Յուրաքանչյուրս…

Ես, օրինակ, չնայած ձյուն ու բուքին, իբր նրանց բերած վտանգավոր ճանապարհներին, աշխատողների մի խմբով աշխատանքային ուրբաթն անցկացրի Արատես-Աղավնաձոր-Եղեգնաձորում, աշխատանքային շաբաթ օրը՝ աշխատողների մի այլ, մեծ խմբով՝  Ազատան-Գյումրիում, երգչախմբերով սեբաստացիական, հայտնի երաժիշտներ Հարություն Թոփիկյանի ու Արթուր Շահնազարյանի ուղեկցությամբ, «Նոր Յառաջի» գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլակյանի հետ, երեկ՝ կիրակիի աշխատանքային մասը Վիգեն Ավետիսի հետ օգտագործեցինք նոր քաղաքի կառուցման, տեղի, նախագծի աշխատանքային խմբի ու գործողությունների նախնական համաձայնության վրա… Քայլեցինք մեր ջանքերը միավորող ապագայի քաղաքով… Ի՜նչ լավ քայլեցինք…

Իսկ շաբաթվա երկուշաբթիից հիգշաբթին, համեցեք իմ բլոգ, կրթահամալիրի օրացույց, mskh.am, ես գործիչ եմ ափի մեջ՝ կրթահամալիրի տնօրենի ողջ իրավասությամբ-պարտականություններով։ Ավելացնենք սրան հանրային գործիչ-տիարի ազատ գործունեությունը՝ ամեն ինչ, որ արգելված չէ օրենքով…

Արատեսի ձյան ուրախություն: Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Ձևավորված Ազգային ժողովի ընտրյալ պատգամավորը չի կարող հանրային կյանքի փոփոխությունների առաջին գծում չլինել… ԱԺ խմբակցությունը՝ խմբակցություն, կուսակցությունը՝ կուսակցություն, հանձնաժողովը՝ հանձնաժողով… Բա մանդատով-խոստումով-երդումով հրապարակային ծառայությո՜ւնը, որ կարգապահ աշխատանքով կհասնի մարդուն… որ հրապարակային քաղաքական գործիչ լինի պատգամավորը մեր: Սուպեր վարչապետից ու վարչապետությունից չխոսենք. հանրային կառավարման կառավարություն ձևավորելու օրակարգ ունենք, կառավարություն, որ կազմված է նախարարներից… այնպիսի, որ հրապարակային քաղաքական գործիչ է, իր ղեկավարած քաղաքական համակարգի փոփոխությունների մշակողն ու դրանց իրագործման կազմակերպման թիվ մեկ պատասխանատուն բոլորիս առաջ…

Ու հանրային վստահության, լեգիտիմ կառավարության ողջ ուժով կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական համակարգում հանրային կառավարման հաստատման երաշխավոր, պիտի ապահովի՝ շարունակ բացվենք… որ չօտարվենք հասարակությունից, հասարակական փոփոխություններից, այն մանդատից, որ յուրաքանչյուրն ստացել է ապրիլյան ընդվզումի ու իշխանափոխության հրապարակից, ո՛չ Նիկոլ Փաշինյանից… Փոփոխությունների մասնակից լինել՝ նույնն է հանրային կառավարման մաս կազմել…

Շաբաթ օրը գյուղի հետ Ազատանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում հոգևոր երգեր կատարելուց հետո մտանք հարևանությամբ գտնվող հարմարավետ-ընդարձակ մշակույթի տուն… Մինչ մեկ դարձած սեբաստացիներն ու ազատանցիները պարերգում էին, ուրախանում Մինաս Ավետիսյանի 1973թ. կատարած (տեղում պարզեցինք) որմնանկարի ֆոնին, մոտեցան գյուղացիներ՝ խոսք ու զրույցի… Սպասում են… դեռ հավատում են… վստահում են Նիկոլ Փաշինյանին…
— Կարո՞ղ եք ասել՝ ի՛նչն է խանգարում հիմա, որ դուք նոր նախաձեռնությամբ գործեք… Սպասում այս մարդուց՝  քաղաքացուց պատասխանատվությունն օտարելու՝ ինձ ծանոթ, Հայաստանով մեկ տիրապետող մեթոդ է… Կա՞ խոչընդոտ, որի վերացումը ձեր կյանքում դուք առաջնային եք համարում… որ ձեր ուժերով վերացնել չեք կարող, որ Նիկոլ Փաշինյանի աջակցությունն է պետք…
Երկար իրար երեսի էինք նայում. պատասխան այդպես էլ չհնչեց, բայց միջավայրը, որում գտնվում էինք, հարազատ էր պահում մեզ…

Աստղիկ Բլեյանը պատրաստ է hունվարի 26-ի մկրտության ծեսին:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Աշտարակից Վիգեն Ավետիսի հետ վերադարձանք Երևան Դաշտով՝ Սասունիկ-Էջմիածնով… Էջմիածինը շատ ու լավ նկարիչներ ունի, բայց ժամանակակից արվեստի թանգարան-ցուցադրություն չունի՝ ըստ իմ ընկերը ու կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավարը դարձած Վիգեն Ավետիսի… Դե, ես էլ, գիտեք, գործում եմ որպես մենթոր Էջմիածնի զարգացման ծրագրերի… Ցույց տվեցի շենքեր-հուշարձաններ՝ լքված, անգործությունից աղբանոց-զուգարանի վերածված, հենց Մայր աթոռի հարևանությամբ, նրանից մի փողոցով բաժանված… Ո՜նց ոգևորվեց… Կպատմեմ գործողությունների մեր պլանը… Մեզ՝ քաղաքացիներիս ծառայելու երդում տված համայնքային ու պետական իշխանության պայմաններում… դրանից էլ հեշտ գո՞րծ… «Լոշիկ» անունով սրճարանում, որտեղ մեզ սուրճ հյուրասիրեցին, մենք էլ վրադիր նորաբաց սրճարանի հաճույք լոշիկներ պատվիրեցինք… Նոր Հայաստանի փոփոխված Էջմիածնում էինք…

Անցեք առաջ, լսո՞ւմ եք… Անցնենք առաջ, յուրաքանչյուրս, որ բացվենք ու բացենք ճանապարհը մեր կյանքի, Հայաստանով մեկ շարունակական փոփոխությունների…

Կրթահամալիրի Հյուսիսի 2-4 տարեկանները՝ տեխնոլոգիայի լաբորատորիայում: Լուսանկարները՝ Անուշ Ավետիսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1558

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենից տաքուկ անկյունն աշխարհում

Մինչև կարդալը իմ կիրակնօրյա գիրը, մտքում որոշեք․․․ 

Գրողի՝ գրականությամբ զբաղվելու իրավունքի ժամանակը

Քաղաքական կյանք կոչվածում ես չուզեցի-չկարողացա լինել արքունիքում. անձնական-անհատական պատասխանատվության սուր զգացումն ինձ իմ Նոր ուղով բերեց «լուսանցք». ծափահարեն, ոռնան, սպառնան, կախեն, տանկով գան՝ ես իմ ասելիքով եմ, կամ: Իմը ասելն է,

Օրը հայելիով՝ ճանապարհին ու …. տանը

Արատես նախագծային խմբով մեր երեկվա այցն ու ճանապարհը՝ ոնց որ հայելու մեջ։ Մենք մե՞զ էինք տեսնում, մեր շուրջը՝ աջ ու ձախ, և՛ գնալիս Երասխով-Սևակավանով-Արենիով, Արփայի հովտով, Եղեգիսի կիրճով անձեռակերտ, և՛