Աշխարհական ննջեցյալ-брат Օնիկ Դավթյանի սնարի վերև կանգնեց քահանան և ասաց.

Ալէլուիա, ալէլուիա.
Դու ես պաշտպան իմ, Տէր,
եւ ի ձեռս քո յանձն առնեմ զհոգի իմ:
Փրկեցեր զիս, Տէր Աստուած,
ճշմարտութեամբ քով:

Մնացածը ևս, ըստ թաղման կարգի՝ տանը և գերեզմանի, որի մասնակիցը եղա ես իմ ու Օնիկի ընկերների-հարազատների հետ սեպտեմբերի 21-ին…

Վասն ընդունելոյ Տեառն Աստուծոյ զհոգի հանգուցելոյս
ի հանգստեան արդարոց՝ զՏէր աղաչեսցուք:
Տէր ողորմեա՜:
Վասն թողլոյ սմա զյանցանս՝ զկամայ եւ զակամայ՝
զՏէր աղաչեսցուք:
Վասն արժանի լինելոյ սմա՝ խաղաղութեամբ եւ մեծաւ
յուսով սպասել տեառնագալուստ փողոյն՝ զՏէր աղաչեսցուք:
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա…

Իսկ մենք մասնակի՞ց ենք ծեսին` թաղման կարգին, իսկ մենք լսո՞ւմ ենք ծեսին հնչող խոսքը՝ քարոզի, աղոթքի, մաղթանքի… տանը (սգո սրահում), գերեզմանին, եկեղեցում… Ես լսում եմ ուշադիր. հետո, հիմա, առտու ժամը 5-ին բացում եմ Մաշտոցն ու կարդում ողջ կարգը՝ մեծի թաղման.

Վասն ուղղելոյ զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան
զՏէր աղաչեսցուք:

Իսկ 2016-ի իմ սեպտեմբերի 21-ի օրը, ինչպես քսանհինգ տարի անընդհատ իմ օրերը, իմ ընտրությունը եղավ ապավինում նախախնամությանը, որովհետև վաղվա օրն իր մասին կհոգա. օրվա հոգսը բա՜վ եղավ օրվա համար… Դավիթին իր ընկերների ու մայրիկ-հայրիկ-ուսուցիչների հետ ճանապարհեցի Արայի լեռան շուրջ ճամփորդության, ու ես մի խումբ ընկերների՝ Գևորգի, Արմինե Թոփչյանի, Վահրամի Մարտիրոսյան, Խորեն Հազարումյանի, Արեն Շահնազարյանի, շինարար Վահագնի հետ անցա գործի… Իմ ընկերները շա՜տ ջանացին՝ ինձ հուզելու աստիճան, որ կրթական պարտեզի հյուսիս-հարավ ճառագայթի մի անխնամ, թվում է՝ լքյալ հողակտոր պուրակ դառնա, այն էլ՝ իր նշան-արձանով… վարպետ Քաջիկը սրա համար որտեղից որտեղ հասավ… Քնարիկը Ներսիսյան, Հակոբ պարտիզպանը… Ինձ, կներեք, արժանի, տոնական-խորհրդանշական մի նվեր… Շարունակությունը, իհարկե, տոնական չեղավ, այլ եղավ, մինչ մենք գերեզմանոցում էինք՝ брат-ի հետ… Հանրային հողի զավթիչը ուշի ուշով հսկում է… Ու որպեսզի այլ ավարտ չլինի, ես հաստատում եմ շրջակա մեր աշխարհի՝ կրթական պարտեզի, իհարկե, բայց մեր դպրոցական բաց հողերից դուրս, հարակից հողերում պարտիզապուրակային նախագծերի շաբաթ-ստուգատես՝ սեպտեմբերի 26-ից 30-ը՝ իմ Երուսաղեմ ուխտի մեկնման օրը… Այսպես ինձ ճանապարհեք, բարեկամներ-ընկերներ, մի-մի իրականացված նախագծի ավետիսը տանեմ Ավետյաց երկիր, հո դատարկ չե՞մ գնա…

Գեղարվեստի բակի հարակից պուրակի բարեկարգման աշխատանքներ:

Սոնա Փափազյանի «Բարձունքի նվաճում-Արմաղան» ընդհատված նախագծի հետ եմ մտքերով՝ ողջ օրը… Լուսինե Ալեքսանյանին էլ չարչարեցի, կարդացի ողջ նախապատրաստական աշխատանքը՝ սովորողների և ուսուցիչների… բլոգներում… Ցավո՜ք, միայն Սոնան էր չարչարվել ու մի վեցի չափ հինգերորդցիներ՝ երեսուն մեկնողներից… Մեկ է, ես մեր դեռահասների՝ դեպի Արմաղան մղման դեմը կանգնող չեմ… Դիմացը՝ շաբաթ-կիրակի, ողջ հոկտեմբերը՝ իր արձակուրդային շաբաթով, «Բարձունքների նվաճում» նախագծերի ոսկի շրջան է… Միայն, վերադառնանք նախագծի բովանդակությանը, կառուցվածքին՝ իր կրթական փոխանակումներով, իր անվտանգության համակարգով…., ճամփորդությամբ (նախագծով) լուծվող ուսումնական խնդիրներին. չէ՞ որ երկու հարյուր հիսուն կմ-ի չափ ճանապարհ եք անցնելու՝ Սևանի ավազանով, Արգիճիի հովտով, Արմաղանի կախարդանքով, Մարտունի բնակավայրերով՝ Մադինայից մինչև Գետաշեն… Ճամփորդությամբ ուսուցումը, նույն է թե կյանքով ուսուցումը՝ հինգ տարեկանների, Մարինե ջան, թե հինգերորդցիների, սքանչելի Սոնա, տես, խաթրդ եմ առնում, ուրիշ ընթացք է ենթադրում, այլ կազմակերպում, ոչ դաս-դասարանային՝ քառասունհինգ րոպեի, ոչ դասի ձևական, այդպես էլ անհասանելի նպատակի… Լսվե՞ց:

Բարձունքի հաղթահարում՝ Ուշի-Սաղմոսավանք-Հարթավան:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի։

Վերադառնանք նախագծային-ճամփորդական ուսուցման, բարձունքների նվաճման էությանը՝ зри в корень (որտեղի՞ց եկավ ու ռուսերեն): Հաջորդ շաբաթվա համար մի ուսումնական ստուգատես էլ եմ նախատեսել, ու հենց հինգ տարեկանների համար… Դավիթ Բլեյանն է հուշել… Հենց այդպես՝ սեբաստացի հինգ տարեկանների պաշտպանության ստուգատես… Մարինե, Փիրուզ, Լիլիթ, Գոհար, Նարինե դաստիարակներ, թողե՛ք շուտափույթ, հենց այս մեկ տարում ամեն ինչ կամ առավելագույնը սովորեցնելու ձեր ուսուցչությունը, ինպես Սոնա Փափազյանը՝ Արմաղան՝ բոլոր երեսունի հետ տարատարիք, ու մեկ օրում էլ չէ, տասը ժամում անցնելու ուսուցչությունը (դրա համար էլ «Սպրինտեր» մեքենաներն էր ընտրել)… Մի՛ շտապեք, սիրելիներս, ո՞ւր եք շտապում, վայելե՛ք կյանքն ու հնարավորություն տվեք բոլոր հինգ տարեկաններին ու հինգերորդցիներին, յուրահատուկ՝ յուրաքանչյուրը իր կյանքը վայելելու… Սա ասում է ձեզ աշխարհի տեր-վռազ Տիարը:

Գեղարվեստի 2-4 տարեկանները:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան

# 798

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուրախ եղիր

Այս վերնագիրը Դավիթ Բլեյանի շապիկին է՝ «Be happy»։ Նիկոլ Փաշինյանը դրան կավելացներ՝ քայլ արա։ Իմ գիրն իմ էլ հասցեից սիրելի «Հայկական ժամանակի» լրագրող Աննա Զախարյանի հարցերն են՝ իրենց պատասխաններով, և իմ

Ինչու է պոպկորնն աղմուկով պայթում․․․

Հոբելյանական հազարհարյուրերորդը՝ Աբուլից առաջ Պոպկորնը բառացի, թարգմանաբար, նշանակում է պայթող եգիպտացորեն։ Այսպիսի՝ գիտական-հանրամատչելի հրապարակումները ես կարդում եմ Դավիթ Բլեյանի հետ, որքան էլ անմեղ-անվտանգ վիճակ չէ Դավիթ Բլեյանի հարցախույզում հայտնվելը․․․ Շուշանը

Փախուստով ամառային Artասահման

Գետանցման պարապմունք Արատեսում. սեբաստացի 6-10 տարեկան վրանային ճամբարականների համար Եղեգիսի Արատեսի ափին պարապմունք են անցկացնում Արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի կառույցի մասնագետները…  Ծիրանատոն կրթահամալիրում՝ մեր աշխարհի հարավում, հյուսիսում, արևելքում ու