Աշխատանքային հագեցած օր Հերմինեի քաղաքում, Սմբատի Տավուշի մարզում։ Ո՞վ կմտածեր, որ օրվա եղանակի մասին չեն հոգացել իմ աշխատանքային ընկերները, հրավիրող կողմը, ու օրը միգամած-անձրևոտ կլինի․․․ Անձրև ես սիրում եմ, ու հաստատվեց․ սազ է գալիս Իջևանին էլ, Տավուշին էլ։ Նախ՝ այցելեցինք Վովա Փաշինյանին, այստեղ է Նիկոլի ավագ եղբայր Արտակը։ Իջևանի այս տունն ինձ հարազատ է Նիկոլին ճանաչելու պահից, Վովան՝ իմ ավագ ընկերը։ Ես այս տանն անցկացրել եմ օրեր՝ անջնջելի տպավորություններով։ Եվ միայն երկարատև ապաքինումից հետո Վովային տեսնել-զրուցելու, մի սեղանի շուրջ նստելու, հիշելու, բոլ-բոլ ծիծաղելու համար պետք էր գալ Իջևան։ Ոչինչ, որ Աղստևի հայտնի ձկնորսը, ֆուտբոլի երկարատև մարզիչն առայժմ դուրս չի գալիս․․․ Վովան հանձնվող չէ, ձկների ու բնության կանչն էլ հանգիստ չի տա։ Միայն նրա համար պետք էր գալ Իջևան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անակնկալ այցը Դիլիջան խառնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի օրացույցը կեսօրվա, դրանով՝ և մերը։ Երկու ժամվա պատուհան առաջացավ, ու մենք շահեցինք Աչաջուրը՝ Սարո Սարուխանյանի ծննդավայրն իր անկրկնելի Մակարավանքով։ Մակարավանքը անձրևի, մեգ-մշուշի մեջ գտել էր, չէր կորցրել․․․

Հունիս-հուլիսյան քանդակագործության-ճարտարապետության բաց փառատոնը չենք ուզում՝ շրջանցի Իջևանը․․․ Հայտնի նկարիչ-արվեստաբան Սարո Սարուխանյանի կազմակերպած 1985-1992թթ քանդակագործության ամենամյա փառատոնը Իջևանում՝ իր թողած հետքերով՝ քանդակների հայտնի պուրակով, որի վերականգնման համար պետք եղավ ևս մի փառատոն։ 2013-ին էր դա, ու մասնակցեց նաև կրթահամալիրի Գեղարվեստը՝ Լուսինե Մանուկյանի, Արման Գրիգորյանի, Հերիքնազ Գալստյանի, Սոֆյա Այվազյանի՝ ավագ դպրոցի սովորողների նախագծային խմբով, այնքան տպավորիչ էր, իր հետքերով․․․ Իջևանի Անկախության փողոցի երկայնքով, մարզադպրոցի պատին իր ներկայանալիությունը չկորցրած գունանկարներով․․․ Ամեն մեկը՝ մի-մի պատմություն․․․ Սարո Սարուխանյանի նշանավոր նախագծով ստեղծված, մեր սովորողների շոշափելի մասնակցությամբ վերականգնված քանդակների պուրակով քանդակ առ քանդակ Սմբատ Պետրոսյանի ու Քնարիկ Ներսիսյանի ֆոտոօբյեկտիվով անցնում ենք․․․

Աղստև գետը՝ իր հովտով, Գետիկի հետ իր գրկախառնումով, իր Իջևան քաղաքով, պատմել եմ, այս անձրևով ուժեղացրեց-նորոգեց իմ կապը։ Մնացածը կներկայացնեն իմ ուղեկից ընկերները՝ Հերմինեն, Սմբատը, Քնարիկը, որոնց հետ այնքա՜ն հեշտ էր, հարմար Իջևանում․․․

Միգամած Տավուշում․․․

Աշխատանքային հանդիպումը մարզպետարանում, մեծ խումբ ուսումնական հաստատությունների ղեկավարների, համակարգի աշխատողների հետ կայացավ․․․ Տավուշը՝ նոր հայտնի-եռանդուն-ընդունակ մարզպետով, թվում է, հնարավորություն է Հայաստանում մարզպետարանի՝ տարածքային կառավարման նոր ինստիտուտի փորձարկման-ձևավորման համար, և մեր ներկայությունը, գործընկերության հաստատումը դրա կարևոր վկայություններից է․․․ Հայկ Չոբանյանը վճռական է տրամադրված, մասնակիցները բազում կապերով կապված են ինձ, կրթահամալիրին, որքան էլ սկսում ենք մեր ծրագրերը սպիտակ թղթի վրա ձևակերպել, դրանք մեր համատեղ կյանքի շարունակությունն են։ Դժվար է չօգևորվելը։ Դիմացը ապրիլի 26-27-ի երկօրյա հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի լաբորատոր գործունեությունն է, որպես ստեղծագործական հավաք, ու Տավուշը դրան կմասնակցի հավուր պատշաճի։

Հանդիպում Տավուշի մարզպետարանում։

Հետդարձի ճանապարհը մենք անցնում ենք որպես Իջևան-Դիլիջան-Սևանով զբոսաշրջային գործակալներ։ Ոչինչ չի վրիպում մեր աչքից, ամեն ինչ մերն է, ու գրանցում ենք այն, ինչ տգեղ է, փչացրած, ենթակա մեր մասնակցությամբ վերականգնմանը։ Մեր զրույցում մարզպետի որդի միշտ սեբաստացի Հարությունն է, ով ամեն ինչ անում էր, որ մենք մեզ լավ զգանք, Գանձաքարն էր՝ Ուրթաջուր վարար գետով, հին ու նոր մարդկանց հետ մեր ջերմ հանդիպումներով, միասին աշխատելու մեր պատրաստակամությամբ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
#1624

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինքնուրույն, հարցերով սովորելու բնական մեթոդ…

Օրվա պատումն սկսեմ այնտեղից, որտեղ ընդհատել էի իմ երեկվա գիրը։ Սուրբ Ծննդյան առավոտ էր Երևանում, Հայաստանում։ Ճերմակ-փափուկ էր մեր շենքի շուրջ. ամենուր եկեղեցի՝ սրբազան պատարագի կանչ կար… Դավիթ Բլեյանն ինձ

Սրբազան վայրկյան՝ բռնկումով ու մահով… կանչող կարապներով…

Ինչպիսի՜ օր, որի ավարտին, երբ ուշացած (ի ուշացա՞ծ) գիրդ ես թողարկում (ի հատուկ), ականջս՝ Մարիետին Սիմոնյան, որ ինձ ու մայրենիով անբաժան գուգընկերուհի Սուսանին Մարկոսյան բաց չի թողնում, քիչ է, Չարենց

Երկրի ու Յուպիտերի, պահելու և բաժանելու միջև… ընտրել կարողանալը…

Կանայք, հայտնի է, մղում են մեզ՝ տղամարդկանց, մեծագործություններրի, և… իրենք էլ խանգարում են դրանք իրագործելուն՝ փոքրուց, դաստիարակությամբ-մեթոդաբար «բուլավկելով» ճախրանքի թևերը, կառավարելի  դարձնելով թռիչք-ինքնուրույնություն-ինքնազոհումը… — Դե՛, Դավի՛թ տղա, ժամն է լողալու…