Զիլ ձայն էր երեկվանից, որ մնացել է իմ ականջում Գյումրիից վերադարձող ավտոբուսից, երբ ես հեռախոսով արտոնեցի, որ ավելի երկար ճամփորդեն սեբաստացիները… Գրիգոր Խաչատրյանը՝ հայրենագիտական-մշակութային ուսումնական ճամփորդության ղեկավարը, կարող մարդ է. կարողացավ հեռավորության վրա ճամփորդ սովորող-ուսուցիչների ինքնաբուխ ուրախությունը փոխանցել այնքա՜ն զիլ, որ ահա մի օր է անցել, բայց ձայնը օրվա այդքան ձայների մեջ մնացել է։ Հայրենիքի հետ կապը, հիացմունքը նրա առանձին կտորով՝ Մարմաշենով, Գյումրու Ժողովրդական արվեստի և կենցաղի թանգարանով, բազմապատկվի, մնա սեբաստացիների միասին լինելու կարողությամբ. սա է եղել իմ երեկվա նվերը, ու տեսեք՝ տեղ է հասել…

Տեսարան, որ մնաց երեկվա Ծառի բազմադրվագ օրվանից, որ ինձ հետ է, աչքերիս մեջ, ու ես փորձեցի «ԱրտԲզզան» ռադիոյի հմայիչ-ամենահաս Աղավնի Սահակյանի սիրալիր աջակցությամբ ձայնի-խոսքի վերածել կրթահամալիրի Դպրոց-պարտեզում…

Երկրագործի ճի՞չ. չէ, բերկրանք կար Տաթև Բլեյանի, Սոնա Փափազյանի, Անահիտ Մելքոնյանի ու Արտեմ Խաչատրյանի ներկայացրած՝ տասնյակ ու տասնյակ տարատարիք սովորողների բզզոց-աշխատանքում… Անի Սարգսյանի՝ «Սեբաստացի» TV-ի օբյեկտիվում։ Ու Հայկազ Մարգարյան երկրագործի կերպարը Գեղարվեստում՝ իր ամբողջական ուժով, աշխատավոր մարդու հմայքով… Ահա այսպիսի կենդանի ապրիլ է շարունակում կուտակել-փոխանցել երեկվա օրը. կներեք, ես վիճակագիր չեմ, որ բարեխիղճ արձանագրեմ օրը, ապրիլը, դեպքերի հերթագայությամբ, ամբողջությամբ… Ես ազատ պատմող եմ. որքան էլ իմ թառլան հեծանվով հասցնում էի ամեն տեղ լինել… ու ո՛չ մեկ անգամ։ Ինձ համար հեշտ է, հետաքրքիր ու հարմար հեծանվի վրա. առանց արհեստականության, առանց զոռի գրանցել զիլ ձայները ու անջնջելի տեսարանները իմ օրվա…

Ապրիլի 22-ին Դպրոց-պարտեզում, կրթահամալիրի գյուղացիական տնտեսությունում մի քանի տասնյակ պտղատու ծառեր ծնունդ առան:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Գիշերը՝ ժամը 4-ից 6-ը, տարվեցի ընթերցանությամբ. իմ ընտրությամբ երեկ մարզա-համերգային համալիրում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովից դիտում-լսում եմ առանձին մարդկանց ելույթները։ Համաձայն եմ-համաձայն չեմ, անընդունելի-ընդունելի՝ ես աշխատում եմ բարեխիղճ, այս անգամ որպես ունկնդիր, ու փորձում եմ  հասկանալ դիմացիններին, դրանց մեջ՝ ականավոր ցեղասպանագետներ (ի՜նչ էլ մասնագիտություն է), որ հիմա Երևանում են։ Երբ հասկանում ես, հեշտ է. չհասկացածի նկատմամբ, կրկնո՞ւմ եմ, ակնածանք չունեմ։ Ահա իմ օրագրի ընթերցողներ, ուսումնական աշխատանքային առօրյայից ազատ օրվա (օրերի) համար մի քանի նյութ եմ առանձնացնում. կարդացեք՝ առանց մեկնաբանության։ Ֆլեշմոբի կտրվի՞ իմ օրագրի հղումների ընթերցումը։

Ամենանյութը, ահա՝ երաժիշտ Երվանդ Բոստանջին լքել է Լոս Անջելեսը և վերադարձել Դիարբեքիր… հայկական ժողովրդական երգեր է ներկայացնում քաղաքով մեկ, ընկերների հետ տնական գինի խմում… Ելնեի, այս օրերին (անընդհատ հետաձգում եմ Դիարբեքիր գնալս) գնայի Բոստանջիի հետ թափառեի քաղաքով, գինի խմեի… Հետո այդ մտքից ետ կանգնեցի, երբ հիշեցի՝ 1733 կմ ճանապարհ պիտի անցնեմ… Բոստանջիի երգը՝ հատուկ Գրիգոր Խաչատրյանի համար. վկայագիր որպես, որ կենցաղային հայերը, թուրքերը, վրացիները, ադրբեջանցիները շատ էլ արժանի են իրար ու նման, և պետք չէ սրանից վիրավորվել ու ժողովուրդներին իրար դեմ հանել։

Հիշում են, երբ մոռանում են… «Ցեղասպանությունը» բառ է, եզրույթ է, ես եթե գործածում եմ, հարկադրված, մեր նորագույն պատմության ամենաողբերգական եղելության վերաբերյալ՝ Հայոց ողբերգության։ Իսկ ողբերգությունը, երբ այն ապրում ես, անկարող ես դառնում մոռանալու, քո անունն է դառնում, քո խարանը… Ու խնդիր է դառնում ապրելը։ Խնդիր եմ ասել, է՜, հայոց համար… Դրա լուծումն ահա,  Բոստանջին է տվել՝ ապրելով։ Լոս Անջելեսում ապրելով չի հիշել ու պահանջել, այլ վեր է կացել ու գնացել Դիարբեքիր՝ առանց երաշխիքի, առանց դատապարտման ու Թուրքիայի կողմից ճանաչման, ապրում է մարդը իր համար։ Մեր հռչակած ազատ Հայաստանում մեր ապրելը թողած՝ գլխավոր գործ է դառնում հիշելը և պահանջե՞լը։

Դպրոց-պարտեզի այգին ապրիլի 23-ին:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Իմ բլոգի ընթերցարանում տեղադրեցի 2009-ի՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության տեքստը։ Ես կրկին կարդացի։ Ինչո՞ւ ՀՀ Ազգային ժողովի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» հայտարարությունն ուղղված չէ Թուրքիայի իշանություններին և թուրք հասարակությանը։ Ինչո՞ւ եք համառորեն ձախողված ներկայացնում Դարդանելի (Գալիպոլիի) ճակատամարտի 100-ամյակին նվիրված հավաքը, երբ պաշտոնատար մասնակիցների քանակով այն գերազանցում է Հայաստանում անցկացվողը։ Սա ի՞նչ մրցակցություն է անմիջական հարևանների՝ ցեղասպանողի և ցեղասպանվածի միջև… Ձախողում չէ՞ առճակատման այս խորացումը, այս իրար դեմ դուրս գալը…

Դպրոց-պարտեզի դասարան-ջերմոցի ծիլերը:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Ինձ շանթել է «Ականի պայթյունի հետևանքով ՊԲ–ն մարդկային կորուստ չի ունեցել. ԼՂՀ ՊՆ» հաղորդագրությունը… Ես ուզում եմ հասկանալ նախ սրա ողջ խորությունը… Ի՞նչ, ադրբեջանցիներն սկսել են նոր տեխնոլոգիանե՞ր կիրառել, որ ական պայթեցնե՞ն Հայաստան-Ադրբեջան-Արցախ հարյուրավոր կիլոմետրանոց միջպետական-միջգյուղական, պարզապես ճանապարհներին… հեռակառավարմա՞մբ… Նշանառուի թիրախում մինչ այս երկու կողմից զինվորն էր, հիմա կարող է դառնալ յուրաքանչյուր ճամփո՞րդ-բնակի՞չ՝  կին, երեխա… Ու այս լուրը պաշտոնապես չի հերքվում, այլ սոսկ ճշգրտվում է՝ իբր զոհերի մասով… այս անգամ՝ հրաշքո՞վ… Իսկ հետո՞… Իսկ կիլոմետրեր այս կողմ սրբադասում են, ոգեկոչում են, քննարկում են, ճանաչում են, կոչում են, հոխորտում են, հերոսանում են…

Ներկայանում են Արմինե Գյոնջյանի 3-րդ դասարանցիները:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրվա շարքային հերոս՝ եզակիության հայտով

Ես չգիտեմ դեռ՝ իմ 2000-րդ գրի հոբելյանի ինքնապատրաստումի-նախահանդիսանքի էս շրջանում (էս փետրվարը ե՞րբ ու ո՞նց պիտի անցնի) օրվա իմ հերոսի հայտնության-պատումի շարքը, որ արդեն քանի դեմքով հայտնվում է իմ բլոգում-գրում,

Ձևն ու հոգին միասնության մեջ են հեղինակային կրթական ծրագիր ստեղծում….

Մինչ ես կավարտեմ երեկվա օրվա պատումը, իմ ապրածը  կդառնա գիրը, մեդիայով կտարածվի — հասանելի կդառնա յուրաքանչյուրիդ, Նունե Մովսիսյանն ու սեբաստացիական աշխարհի ձևի-բովանդակության որպիսության պատասխանատու իր 12 ընկերները Ջավախքով Թբիլիսի կրթական

«Օ՜ֆ, պրծանք վերջապես»-ը մեր կրթական ծրագրի համար չէ…

Կամ՝ հայրիկ, դու քանի՞ ժամ ես քնում… Դավիթ Բլեյանն Արմինե մայրիկի նոր հեռախոսից չի բաժանվում. գիտի՝ ոնց խաղեր-անիմացիաներ նայի, մուլտեր… — Ա՛յ տղա, Դավի՛թ, հեռախոսս տուր, դա իմ հեռախոսն է,