Նունե Մովսիսյանը մեր, անխոնջ-խաղաղված, ի՜նչ ճշգրիտ է ձևակերպել ուսումնական հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի… Ժամանակի ընթացք է, անգամ, ձեր գովական, քույրս կասեր՝ «мировой» տնօրենի վարչական իշխանությունից դուրս՝ օգոստոսի 19-ին օրացույցով սկսվում են շաբաթվա մյուս օրերը… Բարի գալուստ-դարձ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆիզիկական աշխարհ… Իհարկե, կան փոփոխություններ, բարելավումներ, համոզված եմ… Մեկ նախադասությամբ ասել եմ. «Ավելի շատ օդ, ջուր ու կանաչ»…

Ամբողջացավ կրթահամալիրի Հիմնական դպրոցը, ոչինչ չի խանգարում էկո-հանրակրթական միջավայրի մոդել ներդրումային ծրագրի մեկնարկի համար: Ծրագիրը Հիմնական դպրոցի ղեկավարի հետ կընտրվի բաց մրցույթով: Կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցները՝ իրենց նախակրթարաններով, բոլոր 5-6 տարեկանները դասարան-լաբորատորիաների ամբողջական խնամված տարածքներ ունեցան. այս օրերին լաբորատորիաների ղեկավար դասվար-դաստիարակները պիտի կարողանան գործիքավորել, բազմաբնույթ գրավիչ-անվտանգ ուսումնական աշխատանքի արհեստանոցներ դարձնել դրանք յուրաքանչյուր 5-6 տարեկան սեբաստացու համար: Ե´վ խիզախում, և´ երևակայություն, ևˊ կոնկրետություն պահանջող հեղինակային աշխատանք…

Գեղարվեստի ավագ ու կրտսեր դպրոցները միացան՝ որպես Գեղարվեստի դպրոց… ներքին՝ բաժանող պատերն այլևս չկան… Մնում է վերացնել նաև բոլոր սահմանները ներքին ու տաբուները, որ տարատարիք սովորողների գեղարվեստական գործունեության համար մեծ ներուժ ունեցող շենքը՝ իր բակով, նախընտրելի դառնա քաղաքի, քաղաքամերձ գյուղերի շատ ավելի մեծ թվով երեխաների համար՝ և´ հանրակրթական, և´ լրացուցիչ կրթական արդիական ծրագրերի-նախաձեռնությունների-նախագծերի համար՝ երազած փորձարարական դաշտ…

Նորացավ մեր Նոր դպրոցը՝ վերջնականապես ազատվեց խորհրդային տիպային մանկապարտեզի շենքի ֆիզիկական միջամտությունից, դարձավ մեկ՝ իր բակով ու ներշենքային անցումներով… Ամենամեծ ու ամբողջապես նորոգված նախակրթարանն ունեցավ կրթահամալիրում…

Ամառային պարտեզի երեքշաբթին Նոր դպրոցի նախակրթարանում: Լուսանկարները` Անահիտ Գևորգյանի:

Քոլեջ-արհեստագործականն ավելի հասկանալի դարձավ որպես քոլեջ՝ իր ընդարձակվող նախակրթարանով՝ որպես դաստիարակի պատրաստման ամբողջական միջավայր, ներսով-դրսով…

Արդեն տեսանելի է, որ կրթահամալիրը, իր պահեստի վերածած տարածքների արդիականացմամբ, կունենա հանրապետությունում եզակի հեծանվային ակումբ, Հայրենագիտական ուսումնական ճամփորդությունների կենտրոն, ձիավարժարան ու նետաձգարան՝ անհրաժեշտ նյութական միջավայրով… Հոգնեցի այս հաշվետվությունից՝ օրագիր չդարձավ…

Նիկոլ Փաշինյանի-Աննա Հակոբյանի սպասված 4-րդ երեխայի՝ երեկ դեռ անանուն աղջնակի ծնունդը պիտի խառներ իմ օրը պլանավորված… Ինչ լա՜վ եղավ. ես հայտնվեցի Իջևանում՝ մեծ խնջույք-աչքալուսանքի մեջ… Ինձ, Նիկոլի հայր ու իմ ընկեր Վովային, հրամանատար Սասուն Միքայելյանին հանած՝ խնջույքի մեծաքանակ ներկաները՝ բոլորը մի սերունդ են՝ մեր երեխաների սերունդը… Ես, գիտե՞ք, ինձ լավ եմ զգում այսպիսի «հասակակիցների» ընկերակցության մեջ… Բոլորս ենք ոգևորված, բայց Նիկոլի ոգեշնչումն է, որ պատմելու բան է… Ես ինձ լավ եմ զգում, այնքա՜ն լավ ու իմ տեղում,  որ կարելի է լռել ու վայելել… Մի թեմա կա՝ ծնունդը. Նիկոլի չորրորդի՝ հերթականի, Նիկոլի ջահել քաղաքական ընկերների առաջնեկների, այս տարի դեռ ծնվելիքների ձևով… Ես անհոգնել ասում եմ. ծնունդով կարելի է Հայաստանը պատած յոլայի-գաղթի փակ շրջանը հաղթահարել… Ծնունդները առաջնեկների, թե հասուն տարիքում, կայացած ընտանիքներում 3-րդ, 4-րդ երեխաների ձևով, հասարակական կյանքի հնարավոր փոփոխությունների փաստի ցուցիչներն են…

Ամառային ճամբարը Նոր դպրոցում շարունակվում է: Լուսանկարները` Անահիտ Գևորգյանի:

Ես, գիտեք, քեֆի բան չեմ. աղմուկից մարդկային ֆիզիկապես հոգնում եմ: Ի՜նչ ուշադիր եղավ սերունդն իմ նկատմամբ… Նրանցից հասարակությանն արդեն հայտնի Ալեն Սիմոնյանն ինձ ու Մարիամ Փաշինյանին իր մեքենայով բերեց Երևան… Ա´յ, այսպես, մենք ժամ ու կես կարևոր հաղորդակցություն ունեցանք… Հիմա Ալենը շտապում է կնոջ՝ Մարիամ Մարգարյանի մոտ, ով մի քանի օրից առաջնեկ լույս աշխարհ կբերի… Ալենը մեքենա վարել սիրում է. ինչպես ինքն ասաց, սիրում է կողքին նստեցնել երիտասարդ Մարիամին ու հեռանալ քաղաքից… պարզապես… մինչև Թբիլիսի…

Մարիամին ու Ալենին ես վաղուց եմ ճանաչում. Մարիամն Արմինե Օհանյանի կրտսերն է՝ նրա երկար ընկերությունն Ալենի հետ, տեսեք, անբաժան դարձրեց 2 գրավիչ-հասուն երիտասարդների. ընտանիքի ընկերության միասնացման ու շարունակության ձևը եղավ…

40 եվրոպացի հեծանիվները, երկու կրթատարիքային փուլերի համար նախատեսված, արդեն կրթահամալիրում են: Լուսանկարները՝ Էրիկ Գրիգորյանի:

Մարիամ Փաշինյանն Իջևանում էր՝ իր եղբայր Աշոտ Փաշինյանի հետ Թբիլիսի վերադարձին… Օգոստոսի 24-ին Մարիամը մեկնում է Լատվիա՝ Տարտուի նշանավոր Դորպատի համալսարանում ուսանելու… Խաչատուր Աբովյանի հետևի՞ց, Մարիամ… Հայաստանում Ամերիկյան ու Տարտուի համալսարանների միջից Մարիամն ընտրեց Տարտուն, և լավ արեց: Մենք՝ Ալենի հետ զգույշ մեր փորձն ենք փոխանցում, վստահություն հաղորդում հանկարծ հասունացած Մարիամին, ում տարբերությունն իր նոր ծնված քույրիկի հետ 17 տարի է, ճիշտ նույնքան, որքան Շուշան Բլեյանինն ու Դավթինը Բլեյան… Նիկոլն ու ես երեխաների թվով հավասարվեցինք… Հետո՞… Մենք փաթաթվում ենք՝ ամեն ինչ առջևում է. Աննա Հակոբյանը, ինչպես և Շուշան Փաշինյանի դասվար Սաթենիկ Սիմոնյանը, մեր խոսակցության առանցքում են, Աննան այստեղ՝Իջևանում, 18 տարի առաջ հարսանիքին խոստացավ 4 զավակ պարգևել իր ընտրյալ Նիկոլին. ես ոչ միայն հիշում եմ, այլև շարունակում եմ հիշեցնել… Այ, այսպես, ժամանակակից կնոջ հատկանիշ՝ միշտ ամուսնու կողքին, միշտ բազմազբաղ…

Խորհրդանիշ է և մեր քոլեջ-մանկավարժականի շրջանավարտ, գեղեցկուհի Սաթենիկը Սիմոնյան… Խոստացավ ամուսնուն Մհեր պարգևել ու գործեց երկու իր նման՝ սաթի-կաթի նման աղջնակներից հետո… Ինչո՞վ Հայաստանի հանրապետության խորհրդանիշ չէ նաև իմ ու Նիկոլ Փաշինյանի ընկերությունը, որ որպես փորձություն՝ անցավ քսան տարվա թոհուբոհի միջով ու դիմացավ… Մենք, տեսեք, միասին ենք որպես եղբայրներ…

#424

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպես, անիվների վրա, մենք նույն սերունդն ենք…

Ամենահեշտը, իհարկե օրագրի Դավթապատումը կարող է լինել. մնում է չծուլանալ, չալարել` լսեցի եղբայր Ստեփանի ձայնը, անմիջապես գրանցել Դավթի խոսքը, ասածն ու արածը… Պատմելով չէ: Երբեմն, դա չեմ անում,  ինչպես երեկ

Բաբելոնի աշտարակաշինության խառնակչության մեր այլընտրանքը…

Բազմալեզու ուսուցմամբ ավագ դպրոց՝ իր ակումբային գրավիչ միջավայրով, գործի հեղինակ հասարակագետ-օտար լեզվի ընկեր ուսուցիչներով, ստեղծարարության ազատությամբ…