՝ նոյեմբերի  13-15-ին Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոն է: Իսկ թիվ 183 դպրոցը Հարավարևմտյան զանգվածի կիսակառույց Բ-1 թաղամասում առաջին ուսումնական տարին սկսել է 1984թ. սեպտեմբերին. ասել է, թե «Մխիթար