Ամենուր՝ կրթահամալիրյան-բանգլադեշյան հուլիսյան տապում, կենդանի ուսումնական նախագծերում, որ ամառային դպրոցի հեղինակային խճանկար են ստեղծում մեզանում, սեբաստացի սովորող-ուսուցիչների տարբեր անհատական-խմբային նախաձեռնություններում ես 2015-ին խոստացված մեր կյանքի բեկումներն եմ փնտրում-առանձնացնում:

Նոր դպրոցի 5 տարեկանները«Տիգրան Հայրապետյան» գրադարանում:
Լուսանկարները՝ Տաթև Թամազյանի:

Տաթև Թամազյանը, Լուսինե Պետրոսյանը՝ 2009թ. ծնված 6 տարեկան 1-ին դասարանցիների ուսուցիչները, տեսեք՝ իրենց մեկ շաբաթյա ամառային դպրոցի ընկերների հետ ինչպես գրոհեցին Արագածը… Մինչ այդ լավ լողացին կրթահամալիրի ծածկած լողավազանում լողի մարզիչ Գայանե Սարգսյանի մեթոդական հսկողությամբ, ոչ միայն իրենց հավեսի համար, չնայած մարդու-ուսուցչի համար դա էլ քիչ չէ, նաև 2015-2016 ուստարում իրենք են 6 տարեկան սաների լողի ուսուցիչները (օգնականները) այս նույն լողավազանում, ինչպես շախմատի, մաթեմատիկայի… հայրենագիտության, դժվարություններ հաղթահարելու-բարձունքներ նվաճելու, աշխարհներ հայտնաբերելու և դրանց մասին մարդկանց պատմելու ուսուցիչը… Սա ենք անվանում «Իմացումի հրճվանք». և այսպիսի ծրագրով ուսուցչի հայտնվելն Արագածի գագաթին, շախմատի կարգ լրացնողների մեջ, տանը թե ամենուր՝ հանգստի ընթացքում, ինքն իր համար Գևորգ Հակոբյանի էջին հետևել-խնդիր լուծելիս ես առանձնացնում եմ որպես բեկում… Եվ դասվարների հաջորդ խմբի այսօր մեկնարկող ամառային դպրոցը ես դիտում եմ որպես սեբաստացի ուսուցչի՝ Արագածի գագաթը նվաճելու մեկնարկ, գագաթին՝ քո վերափոխված հայացքով, գագաթից իջնելիս սաների-նրանց ծնողների հետ Արագածի բարձունք վերադառնալու քո վճռով… Գևորգ Հակոբյանն ամենաշատն ուրախանում է Արագածի ճանապարհի մարդաշատությամբ ու նոր ճանապարհի հանդիպումներից… Այս անգամ՝ մեր լավ բարեկամ Գագիկ Գինոսյանի ու նրա պարի խմբի հետ… Ես ուրախանում եմ՝ Արագածի ճանապարհն այդպիսին պահող մարդկանց անխոնջությամբ, ահավասիկ, մեր ուսանողական ընկեր Ալբերտ Տոնեյանը, ով տեսեք՝ քանի մարդու Արագածում «մկրտել»:

Հուլիսի 21-ը Հիմնական դպրոցի նախակրթարանում։
Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի։ 

Կողբ-Զիկատար մենք դեռ կվերադառնանք, սա կատար է Հայաստանի հետ մեր գործընկերության բեկման: Դեռ չեն իջել «Զիկատար» ուսումնական կենտրոնի մեր բնապահպան պատանիները, պատմում են ու պատմում… Տենդագին-խնամքով կրթահամալիրի Միջին դպրոցի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը «Լուսաստղ» պատանեկան ամսագրի և «Ընթերցողների» ակումբի սովորողների հետ պատրաստվում է Կողբի Գեղարվեստի պլեներին՝ անտառային-դաշտային ստեղծագործական հավաքին մասնակցելու… Սեպտեմբերին մենք հրավիրված ենք ու բարձր մակարդակով կմասնակցենք Կողբի գեղարվեստի դպրոցի ամբողջականության առիթով (շենքի 2-րդ հարկի կառուցման ավարտ) կազմակերպված հանդիսություններին… Որքա՜ն ժամանակ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման օրից մենք՝ «Սեբաստացիներ» երգչախմբով ուզում ենք երգել Կողբում, Կոթիում, Բաղանիսում, Ոսկեպարում, Բերդավանում, Նոյեմբերյանում… սրանից էլ լավ առի՞թ:

Բնապահպանական ճամբարի մասնակիցները նվաճում են Զիկատար լեռնագագաթը:
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի:

Մեր խոսքի մեջ երկու բաժանում-անջրպետ իմ ականջը սղոցում է։ Հիմա էլ՝ Կողբում…
— Ոչ,- ասում եմ ես,- դրանք արհեստական են, ներմուծված, դրանք իմ Հայաստանի համար չեն… Չեմ թույլ տալու, որ շարունակեք, երբ ներկա եմ…
Մեկ՝ որ ասում են՝ սահմանամերձ գոտի… գյուղեր… Այո՛, Հայաստանը սահմանամերձ տարածքով ձգված երկիր է, սրանով Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի հետ մերձեցած… Եթե Խորհրդային Հայաստանի սահմանները չափենք, ապա ՀԽՍՀ-ն ուներ 1430 կմ սահման, որից 280 կմ՝ Թուրքիայի, 900 կմ՝ Ադրբեջանի, 42 կմ՝ Իրանի, 195 կմ՝ Վրաստանի հետ: Հիմա այսքան կմ ձգվող պետական սահմանից քանի՞ կմ հեռավորությունն ենք համարում մերձակա, հեռակա, սահմանամերձ… ան-սահման… Եվ սա ինչի՞ համար է, որ Հայաստանում շարունակի իշխել լյումպեն* խա՞վը, որ շարունակի ձևավորել լյումպեն իշխանությո՞ւն… որ երկու Հայաստա՞ն լինի… Հատուկ օրենքներ… Իբր, լյումպենը հոգատա՞ր է իր սահմանային կրակին հանձնված հայրենակիցների նկատմամբ: Պարզվում է՝ Կողբ գյուղն էլ է սահմանամերձ. բացե՛ք Կողբի քարտեզը-ցուցակը

Բանգլադեշյան ձմերուկի փառատոն Նոր դպրոցի լողափում:
Լուսանկարները՝ Աննա Հայրոյանի, Նելի Արղությանի:

1Կողբ, գյուղ Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելքում, մարզկենտրոնից 52 կմ հյուսիսարևմուտք, Կողբ գետի ափին, Նոյեմբերյանից 4 կմ հեռավորության վրա։ Երևանից 195 կմ։ Համարվում է Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքը։ Ներկայումս բնակչությունը 5 300 մարդ է։ Հարևան համայնքներն են Նոյեմբերյանը և Բերդավանը։

Լավ հարևանը հեռու բարեկամից լավ է… Ժողովրդական է, երևի. ես Թումանյան Հովհաննեսից եմ լսել։ Լավ հարևան՝ ասել է թե լավ հարևանություն, ինչպես խորհրդային երկար շրջան, որ շատ հեռու չգնանք պատմության մեջ, Նոյեմբերյան-Տավուշի ժողովուրդն արել է հարևան վրացիների ու ադրբեջանցիների հետ… Անկախության շրջանի 25-րդ տարում տենդագին, Ցեղասպանության 100-ամյա տարելիցն առիթ դարձրած, հեռու բարեկամներ ենք փնտրում աշխարհով մեկ… Առանց մոտիկ ժողովուրդների հետ լավ հարևանության՝ ինչպիսի՞ ապագա ունի սահմանամերձ Հայաստանի Հանրապետությունը՝ իր Կողբով… ներքին գաղթով դեպի Երևան՝ լյումպեն խավը զորացնելու, և արտագաղթով՝ հեռու բարեկամների մոտ…

Խոսքի մեջ մյուս ականջ սղոցողը «քաղաք-գյուղ»-ն է՝ «քաղաքացի-գյուղացի»-ով… Գյուղում սիրում են կրկնել.
— Քաղաքում հեշտ է, գյուղը քաղաք չէ… մենք ենք քաղաքը պահում… Հետո էլ, թե.
— Քաղաքը մեզ լավ մտիկ չի անում, իրենք իրենցով են զբաղված…
Շատ ջուր վերցնող խմոր է սա, ու իմ՝ թվով 396-րդ գրում չի տեղավորվում… Հետևե՛ք իմ օրագրին, ականջ սղոցումը, ավա՜ղ, չի ավարտվի մեր կյանքում, ես էլ՝ նահանջող չեմ… Հիմա ես հաճույքով բարձրաձայնում եմ. Կարո Ղուլիջանյանին ու Կողբի իր ընկերներին հաջողվել է ֆենոմեն ստեղծել՝ Գեղարվեստի իր դպրոցով ու ձևավորել Կողբում քաղաքային միջավայր, եթե արվեստը, արտիստական միջավայրը համարենք քաղաքային հատկանիշ… Իսկ մենք Երևանում տառապում ենք «գեղական» ճաշակի ու միջավայրի ձեռից… Ահա ինչու եմ վստահ, որ մենք Կողբից չենք հեռանա…

Հուլիսի 20-ը տորթի միջազգային օրն է։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։ 

Լյումպեն՝ ապադասակարգայնացած (մուրացկաններ, շրջմոլիկներ և այլն):

Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան
#396

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքը սեբաստացիական ճամփեքին․․․

Վահան Թոթովենցի միշտ սիրելի-հուզիչ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» պատումի արձագանքով ու մեր հունվարյան ուսումնական ճամբարների հաղորդակցային աշխույժից ծնվեց իմ կենսապատումի հերթական, թվով 910-րդ գիրը․․․ Միջին դպրոցի Գոհար Եղոյանի մոբիլ ջոկատի

Մանիֆեստ նոր, հա, բայց հունիսի 1-ին…

Հեշտ չէ մեզանում (միշտ ունենում ենք տարեցտարի հմտացող, բայց երիտասարդ, ֆիզարձակուրդ գնացողներ, միայն 2017-ին՝ արդեն տասներեք հոգի հայտնի են, և երկու տարեկան սեբաստացու հետ ասելիքով-անելիքով վստահ վերադարձողներ, ինչպես այս՝ 2017-2018

Փղի ատամի մածուկ Բանգլադեշում

Հավաստի լինելու համար ցուցադրում ենք` ոնց  է ատամի մածուկ ստանում Աղայան Դավիթը` որպես վեց տարեկանների համար բնագիտական ստուգատեսի առաջադրանքի կատարում: