Ի՞նչ կլիներ, եթե… Ես առտու 04-ին չարթնանայի, չսկսեի իմ օրը, ինչպես այս շաբաթ օրով՝ դեկտեմբերի 20-ին…

Մինչ Արմինեն ու Դավիթը զբաղված էին իրարով, իրիկունը 10-ին շատ մոտ, ես անջատվում էի, միայն քնել կարող էի. անաղմուկ, աննկատ լքեցի հյուրասենյակն ու… Այո, մեռելի պես անցավ իմ վեց ժամը. ոչինչ չեմ հիշում։ Ժամ ու կես տևեց իմ ճանապարհը դեպի գրասեղան՝ օրվա գիրն սկսելը… Այդ ժամուկեսը ես mskh.am-ում էի… Տնօրենի բարեխիղճ աշխատանք… Համաձայն վերջերս անցկացված մի ուսումնասիրության, որին հավատում եմ, ամենից շատ առաջադիմության վրա ազդում են բարեխղճությունն ու … անկեղծությունը։ Սրանք, կարծեմ, իրար հետ կապված են. սովորական անբարեխղճությունը գործի նկատմամբ հետո մենք թաքցնում-բացատրում ենք ինչ-ինչ բաներով՝ մեր առանձնահատկությամբ, արտասովորությամբ… հենց գործով… Ես հիմա ամենից առաջ բարեխիղճ եմ. գնահատում եմ բարեխիղճ վերաբերմունքը գործի-կյանքի նկատմամբ, ես պահանջում եմ նախ և առաջ բարեխղճություն… Անկեղծությունը հետը կգա, չի ուշանա… Ի՞նչ կլիներ, եթե… Իմ օրվա գիրը անընդհատ չէր լինի, 183 օր… «Սեբաստացի» ռադիոյի 30-րդ թողարկումը 21 րոպե, 21 վայրկյան եթերում չէր լինի։ «Սեբաստացի» TV-ով մեր դեկտեմբերի 16-ի համերգն ամբողջական, մեկ ժամ չորս րոպե չէր հեռարձակվի… Հիմնական դպրոցի Մարիմյան Թամարի 2-րդ դասարանցիները դպրոցական նախանձ շարժող մարզադահլիճում ձեռք չէին բերի ու այդքան ամբողջական ցուցադրի իրենց մարմնամարզական կարողությունները… Վրաստանի-թբիլիսցիների ու Հայաստանի-երևանցիների այսպիսի անկեղծ համեմատություն (որքան նման ենք մենք ու որքան տարբեր, երբ եղբայր ենք մենք), չէր կատարվի… Շնորհակալ եմ Հռիփսիմե Առաքելյանին այսպիսի բարեխիղճ ու անկեղծ արձագանքի, այսպես թափով սկսած, վստահ եմ, հեռանկարային ու արդիական նախագծի համար, որ իրականացնում են Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանցիները։ Իհարկե, շուտ չէ, 8-9 տարեկանները իրենց կյանքով գիտեն Վրաստանը՝ ամառը ընտանիքով հանգստացել են կամ պատրաստվում են այցելել, ունեն ծագումնաբանական կապեր… տանը, հատկապես այս օրերին, ԵՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) – ԵՄ (Եվրոպական միություն) զուգահեռները Հայաստան-Վրաստան համեմատություններով են համեմվում… Ուրիշ ի՞նչ կերպ։ Ահա՝ ինչ է գրում Հռիփսիմեն իմ փոստում. «Տիար Բլեյան, ես իմ 31 դասարանի սովորողների հետ սկսել եմ համագործակցել թբիլիսյան թթ 118, 119, 120, 167, 132 դպրոցների հետ, որոնց  ուղարկել եմ մեր դասարանի կողմից իրականացված վրացական նախագծերը։ Թբիլիսի քաղաքի Գլդանի թաղամասի այդ դպրոցների  արհմիության  ներկայացուցիչ Վիկտորյա Բալավաձեն փոխանցում է, որ  մեր նախագծերը մեծ ոգևորություն են առաջացրել Թբիլիսիում, իրենք ողջունում ենհայվրացական կրթական կամուրջների ստեղծմանն  ու ամրապնդմանն ուղղված մեր ջանքերը  և սիրով պատրաստ են համագործակցելու կրթահամալիրի հետ։ Առաջարկում են  փոխայցելություններ կատարել….»։ Ստանում է այսպիսի աջակցություն տնօրենից. «Սա կրթական փոխանակումների հեռանկարային նախագիծ է, որին արժե՝ «Սեբաստացիներ» հիմնադրամը և «Ուսուցչաց տուն» կազմակերպությունը միանան»։ Շարունակությունը լսեք «Սեբաստացի» ռադիոյի 30-րդ թողարկման մեջ՝ 14։14 րոպեից սկսած…

Ի՞նչ կլիներ, եթե… Դիջի-մեդիաուրբաթը` 60 րոպե ուրախ-գունեղ, մոբիլ-ստեղծական, բաց-համերաշխ տոնը մեզ չէր հավաքի… Լուսինե Բուշի ու իր երկրորդ դասարանցի սաների արմանք-զարմանքը չէր կայանա…. Առանց Բուշի կամ նրա իրավահաջորդ Օբամայի ԱՄՆ-ն ի՞նչ կլիներ… Աշխարհի հետ ի՜նչ կկատարվեր… Համեցեք. հենց նոր թարմ ստացվեց. «Երկրի տնտեսական աճը շարունակվում է 57 ամիս շարունակամերիկյան ընկերությունները 11 միլիոն աշխատատեղեր են ստեղծելկասկած չկա, որ մենք ճիշտ ուղու վրա ենք» (Բարաք Օբամա, 2014թ. դեկտեմբերի 19, Սպիտակ տանը կայացած մամլո կոնֆերանս):

Հիմա չեմ հիշում՝ Դիջի-մեդիաուրբաթին ում կողքին հայտնվեցի, ու այդ աղմուկի մեջ մերոնցից մեկը թե.
– Տիար Բլեյան, Գրիգոր Խաչատրյանն ի՞նչ է նկարել-տեղադրել այսօր mskh.am-ում։
– Հիմնական դպրոցի Սեդա Խաչատրյանի առաջին դասարանի նոր արտաքնոցների նախագիծը,- անվրդով պատասխանում եմ ես…
– Հիմա ի՞նչ, պիտի կառուցե՞ք…
– Եթե բարեխիղճ-անկեղծ գործենք, այո…
Մինչև նոր տարի՝ չէ, բայց 2015-ի հունվարը կնշանավորենք նոր սերնդի կրթական արտաքնոցներով… Ահա։

Գրիգոր Խաչատրյանը, գիտեք, կոնցեպտուալիստ է. մենք՝ նրա ժամանակակիցներս, չենք կարող հարգանքով չվերաբերվել «Միջավայր. փոխազդեցություններ. շարունակականություն» նախագծի ղեկավարի իրագործումներին… Կարող ենք ակնկալել ինչ-ինչ պարզաբանումներ, բացատրություններ. խոսի՛ր, Գրիգոր Խաչատրյան, որքան էլ դու պատկերագիր ես արտահայտվում, բարեխիղճ ու անկեղծ։

Ինչ կլիներ, եթե… Ես, վարպետ Պետոն ու Կարինե Մացակյանը, պահեստապետ Վլադիկն ու Թամար Հարությունյանը, մեր նոր աշխատողներ Սերժն ու Գևորգը, Մարիետ Սիմոնյանն ու Կարեն Խաչատրյանը… Մայր դպրոցի բացվող-ընդարձակվող նկուղներում չէինք հանդիպի… Համեցեք, այս բացված գրավիչ աշխարհը ճանաչեք… Բարեխիղճ ու անկեղծ աշխատանքի արդյունքում, տեսեք՝ որքան բացահայտումներ կկատարվեն, որքան կորած պետքական իրեր կհայտնվեն մեր արհեստանոցներում, կսկսեն ապրել նոր կյանքով… Իսկ մինչև առաջիկա գարուն մենք կունենանք անդինի ու այսդինի, վերևի ու ներքևի, ֆիզիկականի և մետաֆիզիկականի, երազի և իրոքի մի յուրահատուկ հանդիպում՝ որպես միջավայրերի, փոխազդեցությունների շարունակականություն… Բարձրանանք տանիք, իջնենք նկուղ… օրվա մեջ հիմա ավելի ու ավելի շատ եմ այս անցումների մեջ։ Իմ ասածը միայն Մայր դպրոցին կամ Գեղարվեստին չի վերաբերում, նաև Հիմնականին ու Դպրոց-պարտեզին, Նոր դպրոցին ու Արհեստագործականին… Հատվածականությունը մեր աշխատանքի, դրա հաղթահարումը նաև կրթության միջոցով՝ որպես միջավայրերի շարունակական փոխազդեցություններ, անպայման ստեղծական իրագործումների մի անեզր ու գրավիչ հեռանկար է…  Չես փախչի, չես շրջանցի, հակառակ դեպքում՝ խոռոչում (փոսի հոմանիշը չէ՞) ես կամ փարախում, ու քոնը, եթե անգամ սիզիփոսի աշխատանք էլ չէ, այլ փոսից-փարախից դուրս գալու ելք, մի հնար, ոչ թե միջավայրի (հայրենիքի) ու շրջակա աշխարհի (շրջապատի) շարունակական փոխազդեցություն՝ հայրենիքի յուրացում…

Ի՞նչ կլիներ, եթե… Անկեղծությունն ու բարեխղճությունը համապարփակ կարող են ստեղծել մեր ավագ դպրոցը… Ամենաշատը մեր վարժարան-ավագ դպրոցն ունի այս բարեխղճության-անկեղծության պակասը։ Որտեղի՞ց ուր հասավ մեր տնօրենը՝ կասեն։ Սկզբին հասա, այն վեճին, որ առաջացավ մեր երեկվա մասնաժողովում, երբ քննարկվում էին 2015-2016 ուստարվա ընդունելության կարգը, պայմանները, ժամանակացույցը։ Որքան էլ բուռն, այն չի կարող փոխարինել վարժարանի ուսուցիչների, սովորողների, պատվիրատու ծնողների բարեխիղճ անկեղծ աշխատանքին։ Շնորհակալ եմ Վահրամ Թոքմաջյանին, թե չէ ես այսօրվա գիրը գրողը չէի՜։

– Հայրիկ, դու ուզում ես, որ իմ մայրիկն աշխատի՞….

– Մայրիկ, դու խելոք մայրիկ ես… իմ ասածները կանես…

– Հայրիկ, մայրիկն ինձ չի լսում. բան եմ ասում՝ չի անում…

– Հայրիկ, Աշոտը հիմա գալո՞ւ է… Հայրիկ, Աշոտը չի՞ գալու… Աշոտը ե՞րբ է գալու… Ուզում եմ՝ Աշոտը գա…
Խոսքը մեկ օրով իր խաղընկերը դարձած Աշոտ Փաշինյանի մասին է։

– Դու ինձ չես ծեծելու, ես եմ քեզ ծեծելու, մամ, որ իմ ասածները չես անում…

– Ես մեծ եմ, դրա համար էլ միայն դպրոց եմ գնացել. պարտեզ չեմ գնալու…
Արմինեի հետ մեր սովորողը լիարժեք մասնակցել է 5.1-ի, 5.2-ի մայրենիի դասերին, նրանց մեծ զվարճանք պատճառելով՝ դավիթավարի պատասխանել նրանց մեծավարի հարցերին…

– Հայրիկ, Շուշանը քո գովական սուտասան է… Շատ քինդեր-ձվիկ չի բերել… Հիմա ի՞նչ ուտեմ, բերածը կերել եմ. սառնարանը, տես՝ դատարկ է…

– Գնանք՝ հիմա լողանամ, հայրիկ, համ դու ուրախացի, համ էլ ես կեղտերից ազատվեմ. ջուրը տանի… Մաքուր Դավիթ դառնամ… Եղունգներս տեսնես, վախենաս…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եթե նետը մահացու է, էլ ինչ խոսք…

Ոտքից, գլխից, թե սրտից է խոցում մեզ… Հայաստանում Իրանի կրթության և մշակույթի կենտրոնի փոխնախագահ Փարսին Քազեմինի այցի մասին պատմել եմ իմ երեկվա գրում… Եվ տեսեք՝ իմ գրասեղանին Փարսինի նվիրած երեք

Ես, իհարկե, երջանիկ հայր եմ…

1999թ. մայիսի 13-ին դուրս եկա Մայր դպրոցից` Մամուլի տանը ժամը 14:00-ին նախօրոք հայտարարված ասուլիսն անցկացնելու համար… Ինձ մոտեցան հատուկ հագնված սևազգեստավորներ և խնդրեցին նստել իրենց մեքենան… Ես չուզեցի տեսարան սարքել,

Ոգևորված մարդու, գաղափարով-գործով-ստեղծումով համակված մարդկային խմբերի-հավաքանու-հասարակության ճգնաժամի հաղթահարումը

Հերթական բողոքը՝ Բլեյանը քանդում է… ու Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի աշխատողների հետ մենք անշտապ զննում ենք «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի հյուսիս-հարավ ճառագայթների զարգացումների դեմն առած երկա՜ր-բարձր հենապատի երեկվա փլուզումով ստեղծվածը… Ի՞նչ է