Վազգեն Սարգսյանի հետ իմ դեմառդեմ հանդիպումը, հարաբերությունների նոր մակարդակի առերեսումը կայացավ 1998-ի փետրվարին… Մինչ այդ, 1995-1997-ին, ընդամենը երկու տարում, Վազգենը  փաստացի թիվ մեկ իշխանություն էր դարձել. մեկուսացրել-վնասազերծել-ֆիզիկապես իրենից կախված էր դարձրել Վանո Սիրադեղյանին, ծպտյալ-բացահայտ մեծ ներկայություն ուներ իր մասնակցությամբ ձևավորված 1995-ի խորհրդարանում, վճռական՝ տանկով էր իր խոսքն ասել ՀՀ նախագահի իրական հավակնորդ Վազգեն Մանուկյանին ու հայաստանյան հասարակությանը, իրենով էր արել 1996-ին ձևավորված տեղական իշանությունը… Լևոն Տեր Պետրոսյանը, այսպիսով, նոր կառավարությունը ինքնուրույն ձևավորելու հարցում ցուցադրեց իր անկարողությունը…. Հանրապետության 1995-1998թթ՝ քաղաքական կոչված զարգացումների կամ «հանուն իշխանության՝ ամեն գնով» քաղաքականության մասին կարդացեք իմ առաջիկա գրերում. ես անընդհատ եմ իմ գործողություններում, մի՛ կասկածեք։

Այդ շրջանում Վազգեն Սարգսյանի հետ տարբեր առիթներով ու նշանակությամբ միշտ կարճատև հանդիպումներ եղել են, իհարկե… Զոռում էր անընդհատ, թե նախկինը չեն մեր հարաբերությունները, անընդհատ լարումը մեծանում էր, խորանում էր օտարումը, անհասկացողությունը, ակնհայտ էր դառնում տարբեր դիրքերում լինելը։ Վազգենն արդեն ամեն ինչ գիտեր, որոշել էր, գնում էր որպես մարտի դաշտում առաջադրանք ստացած (ունեցող) տանկիստ, որ իր տանկի թրթուրների տակ էր թողնում ճանապարհին հանդիպող-կանգնած ամեն ինչ…

ՀՀ նախագահի 1998թ. արտահերթ ընտրություններում ես քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվեցի-գրանցվեցի ՀՀ նախագահի թեկնածու։ Թեկնածուների թվում էին 1997թ. ՀՀ վարչապետ դարձած Ռոբերտ Քոչարյանը, հասարակական պահանջով մեծ քաղաքականություն վերադարձած Կարեն Դեմիրճյանը, 1996թ. նախագահական ընտրությունների գլխավոր ֆավորիտ Վազգեն Մանուկյանը, ԴավիթՇահնազարյանը, Վիգեն Խաչատրյանը… 12 անձ։  ՀՀ ընտրությունների կենտրոնական հանձնաժողովում Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ նախագահի թեկնածուների հանդիպումը… Փաստն ինքնին, որ ընտրությունների շրջանում ընտրությունների գլխավոր գրասենյակում Վազգենն օրը ցերեկով այդպիսի հանդիպում է կազմակերպում, ցուցադրում էր, թե ով է ընտրությունը անցկացնում. ո՛չ ՀՀ Օրենքը, ո՛չ ՀՀ օրենքով որոշված պետական մարմինները։ Թեկնածուների արձագանքը պատշաճ չեղավ կատարվածին. պարզվեց, որ ամեն մեկն իր շահերն ունի, հասկանալի է, բայց իրենց հարցերը որոշել էին լուծել առանձին՝ ակնկալելով նաև Վազգեն Սարգսյանի աջակցությունը… Ես, իհարկե, ասացի՝ ինչ եմ մտածում Վազգենի այդ նախաձեռնության, կատարվածի մասին, մենք հրապարակային գոռգոռոցով առանձնացանք, և ես տեսա 1996-ի Սևանի ափի այլայլված, ինքնատիրապետումը կորցած մարդուն, ում համար այլևս մեկ էր՝ ով ով է. ես կանգնած էի տանկիստ Վազգենի դիմաց…

 

Հիշում եք՝ 1999-2001թթ երկու տարի երկու ամիս ես անցկացրել եմ ազատազրկման մեջ, Նուբարաշենի քննչական մեկուսարանում: Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան «Միասնություն» անունով ընտրական դաշինքը տպավորիչ հաղթել էր 1999-ի գարնանը, հաղթել էր ԱԺ ընտրություններում, Կարեն Դեմիրճյանը ԱԺ նախագահն էր, Վազգեն Սարգսյանը՝ խորհրդարանի ճնշող մեծամասնություն ունեցող վարչապետը, Սուրեն Աբրահամյանը՝ ներքին գործոց նախարարը: Իսկ ես… բերդում… քաղաքական բանտարկյալի ճանաչում ստացողի կարգավիճակով: Ես անձնական նամակով դիմել եմ նրանցից յուրաքանչյուրին, կոնկրետ-փաստարկված ներկայացրել եմ 1993-1998թթ իմ գործունեությունը կրթահամալիրի տնօրենի և նախարարի պաշտոնում, անհիմք-անապացույց քրեական գործ կոչվածի սարքած մեղադրանքները… Արմինե Օհանյանը՝ իմ կինը, ում շնորհակալ եմ միշտ, նամակը փաստաբանի միջոցով ստանալով՝ որքան դժվարություններ է քաշել առանձնազրույցի իրավունքի, նամակը ներկայացնելու համար… Վազգենը կառավարության շենքում՝ իր կաբինետում ընդունել է հարգալից, ուշադիր կարդացել է նամակը, հուզվել մարդկայնորեն…
– Բլեյանը թող սպասի, իր հերթն էլ կգա,- փոխանցել էր ամենակարող Վազգենը… ով կյանքի, իրադարձությունների հերթն էր որոշում, կյանքի ընթացքը, իսկ ինքն այնքան անպաշտպան էր, ինչպես օրեր հետո բացահայտ դարձավ, այն էլ խորհրդարանի դահլիճում… Գրիգոր Խաչատրյանի հորինած պատահականությունների պլանավորման ազգայի կենտրոնի շարքային շահառու… Բայց այս մասին ես գրել եմ հենց այդ օրերին՝ 1999-ի նոյեմբերին: Կարդացե՞լ եք:

Մինչև քեզ
քանի բանաստեղծություն է մնացել…
«Սպասող մարդու օրագիր» շարքից

Հետգրության փոխարեն

Երեք դիտարկում, թույլ տվեք, որպես Վազգենի ծնունդի առիթով իմ երեք գրի՝ մարտի 5-ի, 6-ի, 7-ի գրերի: Երեքն էլ կարդացեք, եթե պիտի լսելի կամ մեկուսի արտահայտվեք… խնդրում եմ, ամբողջականության համար:

  1. Գեներալ դը Գոլի պնդումը՝ կա՛մ ինձ ամբողջապես վերցրեք, կա՛մ հանգիստ թողեք, ճիշտ է, իհարկե, Վազգենի նման անհատականության համար: Սա մեկ:
  2. Հայերիս մեջ արմատավորված «գնաց չպրծա՜վ» կամ«լավ, մահացածին հանգիստ թողեք»-ը ինձ մերժելի է որպես մոտեցում, առավել ևս այնպիսի զորեղ անհատականության, արդեն հիմա որպես պատմական դեմք հանդես եկող Վազգենի դեպքում:
    Միմյանց խնայել պարտավոր են ապրողները, կենդանի մարդ ենք, չէ՞… Հայտնի փիլիսոփա, համարյա  ժամանակակից Կարլ Յասպերսը պատվիրում էր հանուն ճշմարտության անխնա լինել, քանզի ճշմարիտի համար  պայքարը պայքար է սիրո համար: Ես սիրով պատմեցի: Վազգենն իմ եղբայրն է:
  3. Եվ երրորդը, կամ միակը, որ Պատվիրան է՝ մի՛ դատիր…

Ես ընդամենը պատմում եմ սիրով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անհատականության՝ փորձով ու համարձակությամբ լի կապոցներ….

Լիլիթ Բլեյանը գործերով դեռ Վիեննայում է՝ իմ խելացի-նպատակասլաց-հաջողակ մեծ աղջիկը: Ու իր կլոնը երեկ Մարմարյա սրահում էր… Որքա՜ն մեծացավ, օրիորդանում է Դպրոց-պարտեզի երկրորդ դասարանցի Սոնան… Հուզվեցի մեդիաուրբաթ-համերգին… Որքա՜ն ջանացինք ես, Դավիթն

SOS. անտառը օգնության է կանչում

Ահազանգում եմ՝ SOS, ու դրան համապատասխան քաղաքացիական նախաձեռնությունների եմ կոչում։ Արագ տարածվող, անկուշտ թրթուրը մոլեգնում է Հայաստանով մեկ։ Մենք՝ ուսուցիչների, սովորողների մեծ խմբով,  այդ թրթուրը տեսանք Վայոց ձորում՝ Եղեգիսի խոշորացված