Օրն ինչ բան է, ասենք հունվարի 19-ը, հերթական օր էր թվում այնքան ժամանակ, քանի դեռ երեք փաստ չհայտնվեց մի համակարգչային էջում mskh.am-իՏաթև Ստեփանյանը,Թամար ՄարիմյանըՆարե Տիգրանյանը ծնվել են հենց այդ օրը՝ երեք հմայիչ-ընդունակ-սիրելի-երիտասարդ ուսուցիչներ, պատկերացնո՞ւմ եք, նույն օրը ծնված՝ հավաքվել են նույն կրթահամալիրում. ա՜յ քեզ կրթահամալիր, ա՜յ քեզ հունվարի 19-ը, ա՜յ քեզ սովորական, առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող օր… Ջա՜ն, ճամբար ջան, ուսումնական քո մեկնարկը նվիրում ենք մեր այս միամիտ հավաքված եռյակին…

Կա երեքը մեկ օրում, կա նաև երեքը մեկում, և նորից նույն կրթահամալիրում, այս անգամ՝ հունվարի 20-ին…Էկոակումբի հմայիչ ղեկավար Մարթա Ասատրյանը սովորողների իր խմբի հետ կարողացավ Ստեփանակերտի եռանդուն գործընկեր Անահիտ Մեսրոպյանին սովորողների խմբով, ջան, ճամբար ջան, հանդիպել կրթահամալիրի Բանգլադեշում  և Ծաղկաձորում՝ մեկտեղելով-երրորդելով հայրենապատումը, ձմեռային էկոտուրիզմը և ստուգատեսները ճամբարային… Դիտեք մեր Ավագ դպրոց վարժարանի Մարինա Մնացականյանի «Նրանք բարձունքին են» հեղինակային հաղորդաշարի Վանո Սիրադեղյանին  նվիրված հաղորդումը՝ համոզվելու համար, որ բարեխիղճ-նպատակասլաց ուսումնական աշխատանքով (երեքը մեկում)՝ մոբիլ-ստեղծական միջավայրում բարձունքը բարձունքի ետևից կարելի է նվաճել…
Լավ չէր լինի, որ ճամբարային առաջին օրվա ծնունդ էսսեներ «Երեքը մեկում» օրագրային նախագիծն ավարտվեր, մեկ օրվա կյանք ունենար… Կեցցե´ mskh.am շնորհավորողն ու Նառա Նիկողոսյանը՝ իր ծննդյան օրով… Տեսեք՝ էլի երեքը մեկում՝ միշտ երեխա, հմայիչ կին ու սիրելի ընկեր Նառա…

Ես ձեզ խոստացել էի ու սիրով կատարում եմ խոստումս՝ շարունակում եմ իմ երեկ սկսած պատումը՝ հեղինակային կրթական ծրագրի տնային աշխատանքի զարգացումների մասին, որ, իմ համոզմամբ, հեղաշրջող ընթացք ունի… Պետական կրթական ծրագիրը, որն այսօր էլ իրականացվում (մշակվում, հաստատվում, կազմակերպվում է ԿԳ նախարարության կողմից) ՝ հանրապետության 1300-ից ավելի հանրակրթական դպրոցներում, ունի, ստեղծել է իր տնային աշխատանքը՝ պարտադիր ու… կամայական. սրանց չափն ու ձևը չեն կարգավորված ո՛չ ՀՀ հանրակրթության մասին օրենքով, ո՛չ հանրակրթության պետական չափորոշիչով, ո´չ այլ նորմատիվ իրավական ակտով. ուսուցիչն ու դպրոցն են տիրում այստեղ, անհսկելի-անպատժելի տնօրինում են սրանով սովորողի, ընտանիքի կյանքի ժամանակը նաև դպրոցից դուրս՝ արտադպրոցական շրջանում: Մեր հեղինակային կրթական ծրագիրը երկար ժամանակ երկնչում էր, չէր հանդգնում ուսուցման-դաստիարակության-կրթության իր գործին համապատասխան տնային աշխատանքի կազմակերպում ունենալ… Տարբեր կիսատ-պռատ շտկումներով մենք մեր ուսուցչի ձեռքին էինք թողնում այս անհարգանքի ու վախի գավազանը… 2014-15-ում այսպես չէ. սովորող-ծնողն են տնային աշխատանքի պատվիրատուն, սրանով սովորողի աշխատանքը տանը ձեռք է բերում լրացուցիչ կրթության (կրթական ծառայության) կարգավիճակ, սովորողը սրանով ինքնուսուցման-ինքնակրթության նոր, մինչ այս իրեն չպատկանող ժամանակի և ուժային տարածքների տեր է դառնում… որպես սեփականություն տիրապետելով իր կյանքի արտադպրոցական ժամանակին… Ճամբար-ստուգատեսները, որ նախատեսված են և իրականացվում են հեղինակային կրթական ծրագրով, ուսումնական օրացույցով, սովորողի դպրոցական գործունեության այնպիսի ձևեր են, որ խթանում են ընտանիքով (խմբային) ստեղծական աշխատանքը՝ ընտանիքով իրականացվող ուսումնական նախագծերով՝ սկսած 2 տարեկանից… Սրանք գրավիչ-հարմար-բաց հարթակներ են հանրակրթության բոլոր մասնակիցների՝ ուսուցիչ-սովորող-ընտանիք-հասարակություն (իր ակտիվ խմբերով ու անդամներով) հանդիպման, կրթական ծրագրի միասնական ընկալման, մեկնաբանման ու համերաշխության հաստատման համար: Լիուլի օգտվենք 2015-ի հունվարի ընձեռած հնարավորությունից:

Առնոլդ ու Աննա Բլեյաններն ինձ հանկարծակիի են բերել, ահա, 2012թ. այս հրապարակումով. եթե հետաքրքրի, արժեր և թարգմանել, իսկ այսպես, փորձի համար… տեսնենք՝ ով կկարդա… Հրապարակումը ծնվել է, երևի, 1992-ի նոյեմբերին Բաքու իմ աղմուկ հանած այցով, որ մոռացության, տեսնում եք, չի տրվում, ոչ միայն Հայաստանում: Հրապարակումը իմ այցի 20 ամյակի առիթով է… Հոդվածի փաստական անճշտությունների մասին դժվար է հիմա խոսելը. ո´չ հնարավոր է թվում, և ո´չ էլ արժեք ունի: Հատկապես, որ կենդանի չէ շատ սիրելի թարգմանիչ-հասարակական հայտնի գործիչ Անահիտ Բայանդուրը, ով ծանոթ էր հոդվածում նշված և´ Սաբիր Ռուստամխանլիին, և´ լիտվացի լրագրողներին: Երևանում Բաքվի այցից օրեր հետո ես լիտվացի լրագրողներին տվել եմ մանրամասն ռադիոհարցազրույց, որի օրինակն ուներ Անահիտը… Այնտեղ էին շատ մանրամասներ, որոնք 1992-ին և´ թարմ էին, և´ կարևոր էին թվում: Չնայած 1992-ի «Ազգ» թերթի իմ ամենաշատ կարդացված-թարգմանված, ինձ անուն ու հայհոյանք բերած «Երբ շատ դժվար է, դիր փափախդ առաջդ ու խորհիր» նոյեմբերի հոդվածում կարևոր ամեն ինչի մասին գրել եմ՝ անմիջական ու անկեղծ… Բաքվի պաշտոնյաներին իմ այցելության հետ կապված սրբագրումները, եթե անգամ դրանք միտումնավոր են արված, անմեղ են թվում, այն վախկոտության կամ դավաճանության դիմաց, որ կատարեցին հայտնի նամակ-դիմումը ստորագրած ՀՀԳԽ պատգամավորները: Ես Բաքվում էի, նրանց ստորագության թանաքը դեռ չէր չորացել, բայց տասնյակ պատգամավորներ հրաժարվում էին իրենց ստորագրությունից: Բաքու կատարած իմ այցից 20 տարի անց  էլ, հիմա էլ… թացանում են իմ աչքերը (արտասվում եմ) ամեն մի զոհված տղայի հետ. նրանք բոլորն իմն են ու այս ողջ ընթացքում էլ շարունակել են զոհվել: Հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմը չի ավարտվել, բարեկամներ, հիմա այն ավելի նենգ-խարդախ-ծածուկ դրսևորումներ է ունենում՝ շարունակ խորանալով-խճճելով… Հիմա ես հաճախ եմ ասում՝ չգիտեմ: 1992-ին ավելի տեսանելի էր ամեն ինչ… Իսկ Լիտվայի լրագրողներին ես հանդիպել եմ իմ կյանքում երկու անգամ՝ մեկ 1990-ի փետրվարին՝ Ռիգայում, հայ-ադրբեջանական բանակցությունների ժամանակ՝ Հայոց համազգային շարժման վարչության պատվիրակության կազմում, և 1992-ին՝ Երևանում՝ Բաքվից վերադառնալուց հետո… Հիմա արժե խոսել միայն մի բանի մասին՝ հակամարտության կարգավորման այսօր առաջարկվող լուծումներից, նախաձեռնություններից. օրվա հոգսը բավ է օրվա համար:

– Դավիթ, քանի՞ տարեկան ես, – հարցնում է Արմինե մայրիկը…
– 3 տարեկան, – կտրում է Դավիթը:
– 3 տարեկան, 1 ամսական, 6 օրական, – ճշտում է մայրը…
– Չէ, չեմ ուզում, միայն 3 տարեկան եմ ուզում…
Ինչո՞ւ այսքան կտրուկ, չգիտեմ: Սա այն Դավիթն է, որ ամենից շատ խնձոր է սիրում, իսկ ամենաքիչը՝ ֆոտոապարատ… Եվ ինքը ճիշտ է՝ խնձորն ուտելու համար է, իսկ ֆոտոապարատը նկարվելու գործիք է, որի օբյեկտիվում է ծնված օրվանից սրտակեր Դավիթ Բլեյանը:

– Իսկապե՞ս ձեր նախակրթարանները մասնակցում են բնագիտատեխնիկական ստուգատեսին… Հետաքրքիր է, ինչպե՞ս, ի՞նչ պիտի անի ձեր Դավիթը՝ իր խմբով, – գրում է օրագրի հարգելի ընթերցողը՝ իմ էլ. փոստին…
Սա այն դեպքն է, որ ես ուզում եմ միայն որպես հայրիկ պատասխանել… Արտագրեմ, նախ, ձեզ համար այն, ինչ ես ստացել եմ իմ Դավթի խմբի (2-4 տարեկաններ, Դպրոց պարտեզ) դաստիարակ Կարինե Խառատյանից՝ որպես տնային առաջադրանքի ուղեցույց:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Բնագիտատեխնիկական ամենամյա երկրորդ ստուգատես 2015
2- 5 տարեկաններ

Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները տանը և խմբում:

Յուրաքանչյուր սան (ծնողի օգնությամբ) ներկայացնում, պատմում է իր խաղաշխարհի մասին.

  • Ինչ խաղալիքներով է խաղում, ով է նվիրել, որոնք են փչացել, ինչ են լինում փչացած խաղալիքները, հեծանիվները, սահնակները, ճոճերը և այլն:
  • Խաղալիքների խումբ, որոնք իրեն արդեն պետք չեն, և չգիտի ինչ անել:
  • Խաղընկերների հետ հավաքած խճանկարներ, մոդելներ, մակետներ, ռոբոտներ:

Եթե հետևել եք իմ վերջին շաբաթվա օրագրերին, ես էլ, Արմինեն էլ, տանը սրանով ենք զբաղված՝ մեզ գրավող ստուգատեսների տնային աշխատանքի կազմակերպմամբ… Եվ դա անում ենք աճող ոգևորվածությամբ, շաբաթ-կիրակի, առանց հանգստի, որը փոխանցվում է նաև Դավթին: Ահա, առավոտյան, լողացել-թարմացել, գուլպայի՝ կախարդանքով բերած կոնֆետներն ու փոքրիկ կոնստրուկտորը դրել է տոպրակի մեջ, կոկիկ հագնվել, ու միասին, ստուգատեսի մասին խոսք ու զրույցով, աճող անհամբերությամբ քայլում ենք դեպի ստուգատեսներ-ճամբարների աշխարհ կրթահամալիրս… Այսպիսի ոգևորվածությամբ, տենդով, վստահ եմ, համակվում են նորանոր սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ են:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

2015-ի քո ճանապարհը. գնանք այն ուղով, որը հենց մենք ենք կերտել

Առաջ ես շաբաթ-կիրակի, արձակուրդ-թաղում-հարսանիք ես չունեի, ողջը, գիտեք, աշխատանք էր, հասարակական-քաղաքական գործ էր իմ կյանքը: Հիմա այդպես չէ. տարիքն է, երևի: Կիրակին հաճույքով անցկացնում եմ տանը: Շաբաթ օրը ծեսի մեջ,

Սնահավատությունը լա՞վ է, թե՞ վատ․ գիր է․․․

Լավ նշան է, որ Առնո Բաբաջանյան փողոցից Մայր դպրոցի մուտքի մոտ քեզ դիմավորում են խանդավառ-ճամփորդական-մարզական ոճի երկու տասնյակ մանկավարժներ՝ կրթահամալիրի դպրոցների երկարօրյա ուսուցման 2018-2019 ուստարվա շուրջտարյա բաց ճամբարի կազմակերպիչները… Արմինե

Բարի կիրակի…

… Ոչ սովորական մեզ համար, բայց նաև առողջաբեր։ Մենք շարունակում ենք աշխատանքային դարձած մեր թիվ 304 սենյակից մեր բարեխիղճ առողջապահական աշխատանքը։