Եվ իմ գիրը՝ որպես մեր միջի պոզիտիվի և շրջակա միջավայրի կապ։
Կրթահամալիրի զարգացման ծրագրին կրթահամալիրի հիմնադիր Հայաստանի կառավարության մասնակցության (ձևի, չափի, ժամանակի) հարցն իմ օրակարգում է, ու ես օրը սկսում եմ տանից քայլելով Ֆիրդուսնոցով կառավարություն՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ պայմանավորված հանդիպման… Ֆիրդուսանոցի բակ-անցումներում առավոտյան սուրճը-արթնացումը վայելող բնակիչներով, իրար ծանոթներ ենք հին, դիմավորում-ողջունում ենք բարեկամների պես. միշտ մի դետալով՝ իմ Երևանի, աչքաթող արած, հայտնաբերած ուրախանում եմ… Ես հաճախ եմ ժամեր-օրեր-ամիսներ խառնում, ինչպես այս անգամ. շահած մեկ ժամ ունեմ, առավոտ 8։30-9։30, ու ես Հայաստանի պատմության թանգարանի բաց ցուցադրությամբ երկու կողմից անշտապ անցնում եմ Բյուզանդ-Արամի փողոցներով…
Օրեր առաջ իմ փեսա Գարիկի հոգեհանգստին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հայտնի հիմնադիր-ղեկավար Տիգրան Հեքեքյանից մնացած դառը պատմությունը, Արամի 23-ի պատմական շենքի փլուզված արևելյան պատի վիճակը, պիտի փաստեի-արձանագրեի… Փլուզումից հետո քանի՜ ամիս է անցել, քանի մարդ է խոսել, խոստումներ տրվել… Մամա ջան, նույն վիճակում է… Խայտառակություն, ինչպես Արամի 9 հասցեի պատմական այս շենքը, որտեղ 1918-ին, ըստ ամրացված ցուցանակի, մեջ եմ բերում. «Այս տանն է ապրել և մահացել Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը»։ Արամի փողոց… Արամ Մանուկյանի ու նրա գործի նկատմամբ մեր խոսուն վերաբերմունք-վկայությունը այս երկու շենքերն են և փողոցի աջ ու ձախ՝ ոչնչացված հին Երևանի հսկայական փոսերում-տարածքներում արդեն խոյացած-խոյացող անհասկանալի ծավալները՝ որպես անվտանգության գոտի ձգվող «Ավելի բարեկարգ Երևան» ձեռ առնող պաստառներով, ո՛չ Հանրապետության հրապարակի, Սարդարապատի հուշահամալիրի հանկարծ հայտնված նրա արձանները…
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։
Պատմության թանգարանի բաց ցուցադրությունից՝ ցուցապաստառներով ըստ մարզերի ներկայացված հուշարձանների ցանկից, երկու գրություն ես առանձնացրի իմ այֆոնում, հատուկ իմ այսօրվա գրի համար…
Թումանյան Հովհաննեսը Թորոս Թորամանյանի մասին. «Փառք և պարծանք մեր նախնիքներին, որ աշխարհավեր հեղեղներ դիմագրավելով հանդեր, մեզ համար էսքա՜ն շքեղ ժառանգություն են թողել, և փառք ու պարծանք գիտության մարդկանց ու հատկապես Թորոս Թորամանյանին, որ մեր ազգի մեծությունը ավերակների միջից հանելով, ոչ միայն օտարների առջև, այլև մեր աչքերում դարձնում են մեծ ու հարգելի»։
Իսկ Գեղարքունիքի մարզում գտնվող Մաքենիս գյուղը՝ իր մերձակա Մաքենյաց վանքով, ես հայտնաբերեցի ուրախությամբ. առաջիկայում հայրենագետ տիարի այցելության վայրն է… Հետևեք իմ գրին։
Ստամբուլի կենտրոնական վարժարանի սովորողների և ուսուցիչների՝ կրթահամալիրի ավագ դպրոցի ճամբարի մասնակիցների հետ հանդիպումը, նրանց հյուրընկալող սեբաստացի սովորողների-առանձին մայրիկների մասնակցությամբ, Հայաստան-Երևան-կրթահամալիրի բանգլադեշ բացահայտած-հաստատած մեր հայրենակիցների՝ անուշ արևմտահայերենով ուրախությունը այն պոզիտիվն է, Հարավի դպրոցի 5-րդցի ճամբարական, Կիպրոսից եղբոր հետ վերադարձած Լևոն Վարդանյանի բառն եմ գործածում, որից մեր կրթահամալիրում շատացող-անվերջ կա…
Արևմտյան ճամբարի բաց լողափին։
Լուսանկարները՝ Լուսինե Պետրոսյանի։
Պոզիտիվը շատ է մեր կրթահամալիրի բանգլադեշում, ու այդ պոզիտիվն է սնուցում մեզ, ու այդ պոզիտիվի ետևից են գալիս ու գալիս մեր բանգլադեշ… Բարի գալուստ բանգլադեշ, ասում եմ ես, էլ աշխարհք չենք գալու հո նոր, իր տվածն ենք տալիս իրեն… Այդ պոզիտիվի ծնունդ են մեր ուսումնական ճամբարները, որ հունիսի 10-ից կդադարեն ուսումնական պլանով որոշված, մեր հեղինակած պարտադրանքը լինելուց, որպես հանրակրթություն… Հունիսի 10-ից, երբ ետևում կլինեն Սմբատ Պետրոսյանի ու Սեդա Վիրաբյանի իսկական հարսանիքը կրթահամալիրի բանգլադեշում, Արատեսում, կառաջանան արդեն սեբաստացի-ոչ սեբաստացի տարատարիք սովորողների ու նրանց ընտանիքների տարաբնույթ ճամբարները կրթահամալիրի բանգլադեշում, Արատեսում, Սևանի «Ժայռում»… արշավախմբային… Ձեր պոզիտիվից, սիրելի սեբաստացիներ կծնվեն դրանք, որ մանկավարժության կենտրոնը իմ առաջարկով որպես ցուցանակ կբերի իմ գիր…
Իսկ Վարդանյան եղբայրներին՝ Լևոնին ու Արենին, կարո՞ղ եմ ես հրավիրել Անի Սարգսյանի «Սեբաստացի TV» տաղավար… Հինգ դպրոց տեսած՝ իրենք այնքա՜ն բան ունեն ասելու ուսուցման մեջ պոզիտիվի կարևորման մասին…
4-րդ դասարանցիների ստուգատեսային ճամբարում։
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։
Իմ օրը Թորամանյանի մեծարումով է՝ որպես քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի հեղինակավոր խոսք։
«Ահա վեր է կացել հայ ճարտարապետ պ. Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն, և հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «հայոց ճարտարապետությունը» վերնագրով»։
Հ. Թումանյան
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1679