Ա՛յ, այսպես խանդավառ (հավեսով) 12-րդ դասարանցիների մի մեծ խումբ (փունջ), հայոց լեզվի և գրականության պետական քննություննից ժամեր անց, իրենց անգլերենի ուսուցչի հետ մասնակցում են Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ հավաքին (համաժողով). Մեր Grandmas stories2080 նախագիծը ճանաչվել է 12-16 տարեկանների անվանակարգում լավագույնը։ Խումբը վերադարձավ, պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի բորբոքված ինքնագնահատականով, առաջին մրցանակով… Իսկ սեբաստացիների ստեղծագործական հեղինակային մանկավարժական հավաքը վեց դպրոցներում, քոլեջում հրապարակված ծրագրով, ինչպես հայտնի մանկական բանաստեղծությունում այդ ընթացքում «նստած ծառի տակ՝ նկարում էր նապաստակ… պո՜ւկ»…
Ինձ մեր 12-րդցիներից յուրաքանչյուրն է հետաքրքիր, իր կյանքով-ուսումնական աշխատանքով, իր անհատական պլանների իրագործման մեջ կրթահամալիրի, ավագ դպրոցի դերով… Օրեր առաջ ինձ համար բացահայտումներով լի նախագծային հավաք էր ավագ դպրոցի ընթերցարանում. 12-րդցիների խմբերը ներկայացնում էին իրական-իսկական ուսումնական նախագծեր, որ իրականացրել-իրականացնում են կրթահամալիրում, հանրապետությունում, այդ թվում՝ բաց, միջազգային ամենատարբեր գործընկերությամբ, շոշափելի արդյունքներով. փող են աշխատում, մասնագիտորեն կողմնորոշվում, հաստատվում…
Ինձ համար կարևոր է 2019-ի նրանց նախագծային-ճամբարային հունվարի կազմակերպումը, Մարթա Ասատրյան ու ընկերներ, նրանցից յուրաքանչյուրի… տարատարիք խմբերով, հանրապետությունով մեկ նախագծերը… Ինձ համար մեր ավագ դպրոցը-քոլեջը բաց ստեղծագործական հարթակ է կամ կասկադ, երբ յուրաքանչյուր սովորող տեսանելի է և գործում է-ինքնիրացման անհատական ուղի անցնում իր ազատ ընտրությամբ, սեփական փորձի՝ սխալի ու ձեռքբերման անհատական ճանապարհը…
Նախածննդյան պահքի շրջանը՝ դեկտեմբերի 30-ից սկսվող և մինչև հունվարի 5-ը տևող, մարդու ընտրությունն է, Ամանոր-Սուրբծննդյան ծիսական շրջան մտնելու միջոց… Սիրով-հաճույքով ընտրում եմ՝ տանը, Արատեսում, կրթահամալիրի Բանգլադեշում… Եվ մեր 2-5 տարեկանների՝ այս մատները լիզելը պահքի տոլմայի հետ… կանչեիք էլի, կանչե՛ք անպայման, երբ ծորում է… ծեսը, որպես մշակույթ ստեղծում մեր միջավայրը, մեր կենցաղը… Պասուց տոլման, պահքի սեղանի մյուս զարդերը առանց ինձ չի կարելի ճաշակել. ես դրանից նվաղում եմ։
Կրթահամալիրի Հյուսիսի նախակրթարանում: Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի:
Վիգեն Ավետիսի խանդավառությունը՝ քանդակի դպրոցից ժամանակակից արվեստի կենտրոնի ստեղծման առաջարկ անցումով, սիրելի է, ծանոթ պատմություն ունի… Գրիգոր Խաչատրյանի, Նազարեթ Կարոյանի, Կարինե Մացակյանի… հիշողության մեջ թարմ է… Հիմա արդեն ամբողջությամբ առաջին հարկ՝ Հյուսիսային դպրոց-գեղարվեստի ողջ նկուղային հարկի՝ շուրջ 1400 քառ. մետր, հաշվեք, մաքրումը-քանդումը-վերափոխումը-կառուցումը դրան է ուղղված եղել՝ որպես ժամանակակից արվեստի կենտրոն՝ իր գրադարանով, արխիվով-ցուցասրահով, քննարկումների-ցուցադրությունների սրահով, կենցաղով… Բերնեն ականջ, խոսքեն՝ գործ… Լավ է, որ անհոգնել, Քնարիկ Ներսիսյանի խանդավառ ընկերակցությամբ, հիմա Վիգեն Ավետիսի գումարումով, թատրոն այս տարվա ակումբ-մառանի, քանդակի դպրոցի, կերպարվեստի ուսումնական կենտրոնի, տեխնոլոգիայի բաց դպրոցի ստեղծմամբ… Միշտ ձիու վրա Ձմեռ պապի գավազանի զորությամբ, Սուրբ Ծննդի խորհրդով, ամանորի գույներով, ղողանջներով, նախաձեռնող խմբի՝ Գրիգոր Խաչատրյանի, Նազարեթի, Վիգեն Ավետիսի, Կարինե Մացակյանի, Քնարիկ Ներսիսյանի ու Տաթև Աթոյանի՝ 2019-ին հունվարի նախագծային հավաքով, համաձայնեցված ծրագրային լուծումների տարի ենք մտնում Գրիգոր Խաչատրյանի հավատարիմ ժամանակակիցներով…
Ես պատրաստ եմ, ես ամեն օր ինձ ավելի ու ավելի ինքնավստահ եմ զգում, կաշկանդումներից ազատ մի պաշտոնով՝ միայն տիար աշխատելու: Ես երբեք այդքան մոտ չեմ եղել վարչական որևէ ենթակայությունից լրիվ ազատ գործելուն, քան հիմա… Ու կրթահամալիրի խորհրդի ընթացող ընտրությունները՝ էլեկտրոնային փակ քվեարկությամբ, առաջադրման-ինքնառաջադրման-համաձայնեցման կայացած համայնքին բնորոշ վստահության միջավայրում, երբ չի կարելի, որովհետև չի կարելի, ամոթ է, կարևոր քայլ է իմ, ձեր ազատության ճանապարհին: Նոր տարի, իր նոր լուծումներով, հեղինակային մանկավարժության նոր զարգացումներով…
Գեղարվեստի Մառան-թատերական ակումբը պատրաստվում է Վ. Սարոյանի «Սովյալները» ներկայացմանը:
Հիշեցնեմ՝ 1992թ. աշնանը ես դուրս եմ եկել ՀՀՇ վարչության և ՀՀՇ կազմից՝ անաղմուկ, խաղաղ, մարդկային բոլոր կապերի պահպանմամբ, իսկ 1994-1995-ին եղել եմ Հայաստանի լուսավորության նախարար, 1995-1996-ին՝ նոր ձևավորված Ազգային ժողովի ու կառավարության կառուցվածքում՝ ՀՀ կրթության ու գիտության նախարարի առաջին տեղակալ, ղեկավարելով հանրակրթության ոլորտը, երջանկահիշատակ նախարար Վարդգես Գնունու օրոք՝ լինելով Նոր ուղի կուսակցության ղեկավարը։ Ավելացրեք սրան 1990-ից ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորի, ԳԽ կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի անդամի, 1991թ. Երևանի փոխքաղաքապետի, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտները համակարգողի իմ փորձը։ Հիմա կարո՞ղ եմ ես հիմնավորված խոսել։
Իմ բլոգը, եթե բարեխիղճ է ամբարել թղթային եղած արխիվը, պիտի ունենա կառավարության կառուցվածքի մասին իմ գրավոր, օրենսդիր թե գործադիր մարմիններում հայտնած-պաշտպանած տեսակետը-հիմնավորումները… Ես կողմ եմ եղել, կողմ եմ, Հայաստանի կառավարության կառուցվածքում «լուսավորության և մշակույթի», «բարձրագույն կրթության և գիտության» նախարարությունների ինքնուրույն գոյությանը… Մի գրում չի պատմվում, չի տեղավորվում… Գիր է անընդհատ…
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1534