Անհատական ջանքի ու աշխատանքի խրախուսման մասին է իմ օրագիրը…
Այսպիսով իմ նախածննդյան-ետծննդյան արձակուրդներն ավարտվեցին շոշափելի արդյունքով՝ Աստղիկ Բլեյանը այսօր 6 օրական է, ժամ-ժամ ուժ-գեղեցկություն առնող: Արմինեն, իհարկե, մեկ է գոհ չէ… Բայց ես երկուշաբթի աշխատանքային ջրերում եմ, ու փիլիսոփայական որ լինի, ոչ ջուրն է նախկինը, ոչ, առավել ևս, ես. պայմանավորվել ենք բոլոր սեբաստացիներով:
Նունե Խաչիկօղլյանի, Արմինե Թոփչյանի նոյեմբերյան ֆոտոանդրադարձները տպավորվել են այնքան, որ պայմանավորվեցինք «Նոյեմբերը կրթահամալիրի Բանգլադեշում» Ձմեռ պապի մրցանակի համար մրցույթի մասին… Արմինեն ասաց՝ ոչ միայն գույները, այլև ձայները. ես ավելացնում եմ՝ բոլոր ազդեցությունները որպես գեղարվեստ, մեր գործիքներով-զգայարաններով։ Սցենարներ կարող են ծնվել, աշնանային սրթսրթան-խշխշան տեքստեր ու հազար-հազար հեղինակային հայտ… որ Ձմեռ պապը շվարի-մնա…
Ով քնած, ով արթուն… Հյուսիսային դպրոց-պարտեզ: Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի:
Չգիտեմ, նայո՞ւմ եք՝ mskh.am-ի առաջին էջի եթերները: Օրինակ, այս ֆիլմերը, որ ստեղծվել են նոյեմբերի օրացույցով կրթահամալիրի միջին դպրոցում Վայոց ձորի Արտաբունք-Հորբատեղի մարզիչ Ագապիի ֆուտբոլի աղջիկների թիմի ընդունելության, կրթահամալիրի Արևելյան դպրոցում կրթահամալիրի տոն-հարիսայի ծեսի մասին… Սա ինքնաբուխ-ներառական մանկավարժության հեղինակների պատումն է իրենց ուսումնական-համայնքային կյանքի մասին… Ինչո՞ւ են այսքան քիչ դիտումները, վա՞տ ենք տարածում… Ինչո՞ւ… չի՞ հետաքրքրում… մի՛ շարունակեք, թևաթափ եմ լինում… Ես դրանք հաճույքով բերում եմ իմ գիր. շնորհակալ եմ:
Իսկ ընդհանուր մանկավարժական ժողով կարելի է բերել մեր «Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոնի» 2019-ի նոյեմբերի նախագիծը, ձգտումը մեր՝ տարեցտարի օրերը-տոնը դարձնելու առավել մասնակցային-ընտանի, առանց սահմանների: Ապրող, կենդանի, զարգացող կրթական համայնքը իր տոն-ծեսն է ստեղծում-փոխանցում, սա ավելին է, քան ավանդական ծեսի ընդօրինակումը…
Ծնողական-ուսուցչական երաժշտական պարապմունք։ Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:
«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» ուսումնական նախագիծը շարունակական է, իր պատմությունն ունի: Նոյեմբերի 23-ին քայլքով կարողացանք այն պատշաճ-անմիջական ներկայացնել Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի նոր ղեկավար Դավիթ Կարապետյանին, իր տեղակալներ Դավիթ Թումանյանին ու Կարեն Հակոբյանին: Մեր առաջին հանդիպումն էր, ու կարևոր էր արձանագրել մանկավարժական հայացքների ընդհանրությունը, կրթական պարտեզի կարևորումը՝ վարչական շրջանի, քաղաքի բնակիչ-բնակավայր-տեղական ինքնակառավարում հարաբերություններում, առանց օտարող-հակամարտ դարձնող սահմանների… Մեր կողմից հետևողականորեն ներկայացվող նախագիծը՝ որպես շոշափելի գոյություն, առաջարկվող-ստեղծվող արվարձան-բնակավայրը՝ որպես հանրային տարածք, հանրային կյանքի կազմակերպում, փարձաքար է, պոլիգոն «Իմ քայլը» նախընտրական դաշինքը ներկայացնող քաղաքապետի, վարչական շրջանի ղեկավարի համար… «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» նախընտրական կարգախոսն առանց այսպիսի պոլիգոնների, հանրային կյանքի կազմակերպման նոր լուծումների-ամբողջական փոփոխությունների կարգախոս էլ կմնա… Չի օգնի նաև նախընտրական դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ կարգախոսի բացումը… «Հոգատար հանրություն ասելիս մենք նկատի ունենք անհատական ջանքի ու աշխատանքի խրախուսումը: Մենք մարդկանց մասին հոգ տանելը հասկանում ենք նրանց օգնելը, աջակցելը, որ նրանք հավատան իրենց ուժերին, կարողանան ճեղքել իրենց հուսահատությունն ու խեղճությունը»… Կրթական պարտեզը մեր այսպիսի զօրությամբ է օժտված… Մեր Նիկոլի սրտով է. կգա, ինքը կասի շարունակությունը:
Բոլորս՝ ընտրող, թե ընտրվող-թեկնածու, անհատներով-կազմակերպություններով անելիք ունենք, որ մեր նախընտրական շրջանը քաղաքական կյանքի պարապ չանցնի, որ իրական հաղորդակցություն հաստատենք ընտրող-ընտրվողով… քաղաքական հարաբերություններ հաստատենք… Այստեղից և կարևորությունը Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի ղեկավարության հետ մեր առաջին հանդիպման, որ կողմերի կարծիքով լավ սկիզբ էր. ճանաչեցինք իրար ավելի լավ, ընդհանուր մի գործի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք… Հաջորդ քայլը մեր քայլը քաղաքային ավագանու, քաղաքապետի, նրա աշխատակազմի այցն է մեր կրթական պարտեզ, 2019-ի քաղաքային ծրագրերում առաջարկվող, մեր համոզմամբ՝ համաքաղաքային համարում ունեցող նախագծի արտացոլումն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության նախապատրաստումը…
Միջավայրի խնամք կրթահամալիրի Հյուսիսում։ Լուսանկարները՝ Անժելա Բլեյանի:
Իսկ մենք, որպես հեղինակային մանկավարժության հեղինակներ, Ձմեռ պապ 2019-ի տոպրակում էլի լուծում-առաջարկներ ունենք։ Իսկը ժամանակն է բացելու, համատեղ աշխատանքով տարեմուտի այս քաղաքական շրջանում մեզ կապելու…
Աստղիկ 5 օրական Բլեյանի պորտը տեղը դրեցինք… ընկավ լողալիս… Ես չգիտեի… Չգիտեմ նաև՝ ինչ է պետք անել այս պորտը… Դավիթը ոգևորված անցկացրեց ողջ կիրակին քրոջ հետ… Մելինե-Մարիամ քույրերը հերթով մորաքրոջ ձեռքի տակ փորձառություն են անցնում… Ռուզան մորաքույրը իսկական մենթոր է… Մնում է Աստղիկի բլոգի հարցը լուծում ստանա: Դավիթը չի ուզում իր բլոգը ծանրաբեռնի… Նոր սեբաստացի է, նշանը կպցրել է… Աստղիկը թող իր բլոգն ունենա,- ասում է… Սպասում ենք Լուսինե Փաշայանի վճռին…
Աստղիկն սկսեց իր երաժշտական հանրակրթությունը Մոցարտով: Դավթի ընտրությունն է. մշակույթը պարտադրվում է այսպես, փոխանցելով… Կոնցերտ ֆլեյտայի համար, իրիկնային ունկնդրում…
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1506