Եղա՞վ. հարցնում եմ…

Իսկ Դավիթ Բլեյանը մայրիկի ծիծիկները մեկ ամսական դարձող Աստղիկ քույրիկին առանց պայքարի զիջողը չէ… Պահը-առիթը բաց չի թողնում… մղվում է… Մենք էլ, դե, իբր սաստում ենք՝ Դավի՛թ, կամ՝ Դավի՜թ, կամ՝ Դավի՞թ…
Երեկ այդպիսի սաստում-սպառնալիք-արգելքից հետո.
— Սրանք Աստղիկի ծիծիկները չեն, սրանք իմոնք են, իմ ջեռոցները…

Սիրելի՛ Սիլվա Գույումճեան տնօրինուհի, Ստամբուլի Կեդրոնական վարժարանի ուղարկածը, «Անձեռոց մը ամանորյա, նորածին Աստղիկին՝ բարի քուն, առատ կաթ» մակագրությամբ, անուշեղենը Դավիթ Բլեյանին, երեկ իրիկունը զբաղեցրեց մեզ, լեզուն մեր հարստացրեց…

Արմինեի կաթն՝ առատ, Աստղիկի-Դավթի քունը՝ բարի, իմ օրը… լեցուն… գիշերվա, առավոտվա, ցերեկվա գործերով… Հետո քուն եկավ իմ աչուկներին… Ոչ էլ դիմադրեցի…
Դավիթը հասցրել էր, տեղ էր գտել-զբաղեցրել ծնողական անկողնում…
— Ինձ մի քիչ տեղ կճարվի՞ էստեղ…
Ու տեղավորվելուց հետո էլ՝
— Աստղիկ ջան, քույրիկ, կամա՛ց լացի, դասի եմ…

Մարինե Ամիրջանյանի՝ Արևելյան դպրոցում ծնված ուսումնական նախագծով «Խոշորացույցի» 22 հարցերին պատասխանե՜մ, դառնա պատում-գի՞ր օրվա… Աստղիկը քնեց-արթնացավ-կերավ-գխտաց, քնեց-արթնացավ… Ես էլ մորս ասած պուպուի (հոպո՞պ-ն է) նման քաշվեցի աշխարհի իմ անկյունը…

Ամանորի տրամադրություն են փոխանցում կրթահամալիրի Արևելքից: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

Տարեմուտ է, ավագ աղջկաս՝ Լիլիթի հրահանգն էլ ֆեյսբուքով հասավ որպես նոր օրորոցային՝ քնեք հանգիստ… Դավթի անկողինն ազատ էր, հեռու, որքան էլ Աստղիկը բարձր լացի… Իմ գործերը՝ քեզ, Ձմեռ պապ… Քնել եմ ուզում ու երկար, երկար… Կարելի է, չէ՞…

Սիրելի՛ օգտատեր,
Հերի՛ք աղմկեք
Ձեր ստեղները հանում են նույն
շրխկոցը
Ձեր տառերը նույնն են
Ձեր կապույտն ունի նույն երանգը
Ձեր բութ մատը թողնում է նույն մատնահետքը
Ձեր ժպիտը նույն փակագիծն է
Ձեր սիրտը մեկն է միլիոնավոր սրտիկներից
Ու կներեք, բայց պետք է ասեմ.
Ձեր գրառումը տեղ չգտավ ոչ մի
էջում
Այն ոչ ոք չի հավանի
Եվ խելագարը միայն կքոմենթի
կիսաձայն
Քնեք, սիրելի օգտատեր,
Ձեր երազները դեռ ձերն են,
Քնեք,
Բոլոր զոհերը ֆեյք էին,
Քնեք,
Հերոստրատն այրել է բոլոր
սերվերները,
Քնեք հանգիստ։

Էս գիրն էլ էսպես, տարեմուտի խոստովանություն եղավ…

Ֆոտոխմբագիր՝  Արմինե Թոփչյան
#1528

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որտեղ էլ լինեմ, կհիշեմ ու կասեմ այն խոսքերը, որ հիմա չեմ գտնում…

Վերնագիրը՝ Քնքուշ Բաղդասարյանի խոսքից։ Մեզանում հերթապահ-շնորհավորական-«հավուր պատշաճի» խոսքը չարաշահվում է։ Տոն է, ծնունդ է, միջոցառում է, հավաք է մի առիթով, ու գնա՜ց… Խոսքը կարող է զբաղեցնել հավաքի կեսը, ու ձանձրույթը կարող

Էվալլա ինձ… քեզ… մեզ… նոր այր

Նորայր Ասատրյանը՝ մեր ավագ դպրոցի 10-րդցին, Գավառին կպած Կարմիր գյուղից է, գյուղն էլ այս իմ մոր ծննդավայրն է: Երեկ երկու ժամ տևած Կլոր սեղանից վերադառնում ենք տասնհինգի չափ սեբաստացի սովորող-ուսուցչով,

Տուտուզները դեմ արած շփոթված, թե իրենցով հիացած բոլոր մեծերին…

Կարելի է պատկերացնել այն հետևանքները, որ մնացին մեր տանը Դավիթ Բլեյանի, իր Սոնա քրոջ ու Արմեն եղբոր իրիկնային հանդիպումից… Տեսնել էր պետք միասին լինելու այն խրախճանքը, երբ չորս, վեց և