Տիար Բլեյան, ինչպես Դուք էիք մեզ ասում՝ ձեր հովանու ներքո, մենք էլ Ձեզ ենք ասում՝ Ձեր հովանու ներքո զգում ենք ավելի հասկացված, պատասխանատու, պարտավորված ու պաշտպանված, շնորհակալ ենք:

Փետրվարի 22-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և Արևելյան դպրոցի «Խոշորացույց»-ի հանդիպման սեղմագիրը:

— Տիար Բլեյան, դուք շատ եք ճամփորդում, որտե՞ղ խորհուրդ կտաք գնալ, որ ծով էլ լինի:
— Ծո՞վ, ուզում ես Հայաստանից դո՞ւրս գալ… Սևանին ծով են ասում, չէ՞… Գեղամա ծով։ Եթե Հայաստանի չափերը վերցնենք ու Սևանի չափերը, Սևանը ծով է: Սևանը մենք վատ ենք ճանաչում, մեր զարմանալի Սևանը, մեր գեղեցկուհին: Պետք է շրջել, մի կետից դուրս գալ, ասենք՝ մեր «Ժայռից», ու հանգիստ մի ամբողջ պտույտ անել Սևանի շուրջ… Ճանաչենք Սևանը:

— Դուք քանի՞ տարեկանից եք սկսել ճամփորդել:
— Իմ ճամփորդությունը իրականում սկսվել է համալսարանից, երբ 1972 թվականին ընդունվեցի ֆիզիկայի ֆակուլտետը: Մեր ֆակուլտետում պարզվեց շատ լավ ավանդույթներ կան. երիտասարդ դասախոս Արթուր Հարությունյանը մեզ վարակեց վրանային ճամփորդությամբ-արշավականությամբ. սկսեցինք ճամփորդել, դրանից հետո մի բառով եթե ասենք՝ ես ճամփորդ եմ: Ուզում եմ քայլել, քայլել…

— Կա՞ քաղաք Հայաստանում, որ չեք եղել:
— Ենթադրում եմ՝ չկա, բայց եթե լինի էլ՝ հիանում եմ, զարմանում, ուզում եմ քայլել, ճանաչել: Իմ թուլությունը եղել ու մնում է Հայաստանը՝ ոչ միայն քաղաքներն ու գյուղերը, այլ քարափներն ու ձորերը, լեռները, սարերը, եզակի, գողտրիկ… Քայլեք, շրջեք, լուսանկարեք, պատմեք…

— Տիար Բլեյան, ինչո՞ւ եք փոքրերին սիրում, մեծերի՞ց հոգնել եք:
— Մեծերը շուտ ձանձրացնում են, մի՛ մոռացեք, մենք իրականում հասակակիցներ ենք, մենք ընկերներ ենք, ընկերությունը տարիք չի սիրում, ամենալավ բանը ընկերությունն է: Ամեն բան կարող եմ ներել, մենակ ասում եմ՝ ընկերությունը մի մոռացեք: Վիճում ենք, ասում, բայց ընկերներ ենք, ընկեր լինել՝ նշանակում է ճիշտն ասել, նայել աչքերին, ասել, շիտակ լինել, հոգատար լինել, ամենակարևորն ընկերությունն անելն է, հավատարիմ սկզբունքներին: Պետք չէ խառնել ընկերությունը առևտրի հետ, մեծերը խառնում են:
Բոլորդ իմն եք։ Երբ ես սկսեցի մանկավարժությամբ զբաղվել, արդեն երկու չքնաղ աղջկա՝ Լիլիթի և Տաթևի հայրն էի. և հասկացել եմ, որ եթե խտրություն դնես, ապա պետք է թողնես մանկավարժությունը: Ես ձեր ընկերն եմ, ձեր տիարը, ձեր հայրը, ձեր Աշոտ Բլեյանը:

— Դուք Թումանյանից ո՞ր բանաստեղծությունն եք ամենաշատը սիրում:
— Տարբեր ժամանակներում ես կարող եմ տարբեր անուններ տալ: Թումանյանը «Ամենայն հայոց»-ն է եղել: Շատ էր ուզում շատ ժամանակ ունենալ, գրել, իրականում ուրիշ կերպ դասավորվեց կյանքը, նա անընդհատ զբաղված էր։ Ինքն է խոստովանել, որ ժամանակ չունեցավ մի կարգին գրականությամբ զբաղվելու, ու ամբողջ գրածը կարելի է մի շնչով կարդալ:

Աշխարհը կարելի է սրով ու զենքով նվաճել, բայց նաև մտքով նվաճել, ճամփորդելով նվաճել, ստեղծագործելով նվաճել… Թումանյանը մի մեծ ճամփորդ էր՝ տիեզերական ճամփորդ… Դուք էլ ճամփորդ եք. ճամփորդեք ու տարածեք լույսը։ Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս:

Ես մեկ-մեկ ինձ թույլ եմ տալիս խմբագրել Թումանյանին, օրինակ՝ դուք ասում եք «իրար կպած», ես անպայման ասում եմ՝ իրար գրկած… Կարող է՝ գրկած են եղել, հետո բաժանվել, կպել… Ազա՛տ եղեք, խաղացե՛ք, բայց պետք է բերանացի իմանալ… Դա բառամթերք է, հանք, որ հետո արդեն կարող եք ազատ օգտագործել…

***

— Ինձ դուր է գալիս այս անմիջականությունը, այս ազատությունը, մենք ստեղծում ենք այսպիսի միջավայր, որ մարդը ազատ է , կարող է մի անկյունում զբաղվել իր ուզածով, գտել է իր գործը, էս հաշտությունը, համերաշխությունը պետք է պահել-պահպանել:

Մեր մանկավարժությունը պետք է ճամփորդի, մոտենա մարդուն, բնակավայրին: Ես տեսնում եմ, որ դրա պահանջը կա, բայց ինչ-որ բան այնպես չի արվում, գուցե մենք, գուցե հայրենի կառավարությունը չի անում, որ Բլեյան կրթական ցանցը քայլի… Ամենաանտանելի բանը Երևանի տրանսպորտն է, որ հավեսից գցում է մարդուն, պետք է երևակայությունն աշխատի, որ այս հարցը լուծվի, այս խցանումները…

Ինձ ամենաշատը հիմա զբաղեցնում է Ամբերդ գետը… Զարմանալի գետ, որ անցնում է մի հետաքրքիր ճամփա, բայց աղբի մեջ կորած, չենք կարող էսպես հանդուրժել, պետք է միանալ դպրոցներով, Էմանուել Ագջոյանին խնդրել ենք մասնագիտորեն ղեկավարել, ու այնպես մաքրել, պետք է ծայրից ծայր այնպես մաքրել, որ լողալ լինի, ցույց տանք, որ կարող ենք մաքրել այն աստիճան, որ լողալ լինի…

— Տիար Բլեյան, դուք միշտ գրում եք, լինո՞ւմ է, որ չեք գրում:

— Այո, մեկ-մեկ լինում է։ Ես ինձ համար եմ գրում, եթե չի պատմվում, ուրեմն չեմ գրում: Պիտի առաջանա պատմելու, փոխանցելու հավեսը: Միշտ հիշեք՝ աշխատանքը երկու կարևոր բաղկացուցիչ ունի՝ կարգապահությունը և երևակայությունը… Այս երկուսն ինձ ուղեկցում են, ստեղծագործ աշխատանքի երկու սյուներն են:

— Կարևոր է գործընկերությունը։ Մենք դիմել ենք կառավարությանը, քաղաքապետարանին՝ լուծելու ուսուցիչների բնակարանների հարցը։ Մենք մերժում չենք ընդունում, ուզում ենք ճանապարհը տեսնել, գնալու ենք այդ ճանապարհով… Մենք չենք գնում պարտադրանքի ճանապարհով. եթե առաջարկն ընդունելի չէ, փոխե՛ք առաջարկը, առաջակեք, ինչի՞ն սպասել, չէ՞ որ արդեն եղել է իշխանափոխությունը:
Նորից դիմում ենք՝ հարգելի՛ քաղաքապետ, հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, գնացեք ընդառաջ, դուք ունեք մեր աջակցությունը:

— Տիա՛ր Բլեյան, Դուք ինչպես գրում եք, այնպես էլ խոսում եք:
— Բարձրը՝ բարձր, խնդիրը՝ խնդիր… Այդ առումով մարդիկ բաժանվում են երկու խմբի, մի խմբում միայն ես եմ, մյուսում՝ մնացածները։ Ես օգնում եմ, ես չեմ բարդացնում… Հետո ես սիրում եմ այդ բաղաձայնները, նրանց մեջ երգ կա, հայերենը հարուստ է հենց դրանով:

Նախագծի լուսաբանումը «Խոշորացույցում»

Ուղիղ եթեր սոցցանցում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երեկոն Արցախ TV-ում

Արցախի հանրային հեռուստատեսության «Երեկոն մեզ հետ» հաղորդման հյուրը եղա, երբ հոկտեմբերի 22-24-ին Դավթի հետ Արցախում  էի։ 

Եկել է մեր հարաբերությունները մարդկայնացնելու ժամանակը

haqqin.az, 10.02.2016 — Իննսունականներին և նույնիսկ երկու հազարականների սկզբին դուք ակտիվորեն զբաղվում էիք խաղաղարար գործունեությամբ՝ գալիս էիք Ադրբեջան, «Ադրբեջանի օրեր» էիք անցկացնում Երևանում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Սակայն վերջին տարիներս դուք չեք երևում

Սա խտրականությո՞ւն է ուսուցիչների նկատմամբ

Ազգային ժողովում տեղի են ունենում լսումներ Հանրակրթության օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Աշոտ Բլեյանը հարց ուղղեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին: