Բարի հիշեք չեմ ասում, Տերյան Վահանի պես, ու դրան հաջորդող Մնաք բարով, մնաք բարովը… Ես Գրիգոր Խաչատրյանը չեմ, կենսագիր չունեմ. կամ, ինչպես իմ 1503-րդ գրի վերնագիրը՝ իմ կենսագիրը ձեր հիշողությունն է… Անգամ, եթե անփույթ չլինեի ու իմ բոլոր նամակները, իմ օրագրերը՝ ձեռագիր, թե մեդիագիր, պահեի, արխիվացնեի… Ես արխիվ չունեմ, եթե ունեմ՝ իմ բլոգն է, որ ձեր ձեռքի տակ է… Անպաշտպա՞ն… Ուսանողական շինարարական ջոկատներից՝ 1973-1977թթ, Գյումրիի զինվորական հավաքի ամիսներին 1977-ի ամառը, դրանից առաջ՝ պատանեկան-դպրոցական իմ ձեռագիր օրագրում, իմ նամակներում-շարքերում անձնական, կանանց իմ, իմ ընկեր Տիգրան Ջերջյանին ցայսօր, 1999-2001թթ նամակներում կալանատնից… 2014թ. հունիսին սկսած, կրթահամալիրի տնօրեն-տիարի՝ Աշոտ Բլեյանի բլոգապատումով, ինչ ձեռագիր է, եթե ինձ մոտ պիտի լիներ, կարող էր լինել (ինչ չկա՝ թափոն է վաղուց) որպես մեդիագիր-տեսանյութ իմ բլոգում է… Իմը չէ, որ բեռ չդառնա… Ես արխիվ չունեմ, կամ ունեմ՝ ձեր հիշողությունը, ձեր ձեռքի տակ եղածը… Ազա՛տ վարվեք. եթե դրանք կարող են ձեզ օգտակար լինել՝ դարձրե՛ք, ես ձեր օգնական-տիարը… Եթե ես ինձ իմ կյանքով խայտառակ չեմ արել, մեկ է, դուք դա անել չեք կարող: Շամխալբեկ հայրս է ասել:

Աշխարհի իմ անկյունում, իմ բաց պատուհանից այն կողմ բաց աշխարհ է, անձրևում-կաթկթում է, մութ է. մեկ է՝ իմ առավոտն է 5-ի 6-ի արանքում, դուք՝ ձեր հարմարավետ թաքստոցում… Լսեք, ասում եմ՝ բարի օր…

Հարավային դպրոցի 1-ին դասարանի հեծանվորդուհիները:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Գևորգ Հակոբյանը՝ ուսուցիչ ընկերն իմ-ձեր, իրեն բնորոշ դիպուկությամբ օրեր առաջ նկատեց.
— Ինչո՞ւ են բոլոր գրություններում նշում՝ «ԿԳ նախարարության ենթակայության հանրակրթական հաստատություններին»…
Ինչո՞ւ ենթակա, ինչ ասել է՝ ենթակա, երբ նախարարությունը, ըստ սահմանման, կրթության պետական կառավարման լիազորված մարմին է՝ իր կոնկրետ գործառույթներով, որոնցով օժտել է պետական կազմակերպության հիմնադիր կառավարությունը… Կազմակերպությունը, ինչպես կրթահամալիրը մեր, ստեղծվել է-գործում է իր կանոնադրությամբ… Սա է մոմենտը չարենցյան՝ ենթակայության հաղթահարումը՝ քաղաքացու, ընտրողի, աշխատողի… մարդու… Այո, մարդու ազատագրումը: Այո, կարգապահությո՛ւն անհատի ու ազատության մեջ, որպես անհատի-խմբի-հավաքանու գործունեություն-ստեղծական աշխատանքի կազմակերպիչ ու երաշխավոր… Հայաստանը՝ չգիտեմ, պիտի օգնենք. կրթահամալիրը սեբաստացիական ենթակայության այսպիսի հեղափոխական հաղթահարման առաջ է՝ իր տիար-տնօրենով, որ մանկավարժական աշխատողը՝ որևէ կարգավիճակով՝ դաստիարակ-ուսուցիչ-կազմակերպիչ-դպրոցի, ուսումնական կենտրոնի, ծառայության ղեկավար, գաղափարի՝ մանկավարժության հեղինակի ենթակայությամբ… ծառայություն մատուցի…

Ռուսական արվեստի թանգարանի «Տարվա եղանակները» կրթական ծրագիր: Հարավային դպրոցի 2-րդ դասարան:
Լուսանկարները՝ Թամարա Մարիմյանի:

Երբ լսում եմ մարդուն, ինչպես երեկ ԷՕՆ ակումբում՝ ճարտարապետ բանախոս Արմեն Հակոբյանին, հարգանքով հարցեր եմ տալիս, հնչեցնում, ինչ-որ բան պարզելու համար չեմ անում, դա ինքնուրույն ու երկարատև աշխատանք է, ես մարդուն տեղում օգնելու համար եմ անում… Համատեղելի՞ են, օրինակ, ավտոմեքենան ու հետիոտնը Երևանի Հրազդանի կիրճում, չէ՞ որ հենց մեքենան մարդուն քշեց կիրճից… Առանց հողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հնարավո՞ր է Հայաստանի անապատացման-քարապատման դեմն առնել… Առանց երևակայության խրախճանքի ինչպե՞ս Երևանը դարձնես մի բնակելի հանրային տարածք, ինչպե՞ս վխտացող-բազմացող ավտոտրանսպորտի դեմն առնես, որ սպառնում է իրական անշարժությամբ ու… կալանքով յուրաքանչյուրիս՝ ավտոմեքենայի մեջ, գրասենյակում, թե բնակարանում… Սա թափառումի քաղաք չէ, ու ես, իհարկե, իմ իրերն եմ հավաքում… Ավելի շատ են այսպիսի, բարձր չասվող հարցերը… Հարցե՞ր են սրանք, թե՞ հաստատումներ, փորձառություն… ինչպես երեկ ակումբում… Զրույցը, ախր, այսպիսի գյոզալ միջավայրում հարազատական, գրագետ մեդիայի առկայությամբ, այլ կազմակերպում է ենթադրում…

Երեկ առավոտյան տանից Նոր Նորքի ծննդատուն, ծննդատնից Մերգելյան ինստիտուտ, այնտեղից Բանգլադեշ, Բանգլադեշից կենտրոնի Տերյան փողոց, ԷՕՆ ակումբ հարկադրված մեքենայով անցումից փախստականի իմ շփոթն էր շարունակ ուժեղանում… Լավ է, որ ռոդարիական աշխարհի մշտական ներկայացուցիչ Դավիթ Բլեյանը կա ու չի թողնում լռվես-մնաս մեքենաների սարդոստայնում…
— Մա՛մ, էս ի՜նչ եղան սիրուն-մեծ ծիծիկներդ, լրիվ հավաքածդ կաթը Աստղիկը մի օրում կերա՞վ…
Առաջին այգամ մտել է ծննդատուն, հիվանդասենյակ…
— Մա՛մ, հլը տեսնեմ՝ Աստղիկը փորիցդ դո՞ւրս ա եկել… Ո՞ւր գնաց…
Իրիկունն էլ, Տաթևի, Արևիկի հետ թափառումի երկրորդ օրվա հավեսը վայելած՝
— Ե՞րբ եք Աստղիկին տուն բերելու, մի կարգին սիրեմ քույրիկիս…
Իսկ առավոտը.
— Հա, չմոռանամ այսօր, Արևիկ քույրիկիս ծնունդը շնորհավորեմ… Նվերը՝ քեզնից, պա՜պ…

Մեքենան իհարկե Երևանից դուրս գալու՝ ճամփորդելու, քաղաքից քաղաք, բնակավայրից բնակավայր անցնելու, պարզապես, Երևանից անկանգ հեռանալու համար է… Երևանամերձ լինեին այդ կայանատեղիները մեքենաների, ու շաբաթ-կիրակի, օրվա վերջում կամ առավոտ վաղորդայնով, միացնեիր բանալին… Կմնար միայն ավտոկայանատեղի հասնելը՝ առանց անհատական մեքենայի, իհարկե, քայլքով-հեծանվով-հանրային որևէ միջոցով…

Մրգային ուրախ կերպարներ: Հարավային դպրոցի նախակրթարան:
Լուսանկարները՝ Լիլիթ Առաքելյանի:

 

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1503

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակնօրյա ընթերցարան

Վեցերորդ օրը Աստված ավարտեց արարման գործերը, յոթերորդ օրը արարման բոլոր գործերից հանգստացավ: Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից: Հեղինակային

Բաց, անվախ, բացճակատ, ժպտերես… 

Այսպիսին է ինձ երևում ու բոլոր սեբաստացի ճամբարականների հունվարի կյանքով դառնում մեր կրթահամալիրը. այսպիսի՝ բաց, անվախ, բացճակատ, ժպտերես համակարգի կողմնակից ու շինարար է ճանաչում մեզ կրթահամալիրի խորհրդի նախագահ, Լևոն-Հրաչյա զույգերի,

Դավիթ Բլեյանի ուսումնական սեպտեմբերին մնաց․․․ 20 օր․․․ Պահո՜, պահո՜․․․ կհասցնե՞նք

Օգոստոսի 30-ին Դավիթ Բլեյանը, որպես սեբաստացի, իր համար նոր կրթական ծրագրով՝ 5 տարեկանների ուսուցում, խուրջինով, հեղինակային ծրագրով որոշված ուսումնական այլ հանդերձանքով-պիտույքներով-գործիքներով, կսկսի 2016-2017 ուսումնական տարին իր հասակակիցների հետ Դպրոց-պարտեզում, Մարինե