Երազներ քիչ եմ տեսնում, տեսածս կամ մոռանում եմ, հիշվում չի, կամ պատմելու բան չէ․․․ Այսօր արթնացա․․․ գունեղ աշխարհից․․․ Այդքան գույներ մի մարդու երազի մեջ ո՞նց էր տեղավորվել․․․ Ամեն ինչ այս օրից կարելի է սպասել․․․

Աստղիկն էլ այսպես արթնացավ․ ես երկու անգամ այս գիշեր իր արթնացման հետ եմ եղել․․․ Գիշերը 3-4-ի մոտ արթնացավ ծիծիկի համար․․․ Տեսնելու բան է՝ ոնց է դեպի պատը թեքված վիճակից պտտվում իր նշանավոր շարժումներով մեր ութոտնուկը ու ձգվում հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք․․․ դեպի մայրիկի ծիծիկները՝ կաթ ուտելու, ոնց է խոսում-համոզում-պարտադրում մայրիկին միշտ կեսքուն-կեսարթուն, մի ականջը Դավթին, մյուսը՝ Աստղիկին․․․ Մայրություն. ի՛նչ ստեղծական-անդադրում աշխատանք է․․․ Դավիթ առաջացավ, հիմա էլ Աստղիկ է առաջանում, արթնանում, արևիկի հետ այսպես խաղում․․․ Պատկերացրի՞ք ինձ Աստղիկի այդ խաղը տեսանկարելիս այդ ժամի, որպես ցանցային հեղինակային գործունեություն տիար-հայրիկի։

[youtube https://www.youtube.com/watch?v=-4b71wJ7MbA]

Երեկ պաշտոնական կարևոր գրությունների օր էր․ կիրակի պարզվեց՝ շատ եմ գրել-պատրաստել։ Իմ, Լիլիթ Ազիզխանյանի, Գևորգ Հակոբյանի ու Սուսան Մարկոսյանի աշխատանքը համատեղ՝ բեղուն արդյունքով եղավ երեկ․ ուղարկված նամակներ ՀՀ վարչապետին, ՀՀ ԿԳ նախարարին, Երևանի քաղաքապետին, փոխքաղաքապետին, Արթուր Մեսչյան գլխավոր ճարտարապետին․․․ Ցանցային աշխատանք իսկական․․․ Իրիկունը 6-7-ի արանքում հեծանվով դուրս եկանք․ Հասմիկ Սիմոնյանին մերժել չեղավ, վաղուց միասին հեծանվի վրա չէինք եղել, համ էլ Հասմիկը «Մուլտի Գրուպ» մարզահամալիրի մուտքի օր ուներ, համ էլ Միքայել Ղազարյան սանիկը իր Մարտինի ծննդյան առիթով փոքր քավոր Դավիթ Բլեյանին մրգեր էր ուղարկել․․․ Ճանապարհին մի տեղ կարճ կանգնեցինք, ու իմ աչքին զարնեց «ընթացագործ» ցուցանակը․․․ Սա հայտնի ходовик-ն է, տեսեք՝ ոնց զարմացա, որ օր է անցել, ու չի մոռացվում, իմ գիր եկավ, տեղ հասավ․․․ Ընթացագործ․․․ ո՞ւմ մտքով կանցներ․․․

Աշոտ Բլեյանի տեսաօբյեկտիվում…

[youtube https://www.youtube.com/watch?v=ceZnhMvQuG4]

— Մրգերը հասկացանք, բա կոնֆետ չի՞ ուղարկել ընկեր Միքայելը․․․- այսպես հայտնեց շնորհակալությունը Դավիթը Բլեյան, երբ երեք օրական Մարտինի մրգեր-աչքալուսանքը շարեցինք սեղանին, իր առաջ․․․ Красавец…

Իսկ ընկեր Միքայելը մարզական ֆորմայի մեջ է․ Լեհաստան սեբաստացի սանի հետ, սեբաստացի սաների միացյալ խմբով՝ Բաթումի՝ սուսերամարտի մի այլ մրցաշարի, Մարտինի ծնունդ, Տաթև Համբարյանի նման աղջկա մայրացում, ու երեկ էլ՝ Արթուր Մեսչյանին տպավորած, «զիլ գործ» ագարակում բնութագրով, մեր հանրակրթական հեղինակային հնգամարտի ցուցադրական պարապմունքը․․․

Միքայել Ղազարյան և ընկերներ՝ հնգամարտի ծավալումը, հարմարավետ տեղավորումը ուսումնական ընդարձակվող ագարակում 2019-ի ձեր հասունության-ուժի ցուցանիշն է։ Մենք բոլոր սեբաստացիներով ձեր թիկունքում ենք, առա՜ջ․․․ Գիշերվա-առավոտ լուսոյի գունեղ երազի, երազի գույների առիթները հիմքերն եմ փնտրում իմ օրվա տպավորությունների մեջ․․․

Աշոտ Բլեյանի օբյեկտիվում:

Քոլեջում Կարինե Մացակյանի, Տաթևի ու շինարարների հետ նոր կառուցվող-ստեղծվող կացարանին թափ էինք հաղորդում այսպիսի որոշումով՝ նորամուտը հունիսի 13-ին քանդակագործության և ճարտարապետության միջազգային բաց ամենամյա փառատոնի օրերին․․․

Քոլեջի բակում Անահիտի-Լիլիի 6 տարեկաններն էին․ պարզվեց՝ ֆոտոպլեներ են անցկացնում․․․ աչքերիս մեջ են ու գունեղ լույսի․․․ իսկական պարտեզ․․․ իրական բզեզներով․․․ Երբ դուրս եկա դեպի հեծանիվը, ինձ Իջևանի փառատոնի համակարգող-քանդակագործ Գոռ Դավթյանն էր սպասում, ես մոռացել էի բզեզների մասին, բայց իրենք ինձ ոչ միայն չէին մոռացել, այլև դարանակալել, ինձ էին սպասում․․․ պլանշետներով զինված երկու-երեք տասնյակ վեց տարեկանների շրջապտույտում հայտնվեցի․․․ որպես ֆոտոմոդել․․․ ինձ ոչինչ չէր մնում, արտիստիկ հագնվեցի-զուգվեցի-վայելեցի, որպես տարածաշրջանի ամենա՜․․․ այսպիսին է Բլեյան կրթական ցանցի ուժն ու հմայքը, որ իմ գրով, իմ երազով, գունեղ ձեզ եմ փոխանցում․․․

Կրթահամալիրի տնօրենը՝ Քոլեջի 6 տարեկանների օբյեկտիվում:

— Ինչքա՞ն տևեց իմ լողալը, հայրիկ,- երբ ցնցուղի տակից սրբիչի մեջ կոլոնած Դավթին հանեցի․․․
Գլուխ չեմ գովում, սա էլ հայրիկական խնամքի իմ ապրումն է, կրծքով կերակրել չէ, բայց, դե, որդուդ լողացնելը յոթ տարի շարունակ, համաձայնեք, այստեղ էլ հեղինակային իրավունքի հարց կա․․․

Աստղիկը կանչում է Դավթին ննջասենյակից իր բոլոր ձայներով, ճիչերով, ձևերով․․․ Դավիթը խաղաղ, հայացքն իր մուլտին, հյուրասենյակում խնձոր կրծելով, արձագանքում է բոլորիս լսելի, որ գիր տեղափոխելու կարիք էլ կարծես չկա․․․
— Մի՛ խառնվեք իրար, թող կանչի։ Հանգիստ, միայն հանգիստ,- Կառլսոն Դավիթն է, իմ գրի, իմ պատումի մշտական հերոսը…

#1647

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ապրելու մեր ժամանակի նոր մեկնարկ

Դավիթ Բլեյանի հետ նորից կռվել էինք, չէինք խոսում-հանդիպում… Երեկ առավոտյան Մարմարյա սրահում, ընդհանուր պարապմունքին հանդիպեցինք. մենք ընտանիքով երգում էինք Կոմիտաս, Դավիթը՝ պառկած աստիճաններին, ոտքը՝ ոտքին… Զանգվածից կարողանում է առանձնանալ, զանգվածային

Որքա՜ն կյանք, թովիչ, գրավիչ բան կա այս մեկ օրում

Ես չեմ գրում, պատմում եմ, ինչպես հայրս… Հա, ինձ մեր չի բերել, ես հորս տղան եմ, ուզում եմ նրա նման լինել… Իմ մեջ թույնը բացակայում է, չգիտեմ՝ օրվա մեջ առաջանո՞ւմ