Անիմաստ է, ինչպես օրն է դարձել այդպիսին, բացատրելը Դավիթ Բլեյանին մեր, թե ինչ տոն է մայիսի 1-ը՝ ազգային տոնացույցով՝ աշխատանքի օրը։ Արմինե մայրիկը թող չարչարվի. կարող է և ստացվի, փորձառու մանկավարժ է… Ես որ որպես պիոներ, կոմերիտական, կոմունիստ, ֆիզիկայի ֆակուլտետի կազմակերպության քարտուղար, դպրոցի փոխտնօրեն ու տնօրեն, պարզապես Խորհրդային Միության քաղաքացի, անցել եմ մայիսմեկյան, նոյեմբերյոթյան շքերթների շքերթով, Հանրապետության հրապարակով, ոտքով՝ ողջ քաղաքով, տոնական կարմիրի միջով, ողջունել-ծափահարել մայրաքաղաքի աշխատավորական կոլեկտիվներին, հետո տրվել ամենտարբեր մայովկաների (ինչ է մայովկան*, թող ԽՍՀՄ նախկին քաղաքացի Սուսան Մարկոսյանը բացատրի), ասում եմ հատու՝ հանգստյան օր է և վերջ, ու անցնում գործի-գործողության… Հանգստանալ՝ ասել է թե ճամփորդել։ Դրան պետք էր պատրաստվել, ինչպես ես․ մեր ունեցած անիվներով՝ իմ ու Դավթի հեծանիվները, Աստղիկի սայլակը, դուրս ենք գալիս ճամփորդության օղակաձև․․․ Արմինեն հետիոտն է միակ, կլուսաբանի։ Հայաստանի տոնացույցով շատ օրեր անցումային մի փուլում, մինչև կգտնենք-կորոշենք այդ տոն օրերի անհատական-ընտանեկան-հանրային-պետական բովանդակությունն ու կազմակերպումը, այդպես էլ նշենք՝ հանգստյան օր․․․ Ա՛յ, թե ինչ անենք ոչ աշխատանքային տոն օրերին, դա էլ թող մնա օտարի-ընթերցողի առաջարկներին․․․
Պ․ Սևակի խոսքն եկավ․
Իմաստներն են անհետացել
Ու մնում են լոկ բառերը՝
Դատարկ ու փուչ պարկերի պես
(Թե դեն նետես՝ քիչ ափսոս է,
Թե դեռ պահես՝ խանգարում են)․․․
Եթե մի բան շարունակում է մտահոգել ինձ հիմա՝ Աշխատանքի օրով, Արա Հարությունյանի Բանվորի չուգունե արձանի ճակատագիրն է։
Արևմտյան դպրոցի խաղողագործ-այգեգործները:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Մեր հեղինակած ուսումնական օրացույցը մեր հեղինակած մանկավարժության կազմակերպիչն ու պատվիրատուն է։ Սրանով ուսումնառությունը, որպես հասարակական գործունեություն, հանրային-համայնքային բովանդակության իմաստ փոխանցող է․․․ Ու դժվար էր․ մինչև հիմա մենակ էինք այս առումով, որպես հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող։ Հիմա հեռանկար-ճանապարհ է բացվում բաց կրթական ցանցով․․․ Իմաստը կգտնվի…
Երեկ մասնաժողովով կրթահամալիրի հա՛մ ծանոթացանք Արևմտյան դպրոց-պարտեզի պարտիզապուրակային գործունեությանը, իրականացվող ուսումնական նախագծերին, հա՛մ որոշակի էինք դարձնում մասնակիցներիս համար, մեր միջոցով, յուրաքանչյուր սեբաստացու մայիսյան օրացույցը. օրերի նշանակությունը հստակում, պարզաբանում․․․ Աշխատանքի օրը շրջանցեցինք, որպես ուշացած. ինքնավարության լայն դաշտ է բացվում ընթերցողին. մնում է գործեք-պատմեք, ի մի բերելու համար սեբաստացի համայնքի փորձը։
Իսկ Արևմուտքը մեր՝ իր դպրոցով, նախակրթարանով, Ագարակով, իր շրջակա միջավայրով երեկ ներկայացավ մեզ բաց, անարգել-ներառական-մատչելի յուրաքանչյուրին՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, թավիշ կանաչի մեջ, հետաքրքիր, մաքուր-խնամված-անվտանգ-հարմար միջավայր․․․ Տարատարիք երեխաներ՝ վայելքի մեջ․․․ Հալալ է մեզ, բոլորիս ստեղծական ջանքերին, ստեղծողին, այն պահպանողին, չփչացնողին․․․ Ինչպե՞ս ընդարձակել այս վիճակը-վայելքը ավելի, թաղամասով մեկ, կրթական բաց ցանցով՝ ուղղակի, թե անուղղակի․․․ Հեռահար արդյունք-ձեռքբերում կարող է լինել․․․ Այս մասին էինք խոսում նաև օրվա վերջին, մեծ խումբ սեբաստացիներով, Տաթև Համբարյանի ու Միքայել Ղազարյանի նորածին Մարտինի աչքալուսանքի սեղանի շուրջ․․․ Ագարակում մեր՝ անուշ-հարազատ կլոր սեղան՝ իմաստալից․․․
Դավիթ Բլեյանը նոր մարզակոշիկներ ունի․․․ էլ չես բռնի, չես հասնի, երեկ համոզվեցի, նրան աննկատ դիտարկելով Արևմուտքի ֆուտբոլի դաշտում․․․․
Դավիթը ավելի ու ավելի հարցասեր է դառնում, իր մեկնաբանություններում-արձագանքներում-պատասխաններում՝ ավելի ազատ-համարձակ-հետաքրքիր, ռոդարիական անցումներով․․․
— Ինչո՞ւ տատիկները երեխա չեն ունենում… ինչո՞ւ… ինչո՞ւ․․․
Ես իր առաջին հարցի հերքումն ունեմ։ Դավթի տատիկը՝ իմ մայրիկը, հենց տատիկ է, որ երեխա է ունեցել՝ մեկը՝ ես, իր առջև կանգնած։ Դավթին բացատրելը էլի մնաց Արմինեին…
Տիկնիկագործության նոր հմտություններ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:
Հյուսիսի դպրոց-պարտեզի սովորողները (1-5-րդ դասարանցիներ), այնքա՜ն իրենց ինքնավստահ-ինքնուրույն-ինքնավար են զգում, ինքնակազմակերպվող… իրենց կյանքի, իրենց դպրոցի… իրենց համայնքի իշխանությունը։ Այս նախաձեռնությունը մեզանում փոխված իրավիճակի արդյունք է։ Սրանով կարելի էր ու պետք էր ուրախանալ՝ մեծերով, իշխանությամբ… Հիմա տեսեք շաբաթներ անց, մի քանի այցելություններից, կաբինետային ու ոչ կաբինետային քննարկումներից հետո, վարչակազմի ղեկավարի պատասխանը… որպես մայիսմեկյան նվեր սեբաստացիներիս, լքված մի տարածքում, աշխարհի մի անկյունում կանաչ բաց աշխարհ իրենց քրտինքով կանաչ փոքրիկ մի խաղադաշտ ստեղծած աշխատանքային եռուզեռի… Կարդացե՛ք անպայման… Եվ ոչ նրա համար, որ մեզանում իրավիճակ չի փոխվել, այլ նրա համար, որ փոխվի… Էս էն տեղը չէ, որ սեբաստացիները Հյուսիսում, Արևելքում, Արևմուտքում, թե Հարավում, նահանջեն, ու մենք էլ մեծերով դառնանք վիճակագիր դիտորդներ, հակահեղափոխականանք…
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1648
* Մայովկա — մայիսմեկյան տոնի առթիվ (սովորաբար մայիսի 2-ին) կազմակերպվող մասսայական (հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվների) զբոսանք ուրախություն:
Աղբյուրը։