Գրելը, օրագիր վարելը ինձ ավելի ու ավելի է դուր գալիս. գրում եմ հեշտացող թեթևությամբ, հաճույքով, առանց նեղելու ինձ, օրագրի վրա ծախսելով 60-80 րոպե, միշտ առավոտ կանուխ, իսկ իմ բլոգում, իմ ՖԲ էջում, կրթահամալիրի mskh.am-ում տեղադրելուց առաջ մեր «Դպիրի» խմբագիր Սուսան Մարկոսյանի հետ քննարկում-ճշգրտումները մեկ անգամ էլ նայում ժամը 12-14-ի արանքում։  Արմինե Թոփչյանը՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի ղեկավարը, որ իմ բլոգի և ՖԲ էջի մեդիախմբագիրն է, սիրով օգնում է ֆոտոնյութի ընտրության հարցում։

Օրագրի իմ նվերը։ Օրը կիրակի է, ու ես Մեծարենցի «Կիրակին» նվիրում եմ ձեզ։ Մեծարենցի համար ուշքս գնում է, նրա կյանքը միշտ հուզում է։

Մեղեսիկի երանգներ կ’օծեն պարոյրը խունկին.
Խորհուրդին եմ ծնրադիր բազուկներս խաչանիշ՝
Ու կը սպասեմ որ ծագի հոգւոյս պայծառ կիրակին…

Կիրակին ես, որպես կանոն, անցկացնում եմ Դավթի հետ։ Մենք միասին առավոտյան ժամը 9-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ ենք. «Զիկատար 2014» էկոճամբար ճանապարհեցինք Հանրակրթական Էկոտուր 2014-ի հաղթողներին։ Ստեփանակերտի խումբը եկել է մեկ օր առաջ, մի իրիկուն անցկացրել Երևանում սեբաստացիների հետ ու մի գիշեր՝ կրթական փոխանակումների կրթահամալիրի կացարանում. ահա ինչպիսի համազգային գործ են կատարում մեր կացարանները։ Ու հիմա միասին՝ սեբաստացիների ու բազմաղբյուրցիների հետ, ում ճանապարհին են վերցնելու, կմտնեն Բջնի, կստուգեն Էկոտուր 2014-ին Բջնիի դպրոցի սովորողների ներկայացրած նախագծի իրագործման ընթացքը, Հրազդանի կիրճով, հակառակ Հրազդանի ընթացքին (հիշեցնեմ, որ Էկոտուր 2015-ի ապրիլքսանչորսյան միասնական էկոակցիաներից մեկը անցկացվելու է հենց այստեղ) կհայտնվեն Սևանի ափին, կմնան հանրային ափերից մեկում՝ մոնիտորինգի ենթարկելով այն, կլողան ու կշարունակեն ճանապարհը… Զիկատարում պատանի էկոլոգների հավաքը նշանակված է երեկոյան ժամը 6-8-ը։ Թբիլիսիի 2 խմբերը ուղիղ այնտեղ կժամանեն։

Ով եմ ես, եթե չեմ հետևում իմաստունների կյանքի դասերին։ Դաս 3-րդ։ Կյանքում ամենակարևոր արժեքը հարազատ մարդիկ են։ Գնահատեք նրանց։

Դավիթն ինձ, միևնույն է, բաց չի թողնի, ես էլ չեմ դիմադրում, նախընտրելի ի՛նչ գործ կարող եմ ունենալ։ Ու այցելում ենք Նեկտար հորաքրոջը, իմ սքանչելի մայրիկ-քույրիկին, Դավթի շատ սիրելի Արտաշես պապիկին՝ իմ ավագ, ազնվականի վարքով փեսային, ում ազդեցությունն իմ նկարագրի վրա շարունակում եմ զգալ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներից է։ Դավիթն այս տանը երկրպագուների պակաս չունի և հաճույքով է գալիս. տանն են նաև Մանուկ Բազեյան քեռին, մեր հարս Գայանեն ու նրա մայրիկը՝ գավառեցի մեր հարգելի խնամուհին։ Պետք էր նայել, թե ինչ վարպետությամբ, մանկավարժական տակտով, ռոդարիական անցումներով էր «քննում»-խոսեցնում Դավթին գավառեցի տատիկը…

Գոհունակության երանելի մթնոլորտում օրը կիսվում է. Դավիթն առանձնահատուկ կապեր է պահպանում իր Ստեփան հորեղբոր և Անահիտ հարսի հետ։ Մեզ սպասում է հատուկ տոլմա, Շուշանի և իմ թոռնուհի սեբաստացի Արևիկ Տատինցյանի ընկերակցությունը… Տոլմա ես, գիտեք, շատ եմ սիրում և իմ նուրբ քիմքով արձանագրում ամենաաննկատ շեղումներն անգամ: Անահիտը գործն արել է թերապևտին արժանի բարեխղճությամբ և վարպետությամբ: Բայց շատ չի ազատում նրան անպամպերս կիրակին հարազատների շրջանում վայելող Դավթի տուտուզը մաքրելու պատվից։ Մեր հարսներից առաջինն ես, բժիշկ Անահիտ, հալալ է քեզ։

Բայց… մեր հերոսին, Դավթին, ինչպես և նրա շրջապատին, այսօր սպասում է իդիլիայի վախճան։ Ամեն օր լողացող, ավազի ու քարի հետ խաղացող, ճամփորդող, խոր հոր մտնող ու դուրս եկող Դավթին երկար մազերն ավելի ու ավելի խանգարում են… Մեր ընկեր Արտակ վարսավիրը գալիս է Դավթին խուզելու։ Ես, Շուշոն, Արևիկը, հասկանալի է, փախանք… Ի՜նչ է ինձ հետ կատարվում, երբ կամային ու ուժգնացող լացով Դավիթը համառում է… Իսկ վարսավիր Արտակը հրաշագործություն կատարեց. րոպեներ հետո մեր բաղնիքում հիանում ենք վարսավիր Արտակի և ոսկե մազերից խաղաղ հրաժարվող Դավթի բարեկամությամբ… Արդյունքն, ահա, տպավորիչ է։ Դավիթը գցվեց ջուրն ու լավ լողացավ. մենք ունենք անսանր, կոկիկ, կլոր գլխով տղա…

Առաջ այդպիսին չէի, հիմա գրեցի-փոխանցեցի Ձեր տիար տնօրենի խաղաղ, ամենախաղաղ, ամենաանշտապ ընթացքը, երբ ես ոչ միայն գլխավոր գործող անձը չեմ, ես… կարծես չկամ, ու վայելք է սա: Ես ինձանից գոհ եմ այն աստիճանի, որ երբ ամեն ինչ էանց, երբ Դավիթը վերջապես հանգչում է, տրվում երկարատև մեղմ ֆսսոցով քնի, ուսանող Արմինեն պատրաստվում է վաղվա քննությանը, ես ինձ պարգևատրում եմ mskh.am սոցիալական թե կրթական ցանցով…

Իմ կիրակիների առեղծը։ Այս «Աշոտիկը», «պուճուր» տիարը, որ պարտեզում առաջինն է ցերեկվա քնի մեջ՝ պառկում է բոլորից շուտ ու արթնանում վերջինը, շաբաթ-կիրակի օրերին չի պառկում և վերջ։ Այդպես էլ ժամանակ չի գտնում ցերեկային քնի համար։

Մեր մեդիան՝ կրթական թե սոցիալական mskh.am-ը, որ առանց կետի չի բացվում ոչ ոքի համար (արդար է), ի սկզբանե մտածված է բաց-մատչելի եղել յուրաքանչյուրի համար, ինչպես մեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆիզիկական միջավայրը՝ դպրոց բոլորի համար, ներառող յուրաքանչյուրին՝ և՛ սեբաստացիներին՝ սովորող, ծնող, ուսուցիչ, շրջանավարտ, և՛ ոչ սեբաստացիներին՝ Երևանում թե նրանից դուրս, Հայաստանում թե նրանից դուրս։ Սա վստահ կա որպես յուրաքանչյուրի դպրոց՝ ամառ թե ձմեռ, ուսումնական օրերին և արձակուրդային։ Տեսա՞ք՝ մենք ողջ հունիս գործեցինք այդ ռեժիմում՝ ստուգատեսային… Բաց էին մեր բոլոր կրթական օբյեկտները։ Հիմա նայեք mskh.am-ի ցուցիչին. հունիսին՝ 146 365 մուտք, մոտավորապես այնքան, ինչքան մայիսին՝ 151 600։ Ունի, իհարկե, առանձնահատկություն արձակուրդային հուլիսը կամ օգոստոսը, բայց…

Դուբլ 1։ Ողջ օրվա ընթացքում, իհարկե, թեժ կապի մեջ եմ դեպի Զիկատար ընթացող ճամբարի ղեկավար Մարթա Ասատրյանի հետ։ Գոհունակության վերջին պատառը կուլ կտամ երեկոյան՝ ժամը 8-ին, երբ Մարթան կհայտնի, որ ժամանել են նաև Վրաստանի էկոխմբերը, որ բոլորը տեղավորված են հիանալի, որ իրենք քննարկում են ճամբարի հուլիսի 7-ի ծրագրի մանրամասները… Ահա այս ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունները, ճամբարները, պլեներները, սպասումի անհանգստությունը, ոգևորությունը քանի՜ տարվա կյանք են խլե՞լ ինձնից, թե՞ պարգևում են ինձ…

Դուբլ 2։ Այսօր արդեն Աննա Բլեյանի՝ իմ Ստեփան եղբոր սքանչելի աղջկա, Առնոլդ Բլեյանի քույրիկի ծննդյան օրն է։ Նա այն դիմավորում է Փարիզում, նրա որդին՝ սեբաստացի Դանիել Բլեյանն էլ պատրաստվում է ուղևորվելու հայդե՜ Արցախ.  սովոր ենք այս կյանքին, որ է աշխարհ առանց ֆիզիկական սահմանների։ Փարիզ մեկնելուց առաջ Աննան իր նախաձեռնությամբ  շաբաթ օրն անցկացնում է մեր տանը՝ Դավիթ Բլեյանի հետ։ Դավիթը, բնական է, քաքիկ է անում, որ իր ավագ քույրիկը մաքրի։ Սա մի ծես է, որով անցնում են, կանցնեն Դավթի բոլոր քույրիկները։ Աննան ծեսի համաձայն մաքրում է, լվանում, գրկում-սիրում Դավթին, հիանում նրանով, որ կարողանա Փարիզ մեկնել որպես հալալ քույրիկ։ Մենք էլ ահա այս նկարաշարը նվիրում ենք մեր Աննային։

IMG_8124 IMG_8097 IMG_8134  IMG_8152 IMG_8150 IMG_8148

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն լինի․․․

Իմ 2018-ի վերջին գրի, վերջնագիր չհնչի, օրագրի թվով 1540-րդ պատումի վերնագիրը վերցրել եմ այս հղումով՝ Գարսիա Մարկեսի՝ Սողոմոն Ավետիսյանի ընտրած փնջից մտքերի․․․ Որ իմ՝ թեկուզ և վերջնագիրը ինտերակտիվ լինի, փնջից ձեր

Ինչքան բան կարելի է այսօ՛ր փոխել մեր աշխարհում, եթե…

Ավագ դպրոցում “Teach Surfing” նախագծի մեկնարկին հետևեցի ընթերցարանի այս կողմից՝ վայելելով բաց-թափանցիկ միջավայրի առավելությունները. Մարթա Ասատրյանի մեկնաբանություններն ինձ լիուլի բավարար էին, ինչո՞ւ խանգարել… Ես հաճախ եմ օգտվում դիտորդի այս կարգավիճակից,

Դիմակով, թե անդիմակ՝ մեկ է

Չես թաքնվի, ճանաչում են, երեսիդ ասում․․․ Ավելի ու ավելի շատ մարդիկ, բոլ առիթներ, ամենալավ խոսքեր․․․ Երեկ էլ՝ իրիկունով-մթին, ջիջի տաքսու մեջ խնամքով կրած դիմակն ինձ չպաշտպանեց։ Վարորդը սպասեց հարմար պահի,