Նոր գծանշումներ Երևանում՝ խցանումները բացառելու համար Լավ վերնագիր է… Ուսումնասիրել ենք, տեսել ենք, որ… եթե… ապա քաղաքում ոչ մի խցանում չի լինի… Հրաշքը այսքան պարզունա՞կ է լինում… Ես գալիս եմ Դավթի հետ Մոսկովյան-Տերյան խաչմերուկ… Այսպիսի քաղաքը՝ մեքենաների այսպիսի զանգվածով, անհեռանկար բազմացող, ինձ օրինակ՝ իր բնակչին, չի պահի… Կներեք, կրթահամալիրի Բանգլադեշ, տիարի կարգավիճակ, ես Հայաստանում այլ անկյուն-աշխարհ եմ փնտրում, կգտնեմ… Թող Աստղիկը գա, դառնա 40 օրական, հինգ որդով (դե, լրացրեք), չորս թոռով, երկու փեսայով կհավաքվենք, պատշաճ կտեղեկացնեմ… Այս քաղաքը՝ այսպիսի երթևեկությամբ, հանրային կյանքի այսպիսի կազմակերպմամբ, վանում է շարունակ…

Ես, որպես առողջապահության նախարար չունեմ ո՛չ ընկեր, ո՛չ հարազատ, և իմ ամբողջ կենսագրությունը դրա ապացույցն է… Չանդրադառնամ ողջ տեսանյութին, այս խոսքի երկու կտորների հակասությանը. ականջ ծակող այսպիսի կրեդո՝ հավատամք, ես առաջին անգամ լսել եմ Հիսուս Քրիստոսից, իմ Ուսուցչից… «Եւ իբրեւ ասացին ցնա՝ ահաւասիկ մայր քո եւ եղբարք քո՝ կա՜ն արտաքոյ եւ խնդրեն զքեզ: Պատասխանի ետ նոցա եւ ասէ. Ո՞վ է իմ մայր կամ եղբարք: Հայեցաւ շուրջ զիւրեւ զաշակերտսն զի նստէին, եւ ասէ. Ահաւասիկ մայր իմ եւ եղբարք իմ: Զի որ առնէ զկամս Աստուծոյ, նա է իմ եղբայր եւ քոյր եւ մայր»*:  Սա՝ որպես մեսսիա հասկանալի է. կընդունես, թե չես ընդունի։ Ախր, մենք մահկանացուներ ենք… Երրորդ Հանրապետության պատմության մեջ էլ նման մի բան ասել է Վազգեն Սարգսյանը․․․ Աղուհացը քաղաքական կատեգորիա չէ․․․ Չի մոռացվի՝ ինչ ավարտ-շարունակություն ունեցավ Վազգենի առաքելությունը… Ափսո՜ս, հազար ափսոս… Վազգենը, Վազգենի ընտանիքը աղուհացով մարդիկ են…

Բրուտագործ 2-րդ դասարանցիներ, Հարավային դպրոց-պարտեզ:
Ֆոտոշարը՝ Թամարա Մարիմյանի:

Ես ուշադիր հետևում եմ Արա Մինասյանի կյանքի քրեականացման դրամային, դրա զարգացմանը-հանգուցալուծմանը. ով-ով՝ ես գիտեմ, թե ինչ անիծված բան է խոշոր-հայտնի պետական կազմակերպության ղեկավարումը, իր դեպքում՝ բուժկենտրոնի, իմ դեպքում՝ կրթական կենտրոնի, մեր ծնած-պահած, հարափոփոխ հանրապետության երեսուն տարվա ժամանակում, իր վայրիվերումներով, բեկումներով, թռիչքներով, գահավիժումներով, դավաճանություններով, սրբերի-աստվածների տեղափոխումներով․․․ Ուշադիր հետևում եմ Արայի կյանքի դրամային ու նրան հաստատակամություն եմ ցանկանում․․․ Էսպես չի մնա, չի կարող էսպես մնալ․․․ Թումանյան Հովհաննեսի իմաստությունը չի լքի մեզ․․․ Ես սարսափել եմ միշտ անաստվածների, անաղուհացների, դասընկեր ու գործընկեր, հարազատներ չունեցողների կուսակցականացումից պետական իշխանության մեջ․․․ Ես գիտեմ՝ մարդուն կյանքով են ճանաչում… Արայի հետ մի կյանք եմ ապրել՝ իր շրջաններով, կոմսոմոլի՝ միակ երիտասարդական կազմակերպության, 1972-1977 թթ, ուսանողական շինարարական ջոկատներում, ես՝ պետական համալսարանից, ինքը՝ բժշկական ինստիտուտից, 1990-1991 թթ Երևանի քաղաքապետարանում աշխատանքով՝ որպես առողջապահության և կրթական ոլորտների ղեկավար-գործընկերներ, հետո բուժկենտրոն-կրթական կենտրոնի ղեկավարներ, հանուն հիվանդ մարդուն բժշկելու՝ մարմինն ու հոգին․․․ Մինչև հայտնի միջազգայնագետ-հրապարակախոս՝ Տիգրան Հայրապետյանի միայնակ-հաշմանդամ մորը խնամելը հիվանդանոցում… Տիգրանի մայրիկի աղոթքն եմ փոխանցում, հիվանդանոցում գտնվելու այդ օրերի նրա արցունքները, նրա հուզված պատումն այն մասին, թե ինչպես է ամբողջ հսկա կազմակերպությունը՝ շփոթված, արցունքախառը, հետևում իրեն… Հերթական կոռուպցիան, հա՞, և իմ՝ հանրային գործչի պարտադրած, բազում օգնության կարոտ, անպաշտպան ուսուցիչների, այո՛, հարազատների, ծանոթների․․․ առանց որևէ շահի, ի՞նչ շահ, բացի հանրային-մարդկայինը։ Մարդուն կյանքով են ճանաչում և աղուհացով, որ համատեղ ապրած կյանքն է՝ իր կապերով սիրո, և համերաշխության արարողը։ Գումարած օրինականությունը․․․ որ ճանապարհ է, լսո՞ւմ եք, կատարելության, որպես քրիստոնյա մարդ, հավատով Հիսուսի, թե հանրային կյանքի ավանդույթով փոխանցած բարոյականության՝ մեղքերի շարունակական քավումով․․․ Հո մենակ դատարանը չէ՞, խորհրդային շրջանում ամենաշատը փչացած իրավապահ անվանվող համակարգը՝ իր ոստիկանով, ամեն տեսակի դատախազով, դատապաշտպանով, դատարանով, քննիչով․․․ Հայրս «օրգան» էր ասում.
— Օրգանի հետ գործ չունես, շա՛ն տղա։ Թշնամությունը փոխանցվող ա, հասկացեք իրար, ներել կարողացիր… Մոռացիր, որ լավություն ես արել, արա, գցի ջուրը․ ձուկը որ չիմանա, ջուրը հո կիմանա․․․
Օրգանը այդքան շուտ փոխվե՞ց, հա։ Ո՞նց կփոխվի։ Ավելին՝ ամենավերջում կփոխվի, ողջ հասարակակության ազդեցությամբ, վերահսկողությամբ։ Ինչպես հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանն է ասում՝ պետք կլինի պաշտպանել դատավորներին, բայց դրան հասարակությունը պիտի գա… Թե չէ էնպիսի գործ կփչեն, որ վատնումը, անփութությունը (եթե կան), կդառնան հափշտակում-յուրացում։

Ընտրովի գործունեությամբ տեխնոլոգների խումբ. Հարավային դպրոց-պարտեզ: Ֆոտոշարը՝ Արև Բալջյանի:

Մինչև ո՞ւր ենք գնալու՝ արմատախիլ անելով կոռուպցիան, մինչև 1990 թի՞վը։ Որտե՞ղ ենք կանգնելու։ Կոռուպցիոն կյանքը մեր ո՞վ է տվել՝ Տեր-Պետրոսյա՞նը, Սե՞րժը Սարգսյան, Ռոբե՞րտը Քոչարյան․․․ Ինձ համար 2018-ի ապրիլյան քայլքը՝ «Քայլ արա և միացիր»-ը, կատարելության ուղին անդավաճան բռնածների երթ է՝ սիրով և համերաշխությամբ, միասին, կյանքը նորոգելու-ապրելու ուխտի 1990-ից… Մեր երկրի ամենադրամատիկ մի շրջանում այդպիսի մի բանավոր ուխտ-հարազատության հաստատվեց Երրորդ Հանրապետության քաղաքացիների հետ… Դիմացա՞վ այդ ուխտը-պայմանագիրը ժամանակի փորձությանը։

Վտանգի տակ է սերունդների համերաշխությունը, և հիմա իրար հետ ապրող երեք սերունդների միջև կապի-համակեցության հաստատումն է խնդիրը՝ որպես նորոգված հանրային կյանք։ Այս օտարումը միմյանցից ո՞ւր է տանում։

Սիրելի՛ «Քաղաքացիական պայմանագիր», վարչապետ Փաշինյան ու բազում կրտսեր բարեկամներ, որ համատեղ կյանքը, աղուհացը, հարազատի նկատմամբ պատասխանատվությունը հանենք, դժվարությունները, որ միասին ապրել ենք, ճանապարհ անցել… ի՞նչ կմնա… Սարոյան եղբայրների դրամա… Սա եմ ես անվանում անաստվածություն, որից միշտ վախեցել եմ…

Բոլորս փոխվելու խնդիր ունենք և իրար օգնելու մարդկային-հանրային-քաղաքացիական-քրիստոնեական մի պայմանագիր․․․ Ընդունակներն ու առաջնորդները գնում են առջևից՝ դառնալով այսպիսի պայմանավորվածության երաշխավորը․․․ Հանրային կյանքի բարելավումով պիտի զբաղվենք, տնտեսական կյանքի աշխուժությամբ, որ տասնյակ ու տասնյակ հազարավոր ուսուցիչների ու բժիշկների համար շոշափելի լինի…

Դիմանկարների պատկերում: Հարավային դպրոց-պարտեզ, 5-րդ դասարանցիներ: Նկարաշարը՝ Հասմիկ Պողոսյանի:

Իմ փոստից առանձնանում է փարիզյան այս դրվագը։ Մեր հոկտեմբերյան նախագծային ճամբարի փարիզցի մասնակից Նատալիի մայրիկն է գրում։

Բարի օր, սիրելի սեբաստացիներ, 
Շնորհակալ եմ ձեր ջերմ ընդունելության, պատրաստակամության համար: Նատալին հետաքրքիր շաբաթ անց կացրեց եւ մինչեւ հիմա համեմատություններ է անում այստեղի եւ այդտեղի դպրոցների, առօրյայի միջեւ: Անկեղծ ասած՝ ես զարմացա, որ նախատեսված 5 օրն էլ եկավ, չնայած ժամերի տարբերությանը, լեզվական դժվարություններին եւ անծանոթ միջավայրին:
Շատ բարձր եմ գնահատում ձեր դպրոցների «մարդկային գործոնը», ձեր երկու դպրոցներում հանդիպած բոլոր ուսուցիչները սիրալիր, ժպտերես, համբերատար եւ լավ տրամադրությամբ ուղեկցում էին երեխաներին:
Որպես առաջին փորձ կայացած եմ համարում Նատալիի համար: Իմ կարծիքով շատ կարեւոր է, որ սփյուռքի երեխաներն ունենան հնարավորություն՝ ուղղակի շփվելու իրենց հասակակիցների հետ, ընտանեկան եւ հարազատների շրջապատից դուրս, եւ եւս մեկ անգամ շնորհակալ եմ նման հնարավորություն ստեղծելու համար:
Վստահ եմ, որ շարունակելի է լինելու:
Հռիփսիմե

Հուզեցիր, Հռիփսիմե։ Մեր կրթահամալիրը՝ որպես շուրջտարյա ուսումնական ճամբար, տարատարիք սովորողների և մեծահասակների համար միշտ բաց է։ Եվ ոչ միայն սեբաստացիների, ոչ միայն հայաստանցիների, ոչ միայն հայերի համար… առանց բացառության։

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1487

* Եւ երբ ասացին նրան՝ ահավասիկ քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում, նրանց պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ՝ իմ եղբայրները»: Ապա նայեց իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահաւասիկ իմ մայրը եւ իմ եղբայրները. որովհետեւ, ով Աստծու կամքն է կատարում, նա է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»:
Մարկոս, Գ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Մոգական»-ը ուղղակի «հոգեկան»-ի մասին արտահայտող ուրիշ բառ է․․․

Սրանց, Կարլ Յունգի՝ «Թարգմանիր»-ի հայերեն դարձրած, մեդիա բերած 20 մտքերից 19-րդը վերնագիր սարքիր ինձ հետ ու հետևիր իմ 824-րդ գրին, ընթերցող։ Պրահայում անցկացրած երեք գիշեր ու երկուսուկես օրը  մոգական-սպասված, ազդեցություն ունեցան

Սեբաստացիները՝ արկածներ որոնող…

Մերի Խանջյանին ու կարուձևի մասնագիտական կրթության իր ուսանողներին հանդիպում եմ Սեբաստացի մոլից դուրս գալիս ու, ուշադիր նայելով… կոշիկներին, խնդրում եմ չափել Կենտրոն-Քոլեջ ճանապարհը… Հենց տեղ է հասնում, գրում է իմ

Ուսուցման ամառային-բնական ձևերի մասին

Իսկ պատերն ամենուր են, այնպես, այնքան ու իսկական, որ ձգվում են նաև Խանջյան-Հաղթանակի կամրջով Ծովակալ Իսակով-Բաբաջանյան, Րաֆֆի-Սեբաստիա-Իսակով-Հաղթանակի կամրջով Խանջյան ճանապարհների երկարությամբ, աջ թե ձախ… Հատկապես Իսակովի պողոտայի պատերը՝ թե՛ աջից,