Ես չգիտեի. Էմանուել Ագջոյանը մեր իր սքանչելի տիկնոջ՝ մեր Անահիտ Գրիգորյանի հետ հետևում է իմ օրագրին, Դավթապատումին… Էմանուելի կլոն Յուրայի օրագիրն այն մանկավարժական արժեքներից է, այն կենսափորձը, որ մեդիահմուտ սեբաստացի սիրող զույգի ձեռքին ի՜նչ գրավչություն կհաղորդի մեր Նոր տարուն… 2015-ի մեր հերոսները պիտի վարեն մեր «Պարտեզ»-ի և «Դպիր»-ի ամենաընթերցվող-կարևոր էջեր-խորագրերը, որի հղումների ամբողջականության ու ճշտության պատասխանատուն Աիդան է Պետրոսյան…

Տունդարձին իջանք գլխավոր պողոտայի նոր հրապարակը՝ նորոգ-լույսերի մեջ կորած… Վերևում՝ կապույտ երկնքում, լուսինը պայծառ… Ագռավները՝ այդ ֆոնին… Դավթի տրամադրությունը հազար է՝ կուշտ քնած՝ պարտեզում, տաք հագուստով… Զբոսնում ենք… երկուսով՝ հայր և որդի-թոռ…
— Ինչպե՞ս է, որ ագռավները չեն վնասում լուսնին… Խի՞ լուսինը չի ընկնում ցած… Ինչպե՞ս է պահվում երկնքում…
Քիչ այն կողմ ոստիկանական երկու ավտոբուսներ են, հրապարակում՝ խմբերով կանգնած ոստիկաններ…
— Խի՞ են այսքա՜ն շատ ոստիկանները, ինչո՞ւ են այստեղ, այս ժամին հավաքվել, պապ…
— Ինչո՞ւ ես ինձ հարցնում, Դավիթ, ես որտեղի՞ց իմանամ, մոտեցի՝ հարցրու…
— Չէ, չեմ հարցնի. ինձ գողի տեղ կդնեն, կբռնեն… գործ չունեմ: Պա՛պ, իսկը Քաջ Նազարի գիշերն է, քարվան կտրելու եղանակ…
Ու պատմեց՝ մինչև տուն հասնելը, մեր տան աստիճաններով դանդաղ վե՜ր, Թումանյանի լեզվով՝ Քաջ Նազարի և Ուստիանի պատմությունը… Այսպես են կենդանի լեզու սովորում…
— Ինչո՞ւ ագռավները կան, իսկ ծիծեռնակնե՞րն ինչ եղան… Պաˊպ, ինչո՞ւ առաջ լույսը շատ էր փողոցում, իսկ հիմա այստեղ մութ է, բան չի երևում… Պապ, ինչո՞ւ չեն անջատում լապտերները փողոցում, երբ այսպիսի պայծառ լուսին կա:

Կրթահամալիրի դպրոցների տոնական ձևավորումները:
Լուսանկարները` Անի Աճեմյանի:

2015-ի դեկտեմբերի 22-ին մեր սերմնադարան-սածիլարանի մեկնարկն էր Քոլեջում։ Իսկ ինձ, տիար Գևորգին, հիմա ապաքինվող Կարիեն Պետրոսյանին, մեզնից շատ՝ Հրաչյա Առաքելյանին, անչափ զբաղեցնում է հայրենագիտական-արշավական ակումբի (կայանի, սրահի) օր առաջ բացումը… Ինձնից ոչ քիչ՝ Մարթային ու Էմանուելին՝ մեր հայրենագետ բնապահպաններին ու նրանց ակումբական սաներին… Ուրեմն ի՞նչն է խանգարում, բարեկամներ, որ ձմեռային ճամբարի ծրագրով՝ որպես հիշարժան Ձմեռ պապի՝ 2015-ի զարդ-նվեր, այն հանդիսավոր բացենք, ասենք, դեկտեմբերի 25-ին՝ ժամը… որոշեˊք… Այսօր տիար Հրաչի նախաձեռնությամբ ու հին թունդ հայրենագետ Գևորգ Հակոբյանի ընտրությամբ, տեսա՞ք՝ Ձմեռ պապին ի՜նչ արշավական գույք է ուղարկել… անգամ, ձկնորսական՝ էլ փչովի նավակ ու ներքնա՜կ… Չեմ փչում, ես երբեք ձկնորս չեմ եղել կամ որսորդ… Իսկ արշավելու համար խելքս իմը չէ…

Իմ փոստում մեր Լուսինե Բուշի ուրախ լուրն է. «Հարգելի տիար Բլեյան, ստացանք Իզմիրի ճամբարի հերթական հրավերը»: 2016-ի հուլիսի 24-30-ը կրթահամալիրի տիեզերագետները 6-րդ անգամ կմասնակցեն ՆԱՍԱ-ի ամենամյա միջազգային տիեզերագիտական ճամբարին։

Կառուցվող ձիանոցից դուրս գալիս՝ մի բոլ գովեցի վարպետներ Քաջիկին ու Օնիկին՝ տանիքը հուսալի նորոգելու և փայտե պատուհանները տեղադրելու համար. ձիանոցում արդեն տաք է և լուսավոր, ու ողջ ձմեռ կարելի է աշխատել, կառուցումը մինչև Նոր տարվա մարտ ավարտել, տաքերի հետ, վերջապես, ձի քշել, թե չէ՝ հեծանիվ ու հեծանիվ…

[youtube https://www.youtube.com/watch?v=XLgCSdXGNgs?rel=0&controls=0&showinfo=0]Իմ ականջն ընկավ Դպրոց-պարտեզից եկող տղայական աղմուկ ու ձայն.
— Ընկեր Քրիստինե, էս կողմ…
Ես շտապեցի, ու ընկա իմ դպրոցական մանկության դեռահասության շրջան… Չորրորդ-հինգերորդ դասարանցի տղաների մեծ խումբ՝ երկու թիմի բաժանված, Քրիստինե Հովսեփյանի երկարօրյայի սաները, նրանց մեջ՝ Արմենը Մարտիրոսյան, իմ քրոջ տղա Մարկը Թադևոսյան… գնդակ են տշում, ֆուտբոլ են խաղում, նրանց հետ՝ և ոգևորված Քրիստինեն… Սիրեցի… Տղերքը, դեկտեմբերին, գնդակ պիտի տշեն, մրցեն՝ ինքնամոռաց, բա էս երկարօրյա կոչվածի հմայքը ո՞րն է, բա էս հարմար-անվտանգ ծովի ավազով դաշտերն ինչի՞ ենք սարքել… Մենք 1960-ականներին Տերյանի անվան դպրոցի բակում, հենց դասերը պրծնում էին, կամ ազատ ժամ էինք ունենում, կարմիր վզկապները դնում էինք գրպաններս, չգիտեմ՝ որ ծակից գնդակն էինք հանում ու ասֆալտի վրա, մի քուչա տեղում ինքնամոռաց… ես, անգամ, մեղա-մեղա, իմ մորն էի մոռանում, նրա վախը

Դավիթապատում:

Դավիթ Բլեյանն առավոտ, երբ հագնված պատրաստ պիտի դուրս գար, վճռական մոտենում է իր խաղ-խաղալիքների պահարանին.
— Տեսնեմ՝ ընկերներիս ինչե՞ր եմ տանում…
— Տեսնենք-տեսնենք,- ոգևորում եմ ես,- եթե տանելու ես, ետ բերես, ընկերներիդ վրա էլ շառ-շուռ անես, ոչ էլ տար…
— Ոչ մի հետ բերել. էսքա՜ն ունեմ, ինձ բերել են, ես ընկերներիս եմ տանում…
Օրվա վերջին իմացա, որ իր «ծաղկած» ընկեր-ընկերուհիներից գեղեցկուհիներ Ալինան, Վարդը, մեր հոգեբան Արևիկի տղան՝ Արմինեի հերոս Ալեքսը, վերադարձել են խումբ՝ ընկերների խումբը լրիվ է. գուցե այս լրացումն է այսքա՜ն մարդասեր դարձրել մեր հերոսին… Լցնում է տոպրակը, անգամ, ինքնաթիռներով… Արմինե մայրիկը.
— Գոնե սրա՜նք մի՛ տար, ես շատ եմ սիրում…
— Իրենք էլ են սիրում… Տանում եմ, հետ չեմ բերելու… Ինչո՞ւ բերեմ… Խմբում կխաղամ… Տանը ես ուրիշ գործեր ունեմ անելու…
Մեծացել է մեր տղան՝ էս դեռ հին, անցնող տարում՝ առանց Նոր տարու ու Ձմեռ պապի…

Իսկ Դավթի տիար Հրաչյա Առաքելյանի հետ Գևորգը ստանձնում է ձմեռային սահադաշտի նախագիծը, կառուցումը։ Ձյուն չկա՝ չկա, գոնե մեր ձմեռային ճամբարը հունվարին սառցադաշտ ունենա։ Սա էլ հո չե՞նք թողնի Ձմեռ պապի վրա։

5 տարեկանների «Դեկտեմբերիկ» նախագիծը Մարմարյա սրահում:
Լուսանկարները` Անի Աճեմյանի:

Ֆոտոխմբագիր՝ Անի Աճեմյան
# 534

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես լ ուսնից չեմ վախենում

Իմ բոլոր ջանքերը՝ Դավիթ Բլեյանին մինչև ժամը 8.00 արթնացնելու, հաջողության չունեցան: Մարդը կիրակի չքնածը խորը-խորը հիմա է քնում. ո՜ւր ունի շտապելու, իրեն ինչ, որ հայրիկն էլ, մայրիկն էլ ժամով կապված են

Իմ գիրը, որպես մրմունջ հանգիստ…

Թո՛ղ, Խաչատո՛ւր… Դուք Չարենցի «Դեպի լյառը Մասիսը» նորից կարդացեք, այնպես ինչպես ես հիմա՝ առտու 5-ին, երբ ոչ մի կերպ չեմ հաղթահարել մոլուցքը, …. երբ ինքը մի գյուղացու Ուզում էր սառցապատ

Գեղեցիկը վարակի պես… մեր բաց ցանցով պիտի տարածվի

Բուռն էր օրը երեկվա. սպասելի էր, ես պատրաստվել էի խաղաղ-ընտանեկան կիրակիով… Սիրում եմ, երբ Դավիթը Բլեյան երկար-անշտապ իր կիրակիի մի մասն անցկացնում է լողարանում ու ինձ մեկ ու մեջ հրահանգում.